|ակտուալ ա|
հրապարակված է 13.02.2017 | տիգրան պասկեւիչյան |
ինչպես նկարել մարդ
Քեզանից հետոյի մենությունը Սառե Դասթառան Անցած դարի 60-70-ականներին, երբ հայտնվեցին նկարիչներ, որոնք Այվազովսկու պես չէին նկարում եւ կամա թե ակամա հակադրվում էին սոցիալիստական ռեալիզմի գործիչներին, հանդիսատեսը շփոթվեց։ Տեսածն ընկալելու անունակությունը սեփական անգիտությանը չվերագրելու համար նա փորձում էր ինքնարդարացում գտնել եւ ասում՝ ով չի կարողանում մարդ նկարել, նկարում է աբստրակտ։ Մի օր էլ լուր տարածվեց (ճիշտ կամ սուտ), թե Մինասը, մեկի հետ գրազ գալով՝ մարդ է նկարել ու հանդիսատեսը մտածեց. «Եթե այդպես է, ուրեմն մի բան գիտի»։ Մարդ նկարելը դիտվում էր որպես աստվածային արարչագործության գաղտնիքին տիրապետելու շնորհ, իսկ գաղտնիքին տիրապետողը նույնացվում էր պլատոնյան Դեմիուրգի հետ։ Խնդիրը ոչ այնքան մարդ նկարելն էր, որքան նկարածը նախատիպին հարմարեցնելը։ Ըստ Պլատոնի Դեմիուրգը արարիչ չէր։ Նա երազող էր, երեւակայող, տարրերի ու մասնիկների հետ խաղացող երեխա։ Երեխա, որը քրտնած պատուհանի վրա մի պատկեր է գծում՝ չմտածելով կրոնով սահմանված հեղինակության մասին։ Իսկ ո՞վ չի նկարում մարդ։ Գնացեք ցանկացած պարապ-սարապ ժողովի կամ սեմինարի, եւ դրա ավարտից հետո սեղաններին կգտնեք բազմաթիվ թղթեր հարյուրավոր մարդկանցով։ Մտեք փոքր երեխաներ ունեցող ցանկացած մեկի տուն, եւ ճերմակ պատերին մարդկային բազմություններ կտեսնեք։ (Դրա համար են տունը վարձով տվողներն առաջին հերթին հարցնում՝ ընտանիքում փոքր երեխա կա՞։) Նայեք ցանկացած դասարանի կամ լսարանի սեղաններին եւ կհասկանաք՝ ինչ պետք է անել տիեզերքը կառուցանելու համար։ Մեր ենթագիտակցությունը մինիմալիստական է։ Գիտակցությունն է, որ ստիպում է երեւալ ավելին, քան կաս, լինել ինքնագերազանցված, թե իբր գիտե՞ք, հասկանո՞ւմ եք, ո՞նց բացատրեմ։ Մի ընկեր ունեի, որն ամեն անգամ սիրահարվելիս (սիրահարվում էր շատ հաճախ, որովհետեւ նախորդ անգամները ձախողվում էին) հայելու առաջ պարապում էր սեր խոստովանել։ Պարապում էր, որովհետեւ չէր վստահում իր ներսին, իր անձնական դեմիուրգ-երազող-երեւակայողին։ Որովհետեւ նրա կարծիքով սերը չափածո էր, իսկ խոստովանությունը՝ սրբազան արարողություն։ Նա չէր հավատում ունքի շարժումին։ (Ամեն անգամ ապշելու աստիճան զարմացած հարցնում էր, թե կինոյի (հիմա չեմ հիշում որ կինոյի մասին էր խոսքը) տղան ո՞նց էր ունքի շարժումով իրենով անում գեղեցկուհիներին։) Ընդունված է կարծել, որ մինիմալիզմը հեղինակի ստեղծագործական ինքնազսպումն է, եսի սահմանափակումը, բայց դա ընդամենը կարող է տերմինի բացատրություն լինել։ Մինիմալիզմը տիեզերքում քո զբաղեցրած տեղն է, քո տարր ու մասնիկ լինելը՝ աննշմար, ինչպես ոչինչ եւ բացառիկ, ինչպես Դեմիուրգի հատկապես փնտրածը։| Այս խոհի եւ դրա գրի առնելու պատճառը իմ լավ բարեկամ Էդիկ Պողոսյանի թարգմանած ու կազմած իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածուն է՝ «Սպասող մարդու օրագիր» վերնագրով, որում կարելի է գտնել եւ մարդուն, եւ մարդ նկարելու բազմաթիվ եղանակներ։
|
| պատկերադարան |
|