|եւ|
հրապարակված է 23.03.2017 | սիրանուշ դ'վոյան |
պատանեկան փորձառությունը
![]()
Արեւմտահայերենն է արդյո՞ք, որ այդքան էկզոտիկ-հմայիչ է հայաստանցիների համար եւ այնքան շփոթեցնող արեւմտահայերենի մահն ընդունած սփյուռքահայերի համար: Արդյո՞ք գլոբալացած աշխարհում պատանեկան փորձառությունն իր հակասականության մեջ ճշգրտորեն ասող լեզուն չէ, որ մեզ` հայալեզու ընթերցողներիս, ստիպում է առերեսվել իրեն:
ու գետերը կ’երթան մինչեւ հոն, մինչեւ սկիզբը պատմութեան,
2016թ. վերջին Ինքնագիր գրական ակումբը լույս ընծայեց Քրիստիան Բատիկեանի Սուփըր հերոսները կա մեռնին ամրան գիրքը: Սա հեղինակի առաջին հատորն է, համեստ մի հատոր ոչ միայն ձեւավորմամբ (շապիկը եւ պատմվածքների գծանկարները` Էլիս Սարգիսեան, ձեւավորումը` Գէորգ Փալանճեան, խմբագիր` Մարուշ Երամեան), այլ նաեւ հեղինակի ոճով: Այն բերում է մեր գրականության մեջ ոչ այնքան հաճախ հանդիպող պատանեկան մի փորձառություն, բայց որ առավել կարեւոր եմ համարում` այդ փորձառությունը ասող լեզու: Հատորն իրենով մի քանի խնդիրներ է ի հայտ բերում միանգամից, որոնք էլ ուզում եմ ներկայացնել:
Գրքում ընդգրկված առանձին պատմվածքները մանկությունից հասունություն անցնելու տարբեր դրվագներ են ներկայացնում, սակայն դրանք բոլորը խորքում կապված են միմյանց իբրեւ ամբողջական մի փորձառության տարբեր դրվագներ: Սա թույլ է տալիս, որ հատորն ընկալենք իբրեւ ամբողջություն եւ ոչ առանձին պատմվածքների ժողովածու: Սա թույլ է տալիս նաեւ, որ տարբեր պատմվածքներում տարբեր անուններով հանդես եկող կերպարներին ընկալենք իբրեւ մեկ` պատանեկան փորձառության մամնացում, որն իր հերթին մղում է տարբեր կերպարների կողքին քայլ առ քայլ մարմնավորված տեսնել մի առավել ընդհանրական` ‘պատանու’ կերպար:
Պատանեկան փորձառությունն իբրեւ անհատի համար մանկության ու հասունության միջեւ երկատված, ինքն իրեն կորցրած անխուսափելի մի պահ, արտահայտվում է ինչպես մարմնական ու աշխարհայացքային փթթումներով, այնպես էլ միջավայրի հետ կոնֆլիկտով: Սա այն պահն է, երբ մարդն արտաքին միջավայրն ընկալում է ոչ այն է մանուկի, ոչ այն է հասունի հայացքով: Այս փորձառության մեջ միշտ էական դերակատարություն են ունենում մանկական երեւակայությունը սնած աղբյուրները: Սփյուռքում սրա հետնախորքում միշտ ծվարած է ընտանեկան թնջուկված մի իրադրություն` կապված հայրենի/հարազատ տեղի կորստի եւ ընտանեկան ողբերգությունների հետ: Սփյուռքահայ գրական ավանդույթում մանկական երեւակայությունը սնող հիմնական աղբյուրը ընտանեկան այն պատմություններն են, որոնք պատմում են, թե ինչպես են ջարդից, սովից ու աղքատությունից փրկվել ընտանիքի անդամները: «...Գիրք չկար, մանկական հեքիաթներ չկային, Հայաշէնի ու շատ մը այլ շրջաններու մէջ ապրող մանուկներու մանկական հեքիաթները աքսորի պատմութիւններն էին…»,- [*] գրում է Գրիգոր Պըլտյանը: Սփյուռքում, ուրեմն, մանկական երեւակայությունը սնվում է աքսորի պատմություններով:
Քրիստիանի հատորը այլ Սփյուռք է բերում: Ստամբուլում հասակ առնող պատանու ինչպես միտքը, այնպես էլ առօրյան Ամերիկյան կոմիքսների հերոսներով է ձեւավորվում` Captain America, Winter Soldier, Black Widow, The Mighty Thor, Deadpool, Avengers: Նրա կյանքն ընթանում է ընկերների հետ դեռ մանկական, բայց արդեն իսկ ոչ անմեղ կատակներով` սեփական մարմինը հայտնաբերելու փորձերով, կյանքի մեջ առաջին թշնամիները վաստակելով, ընտանեկան ըմբոստություններով: Բոլոր իրադրություններում նա առաջին անգամ ճանաչում է պարտությունը` ատելությունը լռությամբ կուլ տալով, ձայնը կոկորդում խեղդելով, անզորության արցունքները կուլ տալով: Նա կյանքին հպվում է առաջին անգամ ` բոլոր իրադրություններում ապուշ կտրած անդրադառնալով, որ աշխարհն այլ է, այն չէ, ինչ իր երազային հերոսների կյանքում: Եվ այս ամբողջը պատահում է, որովհետեւ այդպես պատահում է սովորաբար եւ ընդհանրապես: Ընդգծում եմ վերջին երկուսը, որովհետեւ Քրիստիանի տեքստում պատանու հետ պատահող դեպքերը արտասովոր են միայն, որովհետեւ պատահում են առաջին անգամ, բայց սովորական են, որովհետեւ ընդհանրապես պատահում են պատանիներին, երբ նրանք հանկարծ հայտնաբերում են, որ իրենց երազային աշխարհի ու կյանքի միջեւ անջրպետ կա: Այդ անջրպետը պատմվածքներում արտահայտվում է մի քանի պատումների զուգահեռ, երբեմն խաչվող կամ հատվող ընթացքով: Դրանք կազմում են նաեւ պատանեկան փորձառության երեք մակարդակները:
Առաջին մակարդակում ‘պատանու’ երեւակայական կյանքն է Ամերիկյան կոմիքսային աշխարհի հայտնի հերոսների ու նրանց պատմությունների հետ: Վիպային այդ աշխարհը հմայիչ է ոչ միայն որովհետեւ դա դրսի մեծ աշխարհն է, այլ որովհետեւ այն արմատապես տարբեր է, գեղարվեստական աշխարհ է, եւ հմայիչ է հենց դրանով: «Կը հիանայիր ինձմով: Բայց ես պարզապէս թուղթէ օրինակն էի անոր... անոր որ... չեմ գիտեր կա՞ր ինք, թէ միայն օրինակները կային: Երբեմն կը խորհիմ թէ չկար, կայինք միայն մենք, իր թուղթէ զաւակները»:[**] Ուրեմն, ոչ թե կոմիքսների միջոցով Ամերիկան է, որ հմայում է պատանուն, այլ հենց կոմիքսներն իրենք` թղթե, հեշտությամբ տեղից տեղ գաղթող, պատահական հանդիպումների ու բաժանումների, լքումների ու վերահայտնությունների մի աշխարհ: Դրանք հենց այդպես էլ ներառնված են տեքստի մեջ: Պատմվածքներում կոմիքսային աշխարհը զարգանում է իբրեւ առանձին պատում: Այդ պատումը կառուցվում է տարբեր տարիների կոմիքսային վեպերից եկող վավերական հատվածներով (ինչպես Black Widow-ում The Black Widow: The Coldest War, Marvel Graphic Novel-ից), ինչպես նաեւ իրենց իսկ կողմից իրենց իսկ աշխարհի մասին խոսքով (ինչպես Avengers-ում): Պատմվածքների հերոսների կյանքի պատմությանը զուգահեռ զարգացող գեղարվեստական աշխարհը` թղթի աշխարհը, պատանու երեւակայությունը սնող գերհերոսներով աշխարհն է, որը ոչ ուղղակիորեն, բայց զուգահեռաբար կա ‘պատանու’ կյանքում: Այն որքան երազային, նույնքան էլ իրական է, եւ շատ յուրօրինակ դեր է խաղում պատանեկան փորձառության մեջ: Կոմիքսներով ներկայացող դրսի աշխարհը ‘պատանու’ համար դուրս չէ. այն կարծես այն հետնախորքն է, որի հետ անձայն երկխոսությամբ է առաջ շարժվում պատանին:
Մյուս մակարդակում ‘պատանու’ անմիջական` մարմնական փորձառությունն է սոցիալական եւ ընտանեկան միջավայրում: Սոցիալական, ընտանեկան եւ սեռային աշխարհը պատմվածքներում ներկայանում է իբրեւ նոր պեղելիք աշխարհ: Բայց դրանք են, որ իրենց կտրուկ իրադարձություններով, հերոսներին իրականությանը առերեսելով` շրջադարձային են դառնում նրանց կյանքում: Այստեղ է ահա, որ բացվում է Սփյուռքի հետնախորքը` ինչպես ընտանեկան, այնպես էլ հանրային օտարման թեեւ նոր, բայց արդեն իսկ որոշակի ավանդույթ ունեցող անխուսափելի բարդություններով: Մոր եւ որդու, պապի եւ թոռան միջեւ հարաբերությունները միայն ընտանեկան-հոգեբանական չեն: Դրանք հանրային են նաեւ, ինչպես Deadpool պատմվածքում, որտեղ բախվում ենք ժամանակակից Սփյուռքի թերեւս ամենանուրբ, բայց նաեւ ամենաբարբարոս խնդրին` լեզվի խնդրին:
Ծագումով ֆրանսուհի մոր եւ ծագումով հայ հոր կաթոլիկ ընտանիքում մեծացող կոմիքսների աշխարհում ապաստան գտած պատանու կաղանդն անգամ իբրեւ ընտանեկան տոն միանշանակ չէ: Երկու սբ. Ծնունդ, կաղանդի երկու նվեր` գնված նույն հորենական պապի կողմից, քանի որ մայրը դրամ չունի դրա համար, հայրական ընտանիքի ցուցադրական գերադասություն, մայրական ընտանիքի բացակայություն, մոր ներկայություն եւ հոր բացակայություն, երկու պատնիների` ավագ եղբոր եւ հերոսի` ընտանիքը եւ մորը պաշտպանելու ցանկության արթնացում – սա է պատմվածքի բովանդակությունը: Այստեղ էլ գործ ենք ունենում ժամանակակից Սփյուռքի կնճռոտ խնդիրներից մեկի հետ: Երկու պատանիներն էլ խառնամուսնության զավակներն են, որոնք բախվել են հանկարծ ընտանեկան հարաբերություններում անլուծելի դարձած օտարվածությանը: Հայրական ընտանիքի դեմ ըմբոստությունը ավագ եղբոր մոտ առնականության արթնացման` իր ընտանիքի հոգը հոգալու եւ մորը ստորացումից ազատելու հետ է կապված: Փոքր եղբոր` պատմողի մոտ, ընտանեկան կացության դեմ ըմբոստությունը, որ արդյունքն է կարծես մեծ եղբորը հետեւելու («Եւ պիտի քալես ետեւէն, ջանալով իր մեծ քայլերուն հասնիլ» (103), ի հայտ է բերում մեկ այլ խնդիր: Հերոսը չի կրում մորենական լեզուն: Պատմող հերոսի մոտ մորից օտարվածության հիմքում իր` այլ` գեղարվեստական աշխարհին պատկանելն է: Սա ինքնին ուշագրավ պահ է: Սփյուռքահայ գրական ավանդույթում Սփյուռքի գոյությունը կապվում է հայրական օրենքի չգործելու հետ, որի արդյունքում գործ ենք ունենում մորենական օրենքի զորավոր ներկայության հետ: Պատմություններով հավաքականություն ստեղծելը եւ լեզվով կերտվելը Սփյուռքի գոյաբանության հիմքն է: Այստեղ տղան չի պատասխանում մոր որեւէ առաջարկին: Մորից այս անջատումը կարծես անդառնալի է. «Ներէ որ լեզուդ չեմ խօսիր»: (103) Պատանեկան ըմբոստության` մորից անջատվելու պա՞հ, թե՞ մոր մայրենի լեզուն ‘մորենական լեզու’ չընդունելու որոշում: Հարց, որ ամեն դեպքում միանշանակ չէ գոնե այս, եւ հարց, որը հարացուցային է նաեւ ժամանակակից Սփյուռքի պարագայում: Լեզվով կորուսյալ աշխարհը վերակերտելու եւ այն իր սկզբնական լիությանը հասցնելու Սփյուռքահայ ավանդույթն այստեղ կարծես նոր հանգրվան է նշում` բախվելով ներկա կացության բարդություններին:
Եվ ի վերջո կա երրորդ մակարդակը: ‘Մորենական լեզվից’ կտրվածությունը սակայն ամբողջությամբ չի հանում սեփական սկիզբը որոնելու ցանկությունը: Իբրեւ ընդհանրական կերպար ներկայացող պատանին կարծես երկփեղկված է ներկայի ու անցյալի միջեւ եւ երկուսին էլ նայում է ապագայից: Ժամանակային այս պառակտումով կերպարը հարց է դնում ինքնակերտման: Այստեղ Քրիստիանը դիմում է մի քանի միջոցների: Winter Soldier-ում օրինակ գործ ենք ունենում հիշողությամբ վերակերտվող իրականության հետ, երբ հերոսը ուղղակիորեն վերադառնում է մանկության վայրերը եւ արտապատկերում դրանք կարծես ուրիշ մի աշխարհից, գուցե` ապագայից: Պատմվածքներում կոմիքսային ու անմիջական կյանքի պատումների արանքում կարող ենք հանդիպել նշմարներ, որոնք քնարական կերպով միջամտում են պատումներին: Կյանքին առաջին անգամ բախված պատանին կարծես վերացած մի հայացքով նայում է այդ պահին այլ ժամանակի միջից: Դրվագներից մեկն ահա Black Widow-ի ավարտին, երբ արդեն ավարտված պատմվածքը հանկարծ շարունակվում է.
«Պիտի գտնես զինք տարիներ վերջ միայն, երբ սանդուխի տակի սենեակը Հարրի Փոթթէր փնտռելով` պզտիկ տղայ մը տեսնես, կծկտած լացող:
Ո՞վ է արդյոք այս` ժամանակների միջով խոսողը: Գրքի խնդրահարույց կետերից մեկն է սա: Նույն ինքը պատանի՞ն, թե՞: Իհարկե, պատանին, բայց այն պատանին, ով իրականությանը նայում է ցնորային հեռուներից: Նա, ինչպես իր սիրելի կոմիքսային հերոսները, անարգել ճանապարհորդում է ժամանակների միջով, փոխում տեղ ու պայմաններ, դեպքի իսկ պահին մտովի գաղթում ապագա: Նա գրքի հերոսների ստվերն է մի տեսակ, որ անակնկալ կերպով կարող է խոսել թիկունքից, անորոշ մի տեղից, երբ հերոսների գաղտնիքները մոտ են բացվելու կամ բացվում են: Նա օժտված է մի սրատեսությամբ, որ ոչ միայն թափանցում է իրողությունների խորքը, այլեւ կարողանում տեսնել դրանց տեղաշարժը ժամանակների մեջ:
Գրքի լուսանցքին թափառող այս ձայնի միջնորդությամբ է կարծես, որ կոմիքսային աշխարհն ու պատանի հերոսների ապրածները համադրվում են: Նրա առկայությամբ պարզ է դառնում երկու բան` թե ինչու են կոմիքսային պատմություններն իբրեւ երկրորդ տեքստ ներգրավված պատմվածքներում, եւ թե ինչու են բոլոր պատմվածքները կրում արդեն իսկ հայտնի կոմիքսային հերոսների անուններ:
Ինչպես նշեցի արդեն, կոմիքսային պատմությունները բոլոր պատմվածքներում կան իբրեւ երկրորդ կամ առաջին պատում (երբեմն դրանցով սկսվում են պատմությունները, երբեմն դրանք ծավալվում են ընթացքում): Բացի այդ, պատմվածքները կրում են կոմիքսային հերոսների անուններ: Կարելի է իհարկե ուշադիր լինել, թե կոմիքսային որ հերոսը եւ որ պատմությունը պատանեկան որ փորձառությանն են զուգադրվում: Այդ մանրամասների մեջ չեմ մտնի այստեղ: Նշեմ միայն, որ թե հերոսները, թե իրենց պատմությունները պատանու կյանքում նախօրինակի դեր են խաղում: Դրանք հանդես են գալիս իբրեւ այս մի փորձից առաջ տեղի ունեցած իրադարձություններ, որոնց առկայությամբ հնարավոր է դառնում ներկայացնել այս փորձառությունը: Ինչ-որ իմաստով դրանք պատանու երեւակայությունը սնելով հանդերձ` հանդես են գալիս իբրեւ բուն այս պատմվածքների ու պատանեկան այս փորձառության ծննդաբանական սկիզբ: Ամերիկյան կոմիքսային մշակույթը կես հայկական-կես ֆրանսիական ծագումով պատանու երեւակայական, բայց իհարկե գործուն սկիզբն է, ծագումնաբանական սկիզբ, որից սերում է նա որպես առանձին ինքնություն: Պատանու համար այն մի կողմից, ապաստանավայր է, մյուս կողմից, հրման կետ: Կոմիքսային աշխարհի տիրական ներկայությամբ է, որ ներկայի մեջ գտնվող, բայց այլ ժամանակից խոսող ձայնը, սկսում է անդրադառնալ իր իսկ մարմնավորվելուն:
Նախօրինակ հանդես եկող կոմիքսային հերոսների եւ պատմվածքների հերոսների միջեւ եղած հարաբերություններն ինչ-որ իմաստով անտագոնիստական են: Որքան էլ կոմիքսային հերոսները գալիս են անորոշ մի ժամանակից, նրանք ունեն բնավորություն: Այդ կերպարները զվարճալի ու ողբերգական լինելով (այդպես ենք հասկանում իրենց պատմություններից) իրականության մեջ հանդիպում են իրենց երկյակին` նույնքան զվարճալի ու ողբերգական արարծների: Ոչ բոլոր պատմվածքներն են կառուցված այս երկու հերոսների հանդիպումներով, բայց գրեթե բոլոր պատմվածքներում պատանի հերոսները կարծես անձայն զրուցում են թղթե այս արարածների հետ: Պատմվածքներում կոմիքսային հերոսների ներկայությունը յուրօրինակ է: Նրանք մի կողմից օգնում են ‘պատանուն’ ավելի թեթեւ կամ զվարթ ապրել, մյուս կողմից սակայն չեն կարողանում օգնել վերջինիս ազատվել իր իսկ անկարողություններից: Այս ներքին հակասականությամբ` զվարթությամբ եւ միեւնույն ժամանակ իրական կյանքի առջեւ անկարողությամբ օժտված են բոլոր պատմվածքների բոլոր հերոսները: Իրական կյանքը եւ կոմիքսային աշխարհն այս դեպքում ‘պատանու’ մեջ հանդիպում են ողբերգականորեն: Այդ հանդիպումը կարծես կոտրում է այն, ինչը երազային է: Բայց միեւնույն ժամանակ այդ հանդիպումը անխուսափելի է: Այն խանդավառում է նաեւ: Amazing Fantasy պատմվածքում միջանկյալ կերպով տրված է բուն այս հանդիպման պահը: Փակագծված մի հատված կա պատմվածքում, որտեղ ‘պատանին’ ներկայացնում է այդ դեպքը.
«(Երբ գտար գրքոյկները առաջին անգամ – երկու տարի առաջ ըլլալու էր – թիթեղեայ տուփի մը մէջ խնամքով պահուած, կարծեցիր թէ գտար այն տղան որ թաքցուցած էր անոնք... չէիր գիտեր` երբ: Գուցէ երէկ, կամ ամիս մը առաջ, գուցէ` տարիներ առաջ: Երբ որ փոշոտ տուփը տուն բերիր եւ բացիր առաջին գրքոյկը, զգացիր, որ պիտի սպասէիր: Սպասումը մթնոլորտին մէջ խտացաւ, խտացաւ եւ ամբողջ սենեակը լեցուց: Երբեք այդքան խանդավառութիւն չէիր զգացած մէկէն)»: (81)
Այս հանդիպումը յուրօրինակ է: Նույն պատմվածքում հերոսի`Պետիկի ու կոմիքսային կերպարների խանդավառ հանդիպումն ավարտվում է նրա` քուրդ տղաների ձեռքից իր կոմիքսների տրցակը հետ խլել չկարողանալով: Բայց սա այն հակասականությունն է, որի միջակայքում է մարմնավորվում լուսանցքային այդ կերպարը, որին կոչեցինք ‘պատանի’: Սա շատ կարեւոր է ոչ միայն որովհետեւ այսպիսի միջարկումներով (երբ բացի հորիզոնական լարումներից, որտեղ անձը բախվելով իր իսկ սահմաններին ու հնարավորություններին իր անզորությունն է ապրում, այլ նաեւ նա ինքն իրեն կերտում է կարծես ուղղահայաց լարումի մեջ` ինքն իր հետ խոսելով) տեքստն այլ չափում է ձեռք բերում: Այլ կարեւոր է նաեւ, որովհետեւ այստեղ առարկայորեն ձեւավորվում է բազմամշակութայնության եւ գլոբալացման ժամանակաշրջանին բնորոշ մի նոր ինքնություն:
Դասական Սփյուռքում ինքնության կազմավորումը սերտորեն առնչված է Աղետին, կարծես թե ինքնությունը մանկության մեջ մանկություն չի ունեցել: Դասական հղումն իհարկե Անդրանիկ Ծառուկյանի Մանկութիւն չունեցող մարդիկն է: Այս հատորով գործ ունենք այլ իրողության հետ: Լրագրողուհու տված հարցին, թե ինչի մասին է գիրքը, Քրիստիանը պատասխանում է. «Շատ դժուար է. գուցե՞ մանկութեան, բայց աւելի ճիշդ` կորսուած մանկութեան, այսինքն` մանկութիւն դիտուած որոշակի տեղէ մը, երբոր արդէն կորսնցուցած ես այս մանկութիւնը, դիտուած ո՛չ մանուկի հայեացքով: Կամ կորսուած երազներու» (ընդգծ.` հեղ.):[***] Իրենց սկզբի մեջ «կորսուած [այս] պզտիկ տղաքն» ամեն դեպքում մանկության մեջ մանկություն ունեցող մարդիկ են:
Այս ամբողջի կոնտեքստում մնում է ուշադիր լինել նաեւ նրան, որ գիրքը լույս է տեսել Հայաստանում: Կարող էր իհարկե լույս տեսնել այլուր, հայկական Սփյուռքի ցանկացած գաղթօջախում, բայց Հայաստանն է այս դեպքում հանդես եկել այդ այլուրային վայրը: Իսկապես այլուրային, քանի որ այն որեւէ կերպ չկա գրքում: Այն գրքի համար արտաքին աշխարհ է եւ կապ ունի միայն այնքանով, որ տեղ է տվել նրան` լույս աշխարհ գալ: Չեմ կարծում, որ սա դուրս է գրքի հղացքից: Գիրքն ինքը առարկայացնում է ժամանակակից տեղազուրկ մարդու գոյության կերպը եւ ծնունդն է բազմամշակութայնության: Այս կոնտեքստում Հայաստանը ոչ հայրենիք, ոչ մշակութային ավանդություն հանդես գալ չի կարող: Նման հատորի համար, որտեղ անհատական փորձառությունը եւ դա ասող լեզուն առանցքային են, Հայաստանը կարող է հանդես գալ իբրեւ ուտոպիկ լեզվական մի միջավայր: Այլ է Սփյուռքի պարագան: Նա նստած է գրքի հյուսվածքներում:
Սոցիալական ցանցերում գրքի հրատարակությանը հաջորդած արձագանքները տարօրինակ մի իրադրություն էին պարզում: Եղած արձագանքներում դժվար տարբերակելի էր այն, թե ինչու է հատորը հմայել թե հայաստանցիներին, թե սփյուռքահայերին: Ինչո՞ւ էին արձագանքողներն այդքան ջերմորեն վերաբերվում հատորին` մեջբերված ցիտատներով հաստատելով իրենց մտերմությունը տեքստի հետ: Արեւմտահայերենն է արդյո՞ք, որ այդքան էկզոտիկ-հմայիչ է հայաստանցիների համար եւ այնքան շփոթեցնող արեւմտահայերենի մահն ընդունած սփյուռքահայերի համար: Պատահական չէ, որ եղած արձագանքները հիմնականում այս երկու ուղղությամբ էին: Արդյո՞ք գլոբալացած աշխարհում պատանեկան փորձառությունն իր հակասականության մեջ ճշգրտորեն ասող լեզուն չէ, որ մեզ` հայալեզու ընթերցողներիս, ստիպում է առերեսվել իրեն:
Բոլոր դեպքերում գրաֆիկական վեպի սկզբունքներով կառուցված այս հատորը ամբողջական լինելով հանդերձ մանրակերտն է կարծես հեղինակի` ֆիզիկական աշխարհագրությունը խախտող կամ չեղարկող ցանկությունների: Վերջինս գրքի թե ուժը, թե տկարությունն է միեւնույն ժամանակ: Եվ դրանով է, որ այս գիրքն ավելի շատ քնարական պատում է ստացվել, քան վիպային: Հեղինակի զուսպ աշխատելու, ինչպես նաեւ Սփյուռքահայ ավանդույթը խորքայնորեն տիրապետելու կարողություններն են թերեւս, որ այս դեպքում փրկել են հատորը ճապաղելուց: Հարցը, թե այս հատորում ուրվագծված ինքնությունը աշխարհագրական տարածությունն ու մարմնական փորձառությունը ինչպե՞ս պետք է յուրացնի ու վերակառուցի, բաց է մնում: Բաց է մնում նաեւ հարցը, թե ինչպե՞ս տեղի կունենա գրաֆիկական վեպի տարրալուծումը հաջորդող «հատոր(ներ)ում»: Չակերտում եմ հատորները, քանի որ ուշադրությունս գրավեց հեղինակի դիտարկումը, թե ինչու է այսքան ուշացել առաջին հատորը. «Պարզապէս շատ երկար շրջան չէի ուզեր գիրք տպել, որովհետեւ չէի հաւատար ընդհանրապէս գիրքի քոնսեփթին, գիրքի գաղափարին, կը կարծէի 21-րդ դարուն շատ հինցած բան մըն է գիրք տպելը»:[****] Գրքի կոնցեպտի հանդեպ այս վերապահությունն ինչ-որ կերպ արտահայտված է հատորում: Գրքի ալբոմ հիշեցնող չափերը, շապիկի մուգ շագանակագույն եւ գորշ երանգների անցումները, տեքստը նաեւ վիզուալ ընկալելու շեշտադրումները, որի շարունակությունն է շապիկին հայտնված պատանու երկկողմ նկարը, գալիս են դրանից, եւ մասն են կազմում գրքի «հնացած» կոնցեպտի: Տեքստի ընթերցումն սկսվում է շապիկին դրված պատանու` հայացքի մեջ սարսափ ու զարմանք պահած պատկերից, անցնելով վիզուալ առումով տարբերակված պատումներին, ավարտվելով շապիկի դարձերեսին հայտնված պատանու թիկունքից ներկայացող պատկերով, եւ ավարտվում, երբ գիրքը շրջում ես դիմերեսի կողմը: Վիզուալ լարումը, եղածը նաեւ աչքով ընկալելը ընթերցումի մասն են կազմում եւ կարեւոր մասն են: Բայց գիրքն ամբողջությամբ եւ ոչ միայն տեքստն իբրեւ արվեստի գործ ներկայացնելն ու ընկալելը` իբրեւ մեդիա, գուցե թե իսկապես հնանում է: Սա մարտահրավեր է, որին գիտակից է Քրիստիանը, եւ որին դիմակայելը ստեղծագործական արարք է ինքնին:
________________________
* Գրիգոր Պըլտեան, «Ես աքսորական հայ գրող մըն եմ», Գրանիշ, 21.04.2012, http://granish.org/armenian-deportee-writer/, այց` 02.03.2017:
|
| պատկերադարան |
|