վերջաբան. քայլել Հայաստանով
ԴՈՆԻԿՅԱՆԻ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐԻ ԵՌԱՊԱՏՈՒՄԸ
Հայաստանում Դընի Դոնիկյանի քայլարշավները երեք տարի են ընդգրկում (2009, 2010 եւ 2011): Երեք տարի, որից հետո նա այլեւս Հայաստան չի վերադարձել եւ անկասկած չի վերադառնա, որովհետեւ հիվանդությունը, որն այն ժամանակ արդեն գաղտնի բույն էր դրել եւ այնուհետ արդեն բացահայտորեն ի հայտ եկավ, այսօր նրան այլեւս թույլ չի տալիս մի նոր այցելության մասին մտածել: Այնուամենայնիվ, գրեթե տասը տարի անց եւ 2018-ի ապրիլ-մայիսի ժողովրդավարական անսպասելի հեղափոխությունից հետո Դընին հավանաբար կցանկանար նորից տեսնել Հայաստանը, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնց հանդիպել էր այնտեղ: Նա ուրախ կլիներ մասնակից դառնալ նախկին վարչակարգից վերջապես ազատագրվելու նրանց երջանկությանը` վարչակարգ, որը Դընին անվերջ կատաղի քննադատել է իր բոլոր գրվածքներում, այդ թվում նաեւ` քայլարշավների իր երեք պատմություններում: Նա անկասկած կնկատեր այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել մարդկանց մտածողության մեջ, նույնիսկ երբ իրական փոփոխություն դեռ չկա կյանքի պայմաններում, եւ նրանց հարցեր կտար վերագտնված արժանապատվության անսովոր զգացման վերաբերյալ: Բայց ինչո՞ւ դա չանել նրա փոխարեն, հասնել այդ մարդկանց` ընթանալով նույն ճանապարհներով, եւ նրանց հարց ու փորձ անել, ինչպես որ ինքն էր անում: Մի՞թե անցյալ տարի չեմ արել դա` հանդիպելով Նունեին Սիսիանի «Դինա» հյուրանոցում եւ Նորոյին` Տաթեւ գյուղում: Այնպես որ, եւ դա կուզեի ընդգծել, Դընի Դոնիկյանի քայլարշավների պատմությունները նախ եւ առաջ հրավեր են ընթերցողին` անցնելու այդ նույն ուղիներով: Բայց դրանք մղում են նաեւ մտորելու եւ հարցեր տալու քայլարշավների եւ դրանց պատմությունների պատճառների եւ հանգամանքների մասին, ինչպես նաեւ քայլարշավների եւ դրանց պատմությունների իմաստի մասին, որոնցում հեղինակը, որին այսուհետ պարզապես Դընի կկոչեմ, մեծապես բացահայտում է ինքն իրեն:
ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ
- Հուշարձաննե՞րը
Չնայած զբոսաշրջությունը Հայաստանում մեծ մասամբ հիմնված է ճարտարապետական ժառանգության վրա, Դընիին դա չի հետաքրքրում, կամ էլ` այլեւս չի հետաքրքրում, քանի որ մի ժամանակ նա « ավերակների սիրահար » էր (Մենավոր Ճանապարհ Զանգեզուրում/ՄՃԶ): Եվ ուրեմն նա քիչ ժամանակ է հատկացնում հուշարձաններին այցելությանը եւ էլ ավելի քիչ` դրանց նկարագրությանը: Մի քանի օրինակ. խոսելով Կիրանցի մայր եկեղեցու մասին, Դընին սահմանափակվում է` նկատելով նրա « արնագույն աղյուսները», որ տեսանելի են դարձել ծեփի թափվելու հետեւանքով, ինչպես նաեւ` որ « պատերը պսպղում են հախճապակե աստղիկներով` կարմիր, կանաչ գույնի, նման երկրաչափական մարմինների, որ այլուր չենք տեսել: Աստղերն ուրիշ աստղերի մեջ` ստեղծելով տիեզերական խորությունների տպավորություն » (Տավուշի Ծաղկաց Դժոխքը/ՏԾԴ, էջ 29): Տաթեւի վանքից, որը Սյունիքի գոհարն է համարվում, ընդամենը կանգ է առնում « ճոճվող սյան » վրա: Իսկ Անապատի վանքը « մի կղզի է` երգին ու աղոթքին նվիրված», ինչը ոչ մի բան չի ասում դրա մասին (ՏԾԴ):
- Մարդի՞կ
Եթե Դընին հուշարձաններ չի նկարագրում, նրանից է, որ նրա հետաքրքրությունն ապրողներին է ուղղված, միշտ մարդկանց գերադասելով հին քարերից: Այստեղ մենք հեռու ենք մշակութային զբոսաշրջությունից: Քայլարշավի « ամենաընտիր մասը, որպես սկզբունք պետք է ստանա այն ամենը, ինչ տրվում է որպես կենդանի թրթիռ, քան, ավելի շուտ, մեծ ջանքերի գնով մղվել դեպի այն տեղերը, որ այսօր միայն պատմական կամ հնէաբանական հետաքրքրություն են ներկայացնում » (Սյունիք Հրաշափառ Մագնիֆիկատ/ՍՀՄ): Ճիշտ է, որ դրանք միայնության քայլարշավներ են, բայց ոչ թե որովհետեւ նա մենակ է (մենք ստորիվ կտեսնենք, որ նա մենակ չէ), այլ որովհետեւ այն ճամփաները, որոնցով նա ընթանում է, հաճախ ամայի են: Այնուամենայնիվ, ճանապարհին մարդիկ են պատահում, որոնց արագ նկարագրում է` էսքիզների նման, եւ դրանք կողք-կողքի դրվելով` ի վերջո դիմանկարների մի իսկական պատկերասրահ են կազմում: Այդ մարդկանց թվում են մեղվապահների մի զույգ, որոնց հանդիպել է Կիրանցի անտառում, Արեւիկը, որն Իջեւանի համալսարանում գորգագործության դասախոս է, Նունեն, որը Սիսիանի «Դինա» հյուրանոցի ադմինիստրատորն է, Նորոն` Տաթեւ գյուղից, Հովոն ու իր եղբայր Վահագնը, որոնց հանդիպել է Անապատի անտառում, Մարատը եւ Լարիսան` Կապանից մի զույգ, որն ամառն անցկացնում է Աղավնի գյուղում, Գարիկը, որը Կապանում տաքսի է վարում, Էդգարը` նախկին ազատամարտիկ, որը Վահանավանքի պահակն է դարձել, եւ Մակարավանքի անանուն պահակը, որի ընդամենը մեկ տողով ներկայացված դիմանկարը շարքի գլուխգործոցն է. « Վայրը մռայլ տեսք ունի, մարդը` նույնպես: Փոքրամարմին, սև մորուքով` մթությունը լքած խավարասերի տեսքով » (ՏԾԴ):
Դընիի նկարագրած բոլոր մարդիկ մի ընդհանուր գիծ ունեն. նրանք հասարակ եւ աղքատ մարդիկ են, հետխորհրդային վայրի լիբերալիզմի կողմից ստորացվածներ եւ մերժվածներ, անկախության կողմից անտեսվածներ: Սա խորը Հայաստանն է: Դա է հետաքրքրում Դընիին: Դեպի այդ Հայաստանն է, որ նա քայլում է` Երեւանից հեռու: Նման հետաքրքրությունը նորություն չէ. « Արդեն իսկ Հայաստան կատարած առաջին այցիս ժամանակ, սկսել էի տեսնել այն հայերի ետևում, որոնց հետ շփվում էի, հուսահատության մեջ գտնվող տղամարդկանց ու կանանց », կարդում ենք Աղբաստան. Վեպ Հարցականներով գրքում (ԱՎՀ, Ակտուալ Արվեստ հրատ., Երեւան, 2016): Դընիի այս հետաքրքրությունն իր ամենամեծ դրսեւորումը ստացավ Աղբաստանում` նրա առաջին վեպում, որ հրատարակվել է Ֆրանսիայում` 2011-ին, հետո Հայաստանում` 2013-ին:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
- Վայրե՞րը
Հասարակ մարդկանց հանդեպ Դընիի հետաքրքրության անխուսափելի հետեւանքն է նրա հետաքրքրությունը գավառի հանդեպ: Դա այնքան էլ տարածված չէ, եւ անկասկած կհամաձայնենք նրա հետ, թե « Հայաստան այցելող ծագումով հայերի մեծ մասը երկիրը տեսնում է մայրաքաղաքի կենտրոնի խարսխված պատկերով: Եթե անգամ, երկար ճանապարհներ են անցնում մեքենայով շրջաններում, նրանց աչքը բնավ ժամանակ չունի գյուղերի չարքաշ կյանքը նկատելու »: Մինչդեռ հենց « գյուղերի չարքաշ կյանքն » է, որ գրավում է Դընիի հայացքը: Քաղաքական, սոցիալտնտեսական, բարոյական, մշակութային եւ էկոլոգիական թշվառությունը « հայկական երկրի կեղտակոլոլ տարածքի », որի վրա ցանուցիր տարածվում են լքված քաղաքներ եւ գյուղեր, որտեղ « ամեն կողմ կարդում ենք նույն ավերը » (ՄՃԶ եւ ՍՀՄ): Նա տեսնում է դա եւ ներկայացնում անզիջում կերպով, նույնիսկ` կոպտությամբ, ինչպես օրինակ, երբ գրում է, որ Աղավնին « հետանցքային մի գյուղ է, որտեղ մարդ արարածը մշտապես առնչվում է իր անասունների արտաթորումների հետ », կամ որ Տանձարերը « մեկ այլ գարշելի գյուղ է` ձանձրույթի մեջ կուտակված հյուղակներով » (ՄՃԶ): Ես ստորիվ կանդրադառնամ Դընիի ոճական կոպտությանը եւ թե ինչպես է պետք մեկնաբանել դա:
- Զրույցնե՞րը
Հուշարձանների նվազագույնի հասցված նկարագրություն: Մարդկանց հակիրճ նկարագրություն: Վայրերի սահմանափակ նկարագրություն: Բայց մեծ տեղ է տրված ճանապարհի ընթացքում հանդիպած մարդկանց հետ զրույցներին: Դրանց աղբյուրը երկու անհագություն է` Դընիինը, որը ծարավ է խոսեցնելու մարդկանց, եւ մարդկանցը, որոնք ծարավ են` խոսելու իրենց մասին բողոքների, դառնացածության, ցասումների, համակերպումների եւ հուսահատության երկար թվարկմամբ, որոնց պատճառն անարդարությունն է եւ կյանքի դժվարությունները:
Մի օրինակ. Դընիի զրույցները Ռոբերտի հետ, որը Որոտան գյուղում նրան պատմում է իր կյանքի մասին, իր կնոջ մասին, Ղարաբաղում զոհված իրենց որդու մասին եւ մյուս որդու մասին, որը Ռուսաստանում է աշխատում: 2010-ի հոկտեմբերին իրենց երրորդ հանդիպմանը Ռոբերտն ասես առաջվանը չլինի` « առնվազն երեք օր չսափրված երեսով » նա Դընիին հայտնում է իր հավանական մեկնումի մասին. « « Ցանկանում եմ այստեղից գնալ », ասաց Ռոբերտը հենց սկզբից` հավելելով. « Ով գիտի` եկող տարի ինձ կգտնե՞ս իմ տանը: Միգուցե Ամերիկայում լինեմ կամ Ռուսաստանում » ». Դընին ցնցված է. « Ռոբերտն Ամերիկայում… Չէի կարողանում դա ընդունել: Նույնիսկ նա, մտածեցի ես » (ՏԾԴ): Այս մարդու խոստովանությունը, որը համեմատաբար լավ վիճակում է, ամեն դեպքում` ավելի լավ, քան իր համաքաղաքացիների մեծ մասը, էական է, որովհետեւ լավ ներկայացնում է « սրված հոռետեսության » այն մթնոլորտը, որը տիրում էր Հայաստանում մինչեւ թավշյա հեղափոխությունը, երբ բնակչությունը միայն արտագաղթի մեջ էր փրկություն փնտրում (« Երեխաներից կտրված որքա՜ն ընտանիքների հանդիպեցինք », ՏԾԴ).
Բայց իրավիճակը փոխվել է: Պարտավոր ենք արձանագրել, որ քաղաքական հեղափոխությունը հեղափոխել է նաեւ հայկական զրույցների բովանդակությունը: Ուրախությունը, հույսը, ապագայի հանդեպ վստահությունը, երկրում ապրողների մոտ` մնալու բացահայտ կամքը, իսկ երկիրը լքածների շրջանում` վերադառնալու ցանկությունը այլեւս տիրապետող են, ինչը Դընիի մեջբերած զրույցներին գրեթե պատմական վկայության արժեք է հաղորդում:
- Ճանապարհը
Քայլելիս ճանապարհին ես հետեւում: Օրինակ` Տաթեւ-Կապան ճանապարհին: Դընիի համար Տաթեւի ճանապարհի հիմնական առավելությունը ոչ միայն Տաթեւի վանքի անսովոր տեսարան մատուցելն է, այլեւ Տաթեւի վանքը տարբեր տեսանկյուններով եւ տեղանքի այնպիսի ամբողջական պատկերով ցույց տալը, որն ընդգրկում է վանքը, համանուն գյուղը եւ այն ուղին, որը վանքը գյուղին է կապում: « Գյուղ-ուղի-վանք» ամբողջությունը ներկայացնող այս բացառիկ տեսանկյունը քարացած չէ: Այն փոխվում է քայլելու ընթացքում, քանի որ շրջվելիս Դընին կարող է նկատել, որ գյուղն աստիճանաբար գրավում է տեսադաշտը, մինչեւ որ իրենով ամբողջովին ծածկում է վանքը:
Տաթեւից Կապան տանող ճանապարհին Դընիի հատկացրած մեծ ուշադրությունը չպետք է սխալ ընկալվի: Սա ոչ թե բացառիկ, այլ սովորական ճանապարհ է, ինչպես մյուսները. պարզապես դա լավ ցույց է տալիս, որ նրա համար կարեւորը ոչ թե ճանապարհի ավարտն է, այլ ինքը` ճանապարհը, որ կարեւորը երթուղին է, ոչ թե նպատակակետը, որ կարեւորը ընթացքն է, ոչ թե վերջնակետը: Այսինքն Դընիի համար կարեւորը քայլելն է, ոչ թե տեղ հասնելը:
- Կանգառները ճանապարհի ընթացքում
Հետեւաբար կարեւորը վերջին կանգառը չէ (վանք, եկեղեցի, ամրոց, գյուղ), այլ` միջանկյալ կայարանները, որոնք թույլ են տալիս որսալ « բնապատկերի հզորությունը », որոնց հանգստի անհրաժեշտությամբ պայմանավորված կարճ դադարներ են նախորդում. « Քանի անգամ պետք է կանգ առնեք` մինչ գեղեցիկ բարձունքներին հասնելը, որտեղից աչքը կկարողանա, ի վերջո, ամբողջությամբ ընդգրկել ընդարձակությունները, որոնք պարում էին ձեր գլխի վերևում » (ՏԾԴ): Քայլելու այդ եղանակը, երբ պարբերաբար կանգ ես առնում բնապատկերը վայելելու համար, իսկական արվեստ է` քայլարշավի արվեստը:
ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ԱՐՎԵՍՏԸ
Բայց ինչպե՞ս քայլել. Դընին ոչինչ կամ գրեթե ոչինչ չի ասում իր հանդերձավորման մասին: Գիտենք միայն, որ նա գավազանից է օգտվում եւ մի վրան է կրում` երբեմն զգալով, որ շատ ծանր է իր ոտքերի համար: Ուրիշ ոչինչ: Որովհետեւ երբ քայլում ես, կարեւորն այն չէ, ինչ կրում ես, այլ այն հայացքը, որով նայում ես:
.jpg)
.jpg)
.jpg)
- Համայնապատկերային հայացք ունենալ
Դընիի եղանակով քայլելու արվեստը նախ եւ առաջ նայելու արվեստն է, ավելի ճիշտ, հայացքով ընդգրկելն է. « … քայլ առ քայլ ձեր աչքի առջև մի պատկեր է ձևավորվում, որ ավելի ուշ լուսահանդեսի նման համարում եք միակը » (ՍՀՄ): Սա ճիշտ հակառակն է զբոսաշրջային հայացքի, որը կառչում է զբոսավարի մատնանշած մանրամասնից. ներքեւում` աջ կողմում այսինչ բանն է, վերեւում` դեպի ձախ` այնինչ բանը, իսկ մեջտեղում մի երրորդ բան: Զբոսաշրջիկը ֆոտոխցիկի օբյեկտիվի հայացք ունի: Իսկ Դընիի հայացքը համայնապատկերային է (« Գործի՜ անցնենք ուրեմն, համապատկերային ճանապարհորդ », կարդում ենք Մոլորուն Ճամփորդություններ գրքում, Ակտուալ Արվեստ հրատ., Երեւան, 2008): Այսպես, Սիսիանի եկեղեցին նայելը չի նշանակում հնարավորինս մոտենալ նրան` զննելու գմբեթի վրա փորագրված չորս ավետարանիչների անունները կամ էլ նկատելու նրա քիվերը եւ պատուհանների շրջանակները, որ VII դարին բնորոշ զարդարանքներ են, այլ դիտել այն որոշ հեռավորությունից եւ ներքեւից` տեսնելու, թե ինչպես է « հարկադրում հայացքին շարունակ վեր բարձրանալ և շրջակա տեսարանի մեջ տեսնել դեպի երկինք ձգված իր գծագրումները » (ՍՀՄ):
-Զգոն լինել
Ուրեմն նայելը լարված ուշադրություն է պահանջում, մշտական զգոնություն, որ բաց չթողնես լիության « այդ անցողիկ պահը », որում ծավալվում է բնապատկերը ծառերով, բլուրներով, լեռներով, եկեղեցիներով, երկնքով, մարդկանցով ու անասուններով` իմանալով, որ « մի քանի քայլ ավելի գցելով՝ կավերեք այն բերկրանքը, որ ստեղծված է այդ տարրերի մանրակրկիտ զուգամիտումից » (ՍՀՄ): Քայլարշավի բարդությունն ուրեմն այն է, որ բաց չթողնես այն, ինչը պետք է տեսնել: Դրա համար պետք է նույնքան լավ իմանաս, թե մինչեւ ուր պետք է քայլել, որքան` թե երբ է պետք կանգ առնել: Ըստ էության, Հայաստանում քայլելու միակ վտանգն այն է, որ քայլողը կարող է որեւէ քայլ ավել դնել, կամ պակաս, եւ դրա հետեւանքով զրկվել համայնապատկերային տեսարանից:
- Նորից անցնել նույն ճանապարհներով
Հնարավո՞ր է դա անել միանգամից եւ մեկ անգամով: Այո, անկասկած: Գեղեցիկը գնահատելու համար երկու անգամվա կարիք չկա: Բայց երբ մեկ անգամ տեսել ես դա, միայն մեկ ցանկություն ունես` նորից տեսնել. « Դա մեր ուժերից վեր էր: Տավուշում կատարած զբոսանքներից հետո, կարիք ունեինք վերադառնալ այն վայրերը, որոնք մեզ տվել էին երկրի ներաշխարհի բանալիները », գրում է Դընին Որոտնավանքի ճանապարհի վերաբերյալ (ՏԾԴ): 2009-ից մինչեւ 2011-ը Դընին այդպես երկու անգամ վերադառնում է Գառնի եւ Գեղարդ եւ երեք անգամ` Սիսիան, Տաթեւ եւ Դիլիջան` ամեն անգամ քայլելով նույն ճանապարհներով:
Նույն վայրեր վերադառնալը սակայն չի նշանակում, թե նույն քայլարշավն ես իրականացնում, թեկուզ` եղանակի կամ կլիմայի փոփոխության պատճառով: Ժամանակի ընթացքում պատահում է նաեւ, որ նոր ենթակառուցվածքներ ի հայտ գան եւ ցնցեն տարածությունը, ինչպես օրինակ` Տաթեւի ճոպանուղին (որը բացվել է 2010-ի հոկտեմբերի 16-ին): Բայց դրանք պարագայական բաներ են: Երբ կրկնում ես նույն քայլարշավը, էական փոփոխությունն այն է, որ չես քայլում անհայտի մեջ եւ դեպի անհայտը, այլ ծանոթի մեջ եւ դեպի ծանոթը` նոր տպավորություններով, որ բխում են դրանից, ու միաժամանակ չկորցնելով տարօրինակության զգացումը (« բաղկացած ծանոթ բաներից և սակայն այնքան տարօրինակ », ՏԾԴ):
Բնականաբար, կրկնության սկզբունքը տեսանելի է նաեւ քայլարշավների պատումի մեջ, որովհետեւ քայլարշավը կրկնելով` Դընին անխուսափելիորեն նորից պատմում է դրա մասին: Իմիջիայլոց, ինչ-որ պահի նա անհանգստանում է պատումի կրկնության հետ կապված վտանգներից: Ես հակված եմ մտածելու, որ նրա կողմից դա սեթեւեթանք է: Որովհետեւ քայլարշավների իր պատմությունները ցույց են տալիս, եթե կար դրա կարիքը, թե որքան անսպառ են լեզվի եւ գրական արարչության ակունքները:
- Մտապահել
Նույն քայլարշավը կրկնելու օգտակարությունն այն է, որ կարող ես ներծծվել համայնապատկերային տեսարանով եւ վստահ լինել, որ կկարողանաս ընդմիշտ հիշել դա: Նույնիսկ կասեի, թե սա է Դընիի քայլարշավների հայտնի նպատակը. « Աչքերս փորձում էին ամեն ինչ կլանել հիշելու համար բնության մատուցած այդ ուրախությունը, ուր ամեն ինչ գաղտնաբար թրթռում էր », գրում է նա` Դիլիջանից վերադառնալով (ՏԾԴ): Շամբի եւ Լցենի միջեւ նրա քայլարշավի վերաբերյալ կարդում ենք. « Բազմաթիվ անգամներ շնչահեղձության հետևանքով դադարեցնելով ընթացքը, շրջվում էինք նույն ուղղությամբ` հիշողության մեջ կուտակելու համար ամեն անգամ նոր տեսարաններ » (ՏԾԴ): Ինչ վերաբերում է Տաթեւին` « Գյուղ և վանք։ Այսպես Տաթև անունը տպավորվեց հիշողությանս մեջ: Գյուղական ու հոգևոր Հայաստանի մի կտոր՝ մարմինների ու լույսով ողողված բուսականության երջանկության մեջ» (ՄՃԶ): Ամեն դեպքում նկատելի է, որ Դընին երբեք ֆոտոխցիկի օբյեկտիվով չի փոխարինում իր հայացքը: Եթե նա լուսանկարում է, նախ եւ առաջ եւ հատկապես` աչքերով: Այնպես որ` քայլարշավը կրկնելը միայն հիշողության մեջ պահելու համար չէ, այլեւ` հիշողությունը գործի դնելու:
ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ՄԵՏԱՖԻԶԻԿԱՆ
- Տգեղի ու գեղեցիկի երկվությունը
Քանի որ յուրաքանչյուր երկրում տգեղը եւ գեղեցիկը գոյակցում են, այցելելու արվեստն այն է, որ ճշմարտատեսությամբ նայես եւ մեկին, եւ մյուսին: Այդ առումով Հայաստանը փորձարկման հրաշալի դաշտ է, որովհետեւ ինչքան ասես ունի եւ տգեղից, եւ գեղեցիկից: Տգեղը դարուփոս ճամփաներն են, կիսավեր տները, հանրային աղբանոցները, արդյունաբերական կմախքները, մեքենաների բեկորները, ավերակ շինությունները, խողովակների, անցուղիների, սյուների եւ էլեկտրական մալուխների հյուսվածքներն են` գումարած գետերի աղտոտվածությունը, « քանզի Հայաստանում ո՞վ է մտահոգվում գետերի մասին » (ՄՃԶ): Մինչեւ իսկ տղամարդիկ եւ կանայք, որոնց « ներանձնական քայքայումն » է ընդգծում Դընին (ՏԾԴ): Մի խոսքով, տգեղ է այն ամենը, ինչը կապված է մարդու հետ ընդհանուր առմամբ եւ մասնավորապես` հայ մարդու, որն առանձնահատուկ կերպով անհարգալից է բնության, ուրիշների եւ ինքն իր հանդեպ (« Հայերն առանց ամաչելու ու կաշկանդվելու տիրապետում են բակը, շեմքը և սենյակն աղտոտելու արվեստին », ՏԾԴ):
Բարեբախտաբար գեղեցիկն էլ կա: Գեղեցիկը « ամենակարող բուսականության իշխանությունն է » եւ « բնապատկերի շքեղությունը », որոնք « արգասավոր գեղեցկի հավասարակշռություն » են կազմում (ՏԾԴ): Գեղեցիկն ուրեմն բնությունն է, քանի դեռ մարդն ընդհանրապես եւ հայ մարդը մասնավորապես, չեն դիպել դրան:
- Միստիկական բնապատկերներ
Եթե նախորդ տողերը գնահատենք ըստ ծավալի, կարող ենք պատկերացնել, թե Հայաստանում տգեղն ավելի շատ է, քան գեղեցիկը: Բոլորովին այդպես չէ: Նույնիսկ հակառակն է: Որովհետեւ, ի վերջո, Դընիի ասածն այն է, որ Հայաստանը վսեմ է: Եվ գուցե հենց դրա համար է գրել իր քայլարշավների պատմությունը` խոսելու այն հրաշքի մասին, որ կա Հայաստանում եւ որը տգեղի եւ գեղեցիկի երկվության փոխակերպումն է վսեմի (տես` «Բնապատկերի բնազանցություն » գլուխը ՍՀՄ-ում):
Դընին սքանչելի նախադասություններ ունի` ներկայացնելու հայկական բնապատկերի շքեղությունը `« ամբողջովին շաղախված խորհրդավոր խորություններով » « տիեզերական ներդաշնակության լռության մեջ » (ՍՀՄ եւ ՏԾԴ): Պետք է կարդալ դրանք: Դրանք այնպիսի սքանչացում են արտահայտում, որը համեմատելի է կրոնական հայտնության կամ էլ աշխարհի սկզբին հասնելու զգացողության բերած սքանչացման հետ: Մարդկանցից կտրված վայրերի միայնությունն ու լռությունը, չուղենշված ճանապարհները, որոնք հեշտացնում են մոլորվելը, անաղարտ եւ երբեմն անարխիստ բուսականությունը, վայրի կենդանիների հարեւանությամբ թափառելը եւ քո ուզած տեղում վրան խփելու աներեւակայելի ազատությունը, ամեն ինչ Հայաստանում քայլողին մղում է իրեն դրախտում զգալու. « Ահա, հայտնվել եք Ադամի և Եվայի երազում » (ՍՀՄ):
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
- Միստիկական քայլարշավներ
« Այսպես քայլում է ճամփորդը Հայաստանում, մշտնջենական մտահայեցողությամբ», «էքստազի մեջ» և « երանավետ ինքնասպանություն գործելու » շեմին (ՍՀՄ): Մտահայեցողություն, էքստազ, երանություն` ահա այն բանալի-բառերը, որոնք համապատասխանում են Հայաստանում քայլողի փորձառության իրար հաջորդող փուլերին, երբ աչքին մի շքեղ բնապատկեր է հայտնվում. այդ տեսարանի հայեցողական դիտում, էքստազի վիճակ եւ երանության զգացում: Այստեղ մենք այնպիսի ռեգիստրում ենք, որը պարզորոշ կերպով գերազանցում է երջանկության մարդկային կարգը:
Բայց պետք է ջանքեր գործադրել երանության հասնելու համար: Քայլողը պետք է հաղթահարի շոգը, դիմանա անձրեւին, ցեխին, հոգնածությանը: Միմիայն շատ կոնկրետ բաներ, բայց դրանք հիշեցնում են ճգնավորների, սյունակյացների, նորահավատների, ուխտավորների, ապաշխարողների, կուսակրոնների եւ միանձնուհիների, ինչպես նաեւ հավատացյալների զանգվածի ջանքերը Քրիստոսին նմանակելու դժվարին ճանապարհին: Ըստ էության, քայլողի ջանքը եւս միստիկական է:
- Միստիկական պատմություններ
Քանի որ քայլարշավները միստիկական են, դրանց պատմությունն էլ պետք է միստիկական լինի: Դա հատկապես ակնհայտ է Siounik Magnificat-ում, որի ծավալը, զարմանալիորեն, ճշգրտորեն համապատասխանում է Ղուկասի Ավետարանի I գլխի հայտնի դիպվածին, որը սկսվում է Մարիամին Գաբրիել հրեշտակապետի հայտնությամբ (Ավետում) եւ ավարտվում է Մարիամի այցելությամբ իր զարմուհի Եղիսաբեթին (Մարիամի այցելությունը Եղիսաբեթին): Այսինքն մի կողմից`56 էջ, մյուս կողմից` 56 տուն: Դրան ավելացնենք երաժշտական հղումը Յ.Ս. Բախի Մագնիֆիկատին, եւ հասկանում ենք, որ Սյունիք Հրաշափառ Մագնիֆիկատը, ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանին ձոնված շարական է, որը կարող էր սկսվել հետեւյալ բառերով. « Իմ անձը փառավորում է Հայաստանը »` « Իմ անձը փառավորում է Տիրոջը » (« Magnificat anima mea Dominum ») տողի փոխարեն: Իհարկե մյուս երկու պատմության կառուցվածքի կրոնական բնույթը կարող է պակաս բացահայտ թվալ: Բայց քայլարշավների երեք պատմությունը միասին, յուրաքանչյուրը` մոտ հիսուն էջ, ավելին են, քան եռագրություն, իրականում սա մի տեսակ տրիպտիխ է (չմոռանանք, որ Դընին նաեւ արվեստագետ է, մասնավորապես` նկարիչ), ինչը կարող էր հղում անել սուրբ Երրորդության հասկացությանը, եթե հաշվի առնենք, որ Տավուշի Ծաղկաց Դժոխք գրքում մի տեղ « Հոգի » բառը մեծատառով է գրված, ասես թե սուրբ Հոգու մասին է խոսքը: Բայց սա անհաստատ մեկնաբանություն է, նույնիսկ` անհարկի, որովհետեւ Դընիի հարաբերությունը կրոնի հետ, մասնավորապես քրիստոնեական կրոնի հետ, շատ բարդ է, այնպես որ` նրա կրոնական գրական ոճը սխալ կլինի ընկալել որպես իր ջերմեռանդ հավատացյալ լինելու հաստատումը:
ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ԵՎ ԳՐՈՂԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
- Քայլարշավի իմաստները
Սկզբում Դընին չի քայլում որեւէ իմաստի հետեւից, ոչ էլ իր քայլարշավների իմաստն է փնտրում: Բայց քայլարշավի իմաստն ինքն իրեն է բացահայտվում, հենց որ բնապատկերը ծավալվում է իր ամբողջ ուժով: Ճիշտն ասած, քայլարշավը ոչ թե մեկ իմաստ ունի, այլ` իմաստներ: 1. Երբ միախառնվում են հիշողությունն ու կարոտախտը, քայլարշավը դեպի հետ է ընթանում, դեպի հայերի ընդհանրական անցյալ կամ էլ դեպի մանկության անհատական անցյալ (Անապատի անտառում տեսնելով Հովոյի եւ Վահագնի հյուղակը` Դընին վերհիշում է իր մանկական խաղերը Ֆրանսիայում` իր հյուղակում եւ Ռոնի լաստանավերի վրա): 2. Սա կյանքի ընթացքն է, որ կարող է իր հետ բերել մահվան վրա սեւեռում (« Առաջ ես մղում մարմինդ: Դեռ ինչքա՞ն` էլի: Հարցնում ես անընդհատ ինքդ քեզ », ՄՃԶ): 3. Սա ճանապարհ է պատումի մեջ եւ գրողի քայլարշավը` բառերում (« Բառերից հետո, մշտապես, երկրի պատկերն է անցնում տողերիս միջով», ՏԾԴ, էջ 54): 4. Սա ճամփա է դեպի ինքնաճանաչում (« Դու քայլում ես ճանապարհի հետ, ասես` ինքդ քո մեջ ես քայլում », ՄՃԶ), որը տանում է ինչպես դեպի սեփական արմատների ներքին բնապատկեր, այնպես էլ դեպի տիեզերածնությունը, որում քայլողն այսուհետ իրեն զգում է որպես տարերք այլ տարերքների կողքին եւ ի վերջո « տարրալուծվում (է) աշխարհի խորհրդավորության մեջ » (ՄՃԶ): 5. Եվ վերջապես, սա նախապատրաստական քայլարշավ է դեպի այնկողմնայինը, որտեղ ձգտում ես աստիճանաբար, բայց հնարավորինս շատ ազատվել աշխարհի ունայնություններից` այն աստիճան, որ դառնաս « այնպես անտարբեր իրերի նշանակության հանդեպ, որ ամեն ինչ քեզ աննշան թվա » (ՄՃԶ): Հրաժարման եւ թեթեւացման այս գործընթացն ավարտին հասցնելու համար « բավական է քիչ բան կրել վրադ ու մեջդ, գնալ թեթև ու ուրախ, ամբողջովին մտնել սրտիդ ու շնչառությանդ ռիթմի մեջ » (ՄՃԶ): Հետաքրքիրն այն է, որ մոտավորապես երեսուն տարի առաջ Դընին արդեն խոսում էր այս անհրաժեշտության մասին. « Բարձրացեք դեպի երեւույթների եւ ունեցվածքի նվազումը » գրում էր նա Էթնոսում (Սայգոն, 1969): Այսինքն նա վաղուց է նախապատրաստվում վերջին փուլին « Երբ կլռեն հոգու տվայտանքներն ու երբ աչքդ կլինի համակ երախտիք ու աղոթք » (ՏԾԴ):
- Մարտնչող գրող
Մի կողմից` մարդու իմաստնություն: Մյուս կողմից` hեղինակի մարտնչող լինելը: Դընին մարտնչող հեղինակ է: Հայաստանում այդ հասկացությունը շատ հայտնի չէ, եթե չասենք, որ անհայտ է: Դընին երկու կարեւոր պարբերություն է նվիրում մարտնչող գրականության գաղափարին: Առաջինը Տավուշի Ծաղկաց Դժոխք գրքում է. « Ինչպե՞ս լռել: Իմ ընթերցողներից ամենաշրջահայացներն ինձ կշտամբում են սոցիալական մտասևեռումների համար: Վերջիններս ապականելու էին դեգերումի դիմած իմ գրվածքները: Այն կփչացնի իմ թփամուտ գրվածքների բանաստեղծական վազքուղին: Սակայն ինչպե՞ս լռության մատնել տրորված մարդկանց դժգոհությունը: Բազմաչարչար մարդկանց անզորությունը: Հիմարների կոպտությունը: Ես դաս տալու ցանկություն չունեմ: Ոչ էլ նպատակ` ստանձնել դատափետիչի դեր ոչ սրանց և ոչ էլ մյուսների համար: Սակայն ինչպե՞ս չունկնդրել այն մարդկանց, ում բոլորովին չեն լսում: Եվ ինչպե՞ս նվազագույն հաստատակամություն չհաղորդել նրանց ձայնին: Վայելել հրաշալի բնապատկերները բավարար չեն իմ գրչի համար: Դա կնշանակեր ապամարդասիրական դարձնել այն: Նույնիսկ` հակասել։ Նրանից խլել ընկերակցելու, ժամանակի տրամաբանությունից եւ քաղաքական անզուսպ դրսեւորումներից քայքայված տղամարդկանց եւ կանանց համակերպումը բառերով արտահայտելու իր կարողությունը » (ՏԾԴ):
Դընին այստեղ հիմնարար բան է ասում, այն է` գրելը բառեր շարելը չէ, այլ մարդ էակի վերաբերյալ հաշիվ տալը: Եվ գրականությունն ուրեմն լավ ոճով շարադրված լավ պատմությունների հարց չէ ընդամենը, այլ կապված է ձայնազուրկների խոսքը ներկայացնելու անհրաժեշտության հետ (տես` Դանիել Արսան. « Քանզի ձայն կա։ Դընի Դոնիկյանը ձայն է տալիս մի աշխարհի, որը գոյություն ունի և որին չեն ցանկանում լսել », ԱՎՀ): Մարտնչող գրողն ուրեմն լռության մատնված մարդկանց խոսնակն է: Նա պետք է այլասեր լինի, ապրումնակից եւ կարեկից: Դրանից է, որ վրդովվում է եւ բարձրաձայնում:
Բարձրաձայնելու եղանակները տարբեր են: Փաստն այն է, որ Դընին ցասկոտությամբ է բարձրաձայնում` այն աստիճան, որ նրա գրվածքները երբեմն վերածվում են պարսա