|ռեւիզոր|
հրապարակված է 22.06.2017 | նորա ներսեսյան |
որբաքաղաքը․ զարմանալի, ապշեցուցիչ տեսարանը…
Այս գիրքը փորձ է հարգանքի տուրք մատուցելու երեխաների մի սերնդի, որն այս կամ այն կերպ ունեցավ իր «անցածեսերին» դիմանալու տոկունությունը և դրանք վերապրելու վճռականությունը:


Հովհաննիսյան ինստիտուտը լույս է ընծայել Նորա Ներսեսյանի Որբաքաղաքը աշխատության հայերեն թարգմանությունը, որն անգլերեն հրատարակության համեմատ իրականում նոր՝ լրամշակված և բարեփոխված հրատարակություն է: Ներսեսյանի այս բազմաշերտ եւ խորազնին աշխատությունը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) նախկին ցարական ռազմական պոստերի՝ Կազաչիի, Սեւերսկիի եւ Պոլիգոնի զորանոցներում տեղակայված որբանոցների 1919-1931 թթ․ պատմությունը։ Որբանոցների պատմության այս բացառիկ նմուշը՝ անտիպ եւ տպագիր, տեղական եւ միջազգային հրատարկությունների, հոդվածների, հետազոտությունների, զեկուցագրերի, հուշագրությունների, լուսանկարների, բնագրային եւ արխիվային նյութերի հետ աշխատանքի իր ծավալով, ոչ միայն ընթերցողին տարբեր կողմերից հասու է դարձնում տասնյակ հազարավոր որբերի պատմությունները, ցնցելով իր հուզական մեծ լիցքով, այլեւ լույս է սփռում այդ շրջանի պատմական եւ քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում մեծանում, դաստիարակվում եւ կրթվում էին որբերը։ «Որբաքաղաքը», որ գտնվում էր ամերիկյան Մերձավորարեւելյան նպաստ կազմակերպության հոգածության ներքո, մի յուրահատուկ դիտակետ է՝ հասկանալու այդ շրջանի դաշնակցական, խորհրդային եւ ամերիկյան քաղաքականությունները, դրանց հակասություններն ու փոփոխվող նրբերանգները։ Գրքում ամփոփված որբերի ցուցակը հնարավորություն է ընձեռում ընթերցողին, երբեմն միանգամայն անսպասելիորեն, գտնել իր նախնիներին Ալեքսանդրապոլի որբամանուկների շարքերում՝ նորովի վերաբացահայտելով մեր նորագույն պատմության կնճռոտ էջերը։

Ստորեւ ներկայացնում ենք գրքի ներածությունը։ Տեքստը անգլերենից թարգմանեց Հասմիկ Հարությունյանը, անգլերենի հետ համեմատությամբ խմբագրեց Ռուզաննա Գրիգորյանը, սրբագրեց Թագուհի Սուսլիյանը:
                                                                                                
                                                                                            ռուզաննա գրիգորյան



| երեխաները Պոլիգոնի մերձակա տարածքում (ՀՑԹԻ հավաքածու) |


Երբ Միչիգանում ծնված բենթոնհարբորցի բժշկուհի Մեյբլ Էլիոթը Ալեքսանդրապոլի կայարանում իջավ գնացքի իր վագոնից, Ռուսահայաստանի խոշորագույն ու երբեմնի բարգավաճ այդ քաղաքը ապաստան էր դարձել աշխարհի մեծագույն որբանոցի համար:

 

Աշուն էր, 1921 թվականի հոկտեմբեր ամիսը: Բժշկուհու կառքը ճռնչոցով բարձրանում էր Ալեքսանդրապոլի արվարձանի բլրակն ի վեր, և նրա աչքի առջև շարան-շարան բացվում էին լքված շինություններ, որոնք հուշում էին, թեև միայն աղոտ, որ մի ժամանակ՝ ոչ շատ հեռու անցյալում, այստեղ բնակվել են ընտանիքներ, դպրոցականներ, և որ այստեղ տիրել է մեծ ու փոքր առևտրի աշխույժը: Այժմ այդ շինությունները փորոտված տեսք ունեին: Նրանց նոր բնակիչները՝ մարդկային սպանդի խլյակները, որոնք վերջին տարիներին ալիք առ ալիք կտրել-անցել էին սահմանը, շինությունների որոշ հատվածներ վերածել էին ժամանակավոր կացարանների՝ ծածկված «Ստանդարտ օյլի» տափակեցված թիթեղյա տարաներով: Դեռևս կանգուն էին մատների վրա հաշված մի քանի շինություններ, որոնց վրա, սակայն, փողփողում էր Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) կարմիր դրոշը: Մեկ-երկու խանութ էլ կար, որտեղ վաճառվում էր միրգ, ծխախոտ և ամերիկյան հին հագուստ: Նորագույն հավելումը ամայության այս համայնապատկերին Կարլ Մարքսի արձանն էր, որը, թվում էր, վեր էր խոյանում այն քարաբեկորներից, որոնք շնչահեղձ էին արել երբեմնի ծաղկուն խոշոր այդ քաղաքը:

 

Բժշկուհի Էլիոթի կառքը հասավ բլրակի գագաթի զորանոցային երկար շինությունների շարանին: Մերձավորարևելյան նպաստի (ՄԱՆ) կովկասյան գլխավոր գրասենյակն էր բժշկուհու առաջին կանգառը: Մի քանի տասնյակ երկհարկանի զորանոցները, որոնք հայտնի էին Կազաչի պոստ անունով, շինված էին սև հրաբխային քարից և ժամանակին ծածկված էին եղել կարմիր կղմինդրե տանիքներով: Զորանոցները, ձգվելով հեռուն, չորսական կամ վեցական խմբերով տարածվում էին երկաթգծի երկայնքով: Միասին նրանք շուրջանակի փակում էին հեկտարներով բաց տարածություն, որի անկյունում կանգնած էր ռուսական եկեղեցին:



| որբերի հավաքը Կազաչի պոստի ռուսական եկեղեցու դիմաց, ամառ, 1922 թ. (RAC NEF Photos Box 153) |

Ալեքսանդրապոլի հարավային մասում տեղակայված Կազաչի պոստը քաղաքն օղակած երեք ռազմական պոստերից մեկն էր: Մ յուսը՝ Սևերսկին, քաղաքի հարավարևմտյան ծայրին էր, 1,3 մղոն հեռու [1 մղոն ≈ 1,6 կմ], իսկ Պոլիգոնը հյուսիսում էր՝ Սևերսկիից մոտ 2,25 մղոն հեռու: Երեք պոստերը միասին ունեին ավելի քան 170 զորանոցային շենքեր: Զորանոցներից շատերը երկհարկանի էին, և եթե դասավորված լինեին մի գծով, կունենային ավելի քան երկու մղոն երկարություն: Բոլոր երեք պոստերն ունեին զորավարժությունների, խոհանոցների, փռերի, ճաշարանների, արտաքնոցների, լվացքատների, ննջարանների, պահեստների ու հրետանու կայանաշենքերի վիթխարի տարածքներ ցարի՝ կազակների, դրագունների ու հրետանու գնդերի և դրանց օժանդակ անձնակազմի համար:

 

Կազաչիում և մյուս երկու պոստերում 1921 թ. աշնանը այլևս չկային ցարի զինվորներ: Ռուսական հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո վերջին ռուսական ուժերը զանգվածաբար դասալքել կամ նահանջել էին՝ իրենց հետ տանելով զենք-զինամթերքի մեծ մասը: 1918 թ. ամռանը՝ նրանց նահանջին հաջորդող ամիսներին, զորանոցներից շատերը արձագանքում էին իրենց օղակած քաղաքի ավերածությանը: Մեկ տարի շարունակ հայ գաղթականներն ու որբերը ապաստանի փնտրտուքով անցնում էին Ռուսահայաստանի սահմանն ու զբաղեցնում զորանոցներից շատերը: Նրանք փրկվել էին այն ջարդերից ու տեղահանություններից, որոնք այդ ժամանակից ի վեր ճանաչվել են որպես ցեղասպանություն: Իսկ հիմա՝ 1921 թ., Ալեքսանդրապոլը բացարձակ ավերածության մեջ թաղած երկու պատերազմներից հետո, զորանոցները վերանորոգվում ու բարեկարգվում էին, որպեսզի օթևան դառնային ծածկի, սննդի, հագուստի ու բժշկական խնամքի կարոտ ավելի քան 20 000 արևմտահայ որբերի համար:

 

Վերանորոգությունների ծախսը, որբերի մի ամբողջ բանակի խնամքի հետ մեկտեղ, ստանձնել էր ՄԱՆ-ը՝ ամերիկյան հասարակության նվիրաբերած դրամական միջոցներով ու պարենով: Մերձավոր Արևելքում Առաջին աշխարհամարտից տուժածներին նպաստավորելու նպատակով ԱՄՆ-ում հիմնադրված մարդասիրական այս կազմակերպությունը ԱՄՆ Կոնգրեսի 1919 թ. օգոստոսի 6-ի որոշմամբ միավորվեց որպես Մերձավորարևելյան նպաստ (ՄԱՆ)՝ հիմնվելով նախորդող հետևյալ կազմակերպությունների գործունեությունների վրա՝ Հայկական նպաստի ամերիկյան կոմիտե (1915 թ. սեպտեմբերի 16 – 1915 թ. նոյեմբերի 20), Հայկական և սիրիական նպաստի ամերիկյան կոմիտե (1915 թ. նոյեմբերի 20 – 1918 թ. հունիսի 27), Մերձավոր Արևելքում նպաստի ամերիկյան կոմիտեի (1918 թ. հունիսի 27 – 1919 թ. օգոստոսի 6): ՄԱՆ-ը ոչ միայն այդ մասշտաբի ամերիկյան միջազգային առաջին մարդասիրական նպաստամատույց ձեռնարկն էր, այլև ԱՄՆ-ում և միջազգային ասպարեզում իր ներդրած համակարգերով՝ արդի մարդասիրական դրամահավաքների մեծ մասի նախօրինակը:

 

Ալեքսանդրապոլում 1921 թ. աշնանը ՄԱՆ-ը ներկայացնում էին մի քանի տասնյակից ավելի ամերիկացի նպաստամատույց աշխատողներ: Նրանցից ոմանք աշխատում էին նաև այլ կազմակերպություններում, որոնցից էին Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիան (ԵՏՔԱ), Ամերիկյան կանանց հիվանդանոցները (ԱԿՀ), Օտարերկրյա առաքելությունների կոմիսարների ամերիկյան խորհուրդը (ՕԱԿԱԽ), Ամերիկյան Կարմիր խաչը և այլն: Այդուհանդերձ, ՄԱՆ-ի անդամ ամերիկացի բոլոր այս աշխատողները Ալեքսանդրապոլում, որտեղ այժմ գտնվում էր ՄԱՆ-ի կովկասյան մասնաճյուղի գլխավոր գրասենյակը Կազաչիի իր վարչական գրասենյակներով, ներկայացնում էին ՄԱՆ-ը: Բժշկուհի Էլիոթը մեկն էր այդ ամերիկացիներից, որը Հայաստան էր եկել բժշկական ծառայությունները վերակազմակերպելու նպատակով: Նրան Հայաստան էր ուղարկել ԱԿՀ-ն (կանանց բժշկական մի հաստատություն, որը ձևավորվել էր ԱՄՆ-ում Առաջին աշխարհամարտի ժամանակ, և որը գտնվում էր բացառապես ամերիկացի կանանց ղեկավարության տակ), որպեսզի կազմակերպեր և ստանձներ 40 000 որբամանուկների բժշկական խնամքի ողջ պատասխանատվությունը, մանուկներ, որոնցից մոտ 15 000-ն ապրում էին որբանոցի պատերից դուրս:

 

Բազմահմուտ բժշկուհի, կազմակերպիչ և նպաստամատույց աշխատող Էլիոթը, որ ուներ պատերազմական գոտիներում ու գաղթականների հետ աշխատելու բազմամյա փորձ, այն կանանցից չէր, որին կարելի էր հեշտությամբ տպավորել: Սակայն «ամառային միջօրեի կամ երեկոյի զարմանալի, ապշեցուցիչ տեսարանը» տպավորեց նրան, երբ նրա աչքի առջև հազարավոր փոքրիկներ շենքերից դուրս հորդեցին հսկայական բաց տարածություն, որտեղ ժամանակին զորավարժանքներ ու շքերթներ էր արել ցարի հետևակը: «Աշխարհում չի կարող լինել ուրիշ ոչ մի նման տեսարան,- գրում էր նա,- հողը կենդանանում է ճերմակ, պստիկ կերպարանքներից… նրանց երկար շարքերը հատվում են ու խաչվում՝ շինությունները կապելով իրար… բոլորից մի հունչք է տարածվում՝ աղաղակ կոչվելու համար չափազանց լայնասփյուռ, ոռնոց կոչվելու համար չափազանց մեղմ, շշուկ լինելու համար չափազանց սուր. երեխաների անթիվ-անհամար ձայներ՝ ծիծաղող, լացող, երգող, խոսող, բղավող, կանչող… ճաշարաններում գոնգի զարկը կարգում է շարքերը, իսկ գդալների ձայնից խոհանոցները չխկչխկում են, ինչպես գործարան: Բայց քանի դեռ այս ձայներից որևէ մեկին մոտ չես, դրանցից ոչ մեկը չես լսում: Այդ ամենը խլանում ու կորչում է երեխաների ձայների հնչյունի մեջ…»:

 

Բժշկուհի Էլիոթի ժամանելուց երկու տարի առաջ՝ 1919 թ, ՄԱՆ-ը որոշել էր, որ Կազաչիի, Սևերսկիի ու Պոլիգոնի զորանոցները լիովին հարմար էին իր որբախնամ առաքելության համար. այդտեղ հնարավոր էր կենտրոնացնել Կովկասի բոլոր հայ որբերին: ՄԱՆ-ի տրամադրության տակ եղած շինությունների հենց միայն չափն ու թիվը բացառիկ հնարավորություն էին ընձեռում՝ կյանքի կոչելու ստվար որբ բնակչությանն ապաստանելու կարևոր այն գործը, որը ՄԱՆ-ը համաձայնել էր ստանձնել: 1920-ականներին ծավալված այդ գործունեության արդյունքը եղավ Մերձավոր Արևելքում ՄԱՆ-ի վարած ամենախոշոր որբանոցի կազմավորումը, որն Արևմուտքի լրագրերում ու ամսագրերում ներկայացվում էր «Որբաքաղաք» անունով:

 

Որբաքաղաքի պահպանության և առաքելության համար թե՛ որբ բնակչության, և թե՛ գույքի ու տարածքի խնամքի առումով անհրաժեշտ էր ամերիկացիների ու հայերի մեծաքանակ աշխատուժ՝ ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում ՄԱՆ-ի որբանոցներում աշխատողների ամենախոշոր խումբը: Որբերի հետ միասին նրանք կազմում էին մի նոր համայնք՝ իրենց առաքելությամբ արմատապես տարբերվելով այն զինվորական համայնքից, որին եկել էին փոխարինելու: Չնչին բացառությամբ՝ բոլոր աշխատողները ժամանել էին տարբեր երկրներից ու մայրցամաքներից և հանդիպել Որբաքաղաքում՝ իրենց հետ բերելով ծայրաստիճան տարբեր փորձառություններ: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ այդ համայնքի անդամների կյանքն ու ձգտումները խաչվում ու ծավալվում էին՝ հիմնովին տարբերվելով այն մարդկանց կյանքից ու ձգտումներից, որոնք նախկինում զբաղեցրել էին այդ պոստերը: Այստեղ կային ամերիկացի տղամարդիկ ու կանայք, որոնք եկել էին Մասաչուսեթսից, Կալիֆորնիայից, Ջորջիայից, Միչիգանից, Հարավային Դակոտայից, Նյու Հեմփշիրից, Մեյնից, Օհայոյից, Նյու Յորքից, Թեքսասից, Կանզասից, Նեբրասկայից և այլ նահանգներից: Կային նաև հայ տղամարդիկ ու կանայք, որոնցից շատերը, որպես գաղթականներ Ռուսահայաստանում ապաստան գտնելու հույսով, Ալեքսանդրապոլ էին եկել տարբեր վայրերից, ինչպես օրինակ՝ Վանից, Թիֆլիսից, Կարսից, Մուշից, Սասունից, Էրզրումից, Ստամբուլից, Բաքվից, Շուշիից: Ամերիկյան նպաստամատույց աշխատողներից ոչ ոք մինչ այդ չէր եղել Ալեքսանդրապոլում, և նրանց մեծ մասը ո՛չ ռուսերեն էր խոսում, ո՛չ հայերեն: Մեծ մասին ընտրել, աշխատանքի էր ընդունել և ի րենց պաշտոններին նշանակել ՄԱՆ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակը: Նրանք հազարավոր հայ աշխատակիցների ու տասնյակ հազարավոր հայ որբերի հետ, հետզհետե նոսրացող շարքերով, մնալու էին այստեղ մինչև 1931 թվականը:

 

Որբերի խնամքով զբաղվող մարդկանց մեջ հայերն ամենամեծ խումբն էին: Ալեքսանդրապոլում ՄԱՆ-ի վարչությունը նրանց աշխատանքի էր ընդունել որպես որբանոցի կառավարիչներ, կառավարչի օգնականներ, ուսուցիչներ, տնօրեններ, բուժքույրեր, բժիշկներ, թարգմանիչներ, խոհարարներ, հացթուխներ, լվացարարուհիներ, դռնապաններ, վարսավիրներ, սպասուհիներ, որմնադիրներ, ջրկիրներ, քարտաշներ, դարբիններ, հիվանդանոցների հավաքարարներ ու պահակներ: Կային մարդիկ, որոնք համալսարանական կրթություն էին ստացել Փարիզում, Բեռլինում, Լայպցիգում, Վիեննայում, Պետրոգրադում կամ Մոսկվայում, կային նաև բազմաթիվ հողագործներ ու արհեստավորներ: Նրանց մեջ էին նաև մի քանի նախկին սպաներ, որոնք ծառայել էին ցարի, այնուհետև՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) բանակում: Նրանցից շատերը կացարան էին ստացել զորանոցներում:

 

Ամերիկյան նպաստամատույց աշխատողները՝ ծնունդով ամերիկացի կամ ԱՄՆ-ի հպատակ, որբերի խնամքով զբաղվող մարդկանց մեջ ամենափոքր խումբն էին, բայց միայն թվով: Այս խումբն էր վերահսկում բյուջեն, բանակցում իշխանությունների հետ, խորհրդակցում կազմակերպական ու պարտավորությունների բաշխման հարցերի շուրջ և երեխաների կարիքներն ու ապագան հոգալու համար աշխատանքի ընդունում տեղացի անձնակազմի: Այս խմբի մեջ էին գլխավոր տնօրենները, տնօրենների տեղակալները, քարտուղարները, բուժքույրական գծով տնօրենները, գլխավոր բժիշկներն ու վիրաբույժները, հաշվապահները, գյուղատնտեսության գծով փորձագետները, կառավարիչները, մեխանիկներն ու ինժեներները: Ոմանք այստեղ ապրում էին մի քանի ամիս, ոմանք՝ տարիներ շարունակ: Ոմանք փորձառու նպաստամատույց աշխատողներ էին, ոմանք սովորում էին աշխատելու ընթացքում:

 

Երեխաները ներկայացնում էին նոր համայնքի անհամեմատ մեծ ու խայտաբղետ խումբը: Նրանք խոսում էին բազմաթիվ բարբառներով, որոնք տարբերվում էին ռուսահայերի խոսվածքից: Ավելին, նրանք իրենց հոգում անթեղում էին Արևմտյան Հայաստանի իրենց նախնիների գյուղերի և քաղաքների սովորույթներն ու ավանդույթները, որոնք այժմ նրանց մտքում ապրում էին իբրև տան ու ընտանիքի, խաղողի այգիների ու դպրոցների, երգ ու պարի վերհուշերի պատառիկներ՝ ամբողջը միաձուլված կորստյան ու բազմավտանգ ճամփորդություններին, որոնք նրանց դարձրել էին Որբաքաղաքի բնակիչներ: Նրանք հաճախ, ամիսներ ու տարիներ շարունակ իրենց մատաղ կյանքը վատնել էին դաշտերում, լեռներում կամ փողոցներում թափառելով՝ միայնակ կամ խմբերով, յոլա էին գնացել խոտով կամ այն ամենով, ինչ հնարավոր էր թռցնել, զուտ ցնցոտիներով ծածկված, աչքը ամեն տեսակ գազանի վրա՝ կենդանի, թե մարդ: Ոմանք դեռահասներ էին, մյուսները՝ շատ ավելի փոքր: Երեխաների վերապրման պատմությունները տարբեր էին, բայց հիմա՝ Ալեքսանդրապոլում, նրանք բոլորը Որբաքաղաքի բնակիչներ էին՝ օտարականներ օտար մի երկրում՝ մեծահասակների հետ, որոնց նախկինում երբեք չէին տեսել:

 

Սկսած 1919 թվականից մինչև 1920-ականների առաջին կեսը՝ մռայլ զորանոցներում բնակվող նոր համայնքը լինելու էր անգլերեն ու հայերեն ամսագրերի, գրքերի և լրագրերի բազմաթիվ հոդվածների նյութը: Որբաքաղաքի մասին պատմող պատմություններն արդարև դրամատիկ էին: Զորանոցների որբ բնակչության հենց միայն թիվը՝ ՄԱՆ-ի խնամքի տակ գտնվող բոլոր որբանոցների մեջ հայ որբության խոշորագույն այդ կենտրոնացումը, նրանց ապաստանած կառույցների նույնքան ցնցող չափերով ու բնութագրով հանդերձ, հիրավի դրամատիկ էր: ԱՄՆ-ից պրոֆեսիոնալ լուսանկարիչները ՄԱՆ-ի հրահանգով 1920-ականների սկզբներին մեկնելու էին Ալեքսանդրապոլ՝ լուսանկարելու ցնցող տեսարանները, որոնք տարածում էին գտնելու Արևմուտքում, իսկ նկարահանող խմբերը ԱՄՆ էին վերադառնալու՝ պատրաստ ցուցադրելու իրենց կինոժապավենները մեծ լսարանների առջև՝ Հավայիից մինչև Նյու Յորք և Վաշինգտոն:



| երեխաների հավաքն այցելուների առջեւ (Barton, The Story of Near East Relief, 125 էջի հանդիպակաց երեսը) |

Բայց և այնպես, իրավիճակը տեղում շատ ավելի դրամատիկ էր, քան բառերը կամ շարժանկարները կարող էին պատկերել: Սովի ու ամեն տեսակ կարիքի ավերիչ միջավայրի ճիրաններում հսկայական քանակությամբ նպաստը պետք է ներկրվեր ԱՄՆ-ի ափերից: Հայաստան մուտք հնարավոր էր ունենալ միայն ցամաքով, և ԱՄՆ-ի նավահանգիստներում (Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Նյու Օռլեանում) կամ Կոստանդնուպոլսում նավերը բեռնած նպաստը միայն ահռելի ջանքերի գնով էր հասնում իր նպատակակետին: Նավերը բեռնաթափում էին Սև ծովի վրացական հատվածի Բաթում նավահանգստում: Բաթումից բեռը գնացքով տարվում էր Թիֆլիս, ապա այդտեղից, եթե պատերազմները կամ քաղաքական տուրևառությունը չէին խոչընդոտում, հասցվում էր Ալեքսանդրապոլի կայարան, ապա, ի վերջո՝ Կազաչի պոստի կենտրոնական պահեստներ: Պարենի ուշացումը նշանակում էր մեծ չափերի հասնող մարդկային կյանքերի կորուստ: Խնամառու նման մեծ խմբի համար պարենը, հագուստն ու բժշկական անհրաժեշտության պարագաները կանոնավոր հավաքում էին ԱՄՆ-ով մեկ սփռված կամավորների բանակները: Նրանք ժողովում էին անհրաժեշտ սննդամթերքը, հագուստն ու դեղորայքը, հսկում փաթեթավորումն ու բեռնումը ԱՄՆ-ում:

 

Ամեն տեսակ պարենի հավաքման ու առաքման համար պահանջվող ապշեցուցիչ ջանքը Որբաքաղաքի յուրահատկությունն ընդգծող դրամայի բաղկացուցիչ մասերից մեկն էր միայն: Նույնքան, եթե ոչ առավել դրամատիկ էին քաղաքական այն բարդ իրողությունները, որոնց հորձանուտում ստեղծվել ու գործում էր Որբաքաղաքը՝ իր վրա դրված եզակի առաքելությամբ: Ո՛չ ՄԱՆ-ը, ո՛չ Հայաստանի (թե՛ Առաջին հանրապետության, թե՛ ՀՍԽՀ-ի) ղեկավարները լիարժեք համաձայնության չեկան այդ առաքելության էության շուրջ: Դրաման ծավալվում էր 1920-ականների ողջ ընթացքում, երբ ՄԱՆ-ի ու ՀՍԽՀ-ի՝ երկու հակադիր գաղափարական բևեռների պահանջները անխուսափելիորեն հատվում էին Որբաքաղաքում, քանի որ և՛ ՄԱՆ-ը, և՛ ՀՍԽՀ-ն ընդունում էին, որ երկրի ապագայի համար Որբաքաղաքն առանձնակի նշանակություն ուներ, և երկուսն էլ այնտեղ հավաքված ախտահար, խոցահար ու սովյալ որբերի վրա էին դնում այժմյան մոխրակույտերից պայծառ, նոր Հայաստան կերտելու պատասխանատվությունը: Սրանից հետևում էր, որ Որբաքաղաքը սոսկ ապաստարան չէր, որտեղ անտուն որբերը կարող էին օթևանել, սնվել, բուժվել, կրթվել և 16-17 տարեկան դառնալուց հետո արձակվել: Ավելի շուտ Որբաքաղաքի վրա դրված էր մի բացառիկ առաքելություն՝ վերակերտելու Տաճկահայաստանի որբերին այնպես, որ դառնային նոր Հայաստան կառուցելու ունակ և արժանի քաղաքացիներ:

 

Շուրջ մեկ տասնամյակ ՄԱՆ-ն ու ՀՍԽՀ-ն խոր տարաձայնություններ ունեին այն հարցում, թե Որբաքաղաքից ի՛նչ քաղաքացիներ պետք է դուրս գային, և թե որ գործակալությունը պետք է վերահսկեր որբից քաղաքացու «անցածեսը»: ՄԱՆ-ը երեխաներին պե՞տք է մեծացներ կամ կարո՞ղ էր մեծացնել որպես բոլշևիզմով վերասահմանված հայկական ժառանգության կրողներ, որոնք երթով հպարտորեն կընթանային դեպի սոցիալիստական պետություն, ինչպես պնդում էր Խորհրդային Հայաստանը: Թե՞ տպավորվող փոքրիկներին հարկավոր էր մեծացնել որպես ամերիկյան արժեքների հավատարիմ սուրհանդակներ՝ ունակ Հայաստանն առաջնորդելու ամերիկյան առաջադեմ կյանքի ուղիով:

 

Այս գիրքը պատմում է Որբաքաղաքի քառամաս պատմությունը: Առաջին մասում անդրադարձ է կատարվում այն իրադարձություններին, որոնք հանգեցրին Որբաքաղաքի ստեղծմանը Ալեքսանդրապոլում, երբ քաղաքը՝ ենթակա ռազմական հրամայականին, անցնում էր մարդկային ու ֆիզիկական արմատական փոխակերպումների միջով: Այստեղ նաև խոսվում է այն մասին, թե ինչպես էին սկզբնական շրջանում կազմակերպում նպաստն ու խնամում որբերին: Այնուհետև քննարկվում է 1918 թ. գարնան սկզբին նպաստամատույց աշխատողների առաջին մեկնումը Ալեքսանդրապոլից, նրանց վերադարձը մոտ մեկ տարի անց, որբերին Ալեքսանդրապոլում կենտրոնացնելու առաջին ջանքերն ու դրա հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև 1920 թ. մայիսին Հայաստանից ՄԱՆ-ի երկրորդ անսպասելի մեկնումն ու մի քանի ամիս անց դրան հաջորդած վերադարձը: 1920-ականներն ընդգրկող երկրորդ մասի քննարկման նյութը 1920 թ. աշնանն Ալեքսանդրապոլի հեղափոխական կոմիտեի՝ ՄԱՆ-ի հանդեպ ցուցաբերած վատ վարմունքն է, ինչին հաջորդում է երրորդ մեկնումը, որը տեղի է ունենում 1920 թ․ դեկտեմբերին Մուստաֆա Քեմալի հովանու ներքո՝ այս անգամ արդեն դեպի Կարս: Այնուհետև խոսվում է 1921 թ. ցուրտ ձմռանը Կարսից 6000-7000 որբերի՝ Ալեքսանդրապոլ արտաքսման, ՀՍԽՀ-ի ղեկավարության եռանդագին թախանձանքներին ընդառաջ ՄԱՆ-ի Հայաստան վերադարձի, ինչպես նաև ՄԱՆ-ի և ՀՍԽՀ-ի ղեկավարների միջև բանակցությունների ու համագործակցության վաղ փուլի մասին, ինչից պարզ է դառնում, որ Խորհրդային Հայաստանի վաղ շրջանի ղեկավարների վարած քաղաքականությունն ավելի նրբանկատ էր, քան հաճախ ներկայացվում է: Երկրորդ մասում խոսվում է նաև 1924-ին ռուս հեղափոխական, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր Վլադիմիր Լենինի պատվին Լենինական վերանվանված Ալեքսանդրապոլում որբերի կենտրոնացման ավարտի, ՄԱՆ-ի ծրագրերի ընդլայնման մասին, ինչպես նաև որբերի կրթության և դաստիարակության հարցում ՀՍԽՀ-ի քաղաքականության, և ի վերջո՝ Որբաքաղաքի որբ բնակչության կտրուկ նվազման մասին: Երրորդ մասում խոսվում է Որբաքաղաքը Պոլիգոնում վերակազմավորելու և դրա սակավապետ գոյության, ինչպես նաև ՄԱՆ-ի և ՀՍԽՀ-ի միջև մեծացող անջրպետի մասին, ինչի արդյունքում 1931 թ. գարնանը ՄԱՆ-ը վերջնականապես հեռացավ Հայաստանից: Երրորդ մասի վերջին գլուխը բաղկացած է Որբանոցի պատերից դուրս գտնվող աշխարհի մասը դառնալուց հետո որոշ որբերի ու որբանոցի աշխատակիցների կյանքի թռուցիկ ակնարկներից: Չորրորդ մասը ներկայացնում է երկու ցուցակ՝ երկուսն էլ թերի, որոնք պատկերացում են տալիս որբերի հանրության և Որբաքաղաքի աշխատակիցների մասին: Առաջին ցուցակում ամփոփված են ավելի քան 13 500 որբերի անուններ, նրանց ծննդյան վայրերն ու տարեթվերը: Այդ ցուցակի տվյալները քաղվել են Հայաստանի ազգային արխիվից 2000-ականների սկզբին: Երկրորդ ցուցակում տեղ են գտել 1919-1931 թթ. Որբաքաղաքում աշխատած 705 ամերիկացիների և հայերի անունները: Այս ցուցակը կազմվել է արխիվային զանազան փաստաթղթերի, լրագրերի, ամսագրային հոդվածների, հուշերի, նամակների և ինքնակենսագրականների հիման վրա: Ցուցակը, թեև թերի, այնուամենայնիվ, ներառվել է գրքում՝ ցույց տալու այն հսկայական աշխատանքը, որ պահանջվել է աշխատեցնելու համար մի այնպիսի հաստատություն, որն իր գործունեության ամենաեռուն շրջանում, ըստ ամենայնի, խնամել է ավելի քան 25 000 որբի, և ի նշան երախտագիտության բոլոր նրանց ավանդի, որոնք եղել են Որբաքաղաքի մասը՝ լվացարարուհուց մինչև գլխավոր քարտուղար:

 

Հավելվածը ներկայացնում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներում պահվող նպաստամատույց աշխատողի՝ մինչ օրս անտիպ, անանուն օրագիրը, որն աննշան խմբագրումներով մատենագրել է տողերիս հեղինակը: Թեև օրագրի անանուն հեղինակը միայն կարճ ժամանակ է եղել Ալեքսանդրապոլում՝ հեռանալով Հայաստանից 1920 թ. մայիսին, նրա պատմությունը հնարավորություն է ընձեռում ներքնատես հայացք նետելու Երևանի, Կարսի, Ղարաքիլիսայի ու Ալեքսանդրապոլի իրադարձություններին:

 

Տեղեկությունները, որոնց հիման վրա գրվել է այս գիրքը, գլխավորապես քաղվել են սկըզբնաղբյուրներից. դրանք ի մի են բերվել տպագիր և անտիպ նամակագրություններից, հուշերից, օրագրերից, ինքնակենսագրականներից, կենսագրականներից, որբերի ու նրանց ժառանգների հետ հարցազրույցներից, պետական հաստատությունների և կազմակերպությունների շրջաբերականներից, ականատեսների, լրագրողների և պաշտոնական այցելուների զեկուցագրերից, որոնք լույս են տեսել 1919-1933 թթ. հայկական և ամերիկյան լրագրերում, ամսագրերում ու հանդեսներում:

 

Այս գիրքը մեծապես շահել է 1918-ից մինչև 1920-ականների վերջը գաղթականներին, որբերին ու որբանոցներին վերաբերող հայաստանյան վերջին շրջանի ուսումնասիրություններից: Վերջին տասը տարվա այդ ուսումնասիրություններից Կարինե Ալեքսանյանի, Սուրեն Ավետիսյանի, Մարինե Մարտիրոսյանի ու Մարիամ Կիրակոսյանի աշխատանքները, ի թիվս այլոց, արժեքավոր աղբյուրներ են՝ Հայաստանի առաջին և խորհրդային հանրապետություններում որբերին ու գաղթականներին առնչվող ընդհանուր հարցերը, ՄԱՆ-ի և Հայաստանի տարածքում գործող բարեգործական այլ կազմակերպությունների բնույթն ու ավանդը, ինչպես նաև մարդասիրական օգնությանը հաջորդած կնճռոտ հարաբերություններն ըմբռնելու համար:

 

Այս գիրքը, այդուհանդերձ, պատմում է միայն Որբաքաղաքի պատմությունը, որտեղ մինչև 1923 թ. վերջը կենտրոնացած էր ամբողջ Մերձավոր Արևելքի տարածքում գործող ՄԱՆ-ի որբանոցների խնամքի տակ եղած հայ որբերի ավելի քան 56 տոկոսը: Զորանոցների փակ պատերի ներսում ապրող որբերի այսպիսի մեծ կենտրոնացումը ծնում էր հարցեր, որոնց վրա խարսխված է Որբաքաղաքի պատմությունը․ ե՞րբ, ինչպե՞ս և ինչո՞ւ նպատակահարմար եղավ որբերին հավաքել ողջ Հայաստանով սփռված տասնյակ որբանոցներից և կենտրոնացնել Ալեքսանդրապոլի ռազմական պոստերում: Ի՞նչ գնով էին հոգում երեխաների այսպիսի հոծ բանակի կարիքները: Որո՞նք էին այն քաղաքականություններն ու կրթական ծրագրերը, որոնցով առաջնորդվում էին Որբաքաղաքը կազմավորելիս ու վերակազմավորելիս: Որո՞նք էին ՄԱՆ-ի և ՀՍԽՀ-ի միջև տարիներ շարունակ ձգվող համագործակցության, բանակցությունների, դիրքավորման խնդիրներն ու արդյունքը: Եվ վերջապես, ոչ պակաս կարևոր է, թե որո՞նք էին այն «անցածեսերը», որով անցնում էր երեխաների բանակն անծանոթ միջավայրում հասուն կյանք մտնելու ճանապարհին: Այս գրքում 1919-1931 թթ․ ժամանակահատվածին առնչվող խնդիրները, որքանով թույլ են տալիս աղբյուրները, հետաքննվում և վերականգնվում են տարբեր կողմերից: Որբերի, նպաստամատույց աշխատողների, որբանոցից ներս և դուրս աշխատած պաշտոնյաների ձայները միասին գալիս են պատմելու Որբաքաղաքի պատմությունը:

 

Գրքում առանձնահատուկ ջանք է գործադրվել մեկ պատումի մեջ ի մի բերելու ամերիկացի նպաստամատույց աշխատողների և պաշտոնեության, հայ ուսուցիչների ու կառավարիչների և հենց իրենց՝ որբերի ձայները: Պատումներն այս հաճախ շեղվում են միմյանցից իրենց ընկալումներով, տպավորություններով, հայացքներով, նախատրամադրություններով ու ակնկալիքներով: Սակայն ի վերջո բոլոր կողմերի ձայները՝ հնչելով Որբաքաղաքի ներսից ու դրսից, միահյուսվում են պատմության մեկ հանգույցում, որտեղ քաջությունն ու վախը, մեծահոգությունն ու ծուլությունը, չարամտությունն ու բարությունը խաչվում են մինչև 1931 թվականը ձգված մարդկային մի դրամայի մեջ: Լավ էր, թե վատ, ահա այդ միջավայրում էր ձևավորվում ու զարգանում տասնյակ հազարավոր երեխաների՝ նոր Հայաստանը կառուցողների կյանքը: Երբ նրանք՝ շփոթահար ու խոցահար, առաջին անգամ ոտք դրեցին զորանոցների պատերից ներս, ստացան թիթեղյա կտորների վրա փորագրված համարներ, որոնք պետք է կրեին իրենց վրա: Հազարավոր որբեր մահացան ու թաղվեցին Ալեքսանդրապոլի կայարանից ոչ հեռու գտնվող գերեզմաններում կամ ընդհանուր փոսերում: Սակայն նրանց մեծ մասին հաջողվեց խնամել ու բերել ապաքինության: Բայց և այնպես, կորստյան և ցավի զգացողությունն ու գորովանքի կարիքը որբանոցի տարիներին և այդուհետ մեկընդմիշտ մնացին բոլոր որբերի սրտերում:

 

Այս գիրքը փորձ է հարգանքի տուրք մատուցելու երեխաների մի սերնդի, որն այս կամ այն կերպ ունեցավ իր «անցածեսերին» դիմանալու տոկունությունը և դրանք վերապրելու վճռականությունը:



| փոքրիկների երթը զույգերով (RAC NEF Photos Box 138) |