Մարքսիստ տնտեսագետ եւ բանասեր Թադեւոս Ավդալբեգյանի (1885-1937) այս հոդվածը առաջին պատմագիտական փորձերից էր, ժողովրդական հեղափոխությունների կողմնակցի տեսանկյունից վեր հանել հայ մտքի կողմնորոշումները հեղափոխությունների հանդեպ: Այն շոշափում է հայության առնչությունը եվրոպական արդիության կայացման թերեւս ամենակարեւոր քաղաքական իրադարձության՝ Ֆրանսիական Մեծ Հեղափոխության հետ: Բացահայտելով 18-րդ դարի վերջի հայ գործիչների խորապես պահպանողական եւ պրագմատիկական վերաբերմունքներն ու հակափաստարկները այս իրադարձության հանդեպ, Ավդալբեգյանի հոդվածի հերոսները թվում են ոչ միայն Ֆրանսիական Մե ծ Հեղափոխության, այլեւ (գուցե ավելի մեծ չափով) հենց մեր ժամանակակիցները: Իսկ Ավդալբեգյանի տեսակետը, հակառակը, կարծես հնչում է ժամանակավրեպ մի տարածքից: Հոդվածը առաջին անգամ հրատարակվել է Նորք հանդեսի 1923թ. Դ հատորում: Ավդալբեգյանի այս հոդվածն է հիշատակում Միքայել Մազմանյանը, երբ Standard-ի էջերում քննադատում է Վերելք եւ Նորք հանդեսները (էջ 7): Անցած դարասկզբի Հայաստանում մարքսյան տարբեր, համապատասխանաբար "ձախ" եւ "աջ" դիրքորոշումներ ներկայացրած այս հանդեսների օրակարգերի համեմատ, Ավդալբեգյանը (համագործակցելով հանդերձ երկրորդի հետ) գտնվել է ոչ միանշանակ դիրքում, ինչն էլ նրա ֆիգուրն ու գործունեությունը դարձնում է առանձնահատուկ հետաքրքրության առարկա: Մի առումով ներկայացվող հոդվածը ռեւիզոր սյունակի խմբագրականի փոխարեն ներկայացված "Առաջին գաղափարական ավազակը հայոց մեջ" հոդվածի շարունակությունն է: Չնչին ոճական եւ ուղղագրական բնույթի շտկումներով, հոդվածը հրատարակվում է՝ ըստ Թադեւոս Ավդալբեգյան, Հայագիտական հետազոտություններ (Երեւան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակություն, 1969), էջ 226-242:
Վ. Ա.
Ա
Մի նոր էջ
XVIII դարի վերջին նորից եռում էր զարմանագործ կախարդուհու՝ պատմության կաթսան:
1789 թվականին բռնկել էր ֆրանսական մեծ հեղափոխությունը` ցնցելով ամբողջ Եվրոպան ու շարժման մեջ դնելով հասարակական բազմազան խավերը մի շարք պետություններում:
Դարերի ընթացքում հզորացած ֆրանսական բուրժուազիան` "երրորդ դասի" ղեկավարը, վերջապես հաղթահարել էր հակառակորդին` հայրենի ազնվականությանը եւ այժմ հին ֆեոդալական հասարակության փոխարեն կերտում էր յուրը, սեփականը: Նա կառուցում էր բուրժուական հասարակություն՝ առանձնահատուկ արտադրական, բաշխման, հասարակական ու քաղաքական հարաբերություններով:
Սակայն Բաստիլիայի ու միապետության դղրդալի անկումը, Փարիզի մասսայի հարակոծ ծփանքները, հեղափոխական ակումբներից տարածվող վրիժաբորբոք մռնչյունները, կուսակցությունների արյունախանձ պայքարը, վառոդի ծխով պատած արքայապաշտ Վանդեյան, հին իշխողների ու հին աստվածների վտարումը երկրից, կարմիր դրոշի փողփողյունը հանրապետության ներսում ու սահմանների վրա եւ բոսորամած գիլյոտինի ահաբեկիչ փայլը պատժական հրապարակներում, - այս բոլորը, ճիշտ է, Ֆրանսիայում էին կատարվում, բայց միայն Ֆրանսիային չէին վերաբերում:
"Փոփոխությունները վնասում են շահերին", - ասել է Ֆրանսիայի պատմաբաններից մեկը` