Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար…
Ի՛նչ հավասար է իջնում ձյունը։
Մեռելների վրա երեւի
ավելի հավասար,
քան մեզ վրա,
որ համառ դյութանքն ենք
ապրելու նման մի բանի։
Մանուկների վրա երեւի
ավելի հավասար,
քան արձանների,
որ հպարտ կանգնած են
ձյունն ու հավասարությունը
սեփական մաշկով զգալու համար։
Ապրիլի 2-ին Գյումրու Բեռլին ԱՐՏ Հոթելում տեղի ունեցավ գրող հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Ձնեմարդու ավետարան» եւ «Դոն Կիխոտի օրագիրը» գրքերի շնորհանդեսը : Նույն օրը ներկաներին ցուցադրվեց նաեւ հեղինակի կողմից դեռեւս 2010 թվականին նկարահանված, սակայն մինչ օրս իր արդիականությունը պահպանած եւ մերօրյա իրականությունը ներկայացնող, «Ներթափանցում» խորագիրը կրող կարճամետրաժ ֆիլմը:
Դեռեւս մարտի 25-ին Գյումրիում տեղի ունեցած Խոսքի ազատության օրվա շրջանակներում Տիգրան Պասկեւիչյանն արժանացավ հատուկ մրցանակի` հրապարակախոսական հսկայական աշխատանքի իրականացման համար: Հեղինակի խոսքերով` «Դոն Կիխոտի օրագիրը» գիրքն իր մեջ ներառում է տարիներ շարունակ մի շարք տպագիր եւ համացանցային հարթակներում տեղադրված հրապարակախոսական աշխատանքները: «Ձնեմարդու ավետարան» բանաստեղծական ժողովածուն իր մեջ ներառում է ժամանակակից պոեզիային պատկանող մի շարք ստեղծագործություններ: Հեղինակի գրքերի շնորհանդեսի ժամանակ խոսքով հանդես եկան մի շարջ գրող հրապարակախոսներ Գյումրիից, ովքեր ներկայացնելով Տիգրան Պասկեւիչյան անհատին` փորձեցին նաեւ յուրովի ներկայացնել վերջինիս ստեղծագործությունների իմաստաբանական նրբությունները: Լինելով բնիկ Երեւանցի՝ հեղինակը մշտապես կապ է պահել հանրապետության երկրորդ քաղաքի հետ` հավելելով, որ չի կարելի Հայաստան ասելով պատկերացնել միմիայն մայրաքաղաքը, քանի որ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ կան Երեւանի սահմաններից դուրս:
1988 թվականի աղետալի երկրաշարժից մի քանի օր առաջ Տիգրան Պասկեւիչյանը «Գարուն» ամսագրի համար գրվելիք հոդվածի համար ժամանել է Գյումրի: Հոդվածը վերնագրված է եղել «Բանըմ ըսեմ, լացդ գուգա»: Վերջինս տպագրության ուղարկելուց մի քանի օր անց տեղի է ունեցել աղետալի երկրաշարժը. «Հոդվածը լույս տեսավ երկրաշարժի օրերին, որից հետո ստիպված էի հետգրություն գրել, քանի որ երկրաշարժից հետո ակնարկն այդ բովանդակությամբ չէր կարելի թողնել», - նշեց գրողը: Շնորհանդեսի ներկաները հնարավորություն ստացան հարցեր ուղղել հեղինակին: Այն հարցին, թե` որպես գրող հրապարակախոս, ինչպե՞ս եք գնահատում խոսքի եւ արտահայտման ազատությունը ներկայում եւ խորհրդային միության տարիներին, Տիգրան Պասկեւիչյանը վստահաբար նշեց, որ ներկայում խոսքի եւ արտահայտման՝ անհամեմատոլիորեն մեծ ազատություն կա եւ որ նրան ավելի շատ դուր է գալիս ներկայիս Հայաստանը` հաշվի առնելով նաեւ այն բոլոր խնդիրները, որոնք իր հետ բերեց անկախությունը:
Այն հարցին, թե ո՞րն է գրողի համար ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը, շատերի համար զարմանալիորեն, նշվեց. «Սովետական տարիների անեկդոտները: Ազդեցությունները բազմաբնույթ են, կան այնպիսիք, որոնք ազդում են նյարդերիդ վրա, կան այնպիսիք, որոնք զգայարաններիդ վրա են ազդում: Ինքս հայ գրականությունը փորձում եմ ընկալել իր ամբողջության մեջ` սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչեւ իմ ժամանակակիցները, ովքեր գրում եւ ստեղծագործում են ներկայում»: Շնորհանդեսի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան նաեւ ձեռք բերել ներկայացված գրքերը՝ գրողի մակագրությամբ: