Իմ սիրտը լեռներում է, իմ սիրտն այստեղ չէ;
Ռոբերտ Բըրնս
Լավ, իմ սիրտը լեռներում է, օրը բեկվելու պահին
Հեռու բլուրներից այն կողմ եւ մի բան էլ ավելին
Ճանապարհ կա այնտեղ տանող՝ դրա ճարը մի կերպ կանեմ
Բայց այնտեղ եմ արդեն մտքով
Եվ դա առայժմ բավական է:
Բոբ Դիլան
Վերջին ամիսներին, չգիտեմ ինչու, շատ հաճախ էի Դիլան լսում: Ընդ որում, ոչ թե սիրածս ալբոմը՝ John Wesley Harding-ը, այլ հենց ամենահայտնի վաղ գործերը՝ The Times They Are A-Changin’ եւ մանավանդ՝ Blowin’ in the Wind: Երբ պատահաբար իմացա Նոբելյան հանձնաժողովի տարօրինակ որոշման մասին, անկեղծորեն ուրախացա՝ անսպասելի եւ փոքր-ինչ չափազանցված ուրախությամբ: Առաջին միտքս այն էր, որ ամեն ինչ ճիշտ է՝ հանձնաժողովի ձեւակերպումը՝ «Ամերիկյան մեծ երգային ավանդույթում նոր բանաստեղծական արտահայտչաձեւերի ստեղծման համար», արժանին է մատուցում երգչի վաստակին: Հետո, երբ ընկերներիս եւ ծանոթներիս շրջանում գնալով լսելի դարձան տարակուսանքն ու տրտունջը, փորձեցի խնդրին այլ կողմից մոտենալ. ենթադրենք, հանձնաժողովը որսացել է օդում տարրալուծված ինչ-որ տրամադրություն: Նա հաճախ է այդպես անում: Բայց ի՞նչն է պատճառը, որ այս անգամ այդ երեւելիների եւ համեստ անձիս տրամադրությունները համընկել են:
Գուցե դեր է խաղացել այն, որ վերջին, առնվազն տաս տարիների նոբելյան դափնեկիրներից ոչ մեկի անունն ինձ ոչինչ չի ասել՝ բացառությամբ, թերեւս, 2010 թվի հաղթող Մարիո Վարգաս Լյոսայի: Բայց Լյոսան, որքան էլ իրեն որպես գրող հավանել եմ, առօրյա զրուցակիցս չի եղել երբեք: Իսկ Դիլանը՝ է: Ուրեմն կա ինչ-որ բանի պակաս, որ նրա ստեղծագործությունն այսօր էլ լրացնում է՝ ինչպես աշխարհի, այնպես էլ ինձ համար:
Այդ պակասն, ըստ իս, անցյալ դարի վաթսունականների երիտասարդական շարժումների մթնոլորտն է, կուշտ ինքնագոհության մեջ ընկղմված, հղփացած աշխարհի հետ հաշտվել չկարողանալու եւ չցանկանալու տրամադրությունը: Այստեղից՝ նրա հակաբուրժուական, հակաքաղքենիական, նաեւ հակապատերազմական պաթոսը: Պաթոս, որ բոլորովին պաթետիկ չէ, քանի որ խոսում է փոքր մարդու անունից, փոքր մարդու լեզվով եւ հանուն փոքր մարդու: Բայց այն հպարտ է, քանի որ նպատակը փոքր մարդու ազատագրումն է՝ արտաքին ճնշումից, բայց նաեւ՝ ինքն իրենից։ Այդ միտումի մարմնավորումն է Blowin’ in the Wind-ի հարցումը.
How many years can some people exist, bevor they’re allowed to be free?
Քանի՞ տարի դեռ մարդիկ պիտ ապրեն, որ ազատ լինելու թույլտվություն ստանան:
Սրան հաջորդող տողը ցույց է տալիս, որ այդ they’re allowed-ը նաեւ ինքն իրեն թույլ տալուն է վերաբերվում՝ գլուխը վերջապես բարձրացնելու եւ շուրջը ուղիղ հայացքով նայելու առումով.
How many times can a man turn his head and pretend that he just doesn’t see?
Որքա՞ն կարելի է գլուխը շրջել եւ ձեւ անել իբր ոչինչ չես տեսնում:
Հարցում, որի պատասխանը որքան անորոշ է, նույնքան էլ ակնհայտ, քանի որ «սավառնում է օդում».
The answer, my frend, is blowin’ in the wind, the answer is blowin’ in the wind.
Պատասխանը, ընկեր, սավառնում է օդում, պատասխանը սավառնում է օդում:
Այս երգի երկու կատարումները, որ կցանկանայի ներկայացնել, Դիլանինը չեն՝ մեկը պատկանում է «Peter, Paul and Mary» եռյակին, մյուսը՝ Դիլանի երկարամյա ընկերուհու՝ Ջոան Բայեզի մեկնաբանությունն է։ Կանգ առա առաջինի վրա, քանի որ այս տեսաերիզում երեւում են նաեւ երգի խոսքերը, որն անգլերենի մեր անկատար իմացության պարագաներում կարեւոր գործոն է.
Ազատագրության մյուս մանիֆեստը՝ Ժամանակները՝ դրանք փոխվում են երգն է, իր հետեւյալ տողերով.
Come mothers and fathers
Throughout the land
And don’t criticize
What you can’t understand
Your sons and your daughters
Are beyond your command
Your old road is
Rapidly agin’
Please get out of the new one
If you can’t lend your hand
For the times they are a-changin’.
Մայրեր եւ հայրեր՝
Ուր էլ որ լինեք,
Ինչ չեք հասկանում,
Մի քննադատեք:
Ձեր որդիք ու դստրերը
Ենթակա չեն էլ ձեզ
Ձեր հին ուղիները
Զառամում են անտես։
Դուրս եկեք նորից,
Եթե չեք օգնում մեզ,
Քանզի ժամանակները փոխվում են մշտապես:
Այս երգն, իհարկե, պետք է լսել հեղինակային կատարումով՝ ճիշտ է, տեսագրությունն անկատար է, ձայնի որակն էլ լավը չէ, փոխարենը՝ մթնոլորտը եւ հուզական լիցքը «բուն իրենք են».
Ժամանակները, այո, փոխվում են: Դրանց հետ միասին փոխվեց նաեւ Դիլանը` մասնավորապես – օ, սարսա~փ – քանտրի ոճի երգիչների մոտ ընդունված ավանդական կիթառը փոխարինելով էլեկտրականով: Պահպանվել է համերգի տեսաերիզը, որում Դիլանի վրդովված երկրպագուներից մեկը նրան «Հուդա» է անվանում։ Դիլանը հանգիստ շրջում է գլուխը եւ պատասխանում «Ես ձեզ չեմ հավատում»։ Նա հիմք ուներ այդպես ասելու, քանի որ թեեւ, այո՛, փոխվել էր, բայց ինքն իրեն չէր դավաճանել։ Հասկանալի է, որ փոփոխությունը կիթառով չէր սահմանափակվում։ Նրա երգերում, իսկապես, նվազել էին հրապարակախոսական շեշտերը, բանաստեղծությունը դարձել էր շատ ավելի խոհական, բազմապլան՝ ներառելով առաջին հայացքից անհամատեղելի մոտիվներ՝ Ամերիկյան Արեւմուտքից մինչեւ եբրայական-քրիստոնեական ավանդույթը։ Բայց ինչ ժանրի էլ պատկանելիս լինեին նրա երգերը, ինչի մասին էլ պատմելիս լինեին՝ նշանավոր արկածախնդիր Ջոն Ուեսլի Հարդինգի, որն իր կյանքում երբեւէ «հիմար քայլ չի արել», երազում տեսած Սբ. Ավգուստինոսի հետ զրույցի, Ֆրենկի Լիի եւ հրեա հոգեւորականի միջեւ տեղի ունեցած խորհրդավոր պատմության (այնքան անսովոր, որ այդ բալլադը մինչ օրս նորանոր մեկնությունների առարկա է դառնում), թե՞ պահապան աշտարակում գողի եւ ջոկերի բիբլիական ակունքներից սնվող երկխոսության (« Պահապան աշտարակի շուրջը», այս տասներկուտողանոց հիրավի կաֆկյան պատմության մանրամասն վերլուծականն անգլիախոսները կարող են գտնել այստեղ) նրանք բոլորն էլ անհարմար՝ «թարս» էին սպառողական հասարակության հիմնական միտումների համեմատ։
Դիլանի գործի շարունակականության խորհրդանիշը կարելի է համարել «Dear Landlord»-ը, որի լիրիկական հերոսը խոնարհաբար խնդրում է մեծահարուստ կալվածատիրոջը «չթերագնահատել իրեն», խոստանալով, որ այդ դեպքում ինքն էլ «չի թերագնահատի լենդլորդին.
And if you don’t underestimate me / I won’t underestimate you
Տարօրինակ էր, որ Բոբ Դիլանին Նոբելյան մրցանակ շնորհելու իրարանցման արդյունքում համացանցում հայտնված բազմաթիվ նյութերում նրա ստեղծագործության այս շրջանն այդպես էլ պատշաճ ձեւով չներկայացվեց։ Ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ հանձնաժողովի վերը մեջբերված ձեւակերպումը՝ «նոր գեղարվեստական արտահայտչաձեւեր ստեղծելու» մասին, զգալի չափով այդ շրջանով է պայմանավորված։
Այսօր, նոստալգիական հայացք նետելով այդ տարիներին, ստիպված ենք արձանագրել, որ ժամանակների փոփոխությունը վերջին տասնամյակներում հակառակ ուղով է ընթացել: Որպես ընդվզում առաջ եկած երաժշտական շարժումը վաղուց արդեն վարժեցվել-կլանվել է զվարճությունների արդյունաբերության կողմից: Եվ պարադոքսն այն է, որ հետխորհրդային տարածքում այդ միտումը շատ ավելի ցցուն եւ անողոք դրսեւորում է ստացել, քան բուն արեւմուտքում:
Շարժման այդ դեգրադացման, նրա ազատագրական էթոսի կորստյան, պատնեշներ հաղթահարելու անկարողության ցավն է, որ փորձել է արտահայտել ռուսական ռոք երաժշտության աստղ Յուրի Շեւչուկն իր 2010 թվի մարտի 8-ի ելույթում,
մեղադրելով իր գործընկերներին նրանում, որ սրանք, անտեսելով ռոքի իրական կոչումը, գերադասում են «նվագել մարդկանց թալանող մեծահարուստների կորպորատիվներում, ուտել, խմել, շինվել եւ հազարերորդ անգամ երգել այն մասին, որ հարեւանի աղջիկն իրեն չտվեց»։ Շեւչուկի այս ծրագրային խոսքը որոշ արձագանք ունեցավ ռուսական, բայց ոչ հայկական երաժշտական միջավայրում, որն անհողդողդ վճռականությամբ շարունակեց մնալ իր եկամտաբեր եւ միակ՝ ունեւորներին զվարճացնելու փեշակին։
Զվարճալի է, որ Նոբելյան հանձնաժողովն այսօր իրեն վիրավորված է զգում նրանից, որ Դիլանը մինչ այժմ որեւէ կերպ չի արձագանքել իրեն Նոբելյան մրցանակ շնորհելու որոշմանը եւ կոնտակտի մեջ չի մտել այդ պաշտոնական մարմնի հետ։ Սա ինձ հիշեցրեց ժամանակին պատահաբար դիտած մի տեսանյութ, որում Փարիզի քաղաքագլուխը Դիլանին էր հանձնում Ֆրանսիայի բարձրագույն շքանշաններից մեկը։ Տարիքն առած պաշտոնյայի երկարաշունչ, պաթետիկ եւ անկեղծորեն հուզված խոսքից երեւում էր, որ մարդը երիտասարդ տարիներին Դիլանի երկրպագուն է եղել եւ այժմ էլ՝ նվիրյալի իր խոսքին ի պատասխան, երգչից նույնքան հուզական եւ անկեղծ արձագանք է ակնկալում։ Որքան մեծ էր նրա հիասթափությունը, երբ Դիլանը, ստանալով պարգեւը, խոսափողին մոտեցրեց իր մկնիկի ճմռթված մռութ հիշեցնող դեմքը (լինում են, չէ՞, մարդիք, որ վատ են ծերանում՝ Շոն Օ’Քոնըրին, ահա, փառահեղ է ծերացել, իսկ Դիլանը՝ ոչ) եւ քթի տակ մռթմռթաց՝ «Thousand thanks»։
Սա ասում եմ հավաստելու համար, որ այս հերթական մրցանակի շնորհումը նախ եւ առաջ մեզ համար է կարեւոր, հետո միայն Դիլանի։ Քանի որ (եւ դա հայերիս պետք է որ առանձնապես հոգեհարազատ թվա) նրա սիրտն էլ լեռներում է.
Well, my heart’s in the Highlands at the break of day
Over the hills and far away
There’s a way to get there, and I’ll figure it out somehow
But I’m already there in my mind
And that’s good enough for now
Լավ, իմ սիրտը լեռներում է, օրը բեկվելու պահին
Հեռու բլուրներից այն կողմ եւ մի բան էլ ավելին
Ճանապարհ կա այնտեղ տանող՝ դրա ճարը մի կերպ կանեմ
Բայց այնտեղ եմ արդեն մտքով
Եվ դա առայժմ բավական է:
Բայց վերադառնամ Laudatio-ին։ Չգիտեմ, թե ինչպես է հնարավոր այս ժանրը ճշգրտորեն արտահայտել հայերենով։ Երեւի՝ «հանդիսաճառ» կամ «գովասանքի խոսք»։ Կամ գուցե իմաստ ունի պարզապես ասել՝ «կենաց»։ Կենացն ընդունված է ծաղկացնել։ Վերն ասվածը նկատի ունենալով, որոշեցի կենացս ծաղկացնելու համար ընտրել «Իմ սիրտը լեռներում է» երգը։ Բայց ոչ Դիլանինը եւ ոչ էլ մերը՝ Սարոյանի եւ Առնո Բաբաջանյանի ջանքերով հանճարեղորեն հայացվածը։ Որպես համեստ հանդիսաճառիս ավարտական ակորդ առաջարկում եմ դրա նախնական, բուն շոտլանդական տարբերակը.