|մառան|
հրապարակված է 14.05.2014 | վահրամ դանիելյան |
անդառնալի պատմություն թղթե տնակի տեսքով (Առնո Գայգերի "Ծեր թագավորը իր աքսորավայրում" վեպը)
...կանխելով մութ սենյակում սեւ կատու որոնող մասնագետների բնագրագիտական ջանքերը:

 

Գրականությունը նաեւ օգնում է, որ հասուն տղամարդը կարողանա առանց մշակութային բարդույթների ու կլիշեների արտահայտել իր ամենաբնական սերը սեփական հոր հանդեպ. առաջինը սա մտքովս անցավ, երբ ավարտեցի Առնո Գայգերի Ծեր թագավորը իր աքսորավայրում վեպի իմ ընթերցումը: Գայգերը ավստրիացի գրող է, վեպը լույս է տեսել 2011-ին, այսինքն` բոլորովին վերջերս, եւ արդեն հասանելի է նաեւ հայ ընթերցողին (թարգմանիչ` Գայանե Գինոյան, Երեւան, 2013թ., Զանգակ հրատարակչություն): Գրականությունը հաճախ է անդրադառնում թեմաների, որոնց մասին սովորաբար լռում են. գուցե դա նաեւ նրա գլխավոր առաքելություններից է: Սովորաբար գրականության շնորհիվ շատ չխոսված հարցեր սկսում են զրուցվել: Բայց գրականությունը մեկ այլ առանձնահատկություն եւս ունի, այն հաճախ լռեցնում է քեզ՝ մի տեսակ կանխելով փորձված եղանակներով իրեն մեկնաբանելու քո պատրաստակամությունը: Նման բան ինձ հետ հաճախ տեղի է ունենում, երբ ստիպված եմ լինում խոսել հավանածս բանաստեղծության մասին, ավելի հազվադեպ է` արձակի պարագայում: Գայգերի այս վեպը նման դեպքերից է, եւ այն, ինչ փորձելու եմ գրել այս ստեղծագործության մասին, դուրս է լինելու համաշխարհային վեպի օրինաչափություններին ու զուգորդումներին հետեւելու իմ ընթերցումներից: Ինքը Գայգերն էլ համեմատական գրականության մասնագետ է, բայց վեպ է գրել` ընդդեմ բոլոր ինտելեկտուալ եւ ֆորմալ օրինաչափությունների, ընդ որում, առանց այդ ընդդիմացումը ֆետիշացնելու:

Վեպը շատ անձնական պատմություն է` ինքնակենսագրական, որի կենտրոնում սակայն ոչ թե հեղինակն է, այլ նրա հայրը, եւ ինքն ու մյուս կերպարները կան տեքստում այնքանով, որքանով առնչվում են հոր հետ: Պատմությունը սկիզբ է առնում այնտեղից, երբ Առնոյի հայրը` Ավգուստ Գայգերը, ալցհայմերի հիվանդություն է ձեռք բերում ու սկսում մոռանալ ամեն ինչ: Առնոն պարզապես փորձում է պատմել մոռացվածն ու մոռացվելիքը:

Մյուս հետաքրքիր հանգամանքը, որ կարելի է նկատել Գայգերի վեպում, եւ ինչը շատ հատուկ չէ եվրոպական վեպերի մեզ առավել ծանոթ շրջանակին, միջավայրի ընտրությունն է, որ մի քիչ իրոնիկ ձեւով կարելի է անվանել եվրոպական գյուղագրություն: Վեպի կերպարները ապրում են ավստրիական Վոլֆուրտ գյուղում, եւ բազմաթիվ են անդրադարձները գյուղական կենցաղավարությանն ու ավանդական մտայնություններին: Գայգերը հոր հիվանդությունը բացատրելիս մի տեղ փորձում է ավելի գլոբալ պատճառահետեւանքային կապ ստեղծել ամեն ինչ մոռացության տվող ախտանիշի, ավանդական աշխարհի եւ ձեւավորված մարդկային ու հասարակական նոր հարաբերությունների միջեւ. Խոսել ալցհայմերի մասին նշանակում է խոսել դարի հիվանդության մասին: Հայրիկի կյանքը պատահականորեն դարձել է նման զարգացման ախտանիշը: Նրա կյանքը սկիզբ առավ մի ժամանակ, երբ բազմաթիվ ամուր հենասյուներ գոյություն ունեին (ընտանիք, կրոն, իշխանական կառույցներ, գաղափարներ, երկու սեռերի դերը, հայրենիք), իսկ հիվանդությունը սկիզբ առավ, երբ արեւմտյան հասարակությունը այդ հենարանների փլատակների մեջ էր (էջ 53):

Նման բացատրությունն ամենեւին էլ հեղինակի քաղաքական որոշակի կանխակալություններով չի պայմանավորված: Վեպի սկզբում, երբ պատմվում է հոր հիվանդության առաջին ախտանիշների մասին, մենք գործ ունենք իրավիճակը մերժող քաղքենու հետ, ով հրաժարվել է գյուղում մնալուց, ժամանակի մեծ մասը անցկացնում է եվրոպական գլխավոր մայրաքաղաքներից մեկում` Վիեննայում, եւ ուզում է գրողի կարիերա անել: Սակայն պատմելու ընթացքում, երբ փորձում է շարադրել իր մեծ ընտանեկան սագան, այն, ինչ հայրը հետեւողականորեն մոռանում է, հընթացս սկսում է հասկանալ նաեւ հորը, եւ Առնոյի համար հոր հիվանդությունը ծանր բեռից վերածվում է այդ ծանրությունը վերաիմաստավորող բերկրանքի:

Ավգուստ Գայգերը մարդ է, ով ամբողջ կյանքում փորձել է հավաքել ամեն ինչ` իրեր, զգացողություններ, մարդիկ իր շուրջը եւ ոչինչ դեն չի նետել: Ամեն ինչ պետք է վերանորորգել եւ շարունակել օգտագործել,- սա է եղել նրա կյանքի կրեդոն: Հեղինակը խոստովանում է, որ հոր համար գլխավոր խնդիրն այն էր, որ իրենք ավելի ցավից խուսափեն, քան երջանիկ լինեն: Առնո Գայգերը երկրորդ համաշխարհայինի տարիներին ստիպված է եղել զորակոչվել, իսկ երբ վերադարձել է, երբեւէ չի փորձել հեռանալ իր հայրենի գյուղից, որովհետեւ մեծ աշխարհը նրա համար կորուստների թակարդներով է հիշվել: Ահա այս մարդը, ում համար հավաքելը եւ հիշելը գլխավոր գործն է եղել կյանքում, սկսում է անվերջ կորցնել. հեռանում է կինը, երեխաներն են գյուղից քաղաք տեղափոխվում, մահանում են ծնողները, եւ հավաքողի նրա աշխարհը խարխլվում է, ու Առնոն սկսում է մոռանալ ամեն ինչ: Ալցհայմերի բերած խրոնիկ մոռացությունները առիթ են դառնում, որպեսզի հեռացողները՝ կինը, երեխաները, ողջ մնացած հարազատները, Ավգուստին խնամելու նպատակով նորից հավաքվեն նրա շուրջը: Այս հիվանդությունը` օրինակելի վարքից շեղումը, կարծես միակ հնարավորությունն է նրա համար՝ վերահավաքելու իր ստեղծած աշխարհը: Բայց այդ աշխարհը կամ նրա մնացած բեկորները հավաքելը չի փոխհատուցվում հիշողության վերականգնմամբ:

Վեպի կառուցվածքային կարեւոր բաղադրիչը յուրաքանչյուր գլխին նախորդող զրույց-պատառիկներն են հոր եւ որդու միջեւ: Դրանք հիմնականում դուրս են մնում ընդհանուր սյուժետային գծից եւ ավելի շատ ծանրակշիռ վեպերում օգտագործվող բնաբանների գործառույթ ունեն: (Հետաքրքիր է, որ հեղինակն իր տեքստում հաճախ տարբեր ցիտատներ է բերում հայտնի հեղինակներից` Պրուստ, Կունդերա, Դերիդա, Բելի, բայց դրանք չեն դառնում գլուխների բնաբաններ, այլ մի տեսակ հալվում են տեքստում): Այս զրույցները խելագարից կորզած իմաստնություններ չեն, թեեւ կարող են նաեւ այդպես ընթերցվել: Դրանք մի տեսակ չվիպականացող վավերագրություններ են, գրական իմպուլսներ, որոնցից սովորաբար ոգեշնչվում են գրողները, սակայն տեքստային բարդ կառուցվածքային հորինումներում դրանք անհետանում են` հետո ինչ-որ մամուլային հարցազրույցներից կամ արխիվային գրառումներից սպրդելու համար: Առնո Գայգերը նաեւ այս առումով է բացել իր գրական խոհանոցը` կանխելով մութ սենյակում սեւ կատու որոնող մասնագետների բնագրագիտական ջանքերը: Այդ վավերագիր-զրույցները, դիպաշարից դուրս մնալով հանդերձ, դառնում են դիպաշարի զգայական լարումը չկորցնելու կարեւոր բանալիները:

Ալցհայմերով տառապող հոր ամենամեծ ցանկությունը տուն վերադառնալն է, թեեւ նա իր գյուղական տանն է ապրում: Սա մի կողմից ծերունական ցնդաբանություն կարող է թվալ, բայց միեւնույն ժամանակ դիլեմային մոտենալու շատ հետաքրքիր բանալի է: Տարածական առումով Ավգուստ Գայգերի կյանքում ոչինչ չի փոխվել, բայց նա կորցրել է ժամանակի զգացողությունը, եւ ժամանակի անբռնելիությունը ջնջել է նաեւ տարածության կարեւորությունը: Վերադարձ բառը սովորաբար ավելի հաճախ առնչվում է տարածությանը. մենք ինչ-որ տեղ ենք մեկնում, եւ վերադարձը նշանավորում է մեր տունդարձը: Բայց իրականում վերադառնալ բայը ժամանակային թակարդ է, միայն տարածական առումով է, որ այն ինչ-որ իմաստ ունի, ժամանակային առումով այն անհնար առաջադրանք է: Ավգուստ Գայգերը հիվանդության միջից յուրօրինակ կենսափորձով կարծես փաստում է այդ անհնարինությունը, եւ եթե վեպի սկզբում ընտանիքի անդամները անվերջ փորձում են համոզել նրան, որ ինքն իր տանն է, եւ վերադառնալու խնդիր չկա, ընթացքում նրանք էլ են հասկանում, որ հոր՝ տուն վերադառնալու ցանկության անհնարինությունը նաեւ իրենց հիվանդությունն է: Ո՞րն է այդ հիվանդության դեմ պայքարելու հեղինակային լուծումը. գուցե անվերադառնալին պատմե՞լը: Տեքստը յուրովի շոշափում է նաեւ այս հարցը. Ասում են ամեն պատմություն մահվան գլխավոր փորձ է, քանի որ ամեն պատմություն պետք է իր ավարտին հասնի: Միաժամանակ պատմելը, անհետացման դեմ պայքարելով, հետ է բերում արդեն կորած դեպքերն ու դեմքերը (էջ 163):

Սովորաբար նման կենսավավերագրումները ավարտվում են գլխավոր կերպարի մահով: Վկայելու ժամանակը գալիս է, երբ վկայվողն այլեւս չկա: Բայց Գայգերն այստեղ էլ է շեղվել ընդունված կանոնից եւ արել է ուղիղ հակառակը` հասցնելով իր վեպը գրել-ավարտել հոր կյանքի օրոք` մի տեսակ նրան վերադարձնելով իր անդառնալի պատմությունը թղթե տնակի (գրքի) տեսքով: