|ռեւիզոր|
հրապարակված է 20.12.2016 | վարդան ազատյան |
հանուն Ավդալբեգյանի՝ նրա դեմ․ Մարքսի հայերեն մի թարգմանության վերահրատարակության առիթով
Թադեւոս Ավդալբեգյանն ինքը վճռապես մերժել է տպագիր այդ տարբերակն իր հեղինակային թարգմանության տեղ դնելը: Իսկ այժմ այն մեզ հրապարակայնորեն հրամցվում է որպես Ավդալբեգյանի հեղինակային թարգմանություն:

 



Երբ 2011-ին այս սյունակը բացվեց, սյունակի «Խմբագրականի փոխարեն» տեքստն այլ բան չէր, քան բանասեր, տնտեսագետ եւ թարգմանիչ Թադեւոս Ավդալբեգյանի (1885-1937) «Առաջին գաղափարական ավազակը հայոց մեջ» փոքրիկ գրությունը: Այն իբրեւ իր բնաբան ուներ Գուրգեն Մահարու՝ 1937-ին վերաբերող հետեւյալ պատումը․ «Երբ Կապիտալի առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով: - Ի՞նչ եք անում, տղաներ, ինչու՞ հեռու չեք նայում, ախր, պատմություն կա, պատասխանատվություն կա... - Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին եւ ասել: - Քանի մենք կանք, պատմություն չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի»: Այս ազնիվ դասախոսն ինքը՝ Ավդալբեգյանն էր, իսկ «պատմության ապոլոգիայի» անշնորհակալ գործը բաժին է հասել ինձ, քանզի Ավդալբեգյանի՝ այս իրադրության մեջ հայտնվելու եւ հետագայում գնդակահարվելու մեջ իր դերն է կատարել գրությանս խնդրո առարկան:


Թադևոս Ավդալբեգյանը (ձախից) Կարլ Մարքսի Կապիտալը թարգմանելիս որդու՝ Մարտիկ Ավդալբեգյանի հետ

Օրերս «Քաղաքական դիսկուրս» հարթակն առցանց վերահրատարակեց Կարլ Մարքսի Քաղաքատնտեսության քննադատության շուրջը աշխատության «Ներածությունը»՝ հայերեն թարգմանությամբ: Միաժամանակ այդ թարգմանությունը դրված է հանրային քննարկման քաղաքատնտեսական քննարկումների շարքում, որը կազմակերպում է նույն «Քաղաքական դիսկուրսը» Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Թարգմանության հրատարակության փոքրիկ նախաբանն ասում է, որ «Ընթերցողի դատին հանձնվողը Թադեւոս Ավդալբեգյանի թարգմանությունն է, որը տպագրվել է 1932-ին «Կուսհրատի» կողմից»: Տեքստին կից երկրորդ ծանոթագրությունից տեղեկանում ենք․ չնչին տեխնիկական բացառությունները չհաշված՝ «Մնացած բոլոր առումներով խստորեն հետեւել ենք տպագիր տարբերակին»: Ավդալբեգյանի տպագիր թարգմանությունը, փաստորեն, ընդունվել է որպես բնագիր եւ այն վերահրատարակված է իբրեւ Ավդալբեգյանի հեղինակային թարգմանություն:

Թադեւոս Ավդալբեգյանն ինքը վճռապես մերժել է տպագիր այդ տարբերակն իր հեղինակային թարգմանության տեղ դնելը: Իսկ այժմ այն մեզ հրապարակայնորեն հրամցվում է որպես Ավդալբեգյանի հեղինակային թարգմանություն: Ենթադրելով, որ հրատարակողներն Ավդալբեգյանի այս դիրքորոշմանն անտեղյակ են կա՛մ պարզ անուշադրության, կա՛մ բնագրագիտական աշխատանք կատարելու հարցում բավարար հմտություն չդրսեւորելու հետեւանքով, պարտքս համարեցի գրավոր բաց նամակով նրանց ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Նամակը տեղադրված է վերոհիշյալ հանրային քննարկման ֆեյսբուքյան «իվենթի» էջում: Նամակում ներկայացրել եմ Ավդալբեգյանի՝ իր թարգմանության տպագիր այդ տարբերակը մերժելու դրդապատճառներն ու համատեքստը: Կարճ՝ ժամանակին տպագիր այդ թարգմանությունը, առանց Ավդալբեգյանի գիտության, դիտավորյալ խմբագրվել է այնպես, որ Ավդալբեգյանը ներկայանա Մարքսի միտքն աղավաղող դասակարգային թշնամի: Ստալինյան այս նենգագործության հեղինակը գրքի խմբագիրն էր՝ Սարգիս Կասյանը, ով, իր հերթին, հոգ էր տարել ձերբազատվելու Ավդալբեգյանի թարգմանության միակ ինքնագիր տարբերակից: Այս նենգագործությունն իր դերն է կատարել 1937 թվականին Ավդալբեգյանին գնդակահարելու գործում: Առաջարկս էր, ուրեմն, կատարել նոր թարգմանություն, քանի որ սկզբունքորեն անընդնունելի է հեղինակի անունով հրապարակել մի տեքստ, որը հեղինակն ինքը չի ընդունում որպես իր հեղինակային տեքստ, եւ որը նույն այդ հեղինակի համար ունեցել է այդպիսի ճակատագրական հետեւանք:

Ո՞րն էր նամակիս պատասխանը: Նախաձեռնողներից Վահրամ Սողոմոնյանը հրապարակայնորեն հավաստիացնում է, որ իրենք չեն մոռացել իմ՝ այս կապակցությամբ ավելի վաղ արված նախազգուշացումները:[1]  Իսկ գլխավոր նախազգուշացումս բառացի հետեւյալն էր․ այդ թարգմանությունը, ըստ Ավդալբեգյանի, Կասյանի խմբագրությամբ ապականված տարբերակն է (անձնական գրառում Վահրամ Սողոմոնյանին, հունիսի 18, 2016 թ․): Ուրեմն ինչո՞ւ է Վահրամն իր պատասխանում նշում խնդիրների մասին, որոնք «կարող էին ի հայտ գալ» ժամանակին Կասյանի՝ տեքստի «հնարավոր» խմբագրման արդյունքում: Ինչո՞ւ «կարող էին», ինչո՞ւ «հնարավոր», երբ զգուշացումս հստակորեն ասում էր, որ Ավդալբեգյանի համոզմամբ իր տեքստն ապականված է Կասյանի խմբագրությամբ: Թեկուզ եթե մեծ հավատ չի ընծայվել ասածիս, ապա սեփական գործի հանդեպ հրատարակողների պարտքն էր՝ ինքնուրույն պարզել ասածիս հավաստիությունը: Հրապարակված տեքստը նման աշխատանքի նշույլ իսկ չի մատնում:

Վահրամը նաեւ հավաստիացնում է, որ տեքստի վրա աշխատանքները ընթացքի մեջ են, որ գերմաներեն բնագրի հետ համեմատելիս՝ չեն գտնվել էական շեղումներ, եւ որ «ստալինյան նենգափոխումների վերարտադրություն թույլ չտալու լավագույն եղանակը առարկայական աշխատանքն է տեքստի եւ գերմաներեն բնագրի հետ»: Մի կողմ թողնելով այն, որ հրապարակված տեքստին կից ո՛չ նախաբանում, ո՛չ ծանոթագրություններում, ոչ էլ քննարկման մասին ֆեյսբուքյան հայտարարության մեջ ակնարկ իսկ չկա տեքստի՝ ընթացիկ լինելու մասին, գանք տեքստի վրա այդ ընթացիկ աշխատանքի բնույթին: Ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը: Տպագիր այդ տեքստը համեմատել գերմաներեն բնագրի հե՞տ, դրանով ապահովել հայերեն տեքստի թարգմանական որա՞կը․ սա՞ է ընթացիկ աշխատնաքը: Վահրամի նամակից դատելով՝ այո՛: Իսկ ո՞րն է խնդիրը, եթե որակն իսկապես ապահովվի: Վահրամ Սողոմոնյանը կամ ցանկացած այլ անձ որքան կցանկանա թող համեմատի այդ տեքստը գերմաներեն բնագրի հետ, թող գտնի աղաղակող անհամապատասխանություններ կամ բնագրին լիարժեք հավատարմության օրինակներ: Խնդիրն այլ է: Թարգմանության հեղինակն ի՛նքը չի ընդունում, որ դա իր հեղինակային թարգմանությունն է, ուստի այդ տպագիր տեքստի՝ որպես հեղինակային բնագրի հետ ցանկացած աշխատանք, որը կփորձի տեքստը «առարկայականորեն» շտկել ըստ գերմաներեն բնագրի, արդեն իսկ զանց է առնում Ավդալբեգյանի դիրքորոշումն իր թարգմանության հարցում: Այս ընթացիկ աշխատանքում «որոշողը» դառնում է այդ համեմատական աշխատանքը կատարողը: Քանզի համեմատողի դատողությունից զատ գոյություն չունի որակի այլ չափանիշ․ Ավդալբեգյանը կտրականապես դեմ է, որ իր անունը լինի այդ թարգմանության տակ, իսկ վերջինիս ինքնագիր ձեռագիրը կորսված է: «Ներածության» Ավդալբեգյանի թարգմանության տպագիր բնագիր գոյութուն չունի: Առկա տպագիր տեքստի եւ գերմաներեն բնագրի հետ առարկայական աշխատանքի մասին հնարավոր կլիներ խոսել միմիայն այն դեպքում, եթե պահպանված լիներ Ավդալբեգյանի ձեռագիր բնօրինակը եւ այն լիներ հրատարակողների ձեռքին: Հակառակ դեպքում Ավդալբեգյանի՝ արդեն իսկ խմբագրված տեքստը եւս մեկ անգամ խմբագրվում է կամ համալրվում խմբագրական ծանոթագրություններով եւ եւս մեկ անգամ հրատարակվում նրա անվան տակ՝ փաստացի երկրորդելով Կասյանի արածը: Ի՞նչ է նշանակում, ուստի, նման աշխատանքը համարել «ստալինյան նենգափոխումների վերարտադրություն թույլ չտալու լավագույն եղանակը»[2]:

Ներկայումս, ուստի, այս խնդիրն ունի մեկ լուծում, որին ակնհայտորեն չեն ուզում գնալ նախաձեռնողները: Ընդունել, որ տեղի է ունեցել սխալմունք․ որպես Ավդալբեգյանի հեղինակային թարգմանություն հրապարակայնորեն հրամցվում է մի տեքստ, որը նա չի ընդունել որպես այդպիսին: Իմանալով այս մասին, պետք էր հնարավորինս շուտ հանել այդ տեքստը հրապարակային շրջանառությունից, չեղյալ հայտարարել հանրային քննարկումը, թարգմանել նոր հայերեն տեքստ, հրապարակել ու քննարկել դա: Քննարկել էր պետք նաեւ հենց այդ սխալմունքի հնարավորության պայմանները, եթե իսկապես ցանկանում ենք գոնե ինչ-որ կերպ թույլ չտալ ստալինյան ոտնձգությունների ու նենգափոխումների վերարտադրություն: Սրա փոխարեն, նախաձեռնողները ձգտում են համոզել, որ ճիշտ են վարվել եւ չեն շեղվելու իրենց ուղուց․ նրանք այդ վճռականությունը պարուրում են հանրային քննարկման առաջ իրենց բացությամբ, այնինչ՝ արդեն իսկ ոտնահարել են թարգմանության հեղինակին, ում անունը հենց փորձում են շրջանառել, էթիկական տեսակետից արհամարհել են այդ տեքստի՝ նույն հեղինակի գնդակահարության մեջ խաղացած դերի արժեքը եւ ընթերցողին դրել հիմար վիճակում, քանզի արվածի արդյունքում վերջինս հրապարակված տեքստը բնականաբար պետք է ընդուներ որպես Ավդալբեգյանի հեղինակային թարգմանություն եւ ակամա մասնակիցը դառնար նույն ոտնահարման ու արհամարհման:

Ներքեւում դնում եմ վերոհիշյալ բաց նամակը, որպեսզի ընթերցողն ինքը հնարավորություն ունենա ծանոթանալու եղածին եւ խորհելու այդ մասին:
 

                                                                        Վարդան Ազատյան



________________________
[1] Պատասխանն ամբողջությամբ․ «Սիրելի Վարդան, շնորհակալություն շատ կարեւոր արձագանքի համար։ Իհարկե, մենք չենք մոռացել այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք եւ որոնք կարող էին ի հայտ գալ ժամանակին տեքստի հնարավոր խմբագրման (Կասյանի կողմից) արդյունքում։ Նշեմ, որ նյութի վրա աշխատանքը դեռ շարունակվում է, սակայն մինչ այս պահը մեր կողմից գերմաներեն բնագրի հետ կատարված համեմատության արդյունքում գոնե ներածության մասով անհամապատասխանություններ (բովանդակային եւ եզրաբանական) չեն հայտնաբերվել (բացառությամբ եզրույթների, որոնք խորթ են հնչում ժամանակակից հայերենի տեսանկյունից)։ Այդուհանդերձ կարեւոր եմ համարում, որ այդ եւ մյուս հարցերը խնդրականացվեն հանրային քննարկման միջոցով, այդ թվում նաեւ չորեքշաբթի օրը կայանալիք քննարկման ընթացքում։ Հետագա աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե Ավդալբեգյանի նշած աղավաղումները ինչ չափով են ազդել ամբողջ գրքի վրա։ Հաշվի առնելով Ավդալբեգյանի թարգմանությունների նկատմամբ եղած ստալինյան ոտնձգությունների մասին առկա փաստական նյութը (որին հղում ես կատարում նաեւ դու)՝ կարծում եմ, որ ստալինյան նենգափոխումների վերարտադրություն թույլ չտալու լավագույն եղանակը առարկայական աշխատանքն է տեքստի եւ գերմաներեն բնագրի հետ։ Հարգանքով՝ Վահրամ»: Տե՛ս https://www.facebook.com/events/1617716508534753/permalink/1620957054877365/ - այց՝ 20․12․16:

[2] Վերջ ի վերջո, ինձ կարող են հակադարձել, թե տեքստի հրապարակման բուն նպատակը ոչ այնքան Ավդալբեգյանի թարգմանական ավանդույթը վեր հանելն էր, որքան Մարքս քննարկելը: Կրկին․ այդ չէր կարելի անել Ավդալբեգյանի կողմից մերժված, բայց իր անվան տակ հրատարակված տեքստի միջոցով: Չէ՞ որ հրատարակողներին հասանելի էր ավելի ուշ լույս տեսած Մարքսի նույն տեքստի հայերեն մի անանուն թարգմանություն եւս, որի հղումը, Ավդալբեգյանի թարգմանության կապակցությամբ արված նախազուշացմանս հետ, ժամանակին ուղարկել եմ Վահրամին: Ավելի լավ էր օգտագործել այդ անանուն հրատարակությունը, քան հրապարակված տեքստի հետ եւս մեկ անգամ շրջանառել Ավդալբեգյանի անունը:
 

 



Իվենթի նախաձեռնողներին եւ մասնակիցներին․

Նախ խոստովանեմ՝ այս նամակը գրում եմ ծանր սրտով, էլ չասած, որ ո՛չ դրա ձեւաչափը, ո՛չ շրջանառման եղանակը սրտովս չեն, ավելին՝ խորթ են ինձ: Բայց ստիպված եղա գրել այն, քանի որ պարտքս համարեցի հետաքրքրվածների լսարանին հասու դարձնել Մարքսի Քաղաքատնտեսության քննադատության շուրջը գրքի «Ներածության» diskurs.am կայքում հրապարակված հայերեն թարգմանության հետ կապված մի խնդրի, որի մասին կարծում եմ պետք է իմանա տեքստի ընթերցողն ու դրա հանրային քննարկմանը մասնակցել ցանկացողը: Կայքում հրատարակված թարգմանությանը կից փոքրիկ նախաբանը, ծանոթագրությունները, ինչպես նաեւ այս իվենթում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն չեն տալիս հասու լինել այդ խնդրին, որի լրջությունը, իրականում, խնդրական է դարձնում տեքստի հրապարակումը: Այնպես որ, այս նամակը գրելու կարիք չէր լինի, եթե խնդրո առարկա չլիներ արդեն իսկ հրապարակված եւ հանրային քննարկման դրված տեքստը:
Մարքսի Քաղաքատնտեսության քննադատության շուրջը գրքի «Ներածության» հայերեն թարգմանության վերահրատարակության եւ այդ կապակցությամբ կազմակերպվող այս հանրային քննարկման մեջ դրսեւորվում է ինձ համար չափազանց ուրախալի մի ցանկություն՝ հայ լսարանին վերստին հաղորդակից դարձնել Մարքսի մտքին եւ վերջինիս անգերազանց հայ թարգմանչի՝ Թադեւոս Ավդալբեգյանի անվանը: Եվ այս գովելի նախաձեռնության պատասխանատուները, դատելով իվենթում զետեղված տեղեկատվությունից եւ հրապարակված տեքստին կից ծանոթագրություններից, Վահրամ Սողոմոնյանն ու Դավիթ Ստեփանյանն են:

Սիրելի Վահրամ եւ Դավիթ, շատ առիթներ ենք ունեցել միասին զրուցելու Մարքսի եւ Ավդալբեգյանի գործունեության շուրջ: Ինքներդ ներկա եք եղել 2015 թվականի գարնանը «Սոցիոսկոպ» կենտրոնի կազմակերպած իմ բանախոսությունների մի շարքին, որն էապես վերաբերում էր այս երկու հեղինակների մտքին ու գործունեությանը: Անտեղյակ չեք նաեւ, որ ինքս՝ Մարքսին ծանոթանալու ցանկությանն ընդառաջ, որպես կանոն, երաշխավորել եմ հենց «Ներածությունը», իսկ եթե այդ ցանկությունն արտահայտողը պետք է կարդար այն հայերեն, ապա խորհուրդ եմ տվել Ավդալբեգյանի՝ ձեր իսկ հրապարակած թարգմանությունը: Այնպես որ, ինձ համար հատկապես ուրախալի է, որ Մարքսի մտքի հետ առաջին ծանոթության հարցում համակարծիք ենք: Ավելին, ինքս երբեմն օգտվում եմ այդ թարգմանությունից մեջբերումների եւ հղումների համար: Վերջերս իմ ընդհանուր խմբագրությամբ լույս տեսած Աշոտ Հովհաննիսյանի Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը գրքում (Երեւան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016) կարելի է գտնել նման երկու դեպք: Ուշիմ ընթերցողը, այդուհանդերձ, կնկատի, որ դրանք կա՛մ ընդհանրապես չեն վերաբերում Մարքսի այդ տեքստի խնդրո առարկային՝ քաղաքատնտեսության քննադատությանը (էջ 649), կա՛մ վերաբերում են մասնավոր մի պարագայի՝ կոնկրետ եզրերի գործածությանը (էջ 537 ծնթ․ b68): Եվ նույնիսկ այս դեպքում անպայման տրվել են գերմաներեն եզրերը: Ավելին, ինքս չեմ օգտվել այդ թարգմանության մեջ հայերեն նույն եզրերից (էջ 98-99): Ինչո՞ւ այսպիսի զգուշավորություն՝ նույնիսկ երբ խոսքն ընդամենը մեջբերման եւ հղման մասին է: Պատճառը այդ թարգմանության խնդրական լինելն է:

Չեմ կասկածում՝ գիտեք, որ հայերեն մարքսյան մտքի ավդալբեգյանական ավանդույթը, ինչն ամենաբարի եւ ողջունելի ցանկություններով ջանում եք կենսակոչել, մեզ հասել է ջնջումների, կեղծումների եւ վերախմբագրումների մի բարդ ու զորեղ թնջուկի միջով, որը մեր համեմատ արտաքին ուժ չէ, այլ մենք ենք այդ ուժի կենվորն ու մարմնառությունը, ուրեմն, կամա թե ակամա, մասնակիցը: Ահա այս թնջուկի մի խտացվածք է 1930-ականներին լույս տեսած Մարքսի Քաղաքատնտեսության քննադատության շուրջը գրքի հայերեն թարգմանությունը (Երեւան: Կուսհրատ, 1932), որտեղ էլ ներառված է ձեր վերահրատարակած «Ներածությունը»: Գրքի տիտղոսաթերթն ասում է, որ տեքստը գերմաներենից թարգմանել է Թադեւոս Ավդալբեգյանը, խմբագրել՝ Սարգիս Կասյանը: Տիտղոսաթերթի այս գրությունը չի խաբում, բայց բնականաբար չի բացահայտում նաեւ ասվածի մեջ ամփոփված թնջուկը:

Նախ, արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս այս երկու մարդկանց անունների կողք-կողքի հայտնվելը, նրանց՝ մի գործի շուրջ համագործակցությունը: Ավդալբեգյանը մինչեւ 1921 թվականը եղել է գործուն փոքրամասնական (մենշեւիկ), սակայն հետագայում էլ չի հրաժարվել Գեորգի Պլեխանովի գաղափարական հետեւորդը լինելուց եւ խորհրդային շրջանում ջանացել է հատուկ ընդգծել Պլեխանովի եւ Վլադիմիր Լենինի դիրքորոշումների հատման կետերը: Ավդալբեգյանը 1921-ից չի զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ՝ «կուլտուր-կրթական», ինչը, սակայն, նրան չի ապահովագրել քաղաքական հետապնդման թիրախ դառնալուց: 1924 թվականին Խորհրդային Հայաստանի ներքին գործերի օրգանները՝ ի դեմս Խաչիկ Մուղդուսու, Ավդալբեգյանին մեղադրում են փոքրամասնականության մեջ, բայց Ավդալբեգյանը արդարացվում է․ Մուղդուսու աստեղային ժամը գալու էր 1937-ին: Կասյանը, իր հերթին, հայ մեծամասնականների (բոլշեւիկ) արմատական թեւի վառ ու հեղինակավոր մի ներկայացուցիչ էր, որ ժամանակին եղել էր հնչակյան: Նա 1920 թվականի Հեղկոմի «վեցյակի» գլխավորն էր, որին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման սկզբնաշրջանում փոխարինելու եկավ տեղական կարիքների հանդեպ շատ ավելի զգայուն Ալեքսանդր Մյասնիկյանը: Այս շրջանում Մոսկվայից տեղափոխվելով Թիֆլիս՝ Կասյանը ներգրավված էր Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորման գործընթացների մեջ: Բայց այդ ընթացքում նա զբաղված էր նաեւ կրթական, հրատարակչական, խմբագրական աշխատանքով: Կասյանն իր ակտիվ մասնակցությունն էր բերում հայերենով Մարքս եւ մարքսյան գրականություն թարգմանելու գործին: Նա տիրապետում էր գերմաներենի․ սովորել էր Գերմանիայում: Ավդալբեգյանը ճեմարանական էր, թեեւ բազմալեզու, բայց լեզուների սերտման հարցում, մեծ հաշվով, ինքնուս: Այնպես որ, ստալինյան առաջին հնգամյակի վերջում, երբ վերադասավորվում էին կուսակցական առաջնայնությունները, թափ էին առնում Մարքսին եւ Էնգելսին հավատարիմ մնալու հրամայականները, քաղաքական ղեկավար գործունեությունից որոշակիորեն հեռացած մեծամասնականի համար, որպիսին Կասյանն էր, «կուլտուր-կրթական» ոլորտը նաեւ քաղաքական հաշվեհարդարի ասպարեզ էր ընդդեմ գաղափարական փոքրամասնականի, որպիսին Ավդալբեգյանն էր:

Արա Մարկոսյանի Թադեւոս Ավդալբեգյան․ էջեր կյանքի եւ գործի (Երեւան: ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, 2006) գրքում հրապարակված վավերագրերից տեղեկանում ենք, որ Ավդալբեգյանը Քաղաքատնտեսության քննադատության շուրջը գիրքը թարգմանել է դեռեւս 1924-25 թթ․: 1924 թվականի գարնանը Կարլ Մարքսի եւ Ֆրիդրիխ Էնգելսի գործերի հրատարակության խմբագրությունը նրան առաջարկում է թարգմանել Քաղաքատնտեսության քննադատության շուրջը աշխատությունը եւ դրան կցված «Ներածությունը»: Առաջարկ նամակը Թիֆլիսից գրել էր խմբագրության քարտուղար Գուրգեն Մելոյանը (էջ 175): Մելոյանը միաժամանակ Կասյանի քարտուղարն էր (էջ 101): Պատվիրատուն, փաստորեն, ինքը՝ Կասյանն էր: 1925 թվականից ի վեր, երբ թարգմանության ձեռագիրը հասնում է Մելոյանին, Ավդալբեգյանն այլեւս լուր չի ունենում իր ձեռագրի ճակատագրի եւ դրա հրատարակության մասին մինչեւ 1933 թվականը, երբ Ավդալբեգյանի համար միանգամայն անակնկալ տպագրվում է Քաղաքատնտեսության քննադատության շուրջը գիրքը (գրքի տիտղոսաթերթին զետեղված 1932 թվականը, իրականում, արտադրության հանձնման թվականն է): Ավդալբեգյանը գրում է․ «Մանրամասնորեն ծանոթանալով այս հրատարակության հետ՝ ես տեսա, որ թարգմանությունս Կասյանի անորակ խմբագրման հետեւանքով աղճատվել է եւ այլանդակվել» (ըստ՝ էջ 180): Ավդալբեգյանը, եղելությունը որակելով «սկանդալ», գրում է․
 

Լեզվական արտառոց նորամուծություններն ու քմածին հիմնավորումները, տերմինաբանական անընդմիջվող հակասություններն ու անծայրածիր քաոսը եւ, որ գլխավորն է, Մարքսի տեքստը հիմնովին խեղաթյուրող թեորիական աներեւակայելի անհեթեթությունները հիշյալ գործը դարձնում են ոչ միայն ծիծաղելի, շփոթեցնող, այլեւ աներկբա մոլորումների մի անսպառ աղբյուր (ըստ՝ էջ 180):
 

Ավդալբեգյանը Աղասի Խանջյանին առաջարկում եւ խնդրում է, որ գումարվի մասնագետների մի հանձնաժողով, որի առջեւ ինքը մանրամասնորեն կներկայացնի հրատարակության թերությունները: Նրա դիմումները, սակայն, մնում են անպատասխան․ հանձնաժողովը չի գումարվում: Պահպանվել է հիշյալ զեկուցման նրա թեզիսների տեքստը, որի եզրակացության մեջ ասվում է․ «…գրքի հայերեն հրատարակությունը յուր առաջաբանով, տերմինաբանությամբ եւ թեորիական մակարդակով միանգամայն անբավարար է մարքսիզմի կլասիկների երկերի հրատարակության այժմյան պահանջների ու արդի հնարավորությունների տեսակետից» (ըստ՝ էջ 183): Թարգմանության Ավդալբեգյանի միակ ձեռագիրը Կասյանն այդպես էլ չի վերադարձնում, փոխարենը նա Ավդալբեգյանին ուղարկում է վերջինիս ձեռագրից «արտագրված եւ փոփոխված մի ուրիշ ձեռագիր», որն էլ, ըստ Ավդալբեգյանի, հիմք է հանդիսացել գրքում տեղ գտած թարգմանության համար (ըստ՝ էջ 184): Ձեռագիրն այս պատկանում է Մելոյանի գրչին (էջ 184, ծնթ․ 5, նաեւ էջ 103): Փաստորեն ստացվում է այնպես, որ Կասյանը ցանկացել է իբրեւ Ավդալբեգյանի ինքնագիր թարգմանություն ներկայացնել փոփոխված այն տարբերակը, որն արդեն համընկնում է տպագիր տեքստի հետ: Սա հղի էր քաղաքական լուրջ հետեւանքներով:

Մոսկվայում հրատարակվող Литература национальностей СССР ամսագրի 1934 թվականի առաջին համարում հրապարակվում է հայերեն այս թարգմանության ռուսերեն գրախոսականը: Գրախոսականի հեղինակը Հովսեփ Կուսիկյանն էր, որը ժամանակին արժանացել էր Ավդալբեգյանի հրապարակային քննադատությանը (տե՛ս էջ 186-ի տողատակի ծանոթագրությունը): Կուսիկյանն Ավդալբեգյանին մեղադրում է Իսաակ Ռուբինի՝ «կոպիտ այլասերումներով» հայտնի ռուսերեն թարգմանությունից օգտվելու մեջ, ինչը խմբագիրը «չի նկատել» (ըստ՝ էջ 185): Այս կապակցությամբ Правда-ի խմբագրությանն ուղղված իր նամակում Ավդալբեգյանը հատուկ մատնանշում է, որ ինքը ոչ մի կերպ չէր կարող օգտված լինել Ռուբինի թարգմանությունից, քանի որ վերջինս լույս է տեսել 1929-ին, իսկ իր թարգմանությունը 1925-ին արդեն ուղարկված էր Կասյանին (էջ 185): Բայց Ավդալբեգյանը ցույց է տալիս նաեւ, որ Կասյանն ինքը, թաքցնելով հանդերձ Ռուբինի անունը, գրում է, որ օգտվել է վերջինիս թարգմանությունից՝ իր տեքստը խմբագրելիս (էջ 185-186): Կասյանը սա անում է գրքի համար գրված իր առաջաբանում, որը հնարավոր է գտնել միայն ընդհանուր 10000 օրինակով հրատարակված գրքի 4000 օրինակի մեջ․ գրքի առաջին 6000 օրինակը չունի Կասյանի առաջաբանը: Այս, Ավդալբեգյանի բառերով, «կուրիոզը» վկայում է, որ Կասյանի պլաններն ամենեւին հարթ չեն ընթացել, եւ նա կարիք է զգացել գիրքն անմիջապես համալրել իրեն ապահովագրող եւ Ավդալբեգյանին պարսավող առաջաբանով (էջ 183):

Մոսկովյան ամսագիրն իր առաջնորդողում տալիս է եղելության գնահատականը՝ «թարգմանիչը խմբագրի ազատ թողտվությամբ կատարելապես կեղծել է Մարքսի մտքերը», եւ եզրակացնում, որ գիրքը «Մարքսիզմ-լենինիզմի դասականների ստեղծագործությունների հանրամատչելիացման ճակատում դասակարգային թշնամու առաջխաղացման օրինակ է» (ըստ՝ էջ 185): Եթե Կուսիկյանն ակնհայտորեն ցանկանում էր «խնայել» Կասյանին եւ եղելության հիմնական պատասխանատվությունը դնել Ավդալբեգյանի ուսերին, ապա ամսագրի քաղաքական գնահատականի լիարժեք թիրախ է դառնում նաեւ ինքը՝ Կասյանը:

Կասյանն Ավդալբեգյանի թարգմանությունը, այսպիսով, դարձրեց Ավդալբեգյանին քաղաքականապես ոնչնչացնելու մի առիթ, բայց ինչ-ինչ պատճառներով չգտնվեց այնքան հեռատես, որ իր արածը շուռ չգար իր իսկ դեմ: Տպագիր այս թարգմանությունը, փաստորեն, Ավդալբեգյանի դեմ «թխված» թարգմանական մի գործ է, ինչի հիման վրա Ավդալբեգյանին գործնականում մեղադրեցին փոքրամասնական դավադրության մեջ եւ հայտարարեցին դասակարգային թշնամի․ սա էր նրա անունը Ռուբինի հետ կապելու քաղաքական նպատակը: Այս դրվագն իր դերը խաղաց Ավդալբեգյանին բռնադատելու եւ գնդակահարելու գործում: Նույն այս դրվագն անդրադարձավ նաեւ «թույլատու» խմբագրի վրա: 1937 թվականը եղերական էր ինչպես Ավդալբեգյանի, այնպես էլ Կասյանի համար:

Սիրելի Վահրամ եւ Դավիթ, կարծում եմ խելամիտ է մտածել, որ Ավդալբեգյանի այս թարգմանությունը հրապարակելու պատեհության հարցը անպայման կկանգներ վերը շարադրված հանգամանքներին ծանոթ լինելու դեպքում: Բայց տեքստի վերահրատարակությունը, այն էլ առանց որեւէ ակնարկի հրապարակված տեքստի խնդրական լինելու մասին, վկայում է, որ թերեւս տեղյակ չեք եղել խնդրից: Բայց, ի սեր ճշմարտության, պետք է նշեմ, որ դեռեւս այս տարվա հունիսին, երբ Վահրամը դիմեց ինձ, որպեսզի օգնեմ գտնել Քաղաքատնտեսության քննադատության շուրջը աշխատությունը հայերենով, ես, ուղարկելով նաեւ Ավդալբեգյանի թարգմանության հղումը, պարտքս համարեցի հատուկ գրել հետեւյալը․ «Իսկ սա Ավդալբեգյանի թարգմանությամբ եւ, ըստ նույն Ավդալբեգյանի, Կասյանի խմբագրությամբ ապականված տարբերակն է»: Եթե նույնիսկ այս գրառումը ժամանակին վրիպել է Վահրամի ուշադրությունից, բնագրային տեքստ հրապարակելու գործն իսկ ենթադրում է, որ պետք է թեկուզ ոչ շատ խորը հետազոտություն անել այդ նյութի մասին, պարզել վերջինիս գրության հանգամանքները, ծանոթանալ նյութի հետ կապված առկա գրականության հետ: Չէ՞ որ ինքներդ անկասկած քաջատեղյակ եք, թե ի՜նչ խնդրահարույց ավանդույթի հետ գործ ունենք: Նման մի նախնական հետազոտության արդյունքում հեշտությամբ հնարավոր կլիներ թե՛ գրախանութներում, թե՛ գրադարաններում գտնել Ավդալբեգյանի ու նրա ժառանգների մասին վերջին տարիներին կատարած Արա Մարկոսյանի աշխատանքի պտուղները, մասնավորապես՝ վերը հիշատակված գիրքը, որից էլ, ինչպես ակնհայտ է, քաղել եմ այդ թարգմանության հանգամանքների մասին տեղեկատվությունը: Ի սեր ճշմարտության պետք է նշեմ նաեւ, որ «Սոցիոսկոպ» կենտրոնի վերոհիշյալ բանախոսությունների ընթացքում ինքս շեշտել եմ, որ Ավդալբեգյանն ու Կասյանը եղել են բարդ հարաբերությունների մեջ, եւ որ Ավդալբեգյանի ժառանգության վերագնահատմամբ այժմ զբաղվում է իր բարեկամը: Մի խոսքով, դուք ունեիք բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի կանխեիք ստալինյան նենգագործության այդ պտուղի հրապարակային վերարտադրումը:

Այժմ որքանո՞վ է այս թարգմանությունը պիտանի Մարքսի մտքի հետ հայերենով ծանոթանալու համար, եթե Ավդալբեգյանի իսկ բառերով այն «հիմնովին խեղաթյուրել» է Մարքսի տեքստը: Դառը ճշմարտությունն այն է, որ հայերենո՛վ փիլիսոփայական գրականությանը ծանոթանալու մեր՝ պարզապես ողբալի հնարավորությունների պարագայում, Ավդալբեգյանի այս ապականված թարգմանությունը շարունակում է մնալ Մարքսի Քաղաքատնտեսության քննադատության շուրջը աշխատության հայերեն լավագույն տարբերակը՝ իր ողջ խեղաթյուրումներով հանդերձ: Այս թարգմանությունը ռուսերեն մի թարգմանության հերթական հայերեն կրկնօրինակը չէ, կրկնօրինակներ, որպիսիք լիուլի հրատարակում էին Խորհրդային Հայաստանում․ աղավաղված, բայց հիմքով այն արված է բնագրից եւ բազմաթիվ հարցերում անհամեմատ շահեկան է ռուսերեն համապատասխան թարգմանությունների հետագա հայերեն պատճեններից: Միաժամանակ այդ տեքստը Ավդալբեգյանի՛ թարգմանության աղավաղումն է, եւ որքան էլ ապականված, միեւնույն է, այստեղ աներկբայորեն երեւում է հմուտ, գրագետ եւ Մարքսի մտքի հետ աշխատելու մեծ փորձ ունեցող թարգմանչի ձեռագիրը: Ավդալբեգյանի եւ, ինչու չէ, հենց նույն Կասյանի գրագիտության ծավալը անհամեմատելի է հետագայում ռուսերենից հայերեն Մարքս թարգմանողների պատրաստվածության հետ: Պատահական չէ, որ ռուսերենից արված բազմաթիվ հետագա թարգմանություններ մեծապես օգտվել են նույն Ավդալբեգյանի թարգմանություններից:

Իրականում Ավդալբեգյանի այս թարգմանությունը միակ դեպքը չէ: Երեւանում 2010 թվականին հրատարակված Վարազդատ Տերոյանի՝ Իմմանուել Կանտի Զուտ բանականության քննադատություն գրքի տեքստը, ի տարբերություն Ավդալբեգյանի հիշյալ թարգմանության, անցել է կրկնակի խմբագրում, որը ներառում էր նաեւ տեքստի բացահայտ ռուսականացում: Այս ամենով հանդերձ, բնագրի եւ այլ թարգմանությունների հետ համեմատելիս, այս տեքստը բազմաթիվ առումներով Կանտի Զուտ բանականության քննադատության հայերեն լավագույն տարբերակն է: Նույնը թերեւս կարելի է ասել Կապիտալի Ավդալբեգյանի թարգմանության երրորդ հատորի երկու գրքերի փոփոխված տեքստի մասին:

Մարքսի մտքի հետ ծանոթանալու համար Քաղաքատնտեսության քննադատության շուրջը աշխատության «Ներածության» Ավդալբեգյանի թարգմանությունը պիտանի է այնքանով, որքանով հայ ընթերցողը ստիպված է այդ ծանոթությունն իրականացնել հայերենով: Բայց նույնիսկ այս պարագայում Ավդալբեգյանի այդ թարգմանությունը երաշխավորելի է հանրային բնույթ չկրող մակարդակում միայն: Միանգամայն այլ հարց է տեքստի՝ որպես թարգմանական բնագրի վերահրատարակումը, հրապարակային շրջանառությունն ու հանրային քննարկման նյութ դարձնելը: Բավարար զգուշություն եւ նրբանկատություն չցուցաբերելու պարագայում, փաստորեն, թերագնահատվում է ստալինյան ավանդույթի զորությունը, եւ այդ ավանդույթին ընդդիմանալու ամենաբարի ու ամենաանկեղծ ցանկությունները պարարտ հող կարող են դառնալ այդ նույն ավանդույթի վերարտադրության համար: Ընթերցողն ընկնում է թյուրիմացության մեջ․ անտեղյակ՝ հրապարակված տեքստի խնդրական բնույթից, նա այն ընդունում է որպես Մարքսի՝ Ավդալբեգյանի հեղինակային թարգմանություն: Հենց սա չէ՞ր արդյոք Կասյանի նպատակը:

Սիրելիներ, «Դիսկուրս»-ը ունի բավարար ներուժ՝ իրականացնելու Մարքսի այդ տեքստի նոր թարգմանություն: Վահրամն անկասկած կարող է թարգմանել այն գերմաներեն բնագրից, համալրել համապատասխան ծանոթագրություններով եւ, կարիքի դեպքում, կցել նաեւ դրա հայերեն թարգմանության պատմությանն անդրադարձող մի նախաբան: Այս գործում բնականաբար կարիք կլինի օգտվելու Ավդալբեգյանի, նախեւառաջ, Կապիտալի առաջին հատորի թարգմանությունում մշակված եզրաբանությունից, որը Ավդալբեգյանի՝ Մարքսի ինձ հայտնի միակ անապակ թարգմանությունն է: Այս պարագայում արդեն կարելի էր մեծ զգուշությամբ օգտվել նաեւ «Ներածության» այդ նույն ապականված թարգմանությունից: Սա կլիներ Ավդալբեգյանին ու նրա գործին արժանին մատուցելու պատշաճ եղանակն ու խնդրի միակ, ըստ էության լուծումը: Այսպես Մարքսի՝ խորհրդային փորձառությամբ խեղված միտքը արժանավայել կերպով կմատուցվեր հայ ընթերցողին: Այսպես, ձեր գործի արդյունքը կպատշաճեր ձեր ազնիվ ու բարի ցանկությանը:
 

Մնալով սպասող «Ներածության» նոր թարգմանությանը

Բարեողջույններով՝

Վարդան

18․12․16