|եւ|
հրապարակված է 27.07.2017 | աշոտ հովհաննիսյան |
Հովհաննես Թումանյան
![]() Ցեղի մանկության հասակը քնարերգող իր յերկերը կլանում եր աճող սերունդը։ Իր խոսքը հնչում եր ծերերի ականջին վորպես ժողովրդական դարավոր իմաստություն։ Անմահանալու համար նա չեր սպասում մահվան։ Բայց մահանալով, ինչպես ինքն եր ասում Ղազարոս Աղայանի մասին, «իսկապես վոր մեռավ»:
Ներկայացվող նյութը պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը գրել է Հովհաննես Թումանյանի մահվան օրերին` նրա երախտիքի խոսքն է մեծ բանաստեղծին: Գրությունը հրատարակվել է նրա իսկ խմբագրած Նորք հանդեսի 1923թ. երկրորդ համարում: Գրականությամբ հետաքրքրվածությունը մասն է կազմում Հովհաննիսյանի գիտական եւ հասարակական գործունեության: Գրականության ընթերցող Հովհաննիսյանը հայտնի է իր երկու` Նալբանդյանը եւ նրա ժամանակը ու Ֆրիկը պատմաքննական լույսի տակ ուսումնասիրություններով: Նրա հայացքում գրականությունը, ինչպես եւ պատմության մեջ ցանկացած այլ իրողության, բեկվում է ոչ որպես գրական իրողություն, այլ որպես պատմական փաստ: Եվ պատահական չէ, որ նշածս երկու գրողներին նա ընթերցում է որպես իրենց ժամանակի հեղինակներ: Հովհաննիսյանի համոզումն այն է, որ այս մարդիկ իրենց կյանքով եւ ապրածով փոխել են պատմությունը` իրենք իսկ թրծվելով իրենց ժամանակի հասարակական-քաղաքան կյանքի բովում: Թումանյանը նույնպես դիտված է այս տեսանկյունից: Նրա դիտարկմամբ Թումանյանը, չլինելով պայքարող հասարակական-քաղաքական գործիչ, եղել է այն մարդը, ով մի կողմից, հակվել է իր ժամանակի մտայնություններին, մյուս կողմից, սակայն կարողացել տեսնել դրանք ողջ տարողությամբ: Այս իմաստով է Թումանյանը Հովհաննիսյանի հայացքում բեկվում որպես իր ժամանակի մեջ միամիտ եւ իմաստուն մի մարդ: Մեծ գրողի կերպարին Հովհաննիսյանն անդրադարձել է ավելի ուշ նաեւ` 1969թ. Երեւանում լուս տեսած Թումանյանը ժամանակակիցների հուշերում ստվարածավալ հատորում գրողի մասին իր հուշերով: Թումանյանն այստեղ ներկայանում է հայ հասարակության զարգացման իր տեսլականով: Բայց ուշագրավն այն է, որ պատմաբան հասարակական-քաղաքական գործչի բարդ զարգացումներ ապրած կյանքը չի խախտել պատմական իրողություններին նայելու նրա հայացքը: Թումանյանը նրա հայացքում շարունակում է մնալ որպես միամիտ եւ իմաստուն մի մարդ: Խորհրդանշական է այն, որ Հովհաննիսյանը Թումանյանի մասին հուշերի հատորի ակադեմիական կոլեգիայում է բանաստեղծի դստեր` Նվարդ Թումանյանի հետ միասին, ում գիտությամբ զբաղվելու մեջ դերակատարություն է խաղացել հենց ինքը` Հովհաննիսյանը: Ս.Դ. Թումանյանը մեռավ։ Մարեց գրական ամենից շեն ու հաստատ ոջախի այն ճրագը, վոր լուսավորում եր մինչայժմյան հայ բանաստեղծական կուլտուրայի գագաթը։ Վոչ վոք հայ գրականության կենդանի դեմքերից չի յեղել հիացմունքի առարկա այնչափ, վորչափ Թումանյանը։ Ցեղի մանկության հասակը քնարերգող իր յերկերը կլանում եր աճող սերունդը։ Իր խոսքը հնչում եր ծերերի ականջին վորպես ժողովրդական դարավոր իմաստություն։ Անմահանալու համար նա չեր սպասում մահվան։ Բայց մահանալով, ինչպես ինքն եր ասում Ղազարոս Աղայանի մասին, «իսկապես վոր մեռավ»։ Թումանյանը տարավ իր հետ հասուն տարիների չիրագործված մտահաղացումներ։ Անգիր մնաց «Հազարան Բլբուլը», անավարտ՝ «Սասունցի Դավիթը»։ Սակայն հավիտենականության գիրկը սուզվեց ամենից անփոխարինելին՝ առակների ու հեքիաթների, յուրահատուկ մտքերի ու կենսահայեցողության, անձնական ու կենցաղային ինքնորինակ հմայքի այն աղբյուրը, վոր կրում եր Հովհաննես Թումանյան հավաքական անունը։ Վո՞ր հեղինակն ե ավելի յերկար ճանապարհ կտրել հայ Պառնասի վոլորաններում քան լոռեցի պոյետը։ Ժողովրդական պարզ առակներից մինչև խորախորհուրդ «Քառյակները», Հովվական քարայրից մինչ Սիրիուսի բարձունքները։ Ինչե՞ր ասես չեր զբաղեցնում նրա միտքն ու ստեղծագործությունը։ Բարբառագիտության և բուսաբանության, հումայիլներ և բժշկականություն, ասիական լուբոկ և հոլանդական նատյուր-մորտ, Հայկի լեգենդ և Սայաթ-Նովա, արևելյան եպոս և Շեքսպիր։ Նրա գրասենյակը մի թանգարան եր հայկական ու կովկասյան հնությունների, արվեստի պրիմիտիվ ու կլասիկ նմուշների, գիտության այլ և այլ ճյուղի գրքերի ու հրատարակությանց։ Թումանյանը դիլետանտ չեր լոկ, վոր կազմեր իր շուրջ հազվագյուտ առարկանների կույտեր, չորոնելով նրանց մեջ խոր կապ ու առընչություն։ Ասես բնապաշտ մի քուրմ՝ նա շնչավորում եր հավաքած իրերը, խոսեցնում, իմաստավորում։ Բազմերանգությունը նահապետական ինքնամփոփ, ուրեմն և բազմարվեստ, կենցաղի մի հատկանիշն եր նրա հոգևոր աշխարհում։ Յեվ մի՞թե կենցաղային նույն հատկանիշը չե, վոր հարատևում եր հայ տոհմային բանաստեղծության նահապետի մասնավոր կյանքում անգամ։ Ո՞ւմ ասեք չեյիք հանդիպի Թումանյանի «վերնատանը»։ Բոլոր հասակի ու սեռի, ազգության ու դասի, դիրքի ու համոզմունքի մարդիկ հավասար տեղ եյին բռնում նրա հյուրընկալ հարկի տակ։ Տանտերը զբաղեցնում եր բոլորին, զարմանալի բաներ պատմում, հմայիչ ըստ ձևի և բովանդակության, լի հումորով և խրատական-բարոյական տենդենցներով։ Խաչատուր Աբովյանը հիացմունքով ե խոսում մեր բանաստեղծի աժդահա նախնիքներից մեկի, դսեղցի Հովակիմի մասին, վորը Լոռու պահապան հրեշտակն եր, «սարերի, ձորերի միջում մեծացած, գազանի ու հարամու արինը թափելով, վոսկոռ եր հաստացրել»։ Հովակիմը նահապետ էր վացուն հոգոց բաղկացած ընտանիքի, վոր արտադրում եր ու սպառում հարազատ ոճորքի տակ։ Սար ու դաշտ, ձիարշավ ու տաղ, հեքիաթ ու լեգենդ, պապերի պաշտամունք ու հերոսության կույլտ՝ ահա կենցաղի ու մտայնության այն շրջանը, վորի մեջ պարփակված եր լոռեցի իգիթի ընտանքիը։ «Ամենալավ ու ամենամեծ բանը, վոր յես ունեցել եմ կյանքում, գրում ե Թումանյանը, այդ յեղել ե իմ հայրը։ Նա ազնիվ մարդ եր և ազնվական բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր և առատաձեռն, առակախոս և զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրաձիգ եր և ձի նստող»։ Այս մարդկանց ու իրանց ժամանակի ավանդած բարքերի ու հասկացողությունների մթնոլորտում ե ծնվել պոյետ Թումանյանը։ Անվերջ պայքար «գազանի և հարամու» դեմ, բայց ներքնապես կազմակերպված սոցիալական կենցաղ, համայնական ինքնամփոփ ներդաշնակություն։ Կացության երկվությունը անդրադառնում ե Թումանյանի պոյեզիային։ Մեծարո՞ւմ եր արդյոք անցյալը, թե վողբերգում – այդ հարցին չկա մեկին պատասխան։ Բանաստեղծը դառնությամբ եր արձագանգում արտաքին ուժերի դեմ նախնիքների վարած արյունոտ կռիվներին, վոր տխրության խոր կնիք եյին դրոշմում նրանց դեմքերին, ցուցահանում նրանց անկար թըպրտումները բնական ու մարդկային տարերքի դեմ, աղետներով ողակում նրանց որերը։ Բայց միշտ անուշ ու մեղմ թախիծով եք հիշում հարազատների խունացած դեմքերը, ընտանեկան սերն ու խինդը, համայնական կենցաղի պարզությունը, նրա ներքին հարմոնիան։ «Մի կյանքից յեթե զվարթությանը – քեֆն ու սափեն հանես, ել տեղն ի՞նչ մնաց։ Մնաց հոգսն ու ջափեն։ Յեվ գնա տարին տասներկու ամիս հոգս ու ջափի տակին տնքա – թե ապրում եմ»։ Համապարփակ յերկերի մեջ, այնտեղ վորտեղ անդրադառնում ե բովանդակ իրականությունը, Թումանյանի քնարն ունի հոռետեսական շեշտ․ հոռետես ե բանաստեղծը և այն յերգերի մեջ, վորտեղ արտահայտություն ե գտնում շահագործվող աշխատանքի «հոգնս ու ջափեն»։ Բայց, այնտեղ վորտեղ քնարերգում ե բանաստեղծը նահապետական կենցաղի ներքին անդորրն ու մանուկ հոգու յերջանիկ անմեղությունը՝ նրա քնարը հընչում ե ուրախ ու զվարթ, համակում լուսաշող ապրումներով։ Թումանյանը գյուղագիր պոյետ եր։ Նրա քնարն անդրադարձել ե հասարակական հոգեբանական այն բեկումները, վոր ունեցել ե Լոռու խաշնարածական բնավայրը վերջին դարի ընթացքում։ Բանաստեղծը վերապրել ե քաղաքում իշխող կապիտալիզմ-տիրակալությունն անդրադարձնող գյուղի ներքին յերկպառակությունը։ Սակայն չեր նշմարում սրա դեպի գալիքն առաջնորդող յելքը, հոռետես եր ներկայի նկատմամբ, մեծարում եր հեքիաթ դարձած անցյալը, մանուկ որերի անհոգությունը։ Բանաստեղծի վերապրած վարանումների տևական շրջանն եր այդ, վարանումներ, վոր նրա հետ մեկտեղ ունեցել ե հասարակական վաղեմի հավասարակշռությունը կորցնող և տնտեսական նոր հարաբերությունների մեջ ցանցվող Լոռին։ Լոռու հայկական – լեռնային շրջանը շաղկապվում ե թրքական Բորչալույի հետ, իսկ ռուսական Վորոնցովկայի վրայով Թիֆլիսի քաղաքային տնտեսության հետ։ Բռնելով քաղաքի ուղին՝ հայկական Լոռին և նրա հետ նրա բանաստեղծը դեգերում են գերիշխող ազգային բուրժուազիայի ազդեցության ներքո կամ, հիասթափվելով սրանից, հարում մանր բուրժուազիային և իր կազմակերպություններին։ Սակայն գյուղական միջավայրի տնտեսական իրական կապերն ու շահերը շատ ավելի զորեղ եյին, քան ազգային քաղքենիության քաղաքական-իդեական ազդեցությունը։ Ազգային բանաստեղծը նվագում ե «հայոց վիշտը», նվաճում համազգային քերթողի հռչակ, սակայն չդարձավ մարտական նացիոնալիզմի յերգիչ։ Նա չի մոռացել իր «ազնվական» ծագումը, գիտե, վոր իր պապերը «տերերն» եյին գյուղի, չի հրաժարվում ազգային-քաղաքական ուրույն մտորումներից։ Բայց ունի ստեղծագործության և խորհրդածությունների հիմքում հարազատ բնաշխարհում կազմակերպվող միջցեղային նոր շաղախը, որհներգում ե նոր որերը, յերբ թոռներն ավելի լավ պիտի ապրեն քան պապերը, ջատագովում ե անդրկովկասյան ժողովրդների համերաշխության և յեղբայրության գաղափարը։ 1905 թվին, հայ-թրքական կոտորածների ժամանակ, բանաստեղծը հաշտարար առաքելություն եր կատարում Լոռում, վոր խուսափեց համատարած արյունահեղությունից։ 1918 թվին «Չեզոք Գոտու» բանաստեղծը նախատինք եր կարդում հայ ու վրացի գազազած նացիոնալիզմին, 20 թվին նրա մոտիկ աշխատակցությամբ լույս տեսավ “Братство” հանդեսը։ «Մի կաթիլ մեղրի» հեղինակը հրապարակում ե իր գլուխ գործոցը՝ «Քառյակները», ընդհանուր արևելյան թախիծով բարձրանում ստեղծագործության այն Մասիսը, վոր ժողովուրդների միության ձյունափայլ հանգույց պիտի կազմի Մերձավոր Արևելքում։ Հայաստանի ու Վրաստանի սովետիզացիան անկյունադարձ յեղավ Թումանյանի կյանքում։ Նոյեմբերյան հեղափոխության որերին Սոլոլակի քաղքենիներից և Յերևանից փախած ասպետներից վոմանք դիմում են Թումանյանին և առաջարկում հեռագիր ուղարկել Լենինին ու վորպես հայոց յերկրի բանաստեղծ, «Տոլստոյի նման», ձայն բարձրացնել «ինտելլիգենցիայի» դեմ սկսած հալածանքների առթիվ։ «Եդ յե՞րբ և յեղել, վոր Տոլստոյը բողոքել ե ինտելլիգենցիայի համար, հարցնում ե Թումանյանը։ Տոլստոյը խոսել ե ժողովրդի մասին։ Ի՞նչ վերաբերում ե ինձ – իմ բանը շատ ե դժար։ Ասում են՝ Լուսավորիչը գնաց դժոխք, տեսավ դժոխքի սյունը տնկած իր հոր՝ Անակի ականջին, հանեց խրեց աչքը։ Թե յես եյի գնացել Յերևան, մեր ինտելլիգենցիայի դատը եդպես կանեյի»։ Հիացմունքով եր պատմում Թումանյանը Թիֆլիս մտնող Կարմիր Բանակի մասին։ Կարմիր բանակայիններից մեկին հարցրել եյին – ,,Ո՞ւր պիտի գնաք Թիֆլիսից“, պատասխանել եր – ,,Туда–дальше…“ «Եդ ,,дальше“-ն գալիս եր ասելու,– ցուցամատը բարձրացրած բացականչում եր բանաստեղծը,– թե հեղափոխական տարերքը աշխարհագրական վորոշ սահման չունի․․․ Եդ ո՞վ ե, վոր պտի դեմ կենա դրան»։
Ազգայնական ջարդերի ու կոտորածների ժխորում ծերունի բանաստեղծը, հայ գյուղացու յերգիչը, իրբրև մարդ և քաղաքացի նվաճել եր բարոյական այն կապիտալը, վորից զուրկ եյին միշտ հայ բուրժուազիան և քաղքենիությունը։ Մեր որերին Անդրկովկասի ամենախոշոր դրական անունն եր նա։ Իզուր չե, վոր նրա կորուստն այնքան սրտառուչ արձագանգ գտավ հայության ազգային իրականությունից դուրս, վրաց և թուրք շրջաններում։ Բացառիկ տաղանդի մեծարանքը չեր միայն, վոր հարկադրեց գլուխ խոնարհել նրա աճյունի առաջ։ Մեծ տաղանդը կախարդում եր քաղաքացի Թումանյանի քնարը։ Յեվ այսոր բանաստեղծ քաղաքացու մեծագործությունն ե միաժամանակ, վոր դարձնում ե նրան հիացմունքի և յերախտագիտության առարկա։ |
| պատկերադարան |
|