2004 թվականին Էլֆրիդե Ելինեկը գրականության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի եւ չմեկնեց մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը...
...իր փոխարեն ուղարկելով ճառի ձայնագրությունը: Մրցանակաբաշխության հանձնաժողովի տղամարդ անդամներից մեկը հաջորդ տարի հրաժարվեց ժյուրիի իր կարգավիճակից` պարզաբանելով, որ համաձայն չի եղել Ելինեկին մրցանակ շնորհելու որոշման հետ` վերջինիս գրականությունը համարելով "վնգստան, տհաճ հանրային պոռնոգրաֆիա":
Էլֆրիդե Ելինեկի "Դաշնակահարուհին" ինքնակենսագրական վեպը առաջին հայացքից կապ չունի կենսագրական այն տեղեկությունների հետ, որ տրվեց վերեւում: Բայց միայն առաջին հայացքից…
Գերմաներենից ուղիղ թարգմանությամբ վեպի վերնագիրը "դաշնակահարուհին" է ("Die Klavierspielerin"), բայց պրագմատիկ ամերիկացիները, տեսնելով, որ վեպի գլխավոր կերպարը դաշնամուրի ուսուցիչ է, վերնագիրը հենց այդպես էլ թարգմանել են` "The Piano Teacher": Այս երկվությունը վեպի գլխավոր կոնֆլիկտներից է, ինչը կբացահայտվի ընթացքում:
Սոցիալիզմի եւ ֆեմինիզմի դիրքերից հանդես եկող Ելինեկը իր վեպով մխրճվում է այս երկու գաղափարախոսությունների ամենակնճռոտ անկյունները եւ փորձում սեփական կենսագրության միջով պատասխանել ինչ-ինչ հարցերի: Ստեղծագործությունը նաեւ ժամանակին այդքան հանրայնություն վայելող դաստիարակչական վեպերի (bildungsroman) սատիրա է, ուր ֆեմինիզմի անունից քննարկվում է մայրեր-դուստրեր փոխհարաբերությունների բիոլոգիան եւ վերհանվում մայրական «հոգատարության» աղետալի հետեւանքները դուստրերի ճակատագրերի վրա: Այս առումով գրականագիտության մեջ վեպի առիթով օգտագործվել է "հակադաստիարակչական վեպ" իրոնիկ եզրույթը:
Վեպը երեսունն անց Էրիկա Քոհութի մասին է, ով ապրում է մոր հետ: Վերջինս ամբողջ կյանքում երազել եւ ամեն ինչ արել է, որ դուստրը դաշնակահարուհի դառնա, սակայն Էմիլին ձախողել է մոր երազանքը եւ այժմ դաշնամուր է դասավանդում Վիեննայի կոնսերվատորիայում: Մայրն էմիլիի համար ընտրել է դաշնակահարի մասնագիտությունը: Դաշնամուրը որպես երաժշտական գործիք ստեղծվել է միջին եւ բարձր խավի համար, եւ մայրը, այս գործիքին դստերը կապելով, փորձում է անվերջ ընդգծել նրա ընտրյալությունը` սոցիալական առումով: Մյուս կողմից դաշնակահարի մասնագիտությունը ընտրելով` մայրը նաեւ կանացի մասնագիտություն է նկատի ունեցել կարծես:
Էմիլիի ծնվելուց հետո մայրը չեզոքացնում է Էմիլիի հորը. ամուսնուց ունեցած միակ ակնկալիքը, այն է` իրեն դուստր պարգեւելը, իրագործված է, եւ ամուսնուց կարելի է ազատվել` ասենք՝ նրան հոգեկան հիվանդների պանսիոնատ ուղարկելով: Այդ օրվանից սկսած՝ Էմիլին քնում է մոր ամուսնական անկողնում` մի տեսակ կատարելով նաեւ հոր-ամուսնու-տղամարդու արքետիպային գործառույթը, մյուս կողմից մոր համար Էմիլին երեսուն տարեկանը վաղուց բոլորելուց հետո էլ շարունակում է երեխա մնալ: Դաշնակահարուհի-հայր (ամուսին, տղամարդ)-երեխա գործառույթները մեկի մեջ դաստիարակելն ու ներդաշնակություն ակնկալելը անհաղթահարելի ու կործանարար ծրագիր է, եւ վեպում մենք հանդիպում ենք հենց այդ կործանման հաջորդականությանը:
Դաշնակահարուհին բեմական կերպար է, որի ֆունկցիաներից մեկը արվեստի միջոցով հակառակ սեռին գրավելն է: Բայց էմիլիի մայրը չի պատկերացնում իր կյանքն առանց դստեր, եւ ցանկացած տղամարդու պոտենցիալ հայտնություն աղջկա կողքին վթարային երեւույթ է համարվում:
Հայրը (ամուսին-տղամարդ) մոր համար ընտանեկան-սոցիալական ֆունկցիա ունի: Էմիլին ստիպված է քնել մոր ամուսնական անկողնում (հոր հատվածում), ինչպես նաեւ կատարել տան տղամարդու` ընտանիքը պահելու պարտականությունը: Մայրը Էմիլիի վաստակով է ապրում, ծրագրում նրա շահած գումարները եւ ամեն անգամ կռիվ սարքում, երբ աղջիկը հագուստ է գնում կամ վատնում փողը:
Երեխան կարող է բնորոշվել տան հետ կապվածությամբ ու ծնողի սեփականատիրական նկրտումներին բավարարում տալու գործառույթով: Այդ պատճառով Էմիլին մոր համար չի դադարում երեխա լինել:
Էմիլիի կերպարի բացահայտման մյուս կարեւոր միջոցը իր աշակերտի՝ Վալտեր Քլեմերի հետ ունեցած հարաբերություններն են, ուր արտահայտվում են նրա սեռական փնտրտուքների այլասերված դրսեւորումները` սադոմազոխիստական ծայրահեղությունների տեսքով:
Վեպի մի դրվագում, երբ Էմիլին թփերի մեջ թաքնված դիտում է, թե ինչպես է զույգը սեռական հարաբերություն ունենում, նա սկսում է սեռական ակտը համեմատել դաշնակահարուհու մասնագիտության հետ: Երկու դեպքում էլ պիտի մինչեւ վերջ տքնանքով տրվես, որպեսզի արդյունք ունենաս: Բայց դաշնակահարուհի դառնալու Էմիլիի տքնանքը ձախողվել է, եւ նա ընդամենը դաշնամուրի ուսուցչուհի է այժմ: Նույնպիսի ձախողում է սպասում նրան նաեւ սեռական կյանքում. սեռական ակտի մասնակցից Էմիլին վերածվում է սեռական կյանքը գծագրել փորձող ուսուցչի: Ուսուցիչը նամակ է գրում իր աշակերտ Վալտերին, թե ինչպես պետք է վերջինս իր հետ վարվի սեռական հարաբերությունների ժամանակ, ինչը արդյունքում վերածվում է բռնաբարության, ծեծի եւ լքումի, որին, պարզվում է, Էմիլին պատրաստ էր միայն թղթի վրա, բայց ոչ իրական կյանքում: Վեպի երկու` գերմաներեն եւ անգլերեն վերնագրերի բախումը հենց Էմիլիի երկու ես-երի անհամատեղելիության բանաձեւումն է (դաշնակահարուհի-դաշնամուրի ուսուցիչ, սիրուհի-սեռական ակտի ծրագրավորող), որն անշուշտ մոր ծրագրային խառնաշփոթի արգասիքն է:
Վեպը խորհրդանշական մի դրվագով է ավարտվում, որի մասին խոսում է Ելինեկն իր հարցազրույցներից մեկում: Էմիլին բռնաբարության հաջոդ օրը, դանակը պայուսակում, գնում է Վալտերին տեսնելու (նրան կամ իրեն սպանելու), սակայն չի կարողանում Վալտերի վրա ձեռք բարձրացնել եւ անկարող է նաեւ ինքնասպանություն գործել: Արդյունքում Էմիլին դանակով միայն սեփական ուսն է վնասում` այստեղ էլ մինչեւ վերջ գնալու իր անկարողությունը փաստելով: Ելինեկն ասում է, որ այս պատկերը յուրօրինակ հղում է առ Կաֆկայի "Դատավարությունը"` մի տարբերությամբ, որ կնոջը այս աշխարհում, որը պատմվում (քննադատվում) է, տրված չէ նույնիսկ աշխարհի ողբերգական զոհը դառնալու առաքելությունը: Իսկ վեպը գրված է ներկա ժամանակով. ներկայով են պատմվում անցած-գնացածը, կատարվողն ու կատարվելիքը, այսինքն` առաքելության՝ զավեշտախաղի վերածումը համաժամանակյա է, ըստ Ելինեկի:
…Եվ նորից Նոբելյան մրցանակաբաշխությանը վերադառնալով՝ թվում է` սա եւս, ճիշտ է՝ խորհրդանշական առումով, բայց կրկին Էմիլի Քոհութի մոր պարանոյիկ սցենարի իրականացումն է: Արդեն ոչ թե դաշնակահարուհին, այլ գրողը` Էլֆրիդե Ելինեկը, բեմ է հրավիրվում (ինչպես դաշնակահարուհուն կհրավիրեին), բայց բեմը դատարկ է, որովհետեւ դաշնակահարուհին ընդամենը դաշնամուրի ուսուցիչ է, ով անկարող է բեմ դուրս գալ, իսկ մրցանակ տվող հանձնաժողովի տղամարդ անդամը, հենց որի մասնակցությամբ էր նաեւ կայացվել ընտրությունը, հրաժարվում է Ելինեկից, ինչպես վեպում Վալտեր Քլեմերն է վարվում Էմիլիի հետ:
Փոխարենը՝ բեմից հնչում է Ելինեկի խոսքի ձայնագրությունը լեզվի` գրականություն արարելու կարողության մասին, այն նույն լեզվի, որը մարդիկ հաճախ օգտագործում են միմյանց երեսին թքելու համար: Ելինեկի "Դաշնակահարուհին" վեպն էլ ոչ ավել ոչ պակաս հենց այդ թքի պոեզիան է` "սադոմազոխիստական ու պոռնոգրաֆիկ" իր կենսաբանությամբ, եւ անսահման եթերային ու էրոտիկ` իր կատարումով: (Վեպը հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 2014-ին, թարգմանիչ` Կարլեն Մատինյան):