ի՞նչ կարող է նշանակել թվանշային պիքսելը ձեռքով նկարելը. Լեւոն Ֆլջյանի "Պիքսել 3" ցուցահանդեսը
Բայց սա թվանշային աշխարհի պարզ հաղթարշավի մանիֆեստը չէ, եւ ոչ էլ դրան ուղղված դիմադրության ժեստ, այլ հաշտության դաշինք, որը նրբորեն մատնանշում է թաքուն ընթացող կռիվը։
Տեսողական վերաներկայացումներում այսօր գերակայում են թվանշային ձեւերը, հետեւաբար եւ պիքսելներից բաղկացած պատկերները (նույնիսկ այս տառերը, որ այժմ կարդում եք, թվանշային կազմվածք ունեն)։ Ուրեմն ինչի՞ է ձգտում արվեստագետը թվանշայինի գերակայության ժամանակներում դրա տեսողական տարրագույն մասնիկ պիքսելի խոշորացումը՝ որպես նկարելահնարք կիրառելով։ Ի՞նչ նպատակ ունի պիքսելների տրոհված՝ լղոզված պատկերի օպտիկական էֆեկտի ցուցադրական վերագործարկումը ձեռքով։

Արդյոք արվեստագետի ձգտումը չէ՞ պիքսելի խոշորացման միջոցով մեզ հիշեցնելու հենց այդ թվանշային գերակայության մասին, միաժամանակ հիշեցնելով-առաջարկելով ձեռակերտ պատկերի հնարավորությունը։
Սա նաեւ բազմափուլ՝ թվանշային տեխնոլոգիայի միջնորդությամբ ստեղծված նկարչության բացահայտումն է։ Յուրատեսակ խոստովանություն։ Բայց սա թվանշային աշխարհի պարզ հաղթարշավի մանիֆեստը չէ, եւ ոչ էլ դրան ուղղված դիմադրության ժեստ, այլ հաշտության դաշինք, որը նրբորեն մատնանշում է թաքուն ընթացող կռիվը։ Վիրտուալի եւ թվանշային տեխնոլոգիաների հետ մարդու հարաբերության հարցերը, առհասարակ, Լեւոնի հետաքրքության տիրույթում են։ Նա նաեւ այն արվեստագետներից է, ովքեր դիմում են տարաբնույթ միջոցների՝ լուսանկարից, համակարգչային ծրագրերից մինչեւ ավանդական նկարելաեղանակներ։ Եվ հենց այս Պիքսել շարքում Լեւոնը համադրում է տարբեր եղանակները։ Նրա ձգտումը պիքսելը ցուցադրել՝ իբրեւ ժամանակակից նկարչության տարրագույն մասնիկ, առաջին հայացքից կարող է թաքցնել վրձնի հարվածը կամ մատիտի խազը, որոնք սակայն բացվում են սեւեռուն հայացքի առաջ, եւ նկատելի է դառնում դրանց միտումնավոր շեշտվածությունը։ Ուրեմն, որքան էլ թվանշային սկիզբը գործերում ակնհայտ է, սակայն աշխատանքների այս շարքում դա միայն միջոց է եւ ոչ վերջնարդյունք։ Վերջնարդյունքի մասին խոսակցությունն իրականում խնդրական է, քանի որ գործերի ընկալումը դիտողի կողմից ոչ միայն աչքերի կկոցումով, այլեւ թվանշային օբյեկտիվի միջնորդությամբ է հնարավոր։ Ցուցասրահի պատասխանատու Տաթեւիկ Վարդանյանը ձեզ կհուշի գործերը բջջայինի օբյեկտիվի միջոցով նայելու հնարքի մասին, որն այցելուներն ինքնուրույնաբար հայտնաբերել էին ցուցահանդեսի բացման օրը։ Ինչեւէ, առնվազն ցուցասրահում ներկայացված գործերի առումով կարող ենք ասել, որ դրանք հանգրվանել են ձեռքի աշխատանքի ֆորմատում։ Եվ ուրեմն Պիքսել շարքում Լեւոնի գործերը թվանշայինի ներքո՝ ծածուկ, միայն "դիտողունակների" համար տոնում են ձեռքի աշխատանքի "հաղթանակը"։
Մյուս կողմից պիքսելացման հնարը նաեւ քողազերծում է ոչ միայն թվնաշային, այլեւ ցանկացած պատկերի մասնիկներից հավաքված լինելը։ Ամբողջի եւ մասնիկի փոխհարաբերակցության հարցը հանգիստ չի տվել անտիկ փիլիսոփաներին եւ չի դադարում հետաքրքրել ժամանակակից տիեզերագետին, կենսաբանին, սոցիոլոգին. դրան անդրադարձները շարունակում են նաեւ արվեստի դաշտում։ Մեկիկ-մեկիկ կոկիկ-կոկիկ դասավորելով պիքսելանման քառակուսիները Լեւոնը մեզ է փոխանցում իր՝ մասնիկից ամբողջը գնալու եւ ամբողջի մեջ մասնիկների կապակցությունը տեսնելու հայացքը։ Այս հարցում իր մտահգությունները նա հայտնում է ցուցահանդեսի համար գրված տեքստում. "Համատեղելով հատվածները մի նկարի մեջ, եւ անել այն առավելագույնս կոռեկտ (նման է Tetris -ի, եթե համեմատենք համակարգչային խաղի հետ) ավտոմատիկ տեսնում ենք ամբողջը – պատկերը հատվածներից հավաքված:" [1]
Մասն ամբողջի հետ հարաբերակցության մեջ դնելով եւ բաժանման-համախմբման գործողությունները գործադրելով Լեւոնը արարման պրոցեսի եւ դրա դիալեկտիկ ընկալման հարցն է դնում. "Միեւնույն ժամանակ տեղի է ունենում 2 տարբեր գործողություններ բաժանարար եւ համախմբող, որը ստիպում է մտածել, թե ինչպես է տեղի ունենում արարման պրոցեսը:"
Իսկ ինչու է արվեստագետը հատկապես "հին նկարների" հետ իրականացնում մտադրված մանիպուլյացիան։ "Պիկսել 3" պատկերները հիմնականում "անցյալից" են։ Սա շարունակությունն է արվեստագետի ավելի վաղ ներկայացված աշխատանքների շարքի ("Pixel 2", Le Royal ցուցասրահ, Նանսի, Ֆրանսիա (2012) [2] եւ "Pixel", 25 Gallery ցուցասրահ, Գյումրի (2012) [3] ), որտեղ նույն հնարքով ներկայացվում էին ժամանակակից իրականության լուսանկարների հիմքով կատարած գործեր։ Պիքսելային մեթոդով արդեն երրորդ ցուցահանդեսում ներկայացված գործերում ավելացված է անցյալի եւ հիշողության բեռը։ Դրանք հին ընտանեկան լուսանկարներ եւ հին Երեւանի շենքեր, կիսաուրբան տեսարաններ հիշեցնող պիքսելի քառակուսիներում լղոզված պատկերներ են։ Անցյալի զգացումը, որ ծագում է դիտողի մոտ, պայմանավորված է ոչ միայն հին նկարների պիքսելային քառակուսիներով վերապատկերմամբ, այլեւ խամրած գույների հետեւողական վերաներկայացմամբ։ Արվեստագետի կիրառած հնարքները նպատակային են, որպեսզի գործերը հղեն անցյալի հուշերին, ինչպիսին ամեն մեկն ունի իր մտքի կամ պարզապես սենյակի պահարանի խորը դարակներից մեկում: Արվեստագետի խոսքերով."Հիշողությունները միշտ պարզ չեն եւ ունեն որոշակի անհստակություններ, երբ փորձում ենք հավաքել ամբողջական պատկեր:
Կոլեկտիվ հիշողությունները միշտ կազմված են հատվածներից:"Ուրեմն հիշողության, մասնավորապես կոլեկտիվ–սոցիալական հիշողության կառուցման հարցը եւս շոշափվում է ներկայացված գործերում եւ դա կրկին մասնիկի եւ ամբողջի, վիրտուալի եւ իրականի բարդ փոխհարաբերությունների համատեքստում։
Լեւոնն իր գործերի կատարումը բնութագրում է 3 պարզ քայլով "Հին լուսանկար –> Թվայնացում / Պիկսելացում –> Գեղանկարչություն"։ Սա ոչ այլ ինչ է, քան իրականություն վերապատկերող հին լուսանկարների թվանշային վերապատկերման նկարչական վերապատկերում։ Անընդհատ վերապատկերումների գլխապտույտը ժամանակակից արվեստին հուզող թեմաներից մեկն է միայն։ Լեւոնի ներկայացրած գործերը եւ ցուցահանդեսն ամբողջությամբ բարձրացնում են բազմաթիվ այլ հարցեր եւս (այդ թվում գործերի եւ դիտողի միջեւ հարաբերության հաստատման հարցը. լայն բացված, կկոցած աչքերով, թե՞ օբյեկտիվի միջոցով կնայի դիտողը գործերին, տեխնոլոգիական շեշտադրման, թե՞ ավանդական նկարելաեղանակի վրա կկենտրոնացնի իր ուշքը եւ այլն, եւ այլն)։ Երեւանցիները եւ քաղաքի հյուրերը դրանք անձնապես առերեսելու եւ այդ հարցերի շուրջ մտածելու հնարավորություն ունեն մինչեւ մայիսի 1-ը։ Ցուցահանդեսը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ագեյան ցուցասրահում է (հասցեն՝ ք. Երեւան, Մ. Բաղրամյան 40, Փ. Ավեդիսյան մասնաշենք, բաց է ամեն աշխատանքային օր, ժամը 10:00-17:00. եթե ցուցասրահը փակ կգտնեք, զանգահարեք դռան ցուցանակին նշված համարով եւ ցուցասրահի պատասխանատուն սիրով կներկայացնի գործերը)։
________________________
[1] Լեւոն Ֆլջյանի տեքստն ամբողջությամբ տե՛ս. arteria.am/hy/1393771584
[2] Տե՛ս. issuu.com/lev-on-off/docs/pixel_2__catalog
[3] Տե՛ս. issuu.com/lev-on-off/docs/pixel_project_cataloge._gyumri._2012 Այս ցուցահանդեսի մասին հոդվածները տե՛ս. arteria.am/hy/1342658210 եւ revisor.am/node/62