...իսկ աւելի ճարպիկները արշալոյսից գոյներ են վերցնում եւ հողի հետ շաղախելով թռչուններ ու զանազան թեւաւոր եզներ են նկարում իրար մերկ ու բրոնզացած մարմինների վրայ…
Երվանդ Քոչարի այս փոքրիկ գրությունը զուգորդվող գծանկարի հետ միասին լույս է տեսել 1935 թվականին Փարիզում հրատարակվող Հայաստանի օգնության կոմիտեի պարբերականում: Բացառիկ այս տեքստը կառուցված է իբրև երկխոսություն «սենդվիչ մարդու» և «հողի մարդու» միջև: Առաջինը գովազդային վահանակները հագին՝ Արևմուտքի մեծ քաղաքների փողոցներում շրջող մարդն է, արդի քաղաքային մշակույթի դեգերող սպասարկուն, երկրորդը՝ հայրենի հողին կցված, տեղակայված աշխատավորը: Առաջինը՝ հայրենազուրկ աքսորականն է, երկրորդը՝ հայրենիքի մարդը: Երկոխոսությունը, ուրեմն, հայրենակիցերի միջև է՝ սփյուռ և տեղացի․ հայի երկատված ինքնության երկու արքետիպեր: Քոչարը թե՛ մեկին, թե՛ մյուսին հանդես է բերում իր ներքին մտահոգություններով՝ հարազատորեն: Նա այդ անում է պատմական ավանգարդի հռետորական ռազմավարություններով․ ֆուտուրիստների և սյուրռեալիստների նման նա ագուցում է առասպելականն ու կենցաղայինը, հարվածում բանաստեղծական պատկերների ուժով, տեքստի ձևային հնարքներով գիրը հասցնում պատկերի սահմանին…
Քաղաքական տեսակետից տեքստը գրված է 1930-ականների հայրենադարձության խորհրդային քաղաքականությունների համատեքստում: «Հողի մարդը» «սենդվիչ մարդուն» կանչում է ետ՝ հայրենիք՝ Խորհրդային Հայաստան․ «Արշալոյսը կարմիր կաթ է տալիս մեր սեւ հողին»: Ստալինյան երկրորդ հնգամյակը թևակոխած Խորհրդային Հայաստանը ներկայանում է նախևառաջ որպես ապագա կառուցող աշխատանքի երկիր․ «Մենք վաղը այսօր ենք հոգում, եւ երէկը մոռանում…»: «Սենդվիչ մարդը» տրտնջում է․ աշխատանքի երկրում չեն երազում, երազելը շռայլություն է այստեղ, իսկ գալիք սերունդը չի սնվում արվեստով: «Հողի մարդու»՝ աշխատանքի ու արվեստի այս հակադրությունը վերառող պատասխանն է, որ ի վերջո համոզում է «սենդվիչ մարդուն» վերադառնալ հայրենիք: Այստեղ երիտասարդներից «աւելի ճարպիկները արշալոյսից գոյներ են վերցնում եւ հողի հետ շաղախելով թռչուններ ու զանազան թեւաւոր եզներ են նկարում իրար մերկ ու բրոնզացած մարմինների վրայ…»: Արվեստը գործնականում անում են երիտասարդները, երբ արշալույսն ու հողը միաբերում են իրենց մերկ մարմինների վրա: Գործնական, բայց և առասպելական ու էրոտիկական ստեղծագործության այս պատկերը, հետաքրքրականորեն, «սենդվիչ մարդու» սրտում հնչեցնում է «քաղցր ու հին» մի բան: Նա բացականչում է․ «ի՜նչ լաւ է այսպէս…»: Ստալինյան արդիականացումը, ապագայի «արշալույսը» կապելով Հայաստանի՝ հողի ու հայրենիքի հետ, արդիությունը առնչում է հին հավատալիքների ու ժառանգության հետ, վերստեղծում հայրենի ավանդություն, դառնում հայրենասիրական:
Քոչարի տեքստում արդի քաղաքային ավանգարդն ու մինչարդիական հողագործական «արորը» կապվում են առասպելա-էրոտիկական ստեղծագործության հնարավորությամբ, որի իրականությունը զգալու մեջ իր աներկբա դերն էր կատարել ստալինյան հնգամյա պլանների ոչ պակաս ավանգարդիստական թափը: Այս հնարավորությունը, այս խոստումը իրական էր նախևառաջ հենց իր՝ Քոչարի համար, որը թողել էր հայրենիքը, մեկնել Փարիզ՝ աշխատելու և ստեղծագործելու: Թե՛ «սենդիչ մարդը», թե՛ «հողի մարդը» ինքը՝ արվեստագետն է: Այս տեքստը, ուստի, որոշ լույս կարող է սփռել Քոչարի՝ հայրենիք վերադառնալու տարօրինակ և շատ առումներով անհասկանալի որոշման վրա: Նա լքում է Փարիզը 1936-ի գարնանը, իսկ տեքստը հրատարակվել է 1935-ի աշնանը: Այս շրջանում է նա սյուրռեալիզմի հետ համադրված մեքենայի էսթետիկայով կերտում Ստալինի դիմաքանդակը և վրձնում՝ նույն այդ դիմաքանդակին շատ բանով մոտ իր ինքնադիմանկարը․ պարուրված լեոնարդոյական էրոտիզմով, Քոչարի «բրոնզացած» դեմքը ավանգարդի տրամադրած հնարքներով կարծես ներկված լինի այնպես, ինչպես այդ կաներ ծիսակատարության համար պատրաստվող տեղաբնիկը:
Իմ գիտությամբ այս գրությունը հրապարակավ վերաշրջանառվում է առաջին անգամ: Վերահրատարակվում է ըստ՝ Ե․ Քոչար, «Սանդւիչ մարդը», ՀՕԿ․ օրգան արտասահմանեան հօկերու, թիվ 9-10-11, սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր, Գ․ տարի, 1935 (Փարիզ), էջ 499-500: Տեքստը թվայնացրեց Իրինա Շախնազարյանը:
Վարդան Ազատյան

| Երվանդ Քոչար, Սանդվիչ մարդը, գծանկար, 1935 |
Հողի մարդը. ̶ Եղբայր, ուզում եմ խօսել քեզ հետ, հեռաւոր իմ եղբայր. այսօր դարձեալ կիրակի է, հագել եմ տօնականի մը նոր զգեստները, եւ ուզում եմ խօսել քեզ հետ…
Սանդւիչ մարդը. ̶ 2 X 2 = հաւասար է, հաւասար է… 15 տարի է հաշւում եմ եւ չեմ գտնում լուծումը…
Հողի մարդը. ̶ 15-րդ անգամն է հագնում եմ այս իմ տօնական կարմիր զգեստները, պառկում եմ մեր սեւ հողի վրայ, բայց դու չես տեսնում…
Սանդւիչ մարդը. ̶ 15 տարի է քայլում եմ, եւ աչքս չեմ բացել…
Հողի մարդը. ̶ 15 տարի է վարում եմ հողը եւ տունկեր տնկում, տես, չե՞ս տեսնում, Արշալոյսը կարմիր կաթ է տալիս մեր սեւ հողին…
Սանդւիչ մարդը. ̶ Ա՜խ, ինչպէս կʼուզէի օրը գար, օրը ճերմակէր…
Հողի մարդը. ̶ Օրը բացւել է արդէն, եղբայր, կարմիր է օրը, կարմիր արշալոյսը մեզ ծիրանի զգեստներ է հագցնում եւ ոռոգում մեր դաշտերը… մենք քար ենք կոփում, սերմում ենք հողը եւ լոյսերով ցանցում երկիրը…
Սանդւիչ մարդը. ̶ Ասում են, այդ կարմիր Ստնտուն մի յաղթանդամ աղջիկ է, որ գուլպաներ է կարկատում եւ սոխ է հոտում…
Հողի մարդը. ̶ Այո՛, Նոյի գուլպաները ծակ են, եւ պէտք է կարկատել… թելերը արտասահմանում փտած են եւ շատ սուղ արժեն, իսկ ասեղները մատներ են ծակում…
Սանդւիչ մարդը. ̶ . . . . . . . .
Հողի մարդը. ̶ Ինչո՞ւ լռեցիր եւ չես խօսում, ի՞նչ ես փնտռում այդ պղտոր ջրերում…
Սանդւիչ մարդը. ̶ Ասում են այստեղ, այս ջրերի մէջ ոսկէ ձկներ կան, եւ որ բռնես մուրատդ կը կատարւի:
Հողի մարդը. ̶ Մենք ջուրերից կրակ ենք հանում, իսկ ձուկներդ չորացնում, պաշարում… Մենք վաղը այսօր ենք հոգում, եւ երէկը մոռանում…
Սանդւիչ մարդը. ̶ Ուրեմն դուք, երբեք չէք երազում…
Հողի մարդը. ̶ Շատ սուղ արժէ…
Սանդւիչ մարդը. ̶ Ահա՛ առ քեզ 25 սանդիմ…
Հողի մարդը. ̶ Մէջը ծակ է…
Սանդւիչ մարդը. ̶ Փչիր մէջը եւ մտածիր, որ Սիդրոէնը բանւոր էր ժամանակին…
Հողի մարդը. ̶ Ո՛չ, մենք ծակերը փչելով չենք լցնում այլ կոփում ենք քարով, որ դիւրատաշ է ինչպէս փայտ եւ դիմացկուն ինչպէս երկաթ…
Սանդւիչ մարդը. ̶ Իսկ ձեր զաւակները սրինգ չեն փչում, երգ չեն սուլում…
Հողի մարդը. ̶ Նրանք կանգնում են բարձրապատերի վրայ եւ նայում են հեռուն, շատ հեռուն… իսկ աւելի ճարպիկները արշալոյսից գոյներ են վերցնում եւ հողի հետ շաղախելով թռչուններ ու զանազան թեւաւոր եզներ են նկարում իրար մերկ ու բրոնզացած մարմինների վրայ…
Սանդւիչ մարդը. ̶ Իսկապէ՜ս, ի՜նչ լաւ է ուրեմն… կարծես մի ինչ որ բան, այնքան քաղցր ու հին հնչում է սրտիս մէջ. ի՜նչ լաւ է այսպէս…
Հողի մարդը. ̶ Այո՛, եղբայր, այդպէս քաղցր է մեր հողի համը եւ հնչիւն մեր ջրերի ձայնը…
Սանդւիչ մարդը. ̶ Բայց ինչպէս, ես չեմ կարող, ես չեմ կարող, ա՜խ, ինչպէս մոռացայ, որ ես սանդւիչ մարդ եմ, ես պէտք է պտըտեցնեմ այս ցուցանակները եւ կանչեմ … ա՜խ, ինչպէս մոռացայ որ ես սանդւիչ մարդ եմ …
Հողի մարդը. ̶ Ո՛չ, եղբայր, այսօր կիրակի է, նետիր այդ ցուցանակները, նետիր ու արի ինձ հետ, այսօր կիրակի է վառ ու պայծառ է օդը…
Սանդւիչ մարդը. ̶ Այո՛, այլ եւս անպէտք են այս ցուցանակները իմ կրծքից եւ կռնակից կախւած, ես ուզում եմ լսել քո ձայնը այնքան հարազատ ու վաղեմ, ես այլ եւս Սանդւիչ մարդ չեմ ուզում լինել, թող այսպէս փշրեմ այս ցուցանակները, տուր ինձ ձեռքդ, եղբայր:
Հողի մարդը. ̶ Տո՛ւր ինձ ձեռքդ, եղբայր … (Երգում են միասին):
Կարմիր է օրը
Լծենք արօրը
Դառնանք մեր մօրը
Մոռնանք սեւ օրը…
Փարիզ, 1935 Ե․Ք․

| Երվանդ Քոչարը Ստալինի՝ իր կերտած դիմաքանդակի հետ, 1935-1936 շրջ․, աղբյուրը՝ այստեղ|
| Երվանդ Քոչար, Ստալինի դիմաքանդակը, 1935-1936 շրջ․|

| Երվանդ Քոչար, Ինքնադիմանկար, տախտակ, յուղաներկ, 27x22 սմ, 1936, աղբյուրը՝ այստեղ |