|մառան|
հրապարակված է 16.12.2018 | ա-ակտուալ արվեստ |
6 անց 40 / վահագն ֆերեշեթյան

 




օրաթերթի փակումը
Ա.-ն քննադատ էր: Նրա մի աչքը 30 աստիճանով շեղված էր դեպի ձախ, իսկ մյուսը` դեպի աջ: Աչքերի նմանատիպ դասավորությունը նրան հնարավորություն էր տալիս միաժամանակ ավելի շատ առարկաներ տեսնել, ինչը նշանակում է, որ նա միաժամանակ ավելի շատ երեւույթներ կարող էր քննադատության ենթարկել: Երբ Ա.-ն քայլում էր փողոցով բոլոր ծանոթները փորձում էին նրա տեսադաշտից դուրս մնալ: Ոչ ոք չէր ուզում արժանանալ այդքան ականավոր մարդու քննադատությանը, չնայած կային մարդիկ, որ մտածում էին, թե նման մարդու ուշադրությանն արժանանալը, թեկուզեւ քննադատության տեսքով, բավականին պատվաբեր գործ է: Նույն այդ քազաքում ապրում էր քննադատ Բ.-ն: Իհարկե նրա աչքերն այդքան շահեկան դասավորվածություն չունեին եւ այդքան էլ արագաշարժ չէին: Փոխարենը նա կարողանում էր բուի նման 180 աստիճանով շրջել գլուխը, ինչը թույլ էր տալիս ոմանց կարծել, թե Բ.-ն որոշ տեխնիկական հմտություններով գերազանցում է Ա.-ին:

Մի անգամ Ա.-ն բոլորովին պատահաբար ընթերցեց Կանտի «Մաքուր բանականության քննադատությունը» գիրքը: Նա անմիջապես տեղական օրաթերթում մի հոդված հրապարակեց «Մաքուր բանականության քննադատության քննադատությունը» վերնագրով: Այն մեծ իրարանցում առաջացրեց տեղական ինտելիգենցիայի շրջանակներում եւ իհարկե այսպիսի ուշագրավ իրադարձությունը չէր կարող վրիպել քննադատ Բ.-ի աչքից: Հաջորդ իսկ առավոտյան նույն օրաթերթում հրապարակվեց քննադատ Բ.-ի հոդվածը` «Մաքուր բանականության քննադատության քննադատության քննադատությունը»: Ի պատասխան Ա.-ն տպագրեց եւս մեկ հոդված, որը կոչվում էր «Մաքուր բանականության քննադատության քննադատության քննադատության քննադատությունը»: Ի պատասխան Բ.-ն մի նոր հոդված տպագրեց, որի վերնագրում եւս մեկ «քննադատություն»բառն ավելացավ: Հոդվածների վերնագրերի չափերն օրեցօր աճում էին եւ մի օր հոդվածներից մեկի միայն վերնագիրը զբաղեցրեց օրաթերթի բոլոր էջերը: Օրաթերթի խմբագիրը խիստ դժվարին կացության մեջ էր եւ քանի որ նա չէր կարող մերժել այդ ականավոր եւ պատվարժան քննադատների հոդվածները` ստիպված եղավ փակել օրաթերթը:

 

գիտության հրեշը
Հեռուստատեսությամբ հաղորդեցին, թե մի խումբ ամերիկացի գիտնականներ ուսումնասիրում են Բեթհովենի երաժշտությունը եւ շատ շուտով կհայտնաբերվեն եւ կհրապարակվեն այդ երաժշտության կատարելության գաղտնիքը կազմող մաթեմատիկական բանաձեւերը:

Ն.-րդ հիմնարկի աշխատող ոմն պարոն Ա.-ն, որը նոր էր վերադարձել աշխատանքից, ուր զբաղվում էր անվերջանալի թղթաբանական գործողություններով, մի պահ հոգնությունից բթացած հայացքը նետեց հեռուստացույցի կողմը` հազիվ թե այնտեղ որեւէ արտառոց բան տեսնելու ակնակալիքով, իսկ այդ պահին վերոհիշյալ հուսադրող լուրի հաղորդմանը զուգահեռ հեռուստացույցի էկրանին հայտնվեց Բեթհովենի դիմանկարը: Պարոն Ա.-ն առանց երկար վարանելու հայացքը թեքեց հեռուստացույցից եւ լուռ գոհունակությամբ ընկղմվեց բազկաթոռի մեջ:

«Այսպիսի սարսափելի հրեշ եւ մեր հլու ծառան է»:
 

անվերնագիր
Մեզ հաստատապես հայտնի չէ, թե ճեպընթացը երբ է գործել եւ թե ինչ ուղեւորություններ է կատարել: Անգամ նրա գոյության փաստը երկար ժամանակ կասկածելի էր թվում, մինչ բոլորովին վերջերս մի ոչ այնքան ուշագրավ պահոցում հայտնաբերված մատյաններն ու չվացուցակները որոշակի լույս են սփռում այս հարցի շուրջ, միեւնույն ժամանակ էլ ավելի մեծ զարմանք եւ կասկածներ առաջացնելով: Բանն այն է, որ եթե հավատանք վերոհիշյալ գրանցման մատյաններում պահպանվող տեղեկությանն այն մասին, թե ինչ ձեւ եւ կառուցվածք է ունեցել այս ուշագրավ ճեպընթացը եւ թե ինչ միջոցներով է այն շարժման մեջ դրվել, ապա պետք է ընդունենք, որ այս ամենը ոչ մի կերպ չի տեղավորվում մինչ այժմ մեր ունեցած պատկերացումների շրջանակում:
 

ճշմարտությունը դոննա Էլվիրայի մասին
Դոննա Էլվիրան բավականին հարուստ եւ անվանի ընտանիքից էր: Նա մի սիրեկան ուներ, որը համաձայն որոշ ասեկոսեների ծագումով Պադուայից էր եւ քանի որ համարձակվում էր դոննա Էլվիրայի սիրեկանը լինել, կարելի է ենթադրել, թե նա նույնպես անվանի ընտանիքի ներկայացուցիչ էր, եւ բոլոր այն ժամանակվա ազնվատոհմ մարդկանց նման բավականին երկար անուն ուներ, որն այստեղ հիշատակելը նպատակահարմար չէ, թեկուզեւ այն պատճառով, որ սա այնքան էլ նշանակալից մարդ չէ մեր պատմության մեջ:

Էլվիրան բավականին խորամանկ կին էր: Նա բնությունից օժտված էր այն խորամանկությամբ, որը կանանց մոտ հաճախ է պատահում, կամ կարելի է ասել պատահում է միայն կանանց մոտ, բայց չի կարելի պնդել, թե նա մեծ երեւակայության տեր էր, ինչը նույնպես շատ սովորական է կանանց շրջանում:

Որպեսզի ինչ-որ կերպ պաշտպանվի կողմնակի մարդկանց հայացքներից եւ դրա հետ մեկտեղ բարձր պահի իր արժանապատվությունը, Էլվիրան մի ծրագիր հղացավ, որն անմիջապես որոշեց իրագործել:

Ժուանը կամ Խուանը, կոչեք նրան ինչպես կուզեք, մի խեղճուկրակ երիտասարդ էր, որը կարծես թե եկել էր Իսպանիայի հյուսիսային կողմերից եւ նոր էր գործի անցել դոնա Էլվիրայի մեծահամբավ տանը: Չնայած իր ողջ խեղճությանը, յուրաքանչյուր ոք կընդուներ, որ նա արտասովոր արտաքինով է օժտված, իսկ երբ Ժուանը քայլում էր քաղաքի փողոցներով, դե թեկուզեւ ամենասովորական ծառայի հագուստով, կողքից նայողը կասեր, թե սա մի դուքս է, որն իրենց քաղաքին մեծ պատիվ է արել եւ դուրս է եկել փողոցներով շրջելու առանց շքախմբի ուղեկցության, դե իսկ ծառայողական հագուստն ընդամենը քողարկման խորամանկ միջոց է:

Էլվիրայի ամենատես աչքից Ժուանի արտասովոր ունակությունները չէին կարող վրիպել եւ նա անմիջապես գլխի ընկավ , թե ինչպես կարող է դրանք օգտագործել ի օգուտ իրեն:
Կարելի է ասել, թե Էլվիրան հնարեց Դոն Ժուանին եւ Դոն Ժուանի մասին պատմվող բոլոր պատմությունները: Այս ամենը Էլվիրայի խորամանկ մտքի արդյունքն էր, չնայած դոն Ժուանի պաշտոնական կենսագիրները ոչ մի կերպ չէին ընդունի այս փաստը: Հարցն այն չէ, թե Էլվիրան ինքնախղճահարության դրսեւորումներով էր տառապում եւ ամեն կերպ փորձում էր մարդկանց աչքին զոհի կարգավիճակում հայտնվել եւ ոչ էլ այն, որ նա բավակին շահեկան կերպով օգտագործում էր Դոն Ժուանի մասին լեգենդները իր իրական սիրեցյալին թաքցնելու համար: Այս վերջին փաստարկն իհարկե իր նաշանակությունն ունի, բայց սա չէր միակ պատճառը: Ուղղակի Էլվիրան բնությունից խորամանկությամբ էր օժտված եւ սիրում էր իր խորամանկությունը գործի դնել, ընդ որում նրան հետաքրքրում էին ոչ այնքան նպատակները, որոնք նա հետապնդում էր, այլ հենց խորամանկելու գործընթացը եւ երբ նա կարգադրեց իր ծառաներին Ժուանին հագցնել ինչպես հարկն է եւ մարդկանց առջեւ ներկայացնել որպես մի ազնվազարմ մարդու, բոլորն անմիջապես հավատացին, թե սա իսկապես մի դուքս է կամ էլ համարյա թե դուքս, այսինքն դուքսին հավասար ինչ-որ մեկը, որն իր հմայքով գայթակղում է կանանց եւ ապա թողնում բախտի քմահաճույքին, իսկ Էլվիրան բոլորից թաքուն լուռ գոհունակություն էր ապրում այն փաստից, որ ամեն ինչ ընթանում է ըստ իր խորամանկ մտահաղացման եւ թերեւս միակ բանը, որը կարծես թե հունից հանում էր Էլվիրային այն էր, որ հենց ինքը Ժուանը բութ անտարբերությամբ էր նայում եւ Էլվիրային, եւ իր շուրջը ծավալվող բոլոր իրադարձություններին, ինչը իհարկե Դոն Ժուանի պաշտոնական կենսագիրները բոլորովին այլ կերպ էին մեկնաբանում` կարծելով, թե Էլվիրան անհուսալիորեն սիրայարվել է Դոն Ժուանին, իսկ վերջինս հերթական սիրավեպից հետո բացարձակապես կորցրել է հետաքրքրությունը Էլվիրայի նկատմամբ: Էլվիրան ամենեւին էլ չէր սիրահարվել Դոն Ժուանին եւ ընդհանրապես նման ծագում ունեցող մարդու նկատմամբ թեկուզեւ ամենաթաքուն կիրք զգալը իր արժանապատվությունից ցածր էր համարում:

Բայց ողջ այս պատմության մեջ կա մի բան, որը չէր կարող դոնա Էլվիրայի խորամանկ մտահղացման ծննունդը լինել: Ինչպես արդեն ասացի Էլվիրան, ինչպես եւ կանանցից շատերը, այնքան էլ մեծ երեւակայություն չուներ, եւ ես չեմ հավատում, թե ստեղծված իրավճակի այնպիսի փառահեղ լուծումը, ինչպիսին «քարե հյուրն» էր, կարող էր Էլվիրայի աղքատիկ երեւակայության ծնունդը լինել:

Այստեղ տեղին է հիշատակել եւս մեկ գործող անձի, որը կարեւոր նշանակություն ուներ այս պատմության մեջ: Լեպորելլոն, որն իր խորամանկությամբ եւ հնարագիտությամբ կարող էր համեմատվել միայն Ոդիսեւսի հետ, իսկ կերպարանափոխվելու ունակության հարցում նմանատիպ համեմատությունն անգամ անտեղի կլիներ, դոնա Էլվիրայի հավատարիմ ծառան էր եւ նրա խորամանկ մտահաղացումների մշտական մասնակիցն ու իրագործողը, ինչի մասին իհարկե շատ քչերը գիտեին, քանի որ Լեպորելլոյին հաջողվում էր մշտապես ստվերում մնալ: Սկզբից եւեթ Էլվիրան կարգեց Լեպորելլոյին որպես Դոն Ժուանի ծառա, եւ Լեպորելլոն այնքան հնարամտորեն էր կատարում իր այս դերը, որ բոլոր կածեցին թե Լեպորելլոն Դոն Ժուանի սիրային արկածների մշտական մասնակիցն է եւ թե դեպի նրա անորսալի կերպարը տանող բոլոր թելերն անցնում են Լեպորելլոյի միջով, իսկ վերջինս հաճախ էր ստիպված լինում միաժամանակ եւ Դոն Ժուան եւ Լեպորելլո լինել, որպեսզի մի կերպ քողարկի խեղճուկրակ ժուանի բութ անգործությունը:

Չնայած բոլոր ծրագրերի շռնդալից հաջողությանը, Դոն Ժուանի լռակյացությունը մի մեծ ստվեր էր նետում Էլվիրայի մտքերի անխռով ընթացքի վրա:Եվ իհարկե «քարե հյուրը» Լեպորելլոյի հնարագետ մտքի արդյունքն էր: Քանի որ Դոն Ժուանի լռությունը չափից դուրս անհասկանալի էր էլվիրայի եւ Լեպորելլոյի համար, Լեպորելլոն ստեղծեց քարե հյուրը որպես եւս մեկ տրոյական ձի, որն այս անգամ պետք է գրավեր այն ամրոցը, ինչպիսին հանդիսանում էր Դոն Ժուանը Էլվիրայի եւ Լեպորելլոյի աչքերում:
 

***
Ժամացույցները եւ նմանատիպ այլ մեխանիզմները միշտ էլ ինչ-որ բռնի պարտադրանքով են օժտված եւ հերիք է, որ ինչ-որ մեկը փորձի մի դատարկ սենյակ պատկերացնել, որը լիովին զուրկ է ամեն տեսակի կահավորանքից /հարկ է նշել, որ այդպիսի երեւակայական հայացքը պարտադիր կերպով չի համընկնում տեսողական ճշգրտությամբ օժտված հայացքի հետ, քանի որ այն զուրկ է տեսողական մանրամասներից/ եւ չի բացառվում, որ այդպիսի երեւակայողներից մեկը գուցեեւ կհիշի ժամացույցի անտանելի տկտկոցը, որը նա հազարավոր անգամներ լսել է ամենատարբեր սենյակներում գտնվելիս, որոնք ամենայն հավանականությամբ ամենեւին էլ դատարկ չէին, բայց հերիք է, որ այդ անտանելի մեխանիզմը ինչ-որ մի պահ տիրի ունկնդրի ուշադրությանը, եւ ունկնդիրն այդ, որ մինչ այժմ չէր էլ նկատել, թե ինչպես է ժամացույցը տկտկում, հանկարծակի համակվում է ժամացույցի արձակած յուրաքանչյուր ձայնով, որոնք այդքան պարտաճանաչ հետեւողականությամբ արձանագրում է թմբկաթաղանթը, եւ այդ պահից սկսած սենյակն իսկապես սկսում է դատարկ թվալ կամ գուցե սենյակում դրված յուրաքանչյուր առարկա, ասես ինչ-որ կախարդանքով, սկսում է նույն բռնի դյութանքով օժտվել, եւ եթե ճարահատյալ ունկնդիրն փորձում է ողջ ուժով ականջները փակել ժամացույցի արձակած ձայնային ալիքներից ինչ-որ մի կերպ խուսափելու համար կամ էլ հուսահատական շարժմունքով դուրս է թռչում սենյակից, անգամ այդ դեպքում ժամսլաքի արձակած ձայները դեռեւս շարունակում են արձագանքել նրա` այս անգամ արդեն երեւակայական լսողության մեջ:

