|ակտուալ ա|
հրապարակված է 05.10.2016 | ա-ակտուալ արվեստ |
գույնը կյանք է
Գրելն ու նկարելը հավասարարժեք շարունակում են կողք կողքի եւ բարձրացնում իրենց փոխադարձաբար, եւ անկասկած, Հեսսեի լեզուն շահում է նաեւ գրչի ու վրձնի ամենօրյա շփումից կառուցման, գույնի, ակնբախ լինելու առումով:


Ես չեմ հարգում գրողներին, ովքեր գոնե մի փոքր նկարել չգիտեն:
                                                                           ԷՌՆՍՏ ՓԵՆՑՈԼԴՏ

հոկտեմբերի 1-ին Գյումրու berlin art_hotel-ի gallery 25-ում տեղի ունեցավ Հերման Հեսսեի ստեղծագործական այլ դրսեւորումներին՝ նկարչությանը եւ պոեզիային նվիրված ցուցահանդեսի բացումը...


ճամփորդություն

Դու մի տխրիր. շուտով գիշեր կգա,
Կտեսնենք ցուրտ մահիկը ոնց է գաղտնաժպտում
Աղոտ արվարձանների մոտակայքում,
Ու ձեռք ձեռքի տված մենք կխաղաղվենք:
 

Դու մի տխրիր. շուտով ժամանակը կգա,
Որովհետև խաղաղ ենք մենք, ու մեր փոքրիկ տապանախաչերը
Կողք կողքի կանգնած են ճանապարհի եզրին:
Եվ անձրև է գալիս, և ձյուն է իջնում,
Եվ հետո գալիս են ու գնում նաև քամիները:

| 1911թ. / թարգմանությունը՝ հասմիկ սիմոնյան |





դաշտերի մեջ

Երկինքների մեջ շարժվող ամպեր են,
Դաշտերի մեջ շարժվում է քամին,
Եվ դաշտերի մեջ կորած երեխան է
Մորս որոնումների:
 

Փողոցների մեջ քշվող տերևներ են,
Ծառերի մեջ՝ լացը թռչունների,
Եվ լեռների մեջ՝ ամենահեռվում,
Պիտի որ իմ տունը լինի:

| 1902թ. / թարգմանությունը՝ հասմիկ սիմոնյան |




առանց քեզ

Ինձ է նայում բարձս
Տապանաքարի պես դատարկ այս գիշերվա միջից.
Մտքովս չէր անցնում, որ այսչափ դառն է
Մեն-մենակ լինելը,
Ու որ պետք է քնել քո մազերից հեռու:

Ես հիմա պառկած եմ մենակության մեջ իմ լուռ տանը,
Կախված լամպը մերկանում է
Եվ նրբորեն ձգում ձեռքերը դեպի ինձ
Եվ փափկորեն սեղմում տաք բերանս շուրթերովդ
Նվաղուն ու թույլ...
Հանկարծակի զարթնում եմ,
Իսկ շուրջս շարունակում է փարթամորեն աճել ցուրտ գիշերը.
Իսկ պատուհանի շրջանակում աստղը պայծառ է ու պարզ,
Եվ միայն դու չկաս,
Չկաս իմ կողքին:

Եվ ուր են բացգույն մազերդ,
Եվ ուր է քաղցր բերանդ...

Հիմա խմածս ցավի մեջ շատ է կիրքը,
Եվ գինուս մեջ թույն է խառնած,
Մտքովս երբեք չէր անցնում, որ այսչափ դառն է
Մեն-մենակ լինելը,
Մենակ ու առանց քեզ:

| 1915թ. / թարգմանությունը՝ հասմիկ սիմոնյան |





| Հատվածներ Ֆոլկեր Միխելսի «Գույնը կյանք Է – Հերման Հեսսեն որպես նկարիչ» հոդվածից, թարգմանությունը՝ Տատյանա Միքայելյան |

«Հենց նոր նկարիչ Մաքս Լիբերմանից մի գրություն ստացա, -հաղորդում է Հերման Հեսսեն իր որդի Բրունոյին ուղղված 1926 թ., նոյեմբերի 5-ի իր նամակում,- այն մասին, որ նա մի քանի օր առաջ Պրուսիայի Արվեստների Ակադեմիայի կոլեգիայի կողմից ընտրվել է անդամ: Սակայն, ցավոք, ոչ նկարչության սեկցիայում, ավելացնում է նա կատակով, այլ` բանասիրության բաժնում»:

Բնականաբար, Հեսսեն այդպիսի լուրջ ակնկալիքներ չուներ ժամանակակից նկարիչների կողմից որպես իրենց հավասարը գնահատվելու: Սակայն այդ կատակն ընդամենը օդից վերցված չէր: Որովհետեւ դրանից տասը տարի առաջ բանաստեղծը սկսել էր նկարել եւ այնպիսի արդյունավետությամբ, որ 1919 թ. վաղ գարնանը Շվեյցարիա տեղափոխվելուց ի վեր, հավանաբար, իր աշխատաժամանակի կեսը նվիրել էր նկարչությանը: Այդ ժամանակից սկսած ստեղծվել էին հարյուրավոր ջրանկարներ, գրքեր՝ իր սեփական նկարազարդումներով, լույս էր տեսել իր նկարների վերատպություններով մի ալբոմ, իսկ Դավոսի, Լոզանի, Բազելի, Վինտերհուրի եւ Լայպցիգի թանգարաններում ու պատկերասրահներում նա ունեցել էր իր առաջին ցուցահանդեսները:



Գրելն ու նկարելը հավասարարժեք շարունակում են կողք կողքի եւ բարձրացնում իրենց փոխադարձաբար, եւ անկասկած, Հեսսեի լեզուն շահում է նաեւ գրչի ու վրձնի ամենօրյա շփումից կառուցման, գույնի, ակնբախ լինելու առումով: Ավելի կարճ ժամանակում ավելի սրընթաց էին նրա հաջողություններն այս բնագավառում,երբ նա սկսել էր նկարել: Հազիվ էր նա ձեռք բերել արհեստագործական կարողությունները. որոնք թույլ էին տալիս յուրացնել իրադարձությունների բնականին հավատարիմ վերարտադրումը, նա սկսում է զանազան նոր տեխնիկաներով` պաստելով,կավիճով, տեմպերայով եւ յուղաներկով փորձարկել, մինչեւ որ, վերջապես, գտնում է ջրաներկով նկարելու ինքնաբուխ մեթոդը՝ որպես արտահայտվելու միջոց, որը համապատասխանում է իրեն: Այն համընկնում է գույների անկաշկանդ եւ համարձակ գունավորմանը, ինչպես այն նկարիչը, ում նկարագրում է իր «Քլինզորի վերջին ամառը» պատմվածքում, եւ միաժամանակ, երիտասարդ սերնդի հուզիչ ներկապնակով, իր ըմբոստությամբ դեմ է կանգնում դեկադենտական ուշ իմպրեսիոնիզմին եւ միապետականությանը:



...1919թ. մայիսին շվեյցարացի լրագրող Կարլ Նելիգը Հեսսեին խնդրել էր իր «12 գրքեր» շարքի համար «մի մենագրություն գրել Վան Գոգի մասին», հավանաբար այն հույսով, որ աստվածաբանի որդի Հեսսեն հոգեւորականի որդի Վան Գոգի մեջ կտեսնի իրեն հոգով նմանին: Եվ իսկապես, Հեսսեն, ով սովորաբար դրսից արվող բոլոր նախաձեռնությունները հետ էր մղում, այս անգամ կտրուկ չի հրաժարվում: 1919թ. մայիսի 26-ի իր պատասխանում նա նշում է. «Չնայած ես նրա մասին որոշ բան կարող եմ գրել, ինձ համար դեռ պարզ չէ: Եթե «այո», ապա դա կլինի մի ակնարկ երիտասարդության համար, շատ պարզամիտ, ընդ որում, Վան Գոգը չի գնահատվելու ոչ տեխնիկայի, ոչ էլ գեղագիտական առումով, այլ միայն նրա բնավորությունը եւ նրա մոլուցքը նկարչության հանդեպ՝ իր սուրբ մոլեգնության մեջ»: Եվ իսկապես, նրան շատ բան էր կապում այս նկարչի հետ, որին նա որպես «մի տարօրինակ դատարկապորտ եւ հանդուրժող» է բնութագրում, ով «մարդկության հանդեպ չափազանց մեծ սիրուց`միայնակ եւ մեծագույն ըմբռնումից`հիմար էր դարձել»: Բայց Վան Գոգի ցանկալի գիրքը չիրականացվեց: Դրա փոխարեն գույների այս կախարդը Հեսսեի՝ երկու ամիս անց լույս տեսած Քլինզորի պատմվածքում է ներկա, եւ սա, հավանաբար, ավելի կենսական ձեւով, քան որպես մենագրություն կարող էր լինել:



Ով համեմատում է Վան Գոգի՝ Առլ ժամանելուց հետո գրած նամակները Հեսսեի` Մոնտանիոյում իր առաջին ամառվանից հետո գրածների հետ, զարմանք է ապրում այդչափ համընկնումներից: Երկուսն էլ եկեղեցու մկների նման աղքատ էին, բայց իրենց բավարարված էին զգում գույների խաղից: Արեւից ջերմացող աշխարհը նրանց մեջ առաջացնում էր նոր ոգեւորություն եւ մինչ այդ անծանոթ կենսախնդություն: «Աստված իմ, -գրում է Վան Գոգը նամակներում,-եթե ես 25, ոչ թե 35 տարեկանում ծանոթանայի այս երկրի հետ: Ես ամեն օր արեւածագից աշխատում եմ, որովհետեւ ծաղիկները շուտ են թառամում, եւ անհրաժեշտ է ամենը մի շնչով նկարել: Ես աշխատում եմ մի ապրողի պարզությամբ եւ կուրությամբ, որովհետեւ գունավոր շրջապատը լրիվ նոր է»: Հեսսեի մոտ մենք կարդում ենք. «Ուժի եւ եռանդի, գրավչության եւ շողարձակումի մի ամառ, ինչը ես այնքան քիչ եմ ապրել, մտնում է իմ մեջ, ինչպես թունդ գինի: Այրող օրերին ես թափառում էի գյուղերով եւ շագանակենու անտառներով, նստում ծալովի աթոռակին եւ փորձում ջրաներկերով պահպանել ծաղկող կախարդանքը»:



Այն, ինչը բանաստեղծի ինքնուս նկարչությանը, իր հոլանդացի նախորդի թեմատիկ ընդարձակության արդյունավետության եւ նկարչական տեխնիկայի վիրտուալության առումով պակասում է, հաջողվում է նրան լեզվականում: Այսպես, Քլինզորի պատմվածքում, հատկապես եզրափակիչ «Ինքնանկար» գլխում խոսքերով կարդում ենք, ինչպես Վան Գոգի դիմանկարը: Ողջ կրքոտությունն ու կատաղությունը, ապագայի հանդեպ ամեն ինչը, իր հեռանկարներից հեռացած էքստատիկ նկարիչը կորցրել է: Նրա մեջ պարփակվում է «մեր ժամանակի հոգնած, ընչաքաղց, վայրի, մանկամիտ եւ ռաֆինացված մարդը, մեռնող, մեռնել ցանկացող եվրոպացի մարդը, այդ կարոտից նրբացած, այդ ախտով հիվանդ, իր անկումն իմանալուց ոգեւորված, ցանկացած առաջընթացի պատրաստ, բոլոր հետընթաց քայլերի համար հասուն, ամբողջությամբ հուր եւ հոգնածություն, ճակատագրին եւ հիվանդությանը հանձնված, ինչպես հոգեմետ մորֆինիստը՝ թույնին, մեկուսացած եւ սնամեջ, վաղընջական, միաժամանակ՝ Ֆաուստ եւ Կարամազով, անասուն եւ իմաստուն, լրիվ առանց պատվախնդրության, լրիվ մերկ, երեխայի նման մահից վախեցող եւ լի հոգնած պատրաստակամությամբ»:

Հեսսեն անձնական կապեր ուներ նաեւ էքսպրեսիոնիստական նկարչության երկրորդ ուղենիշ «Կամուրջ» արվեստագետների միության հետ: Դրան էր պատկանում Շվեյցարիայի մեկ այլ կարեւոր ներկայացուցիչ, նկարիչ Գունո Ամիթը (1868-1961): Վերջինս մի ցուցահանդեսի առումով 1919թ. Հեսսեին մի բան էր գրել, որը վերաբերում էր նաեւ իր աշխատանքներին. «Նրա հայացքն առանձնացնում է գույնը գորշությունից, հիշեցնում է արեւը մթնշաղի մեջ, գույնը հպանցիկ է, գույնը կյանք է, սրտի մակերեւույթ է, առարկաների ամենանուրբ, ամենաբարակ, ամենազգայուն մաշկն է, եւ ամենալավ նկարներում առարկաներն այսպես լուծվում են գույների մեջ: Նա շոշափում է, նա խաղում է, նա հաճախ կմկմում է այնտեղ, որտեղ ուրիշները խոսում են, որպեսզի հետեւի լույսի հազարաթերթ վեպին: Նա սահմաններ չի դնում, այլ ընդարձակում է դրանք»:



Նրա՝ 1930թ. օգոստոսի «Ամռան ու աշնան միջեւ» դիտարկման մեջ հաճախ, ու հավանաբար ամենագեղեցիկ ձեւով նկարագրություն ենք գտնում. «Չնայած այս օրերի ճնշող շոգին ես շատ եմ լինում դրսում: Ես միայն լավ գիտեմ, թե որքան անցողիկ է այս գեղեցկությունը, որքան արագ է նա հրաժեշտ տալիս, որքան հանկարծակի կարող է նրա քաղցր հասունությունը փոխակերպվել մահի ու թոռոմության: Եվ ես այնքան ժլատ եմ, այնքան ընչաքաղց ամառվա այս գեղեցկության հանդեպ: Ես ուզում եմ այս ամենը ոչ միայն տեսնել, ամեն ինչ զգալ, ամեն ինչից հոտ քաշել եւ համտես անել, ինչը ամառվա այս լիցքն է առաջարկում իմ զգայարաններին: Ես կուզենայի այն անմնացորդ ունենալու հանկարծակի հրճվանքով զգալ, նաեւ պահպանել ու հետս վերցնել ձմռանը, ծերության եկող տարիների ու ձմեռների համար: Ես ունեցվածքի հագուրդ չունեմ, ես հեշտությամբ եմ բաժանվում ու հեշտությամբ եմ տալիս: Բայց հիմա ինձ տանջում է ամուր պահելու մի մոլուցք, որի վրա ես ինքս երբեմն ստիպված եմ քնծիծաղ տալ: Պարտեզին բացվող պատշգամբում, եղանակացույցի աշտարակի տակ ես օր օրի ժամեր շարունակ նստում եմ, հանկարծակի ջանասեր եմ դառնում եւ մատիտով ու գրիչով, վրձնով ու ներկերով փորձում եմ երեկոյան լեռների հեռավոր, ապակու նման պաղ գույները ընդօրինակել, որոնք, ինչպես բարակ մի քող, սակայն շոշափվող են, ինչպես զարդերը: Ապա ես տուն եմ գալիս հոգնած, շատ հոգնած, եւ երբ երեկոյան թղթերս թղթապանակի մեջ եմ դնում, ես գրեթե տխրում եմ՝ տեսնելով, թե ինչքան քիչ բան եմ կարողացել այդ ամենից ինձ համար պահել ու պահպանել»:

Անքննարկելի են Հեսսեի լեզվական արտահայտման հնարավորությունները, բազմակողմանի եւ ավելի մանրակրկիտ, քան նրա նկարչական հնարավորությունները: Բայց համարձակությունն ու հստակությունը, որոնք Հեսսեի գրքերում միայն երկարատեւ եւ ճգնաժամային իրավիճակներով զարգացումներում են բյուրեղանում, անմիջապես աչքի են ընկնում ջրանկարներում:



«Մաքուր, անխառն գույներով, պայծառ լուսարձակման ուժով լի մեր փոքրիկ մոլորակը,- Քլինզորի պատմվածքում իր նկարչին ասել է տալիս Հեսսեն,- դա էր իմ սփոփանքը, իմ զինանոցը, իմ աղոթագիրքը եւ իմ թնդանոթը, որով ես կրակում էի մահին: Նրանով ես արդեն հազար անգամ կախարդանք եմ արել եւ հիմար իրականության դեմ պայքարը շահել»:



 | ամբողջական գրքույկը կարելի է ձեռք բերել ԱրտԲոգեն գերմանախոսների մշակութային կենտրոնից՝ զանգահարելով
+374 312 5 03 86 հեռախոսահամարին կամ գրելով նամակ info@berlinhotel-gyumri.am էլ. փոստի հասցեին |