Շեքսպիրի «Լիր արքա» ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող եւ այլ խնդիրներ:
Անգլերենից թարգմանությունը, առաջաբանը եւ ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի, «Զանգակ» , 2015
ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԱԲԱՆԻՑ
«Լիր արքա» ի բովանդակությունը եւ ողբերգական աշխարհը
1) «Բրիտանիան» ու այնտեղ տիրող մթնոլորտը
«Լիր արքա» ի գործողությունը ծավալվում է վաղ ժամանակներում եւ անորոշ մի երկրում, որը թեպետ պայմանականորեն կոչվում է «Բրիտանիա» , բայց կարող էր կրել ցանկացած ուրիշ անուն, քանզի գրեթե ջնջված են արտաքին ու ներքին բոլոր սահմանները, «բրիտանացիները» երդվում են հունահռոմեական աստվածներով, եւ այդ երկիրն աշխարհագրորեն նույնքան է իրական, որքան, ասենք, Պլատոնի Ատլանտիսը: Ի տարբերություն վերջինիս, սակայն, Շեքսպիրի պատկերած երեւակայական պետությունը ոչ թե ուտոպիական իդեալի մարմնավորում է, այլ մռայլությամբ լի եւ ծայրեծայր չարագուշակ գույներով ներկված մի լայնարձակ տարածք, որի մերձափնյա ծայրամասերից մեկում` անվանյալ, կրկին պայմանականորեն, Դուվր, տեղի է ունենալու եզրափակիչ ապոկալիպտիկ աղետը: Այդ տիրույթը` զերծ որեւէ հստակ տեղայնությունից, իր անհունությամբ ու աղոտ ուրվագծերով, մեջտեղում հառնող ալեհեր միապետի ողբերգական հսկա կերպարով եւ թե՛ չարի, թե՛ բարու` բանականություն ու չափ չճանաչող դրսեւորումներով, թվում է, հենց ինքն է` մինչեւ սահմաններ եւ ապա դրանցից էլ անդին սփռվող աշխարհը: Եվ նա, ասես գեհենական մի դժնդակ ներգործությամբ, հայտնվել է հոգեվարքի մեջ, երբ ամայության վրա տարածվող խավարն աստիճանաբար կլանում է տեղի տվող լույսը, երբ հայրն անողոք է զավակի, զավակը` հոր հանդեպ, երբ եղբայրը թշնամի է եղբորը, քույրը քրոջը,* երբ զրկանքի, հալածանքի, բիրտ կտտանքի եւ անգամ մահվան սպառնալիքն արգելում է լինել միամիտ, ազնիվ, բարի կամ հավատարիմ, եւ երբ ամեն բան միտված է դեպի «խոստացված վախճանը» (V.3.260): Եվ չնայած հուսահատ ճիգեր են արվում` դեռեւս պահպանելու մարդկային որոշ արժեքներ, դրանք ի սկզբանե, ահագնացող արհավիրքի հետ մեկտեղ, դատապարտված են անհաջողության: Քանզի թեպետ ժամանակավորապես հաղթանակած չարին ի վերջո կործանում է սպասում, սակայն նա իր հետ տանելու է նաեւ բարուն:
Սա մի մութ եւ, կարծես, խիստ անհրապույր աշխարհ է, ուր գերիշխում է դաժանությունը, ուր գոյության իրավունք չունի ոչ միայն գահազրկված արքան, այլեւ նրանք, ովքեր շարունակում են նվիրված մնալ «զրո» (I.4.180) դարձած իրենց տիրոջը, իսկ առավել եւս` հրեշտակային բարություն անձնավորող Կորդելիան եւ Խեղկատակի ու Աղքատ Թոմի նման թշվառականները: Եվ որքան էլ վերջիններս ջանան կյանքի բեռը թեթեւացնել ծիծաղով ու երբեմն նույնիսկ բարձր քրքիջով, այդ քրքիջը պարբերաբար դիվային երանգներ է ստանում` որեւէ տեղ չթողնելով հույսին ու լավատեսությանը: Նեյհում Թեյթը փորձել էր ուրախ ավարտով «բարեփոխել» այս վայրագ պատմությունը, եւ թեպետ նրան հաջողվել էր առժամանակ գոհացնել անուղղելի լավատեսներին, նրա խմբագրումը հետագայում պետք է ձախողվեր ու վաներ բոլորին, քանզի գրականության եւ արվեստի պայմանական աշխարհում գեղարվեստական մեծ ուժով պատկերված չարիքն ու մարդկային ողբերգությունը, հարկավ, շատ ավելի ազդեցիկ են, քան պարզունակ երջանկությունը:
2) Թագավորության բաժանումը որպես «անհամոզիչ» արարք
«Լիր արքա»ի գլխավոր սյուժեն ընդհանուր առմամբ բավական պարզ մի պատմություն է: «Ութսունամյա եւ ավելի» (IV.7.63) տարիքի հասած ամենազոր թագավորը որոշում է ուսերից թոթափել իշխանության բեռը` իր տիրույթները, պետական խնդիրների հոգածությունը եւ երկրի փաստացի կառավարումը թողնելով դուստրերին ու նրանց ամուսիններին: Նա իրեն է պահում «թագավորի լոկ անունը, տիտղոսները» (I.1.136–137), ինչպես նաեւ հարյուր ասպետից բաղկացած մի շքախումբ, որպեսզի հետագա կյանքն անցկացնի անհոգ վայելքների մեջ: Ընդսմին Լիրը կազմակերպում է մի անհեթեթ ներկայացում, որի ընթացքում երեք աղջիկներից յուրաքանչյուրն իր բաժինը պետք է ստանա` ըստ արքայի հանդեպ իր սիրո ճոռոմ խոստովանության (թեեւ իրականում բաժանումն արված է նախապես): Ավագ ու միջնեկ դուստրերը` Գոներիլը եւ Ռեգանը, կեղծ ու ճամարտակ խոսքով թագավորից կորզում են իրենց տիրույթները, իսկ կրտսեր Կորդելիան` աղջիկներից միակը, ով իսկապես ջերմ սիրով կապված է հոր հետ, հրաժարվում է այդ հիմար խաղին մասնակցելուց` հարուցելով թագավորի անզուսպ զայրույթը եւ զրկվելով ժառանգությունից (որը կիսվում է Գոներիլի ու Ռեգանի միջեւ): Այսինքն` ծերունի միապետը, Շեքսպիրի մյուս հայտնի հերոսների նման, ճակատագրական սխալ է գործում, ինչից սկիզբ է առնում այն մեծ ողբերգությունը, որը շատերն առ այսօր համարում են Շեքսպիրի ստեղծագործության գագաթնակետը:** Իր արարքի հետեւանքով Լիրը շուտով, վտարվելով Գոներիլի ու Ռեգանի դղյակներից եւ մնալով առանց հարյուր ասպետների, դառնում է մի տնանկ, ցնցոտիավոր ու խելագար աստանդական: Իսկ այն երջանիկ պահից հետո, երբ նա վերագտնում է իր վռնդած հավատարիմ դստերը, եւ թվում է, թե պատմությունը պիտի բարի վերջաբան ունենա, նրա աչքի առաջ կախում են Կորդելիային, եւ այդ սարսափից ցնցված ծերունին, դստեր սառած մարմինը գրկին բեմ գալով ու նրա դիակի վրա ողբալով, կնքում է մահկանացուն` իրենից հետո թողնելով մի աղետյալ երկիր եւ համատարած անհուսություն:
Թագավորության բաժանումը եւ Կորդելիային առանց լուրջ պատճառի դաժանորեն պատժելը, բնականաբար, անհամոզիչ են թվացել, եւ ոմանք*** Շեքսպիրին քննադատել են իր պիեսը շինծու հիմքի վրա կառուցելու համար: Իշխանությունը «լոկ անունով ու տիտղոսներով» չի լինում, եւ միայն կատարյալ տխմարը կարող է այդպես հրաժարվել գահից` հանձնվելով շողոքորթ ու անսիրտ դուստրերի ողորմածությանը, իսկ անկեղծորեն իրեն սիրող եւ վստահելի աղջկան զրկելով ամեն ինչից: Եվ թեպետ եղել են նաեւ արքայի այս վարմունքին «ըմբռնումով» վերաբերվելու փորձեր,**** ամենքին էլ (եւ հենց իրեն` Շեքսպիրին, որն իր կարծիքն արտահայտում է Քենթի բերանով) պարզ է նման արարքի անմտությունն ու անխոհեմությունը: Հարկավ, ցանկացած միջակություն, առավել եւս` մի հաշվենկատ, սառը դատող հարուստ կամ իշխանավոր խելքն այնքան չէր թռցնի, որ օր ծերության անձնատուր լիներ քծնող ժառանգներին` ողջ ունեցվածքն ու իրավունքները նվիրելով նրանց եւ իրեն դատապարտելով անխուսափելի նվաստացումների ու զրկանքների: Բայց, որքան էլ սա պարադոքսային թվա, հերոսների անհավատալի, արտասովոր գործելակերպը գեղարվեստական գրականության մեջ կարող է հեղինակին հնարավորություն տալ` ներթափանցելու անտեսանելի ծալքեր ու գաղտնարաններ եւ լավագույնս վերհանելու մարդկային բնության ու կյանքի ճշմարտությունները, քանզի դրանք իրենց համակ էությամբ ի հայտ են գալիս հենց արտառոց իրավիճակներում: Այստեղ տեղին կլինի մեջբերել «Լիր արքա» ի վերաբերյալ մի ճանաչված շեքսպիրագետի հետեւյալ միտքը. «Պիեսի բնույթն առասպելական է. այն, ինչպես Էդիպուսի պատմությունը, հեռանում է ճշմարտանմանությունից, որպեսզի գտնի ճշմարտությունը» :***** Իսկ Շեքսպիրն անզուգական է նաեւ այս առումով. նկարագրելով սովորական մահկանացուին անհարիր ու մեզ անտրամաբանական թվացող վարմունք` նա իր հերոսներին (եւ առհասարակ մարդուն) բացահայտում է առավելագույն ճշմարտացիությամբ ու խորությամբ: Ուստի, համապատասխանաբար, նրա ողբերգական կերպարները շարքային անձինք չեն, եւ նրանց մասին չի կարելի դատել առտնին չափանիշներով:
Այս տեսակետից անհրաժեշտ ենք համարում ամփոփ ներկայացնել Բրեդլիի որոշ կարեւոր դիտարկումներ Շեքսպիրի ողբերգությունների գլխավոր հերոսների մասին:****** Ըստ նրա` այդ կերպարներն օժտված են ընդհանուր հատկանիշներով, որոնք էական են ողբերգական ներգործության (tragic effect) համար: Բացի այն բանից, որ նրանք բարձր դիրք ունեն (թագավոր, արքայազն, երեւելի ազնվական, զորավար, պետական գործիչ եւ այլն, որոնց ճակատագիրը կարող է վճռորոշ լինել մի ողջ տերության, երկրի, քաղաքի կամ ժողովրդի համար), այդ կերպարները բացառիկ էակներ (exceptional beings) են, եւ նրանց գործողություններն ու տառապանքը նույնպես սովորական չեն, իսկ անսովոր կերտվածքն այդ հերոսներին շատ վեր է դասում «մարդկության միջին մակարդակից»: Սա չի նշանակում, թե նրանք կատարելության տիպարներ են. Շեքսպիրը երբեք չի պատկերել չափազանցված առաքինություն, եւ նրա որոշ հերոսներ հեռու են «լավը» լինելուց: Այդ ողբերգական կերպարները ստեղծված են նույն նյութից, որ մենք գտնում ենք մեր եւ նրանց շրջապատող երկրորդական գործող անձանց մեջ: Բայց «այլոց հետ համատեղած կյանքի մի լարումով» նրանք բարձրանում են իրենց միջավայրից, իսկ նրանցից մեծագույնները` այն աստիճանի, որ եթե մենք լիովին ընկալենք նրանց խոսքերի ու արարքների նշանակությունը, կհասկանանք, որ իրական կյանքում չենք տեսել նման մարդկանց: «Ոմանք, ինչպես Համլետն ու Կլեոպատրան,– գրում է Բրեդլին,– հանճար ունեն, իսկ ուրիշները, ինչպես Օթելլոն, Լիրը, Մակբեթը, Կորիոլանը` խոշորամասշտաբ կերտվածք, եւ կամքը, ցանկությունը կամ կիրքը նրանց մեջ ահավոր զորություն են ձեռք բերում»: Դա ճակատագրական հատկանիշ է, սակայն իր մեջ մեծության կնիք ունի, «եւ երբ դրան միանում է մտքի վեհություն (nobility of mind), հանճար (genius) կամ վիթխարի ուժ (immence force), մենք ըմբռնում ենք այդ հոգու ողջ հզորությունն ու թռիչքը. եւ ընդհարումը, ինչի մեջ նա ներքաշվում է, ստանում է այնպիսի ընդգրկում, որ շարժում է ոչ միայն համակրանք ու գութ, այլեւ հիացմունք, սարսափ ու երկյուղածություն»: Բրեդլին սա կոչում է «ողբերգական հատկանիշ» (tragic trait). դրանով օժտված շեքսպիրյան հերոսը, հայտնվելով որոշակի հանգամանքներում, անկարող է տալ իրենից պահանջվածը, մի բան, որ ավելի փոքր մարդը կկարողանար: Նա սխալվում է, անում այն, ինչ չպետք է աներ, կամ չի անում այն, ինչ պետք է աներ, եւ այդ սխալը, հարակից այլ պատճառներով, նրան հասցնում է կործանման: Բավական է Շեքսպիրի հերոսներին զրկել այս «ողբերգական հատկանիշից», եւ նրանք կվերածվեն շարքային մարդկանց ու կդադարեն ողբերգական կերպար լինել:
Բրեդլիի այս բնութագիրը հիանալի ուղեցույց է` Լիր արքայի կերպարը եւ նրա վարքագիծը ճիշտ հասկանալու համար:*******
________________________
* Հմմտ. Bradley, 261–262:
** Սա մի ականավոր շեքսպիրագետի թույլ է տվել XX դարավերջին պնդելու, որ մոտավորապես 1960-ական թվականներին «Լիր արքա»ն փոխարինել է «Համլետ»ին իբրեւ «Շեքսպիրի լավագույն, մեծագույն կամ գլխավոր գլուխգործոց» (Foakes, Hamlet, 1):
*** Նրանցից ամենանշանավորը Լեւ Տոլստոյն է` «Շեքսպիրի և դրամայի մասին» («О Шекспире и о драме») երկարաշունչ հոդվածով (1906), որի մեջ նա ոչ միայն խստորեն քննադատում էր, հատկապես, «Լիր արքա»ն, այլև իր առջև առհասարակ նպատակ էր դրել ապացուցելու, թե «Շեքսպիրը չի կարող ճանաչվել ոչ միայն իբրև մեծ, հանճարեղ, այլև նույնիսկ ամենամիջակ ստեղծագործող» (Толстой, 259):
**** Նրանցից ամենանշանավորը Լեւ Տոլստոյն է` «Շեքսպիրի և դրամայի մասին» (“О Шекспире и о драме”) երկարաշունչ հոդվածով (1906), որի մեջ նա ոչ միայն խստորեն քննադատում էր, հատկապես, «Լիր արքա»ն, այլև իր առջև առհասարակ նպատակ էր դրել ապացուցելու, թե «Շեքսպիրը չի կարող ճանաչվել ոչ միայն իբրև մեծ, հանճարեղ, այլև նույնիսկ ամենամիջակ ստեղծագործող» (Толстой, 259):
***** Mack, 97.
****** Bradley, 19–22.
******* Հմմտ. Թոփչյան, 547–548:
գրականության ցանկ
Թոփչյան – Ուիլյամ Շեքսպիր, Համլետ, անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը եւ մեկնությունները` Արամ Թոփչյանի, Երեւան, Սարգիս Խաչենց–Փրինթինֆո, 2013
Толстой – Лев Николаевич Толстой, “О Шекспире и о драме” (1906) http://rvb.ru/tolstoy/01text/vol_15/01text/0332.htm
Bradley – Andrew Cecil Bradley, Shakespearean Tragedy: Lectures on Hamlet, Othello, King Lear, and Macbeth, second edition, London: Macmillan and Co., 1905 (first published 1904)
Foakes, Hamlet – Reginald A. Foakes, Hamlet versus Lear: Cultural Politics and Shakespeare’s Art, Cambridge: Cambridge University Press, 1993
Bate – Jonathan Bate, “Introduction” in Bate & Rasmussen
Bate & Rasmussen – William Shakespeare, King Lear, ed. Jonathan Bate and Eric Rasmussen (The RSC Shakespeare), Macmillan, 2009
Mack – Maynard Mack, King Lear