|եւ|
հրապարակված է 07.10.2016 | իմանուել կանտ |
գոռոզամտություն
Գոռոզամիտ մարդն իր հոգու խորքում միշտ ստոր է։ Իսկապես՝ նա չէր սպասի ուրիշներից, որ նրանք իրենց իրենից ցածր համարեն, եթե ներքուստ վստահ չլիներ, որ եթե բախտն իրեն դավաճանի, ինքն էլ իր համար վիրավորական չի համարի ստորաքարշություն անել ուրիշների առջեւ եւ հրաժարվել որեւէ հարգանքից նրանց կողմից։


հատված Իմանուել Կանտի Բարքերի մետաֆիզիկայից

Գոռոզամտությունը (superbia եւ, ինչպես ցույց է տալիս ինքը բառը` հակումը միշտ լինել վերեւում) փառասիրության տեսակ է (ambitio), որից դրդված մենք ակնկալում ենք ուրիշներից, որպեսզի նրանք իրենց մեզնից ցածր դասեն. հետեւաբար, դա արատ է, որհակասում է հարգանքին, որին յուրաքանչյուր մարդ կարող է հավակնելիրավամբ։

Գոռոզամտությունը պետք է տարբերել հպարտությունից (animus elatus) որպես պատվախնդրություն, այսինքն` ձգտում ոչ մի բանում սեփական արժանապատվությունը չգցել ուրիշների առջեւ (դրա համար հպարտությունը սովորաբար զուգակցվում է ազնիվ ածականով); այնինչ, գոռոզամտությունը պահանջում է ուրիշներից հարգանք, որն ինքնուրիշներին մերժում է տալ։ - Սակայն, հպարտությունն ինքը վերածվում է մեղքի եւ վիրավորանքի, եթե այն մնում է միայն պահանջ, որ ուրիշներն իրեն տուրք տան։

Որ գոռոզամտությունը, որը փառասերի ձգտումն է ձեռք բերել հետեւորդներ, որոնց նա միեւնույն ժամանակ իրավունք է վերապահում արհամարանքով վերաբերվել, անարդար է եւ հակասում է բոլոր մարդկանց հարգանքով վերաբերվելու պարտականությանը, որ այն հիմարություն է, այսինքն`միջոցների ունայն օգտագործում հանուն ինչ-որ բանի, որ որոշ առումով պարզապես արժանի չէ նպատակ կոչվելու, վերջապես, որ այն նույնիսկ ցնդաբանություն է, այսինքն` նեղացնող անմտություն, որն այնպիսի միջոցներ է օգտագործում, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են ձգտածին հակառակ արդյունքի (չէ՞ որ որքան բացահայտ է գոռոզամիտ մարդը ձգտում հարգանքի, այնքան ավելի են մարդիկ խուսափումնրա նկատմամբ այն ցուցաբերել), - այդ ամենն ինքնին հասկանալի է։ Սակայն, կարող է նվազնկատելի լինել, որ գոռոզամիտ մարդն իր հոգու խորքում միշտ ստոր է։ Իսկապես՝ նա չէր սպասի ուրիշներից, որ նրանք իրենց իրենից ցածր համարեն, եթե ներքնապես վստահ չլիներ, որ եթե բախտն իրեն դավաճանի, ինքն էլ իր համար վիրավորական չի համարի ստորաքարշություն անել ուրիշների առջեւ եւ հրաժարվել որեւէ հարգանքից նրանց կողմից։



կանտյան բարոյագիտության մասին

Գիտենք, որ Իմանուել Կանտի (1724 - 1804) հիմնական աշխատությունը «Զուտ բանականության քննադատություն»ն է, որտեղ նա՝ հիմնավորելով զգայականության եւ դատողականության սինթեզի միջոցով ստացվող գիտելիքի (մաթեմատիկայի եւ բնագիտության) հավաստիությունը, միեւնույն ժամանակ ժխտել է մարդկային իմացական կարողություններից ամենանշանավորի՝ բանականության վրա հենվող իմացական բնագավառի՝ ռացիոնալ աստվածաբանության կամ մետաֆիզիկայի հնարավորությունը։ Կանտի փաստարկն այն էր, որ ի տարբերություն դատողականության, որի կատեգորիաները կիրառելի են փորձի նկատմամբ, բանականության գաղափարները՝ իդեաները, պարունակում են բացարձակ պնդումեր, որոնց փորձով հաստատել անկարելի է։ Դրա համար է, որ բնության մետաֆիզիկան հնարավոր չէ կառուցել որպես գիտություն:

Շատ ավելի քիչ են հիշում այն մասին, որ ժխտելով բնության մետաֆիզիկայի հնարավորությունը, Կանտը միանգամայն հնարավոր է համարել բարքերի մետաֆիզիկան, որը վերաբերվում է մարդու պրակտիկ գործունեության բնագավառին: Մտածողը նկատի է ունեցել, որ ի տարբերություն բնագիտության, ուր վերջին բացարձակ սկզբունքները հասանելի չեն, էթիկայում դրանք հանդես են գալիս որպես ելակետային հրամայականներ՝ որոնց համապատասխան մարդիկ պարտավոր են կազմակերպել իրենց վարքը: Այստեղ նրա համար օրինակելի է Պլատոնի ուսմունքը, որում իդեաները դիտվում են որպես նախապատկերներ կամ նախակաղապարներ: Կանտի տրամաբանությունը հասկանալի է՝ միայն աստված կարող է իմանալ, որոնք են իրերի նախակաղապարները, բայց մարդկային վարքի նախակաղապարները որոշվում են մարդկային բանականությանը հատուկ օրենքների համաձայն:

Բարոյականությունը, այսպիսով, միակ բնագավառն է, ուր մարդկային գործողությունները կարող են մակաբերվել ապրիորի, այսինքն՝ փորձից անկախ սկզբունքներից, անտեսելով մարդաբանության տվյալները: Այն, որ մարդկանց իրական՝ փաստացի վարքը կարող է չհամապատասխանել բարոյականության սկզբունքներին, Կանտի համար կարեւոր չէ, քանի որ բարոյագիտությունը զբաղվում է ոչ թե նրանով, ինչ կա, այլ նրանով, ինչ պիտոյ է:

Այստեղից՝ Կանտի փայլուն աֆորիզմներից մեկը՝ Բարոյականության խնդիրը մարդուն ոչ թե երջանիկ, այլ երջանկության արժանի դարձնելն է:

Հատուկ հիշատակման է արժանի կանտյան բարոյագիտության կապը ազատության հետ: Այն երկուստեք է՝ մարդն ի վիճակի է հետեւել բարոյական սկզբունքներին, որովհետեւ ազատ է, եւ մարդն ազատ է, որովհետեւ նա ի վիճակի է՝ անտեսելով կյանքի անմիջական հանգամանքները, հետեւլ բարոյական սկզբունքներին:

Այս համոզմուներից ելնելով է, որ Կանտը 1785-ին գրել է իր Բարքերի մետաֆիզիկայի հիմունքները, իսկ 1788-ին՝ Պրակտիկ բանականության քննադատությունը:Վերը ներկայացված փոքրիկ հատվածը քաղված է 1797-ին գրված Բարքերի մետաֆիզիկայից, որով Կանտն ամբողջացրել է իր բարոյագիտական ուսմունքը:

| թարգմանությունը եւ կանտյան բարոյագիտության հակիրճ ուրվագիծը Ա․Ոսկանյանի |