|մառան|
հրապարակված է 25.08.2017 | ա-ակտուալ արվեստ |
ոգու մասին. Չարենցի ժամանակը
«ակտուալ արվեստ» եւ «փրինթինֆո» հրատարաչությունների համատեղ հրատարակությամբ լույս է տեսել Աշոտ Ոսկանյանի «Չարենցի ժամանակը» ստվարածավալ աշխատությունը



Գիրքը միավորում է երկու փորձագրություն՝ «Պատմությունը որպես ինքնահաղթահարում. Չարենցի ժամանակը» և «Հավերժ իգականը որպես հղացք և փորձառություն», աղերսված հա­մապատասխանաբար Եղիշե Չարենցի և Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ստեղծա­գոր­ծու­թյանը: Երկու դասականների մարդկային և գրական փորձառության պատ­մու­թյուն­ները միա­­վորողը ինքնահաղթահարման ճիգն է, որ մարմնավորված է Ֆաուստի ֆի­գու­րում։ Բնույ­թով փիլիսոփայական այս ուսումնասիրությունն արդիական միջոցներով մշա­կութային ժա­ռան­գությունն ընթերցելու և մեկնաբանելու մի փորձ է` ուղղված ընթերցող լայն հա­­­սարակությանը:

Հրատարակվել է պետական պատվերով:


Սույն գրքում ներկայացվող երկու փորձագրությունները միավորողը ՈԳԻՆ է: Ո՛չ ինչ-որ բանի` ճշմարտության կամ արդարության, հայրենասիրության կամ հեղափոխության, այլ ոգին որպես այդպիսին:

Ոգին, ինչպես այն նկատի է առնվում այստեղ, կապ չունի մեր «հոգևորությունը» հա­րևան­ների «ոգեզրկությանը» հակադրող դատարկաբանության հետ, որը, ցավոք, գնալով տարածվում է մեզանում: Խոսքս ոգու այն ըմբռնման մասին է, որի կապակցությամբ ասված է` ոգին իրականացնում է մշտական ինքնապացույց (Նովալիս): Դա նշանակում է, որ ոգին անընդհատ առաջ մղվելու, եղածը վերանայելու, հանուն նոր հորիզոնների նվաճման ինքն իրեն հաղթահարելու ունակությունն է, որը կանգառ չի հանդուրժում: Այս առումով այն, իհարկե, ֆաուստյան է:

Այս ըմբռնումով է տողերիս հեղինակը հեռավոր 2007-ին սկսել Չարենցին նվիրված իր երկասիրությունը: [*] Համոզմունքս այն է եղել, որ Չարենցը մեր մշակույթի հազվա­գյուտ, եթե ոչ միակ ներկայացուցիչն է, որի բուն էությունը ինքնահաղթահարումն է, այսինքն ոգին` վերը նշված իմաստով: Որպեսզի ասելիքս անապացույց հուզական դատողությունների շարանի չվերածվի, աշխատել եմ չարենցյան տեքստերի փաստական վերլուծության միջոցով ցույց տալ, թե ինչպես յուրաքանչյուր անգամ, երբ բանաստեղծը համոզվել է, որ իրեն անհանգստացնող խնդիրն առկա սոցիալական կամ պոետական համակարգում լուծում չունի, նա իր մեջ ուժ է գտել կազմաքանդելու, երբեմն պարզապես ջախջախելու ընդունվածը, դուրս մղելու ամենահարազատը, «հրաժարվելու անհրաժարելիից» և առաջ շարժվելու` վերաիմաստավորելով սեփական հարցադրումներն ու հայտնվելով նոր, անծանոթ տարածքներում: Սա անվանել եմ պատմականություն:

________________________
[*] Անմիջական առիթը պրոֆ. Ա. Եղիազարյանի հրավերն էր՝ մասնակցելու «Գրականությունը և պատմական հիշողությունը» թեմայով գիտաժողովին, որի համար պատրաստեցի «Պատ­մությունը որպես ինքնահաղ­թահարում. Չարենցի ժամանակը» զեկուցումը:


Իհարկե, այդ օրերին դժվար էր պատկերացնել, որ ձեռնարկածս ճանապարհորդությունն այդքան երկար կտևի և որ ստիպված եմ լինելու Չարենցի հետ միասին անցնել նրա կյանքի ճանապարհը` ցմրուր խմելով նրա տառապանքի բաժակը` գիտակցելով և արձանագրելով բաներ, որոնց մասին խոսելը մեզանում միշտ չէ, որ խրախուսվում է: Այս կապակցությամբ, կանխատեսում եմ առանձին արհեստավարժ բանասերների տարակուսանքը` ինչո՞ւ է պատահական մեկը` մասնագիտությամբ փիլիսոփա, խցկվել իր համար օտար բնագավառ և էքստրավագանտ եզրակացու­թյուններ անում:

Բայց խնդիրն այն է, որ ընթերցողին ներկայացվող սույն փորձագրությունը որքան էլ բանասիրական նյութի մեջ ընկղմված, էապես փիլիսոփայական է: Բանասիրական վերլուծությունն այստեղ միջոց է, թեև կարևոր, ցույց տալու Չարենցի ինքնահաղթահարման ճիգը, նրա ստեղծագործական և կենսական ընթացքը: Այն կոչված է ի ցույց դնելու շարժումը: Այսինքն, չարենցյան էսսեն փիլիսոփայական օրինաչափությունները ոչ փիլիսոփայական նյութի մեջ բացորոշելու փորձ է, և միայն հանգամանքների բերումով է, որ այդ նյութը բանասիրական է:

Նույնը կարելի է ասել երկրորդ` Գյոթեին նվիրված փորձագրության մասին: Տեքստը սկզբնավորվել է 2008-ին, Պրահայում, «Մարիենբադյան էլեգիա»-ի հերթական վեր­ընթերցման առիթով: Այն մխրճվել է չարենցյան տեքստի արանքը, հետաձգել այն և գրվել է համեմատաբար արագ` եթե ոչ մեկ շնչով, ապա առնվազն առանց մեծ ընդհատումների: Այստեղ էլ խնդիրն ի սկզբանե փիլիսոփայական է եղել` ցույց տալ, ինչպես է սիրային հույզի մեջ երևակվում կրոնական բովանդակությունը և, «հավերժ իգականի» հղացքի համատեքստում, հետևել համայն մարդկությունը մարմնավորող Ֆաուստի կերպափոխությունների սլացքին:

Երկու դեպքերում էլ հեղինակը «կենսագրություն» գրելու նպատակ չի ունեցել: Ավելին, հեղինակը համոզված է եղել, որ իր խոսքը ոչ թե իրական Չարենցի կամ Գյոթեի մասին է, այլ այդ անունները կրող «կոնցեպտուալ պերսոնաժների», որոնք ձևավորվում են երկու մեծերի տեքստերի ինքնաշարժման արդյունքում: Այդ երկուսին ավելացել է ևս մեկը՝ Ֆաուստը, որի ֆիգուրում հավասարապես երևակվում են Գյոթեն և Չարենցը: Նշված երեք «պերսոնաժների» անկասկած պատկանելությունը «ոգու» վերը ներկայացված հղացքին բավական էր զուգահեռաբար ձևավորվող երկու էսսեները մեկ կազմի մեջ միավորելու որոշման համար:

Հետագա աշխատանքը երևան բերեց ներքին առնչությունների և նմանությունների մի ամբողջ ցանց, որը վերջնականապես ակնհայտ դարձրեց, որ ներկայացվող տեքստերը «միմյանց են պատկանում»: Իմաստ չեմ տեսնում դրանք այստեղ թվարկել, ընթերցողը հեշտությամբ կնկատի երկու գործերի փոխաղերսվածության հիմնական հանգույցները:

Ուշադիր ընթերցողի հայացքից չի վրիպի նաև չարենցյան փորձագրության ներքին անհամասեռությունը: Այն առնվազն երկու պատճառ ունի: Նախ, Չարենցի ապրած կյանքն ինքնին անհամասեռ է: Այդ հանգամանքն իր բնական արտացոլումն է գտել հետազոտության ձևական կառուցվածքում, որքանով որ այն կրկնում է բանաստեղծի անցած «խորդուբորդ» ճանապարհը` պատանի հանճարի ինքնաբուխ ստեղծագործական թռիչքներից մինչև վերջին տարիների անդունդներն ու խորխորատները: Երկրորդն այն է, որ տեքստի ձևավորման տասը տարիների ընթացքում տողերիս հեղինակն ինքն էլ փոխվել է` ինչպես կենսափորձի բնական կուտակման, այնպես էլ Չարենցի անցած ճանապարհն իմաստավորելու, փաստորեն նորից ինքնուրույն անց­նելու շարունակական ճիգի շնորհիվ: Եվ զարմանալի չէ, որ դրա հետ մեկտեղ փոփոխության է ենթարկվել նաև բանաստեղծին մոտենալու նրա կերպը:

Հիմնական փոփոխությունը կապված է ոգին բնորոշող մեկ այլ խորքային տեսան­կյունի` սոցիալականության հետ: Կարելի է, որքան ցանկանում եք, խոսել առանձին անհատների հոգեկան կարողությունների, այդ թվում` ինքնահաղթահարման ունակության մասին, բայց հնարավոր չէ հաշվի չառնել, որ ոգին բառիս իրական իմաստով ի հայտ է գալիս այնտեղ, ուր առկա է ինքնագիտակցությունների փոխադարձ հաղորդակցությունն ապահովող հանրային միջավայրը (Հեգել): Վերջինս ինքնահաղթահարման գնով կերպափոխելու, տրանսֆորմացնելու ճիգը հնարավոր է դարձնում պատմության ընթացքը: Այս հիմնարար իմաստով է, որ ոգին պատմական է: Բայց եթե սոցիալական միջավայրի կերպափոխման, նրա խորքային յուրացման ջանքն արդյունք չի տալիս, ապա ամենայն հետևողականությամբ հանձն առնված ինքնահաղթահարումը լավագույն դեպքում բնորոշում է սուբյեկտի ներքին վիճակը, չվերաբերվելով հանրությանը, որն առաջվա պես մնում է անտարբեր և կրավորական:

Խնդրին այս տեսանկյունից մոտենալու դեպքում պարտավոր ենք ընդունել, որ Չարենցի` գնալով ճահճացող հանրային միջավայրից վերջնականորեն կտրված և ինքն իր վրա ուղղված պատմականությունը սուբյեկտիվ պատմականություն է: Նաև որպես այդպիսին, այն ահռելիորեն ուսանելի է – ինչպես հաջողվածի և նվաճվածի, այնպես էլ չհաջողվածի և ձեռքից բաց թողնվածի առումով, բայց` նախ և առաջ` բանաստեղծի էքզիստենցիալ հանձնառության և գերմարդկային տառապանքի շնորհիվ:

Last, but not least – մի քանի խոսք ներկայացվող տեքստերի «էքզիստենցիալ կարգավիճակի» մասին: Կարծում եմ «Հավերժ իգականի» բովանդակային ընկալումը կշահի, եթե ընթերցողը նկատի ունենա, որ այդ ինքնաբերաբար գրված «թեթևսոլիկ» էսսեում զգալի խաղային տարր կա: Ամենայն լրջությամբ կատարված վերլուծությունները և եզրակացությունները հաշվի առնելով հանդերձ, այս գործին պետք է նայել որոշակի իրոնիկ հեռավորությունից` որպես quasi una fantasia: Ինչ վերաբերվում է «Չարենց»-ին, այն գրվել է արյուն-քրտինքով և վաղուց արդեն դարձել է տողերիս հեղինակի կենսագրության անքակտելի մասը:

| երևան / 03.09.2016 |




Ashot Voskanian. Charents’ Time (On the Spirit) / yerevan 2017
The book is comprised of two essays “The History as Self-Overcoming: Charent’s Time” and “The Eternal Feminine as Concept and Experience” which draws upon the works of Yeghishe Charents and Johann Wolfgang Goethe. These authors are treated as conceptual personages or virtual figures that emerge from their own poetical texts. The essential feature common to both is the effort of self-overcoming, which is manifested through the Faust figure. The latter symbolizes what Novalis has characterized as the basic quality of spirit: “The spirit provides an eternal self-proof”. In modern terms, this aptitude is understood as historicity.

Ashot Voskanian. Die Zeit von Tscharenz (Über den Geist) / eriwan 2017
Das Buch vereint zwei Essayes: „Die Geschichte als Selbstüberwindung. Die Zeit von Tscharenz“ und „Das Ewig Weibliche als Konzept und Erfahrung“, welche sich entsprechend auf die Werke von Jeghische Tscharents und Johann Wolfgang Goethe beziehen. Die beiden Authoren werden hierbei als „konzeptionelle Personae“, d.h. aufgrund eigener poetischen Texte entstandene virtuelle Figuren behandelt. Als gemeinsames Merkmal verbindet beide die Fähigkeit der Selbstüberwindung, welche in der Figur des Faust ihre Verkörperung findet. Diese symbolisiert jene konstituierende Eigenschaft des Geistes, die Novalis wie folgt kennzeichnete: „Der Geist führt einen ewigen Selbstbeweis“. Die Moderne versteht diese Eigenschaft als Historizität.

Ашот Восканян. Время Чаренца (О духе) / ереван 2017
Книга содержит два эссе: “История как самопреодоление. Время Чаренца” и “Вечно женственное как концепт и опыт”, относящиеся соответственно к творчеству Егише Чаренца и Иоганна Вольф­ганга Гете. Оба классика рассматриваются в качестве “концептуальных персонажей”, т.е. виртуальных фигур, возникающих на основе своих поэтических текстов. Обоим в равной мере свойственнo усилие самопреодоления, воплощенное в фигуре Фауста. Последний символизирует то, что Новалис считал основным свойством духа: “Дух осуществляет вечное самодоказательство”. Современность понимает это свойство как историчность.