|մառան|
հրապարակված է 02.02.2014 | աստղիկ մանուկյան |
կարդացեք այս գիրքը
Հեղինակը հնարավորինս մատչելի խոսքով է ներկայացրել իր վերապրած երաժշտությունը հասարակության ամենալայն շերտերին հասանելի եւ հասկանալի դարձրել երաժշտության դժվար ընկալելի խորքերը:


2008 թվականին Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունում լույս տեսավ Դանիել Երաժշտի "Ամենեն մաքուր հայելին ցեղին. . . Ակնարկներ դասական երաժշտության մասին" գիրքը:

Դանիել Երաժիշտը քաջ հայտնի է մեր լայն հասարակայնությանը` շնորհիվ իր բազմաբեղուն երաժշտական կատարողական եւ հասարակական գործունեության:

Դիրիժոր, երաժշտագետ, երգահան Դանիել Երաժիշտը հիմնադրել եւ ղեկավարել է "Շարական", "Տաղարան", "Գանձեր" հնագույն երաժշտության համույթները: Կատարում է մշակումներ` հայկական եւ արեւմտաեվրոպական միջնադարյան երաժշտության նմուշերի հիման վրա: Նա հեղինակ է նաեւ բազմաթիվ երաժշտագիտական հոդվածների:

"Ամենեն մաքուր հայելին ցեղին" գիրքը, ինչպես հեղինակն է նշում, վերնագրված է կոմիտասյան խոսքերով (որ նկատի ուներ երաժշտությունը)` եւ առաջարկվել խմբագրի` Արծվի Բախչինյանի կողմից: Այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանների համար:
Գրքում ընդգրկված են հեղինակի հոդվածների եւ էսսեների մի ընտրանի, նրա "Համաշխարհային դասական երաժշտությոուն" հեղինակային հաղորդաշարի նյութեր, որոնք հեռարձակվել են "ՎԷՄ" ռադիոկայանով: Գիրքը պարունակում է նաեւ կոմպոզիտորների դիմանկարներ եւ բանաստեղծությունների թարգմանություններ, որոնց զգալի մասը իրականացրել է գրքի հեղինակը:

Գրքի առաջաբանում հեղինակի եւ սույն ժողովածուի մասին իր կարծիքն է արտահայտել արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը` գնահատելով Դանիել Երաժշտին որպես լայն մտահորիզոնի տեր կատարող-արվեստագետի, երաժիշտ-հրապարակախոսի:
Գրքի չորս բաժինները` "Տեսություն, հրապարակախոսություն", "Համաշխարհային երաժշտություն", "Հայ երաժշտություն", "Առնչություններ", ընդգծում են դասական երաժշտության կարեւորությունն ու նրա նշանակությունը մեր օրերում: Արդի երաժշտական ճաշակի բավական անմխիթար վիճակից դուրս գալու ճիշտ ուղիներն են նշում համաշխարհային կոմպոզիտորական արվեստի ձեռքբերումները մեր իրականության մեջ արմատավորելու տեսանկյունից:

Առաջին բաժնի ("Տեսություն, հրապարակախոսություն") հոդվածները վկայում են հեղինակի հետաքրքրությունների լայն շառավիղի մասին, որտեղ նա հանդես է գալիս արդի երաժշտական ճաշակի անկման դեմ, խորաթափանց կերպով պարզաբանում դասական երաժշտության հզոր գեղարվեստական ուժը, առավելություններն ու նրանց պահպանման եւ տարածման ճիշտ ուղիները:

Համաշխարհային երաժշտությանը առնչվող բաժնում զետեղված են ակնարկներ, նվիրված եվրոպական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներին` սկսած Հայնրիխ Շյուտցից մինչեւ Յան Սիբելիուս եւ Ալբան Բերգ:

Հետաքրքրական է, որ կոմպոզիտորների մասին պատմելիս նա ընթերցողներին առաջարկում է ոչ միայն նրանց վերաբերյալ հայտնի, այլեւ քիչ հայտնի տեղեկություններ, բայց ամենակարեւորը հեղինակի խանդավառ վերաբերմունքն է առ երաժշտությունը եւ, մասնավորապես, նշված ստեղծագործությունները:

Դժվար է առանձնացնել կոմպոզիտորնրից որեւէ մեկին: Յուրաքանչյուրի համար հեղինակը գտնում է շատ հետաքրքիր եւ արժեքավոր դեպքեր, որոնց նկարագրության մեջ միշտ զգացվում է նրա ակնածանքն ու նվիրվածությունը վերլուծվող ստեղծագործության հանդեպ:

Հայ երաժշտությունը ներկայացնող բաժնում հեղինակը ընդգրկել է Կոմիտասին, Արամ Խաչատրյանին եւ Ալան Հովհանեսին նվիրված ակնարկներ, որտեղ նա համակողմանիորեն լուսաբանում է նշված կոմպոզիտորների դերն ու նշանակությունը հայ ազգային երաժշտության, նրա վրա հիմնված կոմպոզիտորական դպրոցի սկզբնավորման, ձեւավորման եւ զարգացման հարցում:

Յուրահատուկ ձեւով է ներկայացված չորրորդ բաժինը`"Առնչություններ": Նրանում ընդգրկված հոդվածները վկայում են հեղինակի` արվեստի մյուս ոլորտների` պոեզիայի, գեղանկարչության հանդեպ ունեցած հակումների եւ նրա լայն հետաքրքրությունների մասին: Բավականին հաջողված ընդհանրություններ եւ զուգահեռներ է անցկացնում այնպիսի արվեստագետների միջեւ, որոնց բաժանում է լոկ աշխարհագրական տարածությունը: Ընթերցողի հետաքրքրությունների շարժման առիթ են հանդիսանում արդեն իսկ հոդվածներին տրված յուրահատուկ եւ խորիմաստ վերնագրերը. Բյոկլին-Ռախմանինով-Զարյան. "Մեռյալների կղզին", "Ոգու ընտանիք (Պետրարկա-Լիստ, Բեթհովեն-Վահան Թեքեյան)", "Սարոյան-Սիբելիուս" եւ "Գյոթեի "Վարդը" Արարատյան դաշտում":

Գրքում թարգմանաբար տրված են երաժշտական ստեղծագործությունների օտարալեզու, այլաբանական վերնագրերի իմաստը: Որոշ երաժշտական տերմիններ կիրառված են բացատրություններով (ինչպես օրինակ, մոնոդիա, պոլիմոնոդիա, հոմոֆոնիա, ֆուգա, կանոն եւ այլն): Երբեմն հեղինակը փորձել է երաժշտական տերմիններին տալ սրամիտ բացատրություններ.ինչպես օրինակ, "Պոլիֆոնիան` բազմաձայնությունը, բխել է մոնոդայից` միաձայնությունից, ինչպես ծիածանի գույները մեկ` "սպիտակ" լույսից":
Ընթերցողը գրքում կհանդիպի այլ հետաքրքիր եւ համեմատական ձեւակերպումների. "Ինչպես հրաբուխի հրահեղուկի մակարդվելով Արարատն է ձեւավորվել, այնպես էլ արվեստագետի հոգու էներգիայի ժայթքումից գոյացել են Սարյանի "Մասիսները", "Հայաստան" որմնանկարը, այդպես է կյանքի կոչվել նաեւ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը" եւ այլն:

Եվս մի դրվագ. "Մակրոկոսմոսը կյանքի կոչեց միկրոկոսմոսը, մարդկային երաժշտությունը դարձավ տիեզերականի մանրակերտը: Բանաստեղծի խոսքով ասած` արեւն արտացոլվեց, տեղավորվեց ջրի մի կաթիլի մեջ: Բազմաձայնությունը խորհրդանշում է եկեղեցին` Քրիստոսի մարմնի անդամները, իսկ հարմոնիան դրանց միաձույլն է: Պոլիֆոնիայում մի քանի մեղեդիներ հոսում են զուգահեռ գետերի պես, հանգուցային հատվածներում դառնում հաղորդակից անոթներ: Հենց այստեղ էլ գոյանում են ակորդները, որոնց ուղղահայաց հենասյուները կազմում են հարմոնիկ ատաղձը: Եվ հասկանալի է, թե ինչու էր Բեթհովենը Բախին համարում "հարմոնիայի հայր":

Հարկ է նշել, որ Դանիել Երաժշտի "Ամենեն մաքուր հայելին ցեղին" գիրքը գրված է հիանալի եւ պատկերավոր հայերեն լեզվով: Հեղինակը հնարավորինս մատչելի խոսքով է ներկայացրել իր վերապրած երաժշտությունը հասարակության ամենալայն շերտերին հասանելի եւ հասկանալի դարձրել երաժշտության դժվար ընկալելի խորքերը:

Դանիել Երաժշտի հիշյալ գիրքը արժեքավոր է նաեւ այն իմաստով, որ ընթերցողին տալիս է խոր գիտելիքներ զուտ երաժշտության ասպարեզում: Ուշագրավ է նաեւ արվեստի գնահատականը կրոնի եւ փիլիսոփայական տեսանկյունից:

Մեր առջեւ է եւս մի աշխատություն, որը հարստացնում է հայ երաժշտական մշակույթին նվիրված գրականությունը: