|ռեւիզոր|
հրապարակված է 25.08.2017 | աննա գալստյան |
«առանց Գորկու»․ կյանքի եւ արվեստի միջեւ
Արվեստագետը՝ ստեղծելով ընտանիք, փորձում էր ժամանակավորապես բթացնել այն կորուստը, որն անփոխարինելի է եւ անդառնալի․ իր ողջ կյանքում նա խաբում էր՝ հասարակության մեջ իրեն վերահայտնագործելու համար։

 

Վերջերս համացանցում հնարավոր դարձավ դիտել Արշիլ Գորկու վերջին տարիների եւ մասնավորապես նրա ինքնասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ Նեթֆլիքս կայքի միջոցով, որը նորեկ անդամներին ֆիլմեր դիտելու միամսյա անվճար հնարավորություն է ընձեռում։ Օգտվեցի այդ առիթից, որին սպասում էի երկար հինգ տարիներ՝ հիշելով, որ այդպես էլ չկարողացա ֆիլմը դիտել 2012-ին, երբ առաջին անգամ այն մեր հանրությանը ներկայացվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին։



Սա առաջին կենսագրական ֆիլմն է Գորկու մասին, որը նկարահանել է նկարչի թոռնուհին՝ Կոզիմա Սփենդերը, Մարոյի՝ Գորկու ավագ դստեր, եւ գրող ու քանդակագործ Մեթյու Սփենդերի աղջիկը: Ֆիլմի գլխավոր դերերում Գորկու ընտանիքի անդամներն են։


Ագնես-Մագրուդեր

Ի սկզբանե նշենք, որ ֆիլմի կիզակետում նկարչի ինքնասպանության պատճառների բացահայտումն է, որը խոցելի է դարձնում ֆիլմը հենց այդ տեսանկյունից։ Գորկու «հայկական» կողմը նկարչին ինքնասպանության դրդելու հարցում մեղադրում է Գորկու կնոջը՝ Ագնես Մագրուդերին: Այս մեղադրականը, թե՛ բառացիորեն, թե՛ ենթատեքստով ընթերցելի է Գորկու զարմիկ՝ Կառլեն Մուրադյանի, գրող Նուրիցա Մաթոսյանի՝ Գորկու մասին ինքնակենսագրականներում եւ, ըստ էության, հայկական ամբողջ «գորկիագրության» մեջ։ Այս ֆիլմի նկարահանման պատճառը նաեւ Գորկու կնոջ կողմը արդարացնելու եւ ինչ-որ առումով նաեւ պաշտպանելու համարձակ փորձ է։

Ֆիլմը վարում է Կոզիման, ով, տեսած չլինելով Գորկուն, բայց անընդհատ նրա բացակա ներկայությունը զգալով իր մոր հոգեբանական վիճակից, փորձում է վերարտադրել նկարչի կերպարը։ Ֆիլմի խորագիրը՝ «Առանց Գորկու», հենց մատնանշում է վերոնշյալ այն խնդիրը, որ ռեժիսորը, լինելով նկարչի թոռնուհին եւ դստեր զավակը, չի կարողանում վերագտնել Գորկուն իր ընտանիքում։ Մայրը՝ Ագնեսը, միշտ բացասաբար է անդրադարձել հոր կերպարին՝ անընդհատ վերհիշելով միայն այն տեսարանը, թե ինչպես էր նա ծեծում իր մորը։ Գորկին ներկա է իր բացակայությամբ, որը Մարոյի՝ Գորկու դստեր մանկական վախերը սուբլիմացնելու հետեւանք է՝ դրանցից ազատվելու համար։ Երեխաների համար ահա այս ցավալի հիշողություններն են միայն կազմում Գորկու ներկայությունը, որոնք, Գորկուն վերագտնելու նպատակով, կրկին վերապրում են Մարոն եւ Գորկու կրտսեր դուստրը՝ Նատաշան, երբ Կոզիմայի առաջարկով այցելում են իրենց մանկության տունը Շերմանում։


Նատաշա-Գորկի

Ռեժիսորի «հետախուզական» այս մոտեցումը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ հայրը՝ Սփենդերը, համարվում է Գորկու մասին ամենահաջողված կենսագրականներից մեկի հեղինակը։ Իսկ 2009-ին հրապարակված նրա գրքում առաջին անգամ տպագրվում են Գորկու բնօրինակ նամակները ուղղված քրոջը՝ Վարդուշին։ Մինչ այդ նամակները հասանելի էին միայն Կառլեն Մուրադյանի խմբագրությամբ, որոնք մեծամասամբ աղավաղված էին։ Բնօրինակը վերագտնելու այսպիսի մի քայլ կարելի է համարել նաեւ ռեժիսորի գործողությունը, ով, հետեւելով Սփենդերի հետաքննական օրինակին, փորձում է նույն ռազմավարությունը կիրառել արդեն նկարչի ինքնասպանության պատճառների ուսումնասիրության հարցում։

Ֆիլմի առանցք-առարկան, որ կապում է նկարչին եւ իր դստրերին, աստիճաններն են․ «Լա սկալա», – ինչպես իտալերեն բնորոշում է Նատաշան՝ կարծես նույնացնելով իր կյանքը օպերային դրամատիկ մի սյուժեի հետ։ Միայն այդ աստիճաններն են հիշում նկարչի աղջիկները, որտեղ հայրը ծեծի էր ենթարկել մորը։ Ֆրոյդյան մեկնաբանությամբ, աստիճանները, խորհրդանշելով նաեւ արական սկիզբը, կարծես հանդես են գալիս որպես գերակա, հայրիշխանական եւ բռնապետական խորհրդանիշ, աստիճաններ, որոնց պատճառով երեխաները կորցրին ոչ միայն հորը, այլեւ մորը (չնայած որ Ագնեսը մահացավ միայն 2013-ին)։

Ֆիլմի նպատակներից մեկն է նաեւ հաշտեցնել երեխաներին իրենց մոր հետ, ով, ինչպես պարզում է ֆիլմը, Գորկու ինքնասպանությունից հետո նրանց ուղարկում է Գորկու քրոջ՝ Վարդուշի մոտ եւ ուղեւորվում ընկերոջ հետ Փարիզ։ Վարդուշը բնավ չէր կարող երեխաներ մեծացնել․ նա այդ ժամանակ խոր ընկճախտի մեջ էր, հիվանդ: Նա երեխաներին ուղարկում է գիշերօթիկ դպրոց, որտեղ ծեծը դաստիարակության մասն էր։ Այնուամենայնիվ ռեժիսորն ամեն գնով փորձում է համոզել մորը՝ Մարոյին հաշտեցման եզրեր գտնել արդեն հիվանդ եւ ծեր Մուգուչի հետ (այդպես էր նրան դիմում Գորկին)․ նա կազմակերպում է միասնական երեկոյան ընթրիքներ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Մարոյի բնակության վայրում՝ Իտալիայում, սակայն ապարդյուն․ հարազատների միջեւ ջերմ հարաբերությունները չեն վերականգնվում։


Վարդուշ Մուրադյան

Իսկ ռեժիսորն ինչպե՞ս է փորձում արդարացնել Ագնեսի գործողությունները Գորկու եւ ամբողջ ընտանիքի համար այդ օրհասական վիճակում։ Ինչո՞ւ Ագնեսը հեռացավ Գորկու ընկեր, սյուրռեալիստ Ռոբերտ Մաթայի հետ, երբ Գորկու մոտ հայտնաբերվել էր ուղիղ աղիքի քաղցկեղ, երբ նա վիրահատվել էր, երբ ենթարկվել էր վթարի՝ կոտրելով պարանոցն ու աշխատանքային ձեռքը։ Ագնեսի՝ շատ զգացմունքային, բայց միաժամանակ սառնասիրտ դատողությունից հասկանալի է, որ նա ապրում էր արդեն խենթացած եւ «հրեշավոր» արվեստագետի հետ, եւ ոչ ոք չէր կարող տանել այն, ինչ ինքը, քանզի Գորկին ինքնահսկողությունից զուրկ մարդ էր։ Ագնեսը խնդիրների բուն պատճառը տեսնում էր քաղցկեղի մեջ, որը ժառանգական ստամոքսային հիվանդության հետեւանք էր, եւ որի պատճառով Գորկին անցավ ծանր վիրահատություն ու կորցրեց իր այրական սկիզբը։ Այդուհանդերձ, այս փաստը պետք է որ առաջին հերթին շատ ավելի անտանելի լիներ Գորկու, քան Ագնեսի համար:

Ի դեպ, Ագնեսը երեք անգամ կանխել է Գորկու ինքնասպանությունը վիրահատությունից հետո, երբ, տեսնելով, որ նա պարանով հեռանում է տնից, երեխաներին ուղարկել է նրա ետեւից՝ ասելով, թե հայրիկը ուզում է նրանց համար ճոճանակ պատրաստել։

Ագնեսը պարզաբանում է, որ դավաճանությունից հետո կրկին փորձել է մոտ մեկ շաբաթ ապրել Գորկու հետ, սակայն ապարդյուն․ յուրաքանչյուր օր ռիսկային էր թե՛ իր, թե՛ երեխաների համար։ Գորկու վերջին օրերի վերաբերյալ Ագնեսի խոսքերը մեզ բերում են այն հստակ տեսակետին, որ Գորկին փորձում էր ինքնասպանություն գործել այն պահից ի վեր, երբ նրա մարմինը այլեւս չէր ենթարկվում իրեն: Վիրահատությունն ամբողջությամբ հանում է նրան հավասարակշռությունից։ Ինչ-որ առումով, այո՛, Ագնեսի արարքն արագացրեց Գորկու վերջնական որոշումը, որն այս դեպքում փրկություն էր արվեստագետի համար։

Ֆիլմն ինձ համոզեց ավելի ըմբռնող լինել Ագնեսի կատարած սխալների նկատմամբ նկարչի հանդեպ, բայց ցավոք, այն չօգնեց ինձ արդարացնելու նրա գործողությունները իր երեխաների կապակցությամբ, որոնք մոր կարիքը հատկապես ունեին հոգեբանական այդ խորը ցնցումից հետո։ Բայց, ցավոք, նրանք չսպասեցին ո՛չ մոր «վերադարձին», ոչ էլ տեղի ունեցածի բացատրությանը։ Սա ամբողջությամբ վերափոխեց երկու դստրերի կյանքն ու է՛լ ավելի օտարեց նրանց իրենց մանկությունից։


Մարո Գորկի

Այդուհանդերձ, դստրերից՝ Մարոն, մինչ օրս հոգեբանական լուրջ կապի, զրույցի մեջ է Արշիլ Գորկու հետ: Սա նկատելի է թեկուզ նրա նկարչության մեջ, եւ թե ինչպես է նա ստորագրում իր նկարները՝ գրեթե այնպես, ինչպես Գորկին։ Երբ մորը ծեծելուց հետո Գորկին բարձրանում է երեխաների մոտ՝ նայելով Մարոյին, ասում է․ «Ես արվեստագետ եմ, իսկ արվեստագետները հաճախ խենթանում են։ Բայց հիմա ամեն ինչ ավարտվել է»։ Փոքրիկ Մարոն իր հերթին պատասխանում է․ «Ո՛չ, չի՛ ավարտվել»։



Ֆիլմը կառուցված է մտերմիկ անձնական զրույցի եւ այդ զրույցի ընթացքում Գորկու նկարների միաժամանակյա ներկայացման վրա․ նկարները պատկերանում են հեղինակավոր թանգարանների եւ պատկերասրահների ցուցադրություններում ներկայացված։ Չկա Գորկու արվեստի մի որեւէ դրվագի հետ կապված բացահայտում եւ կամ առանձին արվեստային խնդրի ուսումնասիրություն՝ բացառությամբ, երբ Ագնեսը, գուցե ոչ պատահաբար, նշում է, որ Մաթան է Գորկուն խորհուրդ տվել այլեւս չդիմել էսքիզներին, նախապատրաստական աշխատանքներին, փոխարենը՝ ապրումները միանգամից փոխանցել կտավին։ Սա մի տեսակետ է, որ հնչում է միայն այս ֆիլմում եւ անհրաժեշտություն ունի վերագնահատման։


հրաժեշտի երեկո Անդրե Բրետոնին․ սեղանի շուրջ աջից երկրորդը Ռ․Մաթան է, ձախից երրորդը՝ Ագնեսը

Ֆիլմի սկիզբը, ինչպես նաեւ հիմնական մասը շատ տեղեկատվական է՝ հիմնված Գորկու եւ նրա ընտանիքի լուսանկարների վրա, որոնք ներկայանում են իբրեւ արտեֆակտեր, Գորկու՝ ԱՄՆ-ում այս կամ այն վայրում ապրած կամ գտնված լինելու ապացույցներ։ Այս ողջ ընթացքը ծավալվում է Ագնես Մագրուդերի համարձակ, կարծես մարգարեական պահվածքի եւ խոսքի հետնախորքին։ Ֆիլմի ավարտը առավել նոսր է եւ հեղհեղուկ, քանզի Գորկու դստրերը եւ նրա փեսան, որպես ուղեցույց, որոշում են ճանապարհորդություն կատարել Գորկու հայրենիք՝ Վանի Խորգոմ գյուղը՝ կարծես որոշակիորեն լրացնելու նրա բացակայությունը։ Առանց որեւէ պատմական հստակ տեղեկության եւ նյութերի, նրանք որոշում են գտնել Գորկու տունը՝ այն էլ մղվելով իրենց ներքին ձայնով եւ Սփենդերի իմացած գիտելիքներով։ Վերջին կադրերը է՛լ ավելի են շեշտում Գորկու բացակայությունը դստրերի կյանքում։ Մարոյի ճեպանկարները, որոնք վերածվում են դեկորատիվ մեծածավալ պաննոների, բովանդակային առումով, ցավոք, չեն արձագանքում Գորկու ստեղծագործության հետ։

Բնական է, մղձավանջային հարց է առաջանում դիտումից հետո, թե Գորկին ինչ ստեղծեց եւ ինչ ձեռք բերեց ԱՄՆ-ում։ Ֆիլմի ընթացքում ռեժիսորը կադրի հետեւում նշում է, որ Մուգուչի շնորհիվ Գորկին կարողացավ հաղթահարել անցյալը եւ սկսեց նոր կյանք՝ ամուսնացավ, երեխաներ ունեցավ, ինչպես բոլոր սովորական մարդիկ։

Սակայն, ըստ իս, Գորկին մարդկանց միջոցով չէր, որ հաղթահարում էր իր կյանքի խնդիրները, ընտանիքը նրա համար իր կյանքի իմաստը եւ նպատակը չէր, չնայած որ շատ էր սիրում կնոջը եւ երեխաներին։ Այլապես ինչո՞ւ պետք է նա հաշվի չառներ երեխաների ներկայությունն ու պարանը ձեռքին մտածեր, թե որտեղ հարմար վայր գտնի ինքնասպանություն գործելու համար, կամ ինչո՞ւ պետք է իր հարազատ կինը Գորկու մահից հետո միայն իմանար նրա հայ լինելու մասին։

Կյանքն ու արվեստը անտարանջատելի էին Գորկու համար, եւ սա նշում էր նրա վախճանն ու միաժամանակ կտրուկ դիմադրության արժանանում դստեր՝ Մարոյի կողմից․ վերջինիս կյանքը արվեստ չէր: Արվեստագետը՝ ստեղծելով ընտանիք, փորձում էր ժամանակավորապես բթացնել այն կորուստը, որն անփոխարինելի է եւ անդառնալի․ իր ողջ կյանքում նա խաբում էր՝ հասարակության մեջ իրեն վերահայտնագործելու համար։ Նա քաջ գիտեր այդ եւ զոհն էր իր այդ իմացությանն ու միաժամանակ կյանքը խաբող մարտիկ։


 

Քոնեքթիքութի ճակատագրական տունը, որտեղ և կողքի ամբարում նա ինքնասպանություն գործեց