Ի՞նչ է նշանակում լինել ժամանակակից, ի՞նչ է ենթադրում ժամանակակիցը եւ ի՞նչ իրադրության մեջ է, որ այս հարցերն առաջանում են:
2014 թվականին ամռան մի շրջան մի խումբ մարդկանցով հավաքվում էինք ԱԺԶ տեղում՝ քննարկելու 2007 թվականին հրատարակված մի գիրք. Հանրային ոլորտ. վիճարկման եւ վերըմբռնման միջեւ: Տարիներ առաջ այդ գիրքն էր իմ ու ընկերոջս համար եղել որոշ արեւմտյան տեսությունների մասին իմանալու աղբյուր, այդ գրքում էի առաջին անգամ հայերեն կարդացել «հանրային ոլորտ» տերմինը: Քննարկումները հանրայնորեն դիտարկում էին գիրքը որպես ինքնին հանրային պրոցես: Հատկանշական է, որ տեքստերին մոտենում էինք հաճախ պատմականացնելով դրանք, հաշվի առնելով, թե որ շրջանում է գրված, ինչ տեսք ուներ այդ շրջանում Երեւանը, ինչ քաղաքական ու հասարակական պրոցեսներ էին տեղի ունենում եւ այլն: Ուրեմն մի իմաստով փորձում էինք ձեւակերպել տեղական հանրային մտքի մի շրջափուլ՝ 2000-ականների սկիզբը, իսկ ձեւակերպել հաճախ հնարավոր է դառնում հարացույցի ավարտին միայն:
Գիրքը, որը պիտի քննարկեմ՝ Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջեւ, կարծես մի պատասխան նամակ է այս քննարկումներին, երեւի նաեւ նախորդ գրքին [1]: Եվ քանի որ այն մտքումս նախեւառաջ վերեւում նշած հարացույցի փոփոխության մասին է հուշում, չեմ կարողանա խուսափել երկու գրքերի միջեւ համեմատություններից: Հարկ է նշել, որ քննարկվող երկու գրքերի խմբագիրն էլ Վարդան Ազատյանն է, իսկ երկրորդ գրքի հեղինակներից շատերն էլ տպագրվել են առաջինում:
Առաջին՝ Հանրային ոլորտ. վիճարկման եւ վերըմբռնման միջեւ գիրքը 2005 թվականի հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած համանուն գիտաժողովի արդյունքում տպագրված ժողովածուն է: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի եւ Անգլիայի Փլիմութի համալսարանի համագործակցության արդյունքում: Ժողովածուում ներառված տեքստերի հեղինակները ոչ միայն Հայաստանից էին, այլեւ Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից: Ուրեմն խոսակցությունը ավելի շատ ընթանում էր հանրայինի հղացքի շուրջ պատկերացումների հնարավոր հատման կետում եւ իր մեջ ներառում տարբեր համատեքստերու մտահոգություններ:
Հայաստանյան համատեքստում սա կարծես փորձ էր արեւմտյան տեսաբանական մտքի հետ, տարբերություններով հանդերձ, հավասարը-հավասարի մի խոսակցության, որտեղ տեղականն ի հայտ էր գալիս որպես հետազոտության մի դաշտ, ինչը, թվում է, ինքն իր մասին խոսելու՝ տեղում հոդավորված լեզու չունի: Խմբագիրն առաջին գրքի իր ներածության մեջ գրում է. «... արեւմուտքի դեպքում, որպես կանոն, պատմական որոշակի փոխակերպումները եւ այդ փոխակերպումների հետազոտությունը դինամիկ փոխհարաբերության մեջ են: Ուսումնասիրության առարկայի եւ դրա ուսումնասիրության միջեւ դինամիկան, ըստ էության, Հայաստանի նման հետխորհրդային երկրներում բացակայում է» [2]: Այս դինամիկայի բացակայությունն է, կարծես, պատճառ դառնում նրա, որ հասարակության ժամանակակից փոխակերպումների արեւմտյան տեսաբանումները առաջին գրքում դառնում են հայաստանյան համատեքստը հասկանալու գրեթե միակ բանալին: Այս մոտեցումն է նշում նաեւ տերմինը, որը դարձել է գրքի վերնագրի մի մասը. հանրային ոլորտ: Սա Վարդան Ազատյանի՝ անգլերեն public sphere տերմինի հայերեն թարգմանությունն է եւ կարծես առաջին անգամ օգտագործվում է հենց այս ժողովածուում [3]: Պատահական չէ, որ ինձ ու ընկերներիս համար այս գիրքն առաջին անգամ էր քննարկում հանրայինի հղացքն առհասարակ: Աշխարհի առաջ համեմատաբար նոր բացված երկրի տեսաբանական մտքի համար սա ինքնատեղակայմ անառաջին փորձերից էր, ինչն իրագործելու հիմնական ձեւը դառնում էր ինքն իրեն հասկանալն ըստ ժամանակակից միջազգային տեսական ձեւակերպումների, որոնց գերակշիռ մասն արեւմտյան տեսաբանական մտքի արդյունք է:
Արդեն երկրորդ՝ Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջեւ գրքի առաջաբանում խմբագիրը, անդրադառնալով նշածս խնդիրներին, նկատում է. «... այն [առաջին գիրքը] չափից ավելի էր մտահոգ ժամանակակիցությամբ» [4]:
Ի՞նչ է նշանակում լինել ժամանակակից, ի՞նչ է ենթադրում ժամանակակիցը եւ ի՞նչ իրադրության մեջ է, որ այս հարցերն առաջանում են:
Մի ժամանակային կտրվածքում, կամ պատմական իրավիճակում, այլ կերպ ասած մի ինչ-որ ներկայում ժամանակակից լինելու ցանկությունը ենթադրում է քո ժամանակի խնդրականացում, այսինքն՝ մի իրադրություն, որտեղ դու ներկայում քեզ չես համարում ժամանակին «կից»: Ուրեմն ժամանակի կամ դրա ընկալման մեջ տեղի է ունեցել մի ինչ-որ խզում, որի արդյունքում ներկան կամ առհասարակ ժամանակի մասին հարցը սղվել են:
Քննարկվող երկու գրքերի հաջորդական ընթերցանությունն էր, որ ինձ կանգնեցրեց ժամանակի եւ ժամանակակիցության շուրջ այս մտորումների առաջ: Երկրորդ գիրքն իր կառուցվածքի հիմքում առերեսում է ժամանակը: Այս պարագայում հանրայինի խնդիրն ի հայտ է գալիս ժամանակի մեջ ունեցած իր փոխակերպումներով, ինչը եւ մի առումով ուրվագծում է դրա ներկա պատկերը:
Ուրեմն եթե նախորդ գրքի դեպքում գործ ունեինք ընդհանուր հղացքի շոշափման փորձերի հետ, այս պարագայում հղացքի քննարկման մեջ ուրվագծվում է ընդհանուր մի միտում, ինչը հուշում է տեղական համատեքստում ձեւավորվելու հայտ ներկայացնող տեսական մի օրակարգի մասին: Վերջինս ենթադրում է խնդիրներին նայելու դիտակետ ընդունել տեղական փորձառությունը, որը կառուցվում է ավանդույթի հետ բարդ եւ նուրբ հարաբերության մեջ, ինչը հնարավոր է իրականացնել, միայն երբ յուրացված են միջազգային ժամանակակից տեսությունները: Այս մոտեցումը նախ եւ առաջ երեւում է գրքի վերնագրում տեղ գտած հասարակայնություն եզրով:
Առաջաբանում Ազատյանը նշում է, որ «հանրային ոլորտի» փոխարեն դեռեւս 19-րդ դարից սկսած հայերեն քննադատական ավանդույթում գործածվել է «հրապարակի» փոխաբերությունը, ինչպես նաեւ «հասարակություն», «հասարակայնություն» եզրերը [5]: Ուրեմն նախորդ գրքում Ազատյանի «թարգմանած» եզրը մի իմաստով անտեսում էր իր իսկ նշած «հայերեն քննադատական ավանդույթը»: Միաժամանակ, վերնագրի մյուս հատվածով կարծես փորձ է արվում առերեսել պատմական այն իրավիճակը, երբ կարիք էր առաջացել հանրայինը նշող տերմինը թարգմանել անգլերենից՝ «հանրային ոլորտ»․ Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջեւ:
Ինչպես վերնագիրը, այնպես էլ գիրքն ամբողջությամբ կարելի է դիտել որպես հանրայինն իր տեղական ժամանակային չափման մեջ մտածելու մի արարք: Այս տեսանկյունից շատ կարեւոր է դառնում գրքի կառուցվածքը: Առաջին՝«Միջամտություններ» բաժնի հեղինակներից մեծ մասի հոդվածները հրապարակվել են նաեւ առաջին գրքում եւ արտացոլում են վերջին վեց տարվա նրանց մտահոգությունները [6]: Երկրորդ՝ «Վերհիշումներ» բաժինն արդեն տեղական պատմության մեջ հանրայինին հղող խոսակցություններ են՝ կապված քննադատության, քաղաքային տարածության եւ կանանց ներգրավվածության հարցերին [7]: Վերջին՝ «Ներդրում» բաժնում ներկայացված է մշակույթի անգլիացի տեսաբան, առաջին գրքին նախորդող գիտաժողովների հայկական կողմի հիմնական գործընկեր Մալքոլմ Մայլսի 2009 թվականին գրված «Հանրային ոլորտներ» հոդվածի հայերեն թարգմանությունը: Այն քննարկում է հանրայինի առջեւ կանգնած ժամանակակից հիմնական տեսաբանական խնդիրները՝ խնդրականացնելով թե՛ արեւմտյան եւ թե խորհրդային հանրային ոլորտի պատկերացումներն ու դրանց գործադրման ձեւերը [8]:
«Միջամտություններից» դեպի «Վերհիշումներ» անցումը տեղի է ունենում Նարե Հովհաննիսյանի «Հասարակայնացում» հոդվածով: Հովհաննիսյանը առաջին գրքի հեղինակներից չէ եւ նրա տեքստը հատկանշականորեն վերաբերում է ոչ թե հղացքը գործադրելուն, այլ մտածելուն: Իր հոդվածում նա դիմում է «հասարակայնություն» եզրին: Հատկանշական է, որ սերնդային ակնհայտ տարբերություն ունենալով «Միջամտություններ» բաժնի հեղինակներից՝ Հովհաննիսյանը, թվում է, մտածման այս արարքով կապ է հաստատում «Վերհիշումների» հետ:
Եթե Հովհաննիսյանի դեպքում տեքստի մեջ է կապ հաստատվում որոշակի ավանդույթի հետ, ապա գիրքն ամբողջությամբ կարդալիս տեղական համատեքստի հետ կապված առանձին թեմաներ ի հայտ են գալիս նման պատմական կապի լույսի ներքո: Սրա օրինակ է քաղաքը, որը, չնայած բավական տարբեր տեսանկյուններից եւ տարբեր առաջնայնություններով, երեւում է Նազարեթ Կարոյանի, Հրաչ Բայադյանի եւ Վարդան Ջալոյանի հոդվածներում՝ որպես հանրային մարմին, եւ որի հղացման սկզբունքների շուրջ հանրային քննարկումը ներկայացվում է «Վերհիշումներ» բաժնի «Քաղաք եւ քաղաքային տարածություն» մասում Ալեքսանդր Թամանյանի եւ Միքայել Մազմանյանի հոդվածներով:
Երկու տեքստերն էլ գրված են խորհրդային շրջանում՝ մի քանի տարի տարբերությամբ (1924 եւ 1930թթ․), սակայն քաղաքի կառուցման շուրջ միմյանցից արմատականորեն տարբեր պատկերացումներ են կիսում: Այս երկուսի համադրման արարքով խմբագիրը կարծես փորձում է ի ցույց դնել խորհրդային մի կարճ շրջանում ձեւավորված սուր բանավեճերի այն իրադրությունը, որը հիմք է դարձել Կարոյանի, Բայադյանի եւ Ջալոյանի քննարկած քաղաքի կառուցման համար: Մյուս կողմից այս բանավեճը, որ «Վերհիշումներում» ամենասուրն է, նշում է խորհրդայինի համասեռ չլինելը եւ դրա հետ հարաբերվելու կարիքը՝ ըստ այս մեկնակետի:
Ուրեմն քաղաքը, որը մի իմաստով հանրայինի տարածական չափման նշանը կարելի է համարել, գրքում ներկայացվում է ժամանակային տարաձգությամբ: Այս իմաստով հետաքրքրական է գրքի շապիկին տեղ գտած լուսանկարը (հեղինակ՝ Վահե Բուդումյան): Այն պատկերում է Երեւանի Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի գետնանցումի պատը, որի վրա 2009 թվականին արվեստագետներ Գարիկ Ենգիբարյանն ու Էդգար Ամրոյանն արել էին ժամանակին մեծ հանրային հնչեղություն ստացած «Ինքնասպան զինվորը» գրաֆիթին: Լուսանկարը պատկերում է դատարկ պատը, որն ուշադիր նայելիս միայն կարելի է նկատել գրաֆիթիից մնացած աղոտ հետքերը: Թույլ ուրվագծվում են զինվորի ոտքերը, իրանը եւ այն քառանկյուն հետքը, որը մի քանի օր հետո ծածկել էր գրաֆիթիի հատկապես ազդեցիկ հատվածը: Լուսանկարը կարծես ինքնին հանրային տարածքի, հանրային խոսքի եւ ժամանակի մեջ դրա փոխակերպումների պատկերը լինի եւ կարծես պատահական չէ, որ ջնջված պատկեըը վերընթերցելու համար այստեղ նույնպես ջանքեր են պահանջվում:
________________________
[1] Գիրքը հրատարակվել է Ուտոպիանա մշակութային-ստեղծագործական կազմակարեպության եւ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի համագործակցությամբ:
[2] Վարդան Ազատյան, «Ներածություն. հանրային ոլորտի խնդիրները Հայաստանի համար», Հանրային ոլորտ. վիճարկման եւ վերըմբռնման միջեւ(Երեւան: Անկյունաքար և Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա, 2007), էջ 13:
[3] Վարդան Ազատյան, «Ներածություն. հանրայինի մարտահրավերները», Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջեւ (Երեւան: Ուտոպիանա և Հովհաննիսյան ինստիտուտ, 2014), էջvii:
[4] Ազատյան, «Ներածություն. հանրայինի մարտահրավերները», էջ vii:
[5] Ազատյան, «Ներածություն. հանրայինի մարտահրավերները», էջ vii:
[6] Այս բաժնում են Նազարեթ Կարոյանի, Հրաչ Բայադյանի, Վարդան Ջալոյանի, Անժելա Հարությունյանի եւ Նարե Հովհաննիսյանի հոդվածները:
[7] Այս բաժինն ինքն ունի ենթաբաժիններ․ «Հրապարակախոսություն եւ քննադատություն», որտեղ տեղ են գտել Միքայել Նալբանդյանի և Աշոտ Հովհաննիսյանի հոդվածները, «Քաղաք եւ քաղաքային տարածություն», որը պարունակում է Ալեքսանդր Թամանյանի և Միքայել Մազմանյանի տեքստերը և «Կանայք եւ հանրային ոլորտը»՝ կազմված Սրբուհի Տյուսաբի և Ֆլորա Վարդանյանի հոդվածներից:
[8] «Սա է իմ իրական մեկնակետը: Ես գտնում եմ, որ Արեւմուտքի առասպելականացված հանրային ոլորտը, ինչը հաճախ համարում են, թե սկիզբ է առնում դասական շրջանի Աթենքի տուրեւառական (transactional) հասարակությունից, պակաս ցնորական չէ, քան Խորհրդային Միության հանրային ոլորտի ձեւը»: Մալքոլմ Մայլս, «Հանրային ոլորտներ», Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջեւ, էջ 161-162: