|մառան|
հրապարակված է 19.06.2018 | ա-ակտուալ արվեստ |
6 անց 40 / ռաֆիկ ներսիսյան
Իսկ դու կուշտ գալիս` ֆուտբոլ ես նայում, Քեզ հետ նստում է, ձեռքին` պանիր-հաց, Թեև ֆուտբոլից բան չի հասկանում...

 


ռաֆիկ ներսիսյան /ծնվ․ 1988/


*
Այսօր ժամը վեցին մոտ քեզ կկանչեմ ռեստորան,
Այդ առիթով մի նոր տոն քեզ համար կհորինեմ,
Դու կզուգվես հայելու դեմ ու կվազես հանդիպման,
Ես գույնզգույն շորերով քեզ մի ժամ շուտ կսպասեմ:
 

Դու կգրկես ինձ պինդ-պինդ
Ու վայրկյան անց ինձ կասես,
«Ախր այդ ի՞նչ է հագիդ,
Մեզ չե՛ն թողնի այսպես ներս»:
 

«Այդ ո՞վ ասաց՝ չեն թողնի,-
Կծիծաղեմ անդարդ ես, -
Ախր ո՞վ ինձ կնայի,
Երբ որ իմ կողքին դո՛ւ ես»:
 

Մենք կմոտենանք մուտքին,
Ու ինձ կասեն, թե «գիտե՞ս,
Մեզ մոտ այսպես չի՛ կարելի,
Դու չե՛ս կարող ներս մտնել:
 

Մեզ մոտ տաբա՜տ է պետք, կոստյու՜մ,
Վերնաշապի՜կ պարտադիր,
Գնա՛, թե ներս ես ուզում՝
Անպայման փողկա՛պ կապիր»:
 

Ես քեզ այնտեղ կթողնեմ.
Ռեստորանի միջանցքում
Ու մի խանութ կփնտրեմ,
Որտեղ կոստյում են ծախում:
 

Ու տասը րոպե չանցած,
Նոր կոստյումով դասական
Կծառանամ քո առաջ
Ու կմտնենք ռեստորան:
 

Ու կնայեն մեզ այնպես
Հաղթական ու ցնծագին,
Կարծես ենթարկվել եմ ես,
Իրենց անգույն օրենքին:
 

Թող ծիծաղե՜ն, թող ցնծա՜ն,
Ի՞նչ իմանաք, հիմարնե՛ր,
Որ հագել եմ ոտքերիս
Տարբեր գույնի նասկիներ:



ՄՈՐՍ ՍԱՐՔԱԾ ՄՈՒՐԱԲԱՆ
 

Ձեր տուն գալիս կբերեմ մորս սարքած մուրաբան,
Շամպայն, ծաղիկ, կոնֆետների ու նվերի փոխարեն:
Ես զգուշությամբ ու թաքուն ձեր տան դուռը կբանամ
Ու կկանգնեմ քո առաջ խոժոռված ու համրորեն:
 

Կծիծաղես քթիդ տակ՝ իմ ձեռքերին նայելով,
Ու վայրկյան անց բարկացած դուրս կհանես ինձ տնից,
Ես կթողնեմ մուրաբան, դուրս կփախչեմ վազելով
Ու կգոռամ ձեր բակում. «Ինչ քնքու՜շ էիր ժպտում ինձ»:
 

Պատշգամբից ներս կանցնես ու կանիծես թեպետ ինձ,
Բայց մի գդալ կփորձես մորս սարքած մուրաբից:


*

«Նա չուներ խոցող թովչանքը կնոոո՜ջ…»,
«Շրթունքներ են կույս ու մաքուր են դեեե~ռ…»,
«Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոոո՜ջ…»
Էլի այդպիսի զանազան տողեր…
 

Բայց չհիշեցին ոչ ոք նրանցից,
Որ առավոտյան գործի գնալիս
Նա գռմռալով զարթնում է քնից
Ու անու՜շ-անու՜շ սև սուրճ է տալիս:
 

Երբ ֆռթացնում ես դու խոզավարի,
Ու սուրճից արբած մի «ա՜հ» ես քաշում,
Նա` լի ջերմությամբ, ժպտում է բարի,
Խանգարված քունը վայելք համարում:
 

Ու երբ սպասում է, ախորժակ պահած
Իսկ դու կուշտ գալիս` ֆուտբոլ ես նայում,
Քեզ հետ նստում է, ձեռքին` պանիր-հաց,
Թեև ֆուտբոլից բան չի հասկանում:
 

Ու երբ Հենոյի հարվածներն ուժեղ
Կրակ են թափում դարպասի ճամփին,
Ինչքան էլ լինեն դարպասները նեղ,
Քեզ հետ սպասում է բերկրանքի պահին:
 

Իսկ գիշերին մոտ կարոտը չառած,
Երբ կուչ է գալիս խելոք թևիդ մոտ…
Լույսեր են վառվում մթի մեջ հանկարծ,
Ու վաղվա օրը դառնում է աղոթք…