Մի մարդ նստած էր ինչ-որ մի քաղաքի, ինչ-որ մի փողոցի անկյունում առանց որեւէ առանձնահատուկ զբաղմունքի եւ համառ ուշադրությամբ նայում էր թեւից կախ ընկած ժամացույցին, եւ եթե այդ պահին փողոցի անցորդներից որեւէ մեկը թեկուզեւ աչքի ծայրով ամենաանտարբեր հայացք նետեր ժամացույցի կողմը, ապա զարմանքով կհայտնաբերեր, որ ժամատախտակի վրայի սլաքները շարժման որեւէ նշույլ չեն ցուցաբերում, իսկ պարբերաբար կրկնվող տկտկոցի մասին խոսք չի կարող լինել, չէ որ պարզից էլ պարզ է, որ ժամացույցը փչացած է եւ այդ դեպէում անհասկանալի է, թե ինչ կարիք կա այդքան մեծ ուշադրության արժանացնելու փչացած ժամացույցին, բայց վերոհիշյալ պարոնի համար այս փաստը կարծես թե ոչ մի հանելուկ էլ չէր ներկայացնում, եւ նա շարունակում էր միեւնույն անդրդվելի համառությամբ հայացքն ուղղել ժամատախտակին:

Փողոցն իհարկե լի էր ամենատարբեր առարկաներով եւ երեւույթներով, որոնք բնականաբար ուշադրության արժանանալու բոլոր իրավունքներն ունեին, եւ գուցե ավելի մեծ իրավունքներ` քան փչացած ու խարխուլ ժամացույցը, որը դեռ հայտնի չէ անգամ թե վերանորոգման են ենթակա է, թե ոչ, բայց նմանատիպ մտքերը նույնպես վերոհիշյալ պարոնի գլխով չէին անցնում, եւ նա էլ ավելի մեծ համառությամբ շարունակում էր նայել ժամատախտակին:

Նա այնքան մեծ համառությամբ էր նայում ժամատախտակին, որ թվում էր, թե ժամատախտակի վրա կանգ առած սլաքներն այդ հայացքի ճնշման տակ պետք է սկսեն հակառակ ուղղությամբ պտտվել, բայց քանի որ այստեղ ֆիզիկայի օրենքներն գործում են ամենայն խստությամբ, իրադարձությունների նման ընթացքն ի սկզբանե բացառվում էր:

Հանկարծակի այս պարոնը վեր թռավ տեղից այնպիսի թափով, որ քիչ էր մնում, թե նրա գլուխը ծածկող հնաոճ գլխարկը, որի մասին մոռացանք հիշատակել` կլանված ժամացույցի հետ կապված աննախադեպ իրադարձություններով, վայր ընկներ, ապա զայրացած հայացքն ուղղեց մոտակա տան պատին, որը կարծես թե պատասխանում էր այդ հայացքին էլ ավելի մեծ զայրույթով, կամ գուցե այդպես թվաց նրա բորբոքված երեւակայությանը, չէ որ դեռեւս ոչ-ոք չէր համարձակվել այդքան մեծ անտարբերություն ցուցաբերել փողոցի երկայնքով շարված հնակառույց տների նկատմամբ, այդժամ այս հարգարժան պարոնը` մոռանալով քաղաքավարության եւ լավ պահվածքի բոլոր սահմանների մասին, ողջ ուժով շպրտեց ժամացույցը մոտակա տան պատին, եւ ժամացույցն այդ` հազարավոր պարբերաբար կրկնվող ձայների փոխարեն, այս անգամ արձակեց մեն-մի սուր, ականջ ծակող ձայն, եւ այնուհետեւ երկար ժամանակ ժամացույցը կազմող հարյուրավոր ատամնանիվներն սկսեցին փողոցով վար գլորվել, իսկ այդ անկարգության հեղինակը շտապեց ուղղել իր գլխարկն ու հագուստը եւ էլ ավելի հարգարժան տեսք ընդունելով, իջավ փողոցն ի վար` հետեւելով գլորվող ատամնանիվներին:
 

***

Եթե երբեւԷ որեւէ մեկը հայտնվել է այնպիսի դրության մեջ, երբ միակ բանը, որ այդ պահին մտածվում է, հետեւյալն է` «ինձ զգում եմ մանր սողունի պես, վերջույթներս չափազանց սառն են»,, ապա այդ «որեւէ մեկը» գիտի, որ այդպիսի հոգեվիճակն ուղեկցվում է մտավոր ունակությունների խիստ անկմամբ, այդպիսով պետք չէ զարմանալ կենսաբանների այն պնդման վրա, թե սողուններն այնքան էլ բարձր ինտելեկտ չունեն: Սողուններն այնքան հանդարտ են, որ նրանց երեւի թե ընհանրապես ինտելեկտ հարկավոր չէ, ընդհանրապես սողուններին վերջույթներ էլ հարկավոր չեն, այդ իսկ պատճառով ամենկատարյալ սողունը օձն է: Ողջ մկանային մեխանիկան օձի մոտ թաքնված է կաշվի ներքո: Հեքիաթներում հաճախ պատահող հրալեզու վիշապօձը առաջին հայացքից չափազանց անտրամաբանական, իռացիոնալ ծագում ունեցող արարած է թվում: Չէ որ դժվար է օձից ավելի սառը կենդանի պատկերացնել: Բայց մյուս կողմից ամեն անգամ գետնի վրայով արագընթաց սահող օձ տեսնելիս զարմանում ես, թե ինչպես այն հողի հետ անընդհատ շփումից չի շիկանում եւ բռնկվում:

իհարկե սա հակասում է առողջ բանականությանը, բայց հեքիաթն ունի իր «առողջ բանականությունը» եւ այնտեղ գործում է մեկ այլ «ֆիզիկա», համաձայն որի «սառը» օձը ոչ միայն տաքանում եւ բռնկվում է, այլեւ իր շուրջը կրակ է թափում:
 

հռետորներն ու տրոյական ձին
Հերիք է, որ մի քաղաքական գործիչ ինչ-որ խորամանկ քայլ ձեռնարկի եւ բոլոր վերլոււծաբանները հին ավանդույթի համաձայն անմիջապես հիշում են «տրոյական ձիու» պատմությունը: Չնայած որ տրոյական ձի արտահայտությունը եզակի թվով է, այն իրականում իրենից ներկայացնում է խումբ կամ ամբոխ:

Սկզբում տրոյական ձին առաջացավ Ոդիսեւսի գլխում, չնայած դժվար է որոշել տրոյական ձին էր Ոդիսեւսի գլխում թե Ոդիսեւսը տրոյական ձիու մեջ: Այնուհետ տրոյական ձիու մեջ մտան բոլոր հույները:

Տրոյական ձիու հետ համեմատությունը վաղուց արդեն ծեծված հռետորական հնարք է, բայց աստված գիտի թե ով ինչ «տրոյական ձի» է հնարում այն կիրառելիս: Դժվար չէ պատկերացնել հետեւյալ դրությունը` մի հռետոր բեմ է բարձրանում եւ սկսում իր ելույթը ինչ-որ մեկի գործունեությունը տրոյական ձիու հետ համեմատելով եւ ինքն էլ չի կասկածում, որ այդ պահից սկսած հենց ինքը «տրոյական ձիու» մեջ է:
Տրոյական ձին հռետորների ամբոխ է:
 


երկու առակ Վարդան Այգեկցու ոճով

առակ քարկապների եւ հանգույցների մասին
Մի քարկապ` փքված սեփական կառուցվածքի խրթինությունից, ծիծաղում էր հեշտությամբ քանդվող հասարակ հանգույցների վրա: Այդժամ մեկը թրի մի հարվածով կտրեց քարկապի գլուխը եւ մյուս քարկապեները` տեսնելով այդ, խիստ վրդովվեցին եւ նեղացան մարդկանցից ու դադարեցին նրանց հետ հանդիպել` բացառությամբ երեխաների, որոնք մինչ այժմ քարկապներ սարքելու մեծ վարպետներ են:


առակ հանգուցալուծման մասին
Քանզի պատմությունը չափից դուրս երկար էր, վերջաբանը խիստ ձանձրացավ եւ հետաքրքրությունից դրդված խնդրեց հանգուցալուծմանը տեղերով փոխվել, որպեսզի նա ավելի շուտ իմանա, թե ինչ է կատարվում: Այդ օրվանից սկսած բոլոր պատմություններն ավարտվում են առանց հանգուցալուծման հասնելու կամ կարելի է ասել, որ դրանց սապսվում է ընդամենը մեկ ընդհանուր հանգուցալուծում` այն, որ դրանք ինչ-որ մեկը պետք է կարդա:

քարկապ

Մի անգամ ոմն փոստատար երազում նամակ էր գրում իր եղբորը հետեւյալ բովանդակությամբ`
«Սույն նամակով տեղեկացնում եմ քեզ, որ չարժե այսօր չափից դուրս արագ վազել տնից դեպի փոստարկղ` սույն նամակը ստանալու նպատակով, քանզի ճանապարհն այնտեղ անսարք է ու քարքարոտ եւ կոշիկները, որոնք ես քեզ նվիրել եմ անցյալ շաբաթ, հնարավոր է խիստ վնասվեն արագ վազքից»:

Արթնանալով փոստատարը չափազանց զարմացավ իր իսկ երազի վրա, չնայած նա ուրիշների երազների վրա զարմանալու սովորություն եւ ոչ էլ կարողություն չուներ եւ զարմանալի չէ, որ նա զարմացավ իր իսկ երազի վրա: Նա վերցրեց թուղթ ու գրիչը եւ նամակ գրեց իր եղբորը հետեւյալ բովանդակությամբ`
«Սույն նամակով տեղեկացնում եմ քեզ, որ այսօր դու մեծ արագությամբ վազելու ես տնից դեպի փոստարկղ` սույն նամակը ստանալու նպատակով»:

Այս անգամ արդեն առանց զարմանալու /թեկուզեւ զարմանաու առիթ կար եւ նամակը չափազանց տարօրինակ ստացվեց/` նա վերցրեց նամակը, հագավ իր նոր կոշիկները եւ դուրս եկավ փողոց ու դանդաղ քայլերն ուղղեց դեպի փոստարկղը: Հասնելով փոստարկղին նա հանկարծ նկատեց, որ իր նոր կոշիկները պատռվել են: Կռանալով` որպեսզի ավելի մոտիկից զննի պատռվածքը, փոստատարն ինքը գլորվեց փոստարկղի մեջ, սակայն մինչ այդ պահը նա մտածում էր, որ ինքը չափազանց մեծ մարմին ունի փոստարկղի մեջ ընկնելու համար: Իսկ նամակն այդ ընթացքում նրա ձեռքից ընկավ գետնին: Մի մարդ, որ այդ պահին անցնում էր փողոցով, տեսավ գետնին ընկած նամակը եւ վերցրեց այն գետնից եւ խիստ զարմացավ ծրարի վրա իր իսկ անունը տեսնելով, թեկուզեւ նա ուրիշների անունները կարդալիս ապշելու սովորություն չուներ: Նա բացեց նամակը եւ կարդաց այն, իսկ այնուհետ ողջ թափով վազեց դեպի տուն, քանի որ ուզում էր անմիջապես պատմել իր կնոջը տարօրինակ նամակի մասին: Տուն հասնելով նա հյուրասենյակի թաղտին նստած տեսավ իր եղբոր կնոջը, որն անմիջապես շտապեց նկատել, որ նոր կոշիկները շատ սազում են նրան եւ հարցրեց, թե արդյոք դրանք հարմար են նստում ոտքին: