նույն Փամուքը գրում է. “Ես չեմ ցանկանում ծառ լինել, այլ ցանկանում եմ լինել ծառի իմաստը”:
Օրհան Փամուքի “Իմ անունը Կարմիր է” վեպը, որ հեղինակի խոստովանությամբ իր ամենագունեղ եւ լավատեսական ստեղծագործությունն է, լույս է տեսել Թուրքիայում 1998-ին, երբ նա արդեն համբավավոր գրող էր, եւ այս վեպը պիտի նոր քայլ լիներ հեղինակի հռչակը նաեւ Արեւմուտք տարածելու գործում: Վեպը անգլերենով լույս տեսավ մի քանի տարի անց` 2001-ին: “Իմ անունը Կարմիր է”-ի մասին գրախոսություններ կարելի է կարդալ The New York Times –ում եւ The New Yorker-ում, այսինքն` այս վեպը ամրապնդեց գրողի դիրքերը արեւմտյան գրաշուկայում` դառնալով մի կողմից հեղինակի, մյուս կոմից նրա հայրենիքի կարեւոր այցեքարտը: Այսօր արդեն Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքի այս վեպը կարելի է ընթերցել ավելի քան 60 լեզուներով` այդ թվում նաեւ հայերեն (Իմ անունը կարմիր է, թարգմանիչ` Արփի Աթաբեկյան, Երեւան, 2014թ.)
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1591 թվականի Ստամբուլում` Փամուքի հայրենի քաղաքում եւ ընդգրկում են Սուլթան Մուրատ 3-րդի կառավարման տարիները, ավելի կոնկրետ՝ այդ տարիների ընդամենը ինը օրը: Մի կողմից սրանով ընթերցողը հարաբերվում է պատմական ժամանակին, մյուս կողմից վեպը հեռու է դասական պատմավեպի մեր պատկերացումներից եւ միստիկայի, սիրավեպի, դետեկտիվի ու մի շարք այլ ժանրատեսակների ինքնատիպ համադրություն է:
“Իմ անունը Կարմիր է” վեպի բազմաթիվ գրախոսություններում նշվում են մի շարք հեղինակների եւ գործերի անուններ, որոնց ազդեցությունները ակնհայտ են Փամուքի վեպի վրա` Ստենդալից մինչեւ Կալվինո, Մանից մինչեւ Կաֆկա, Պրուստից մինչեւ Դոստոեւսկի, Ֆոլկներից մինչեւ Բորխես, Ջոյսից մինչեւ Էկո… Հետաքրքիր է, որ այդ ազդեցությունների ընդգծումը ոչ միայն չի ստվերում փամուքյան բնագիրը, այլեւ տեղի է ունենում ուղիղ հակառակը: Փամուքն ամենալավը գիտի այդ ազդեցությունների մասին եւ չի էլ փորձում թաքցնել դրանք: Նա օգտվում է համաշխարհային վեպի փորձառությունից, խաղարկում է դրանք` իր պատմելիք արեւելյան նյութը արեւմտյան վեպի ծանոթ ֆորմաներով համընթեռնելի դարձնելու համար: Օրինակ` միջնադարյան մանրանկարիչների իր այս յուրօրինակ վեպ-վարքագրությունը նա վերնագրել է “Իմ անունը Կարմիր է”, իսկ վեպի գլխավոր կերպարի անունը Քարա է (քարա թուրքերենից թարգմանաբար նշանակում է սեւ, ի դեպ վեպի անգլերեն թարգմանության մեջ կերպարի անունը հենց Black է): Այսինքն` Փամուքը վերնագրի եւ գլխավոր կերպարի հակոտնյա գույների խաղարկումով հղում է կատարում Ստենդալի հայտնի “Կարմիրը եւ սեւը” վեպին:
Նյութի եւ ֆորմաների ընտրությունից զատ՝ վեպի կայացման մյուս կարեւոր բաղադրիչը պատմողի ձայնն է (narrator voice): Վեպը տասից ավելի պատմող ունի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է դեպքերը իր անունից եւ տեսանկյունից, ընդ որում` նրանք կարող են նույն պատմությունը ոչ միայն տարբեր ձեւերով, այլեւ տարբեր լսարանների համար պատմել, օրինակ՝ պատմող-կերպարներից Շեքուրեն, դիմելով ընթերցողին, ասում է. “Այդ ժամանակ Էսթերի ընտանիքը հրաժարվել էր հրեականությունից եւ որոշել էր ձեզ պես կաթոլիկ քրիստոնյա դառնալ…”, իսկ մյուս պատմող-կերպարը` վարպետ Օսմանը, ընթերցողին դիմելով, ասում է. “Կարծես Էնիշթե Էֆենդին իմ վարպետ նկարիչներին ոչ թե ձեզ պես, այլ օտարի պես էր պատվիրել նկարել” (օտար ասելով նկատի ունի քրիստոնյաներին, իր բառով` անհավատներին): Առաջինի համար ընթերցողը քրիստոնյա կաթոլիկն է, երկրորդի համար` ուղղափառ մուսուլմանը: Սա մի կողմից վեպի բազմաձայնության արդյունքն է, մյուս կողմից հեղինակի` լսարաններ նվաճելու բանալին. Փամուքը գրում է ոչ միայն բոլորի համար, այլեւ՝ բոլորին նկատի ունենալով, ինչը հեղինակի աշխարհահռչակ դառնալու եւ գրաշուկաներ նվաճելու գրավականներից է:
Վեպի բնաբաններից մեկում ասվում է. “Աստված պատկանում է թե՛ Արեւելքին եւ թե՛ Արեւմուտքին”: Արեւելք-Արեւմուտք կոնֆլիկտը մի կողմից վեպի կարեւոր մոտիվներից է`շարահյուսված մանրանկարչության-նկարչության ոճերի ու դրանք ձեւավորող աշխարհընկալումների նրբերանգների բացահայտումներով, մյուս կողմից բուն վեպը այդ կոնֆլիկտի ոչ թե հաղթահարում, այլ դրա անխուսափելի արդյունք հանդիսացող երկխոսության ծավալում է: Արեւելյան նկարչական ոճի վրա դաստիարակված մանրանկարիչներին Սուլթանը հանձնարարում է պատկերազարդել մի գիրք, բայց ոչ թե իրենց հարազատ՝ արեւելյան, այլ արեւմտյան` ֆրանսիական եւ վենետիկյան ոճերով: Մանրանկարիչները հանձն են առնում աշխատանքը, որովհետեւ Սուլթանի կողմից վարձատրություն է խոստացված, բայց միեւնույն ժամանակ տատանվում են արեւելյան ոճի իրենց ուսուցիչ Օսմանի եւ արեւմտյան ոճի համար իրենց վարձատրվող աշխատանք գտած Էնիշթեի միջեւ: Նրանք չեն ուզում արեւմտյան անհավատների պես նկարել, բայց նրանցից յուրաքանչյուրը յուրովի փառասեր է, ուզում է ընդգծել իր անհատականությունը, ինչը հենց արեւմտյան նկարչական դպրոցի առանձնահատկությունն է: Այս երկվությունը միմյանց նկատմամբ անվստահություն է ծնում` արդյունքում հանգեցնելով սպանությունների: Իսկ այդ սպանությունների բացահայտումը ընթանում է հենց ոճական տարբերությունների քննությամբ կամ եթե տեքստից դուրս գանք ու ավելի ընդհանուր ձեւակերպենք` առաջին հայացքից իրարամերժ աշխարհա եւ ոճաընկալումների համադրում-երկխոսությամբ: Ըստ էության այս մոտիվը Փամուքի գրականության առանցք հանդիսացող ավանդույթ-արդիականություն բախումի յուրօրինակ դրսեւորումներից է Թուրքիայում, որի արմատնեը հեղինակն իր այս վեպով հասցնում է մինչեւ 16-րդ դարի Օսմանյան կայսրության ժամանակները:
Մյուս կարեւոր մոտիվը, որ հետապնդում է Փամուքը, եւ իր հետաքրքիր դրսեւորումն ունի նաեւ "Իմ անունը Կարմիր է" վեպում, հեղինակի, հենց իր` Օրհան Փամուքի կերպարի խաղարկումն է վեպում: Ռոլան Բարտի հայտնի հոդվածից եկող ձեւակերպումը, թե ընթեցողի ծնունդը պետք է փոխհատուցվի հեղինակի մահվամբ, մի կողմից չափազանց դիպուկ է թվում վիճարկելու համար, մյուս կողմից բազմաթիվ հեղինակներ փորձում են ինքնատիպ ձեւերով “խուսափել այդ մահվանից”: Փամուքի վեպերի ընթերցողները նկատած կլինեն, որ Օրհանը նրա ստեղծագործությունների մեջ հաճախ հանդիպող անուն-կերպարն է: Հեղինակը չի էլ թաքցնում անվան եւ իր նույնականությունը: Օրինակ` հայ ընթերցողին քաջ հատնի "Ձյունը" վեպի վերջում մահացած ընկերոջ հետքերով Կարս է ժամանում Օրհանը, ով, վերականգնելով ընկերոջ` Կարսում գտնված ժամանակահատվածի իրադարձությունները, պատրաստվում է վեպ գրել: Մեկ այլ վեպի` "Անմեղության թանգարան"-ի գլխավոր կերպարը`Քեմալը, վեպի վերջում ընկերանում է նույն Օրհանի հետ, պատմում նրան իր սիրավեպի մանրամասները եւ խնդրում վեպի վերածել իր սիրո պատմությունը, ինչը կբազմացնի նաեւ նրա թանգարանի այցելուների քանակը: Թվում է` այս մոտիվը դժվար կլինի խաղարկել ոչ ժամանակակից կյանքը պատկերող "Իմ անունը Կարմիր է" վեպում (թվարկված գործերը ժամանակագրորեն համընկնում են հեղինակի ապրած ժամանակի հետ): Բայց Փամուքը, ով այս վեպում խոսեցնում է նույնիսկ մեռյալներին եւ իր ընթերցողին ծանոթացնում անդրաշխարհի գաղտնիքներին, գտել է նաեւ իր բազմաձայն վեպում վերաբնակվելու գաղտնիքը: Վեպի գլուխներից մեկը պատմվում է Շեքուրեի որդի փոքրիկ Օրհանի անունից, ով առաջին հայացքից վեպի կարեւոր կերպարներից չէ, բայց վեպը ավարտող նույն Շեքուրեի վերջին նախադասությունները հակառակն են բացահայտում. “Այդ պատմությունը պատմեցի Օրհանին, որովհետեւ դա անհնար է նկարել, բայց գուցե հնարավոր է գրել: Հասանի եւ Քարայի՝ ինձ ուղարկած նամակները, խեղճ Զարիֆ էֆենդու հագուստներից ելած, լղոզված թանաքով ձիերի նկարները առանց ամաչելու նրան տվեցի: Ինչպես միշտ նյարդային, բարդ բնավորու¬թյամբ ու տխուր էր եւ չէր վախենում անարդար վարվել այն ամենի հանդեպ, ինչը չէր սիրում: Այդ պատճառով, եթե Քարային իրականից ավելի շփոթված, մեր կյանքը՝ ավելի ծանր, Շեւքեթին՝ ավելի վատ, եւ ինձ՝ ավելի գեղեցիկ ու անշնորհքաբար պատմի, հանկարծ չհավատաք Օրհանին: Որովհետեւ չկա այնպիսի սուտ, որին նա չի դիմի միայն պատմությունը գեղեցկացնելու համար”:
Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ` Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ դրսեւորած անսահման սերն է: Վեպի կերպարներից մեկի բերանով նա խոստովանում է. “Հիանալի ձի նկարելիս ինձ հիանալի ձի եմ զգում”, իսկ գլուխներից մեկում, որը պատմվում է ծառի անունից, նույն Փամուքը գրում է. “Ես չեմ ցանկանում ծառ լինել, այլ ցանկանում եմ լինել ծառի իմաստը”: Կարծում եմ՝ հենց այս մղումներն են, որ Փամուք վեպի գիտակին բարձրացրել են Փամուք վեպ ստեղծողի աստիճանի, որի դրսեւորումներից մեկը, անկասկած, “Իմ անունը Կարմիր է” վեպն է: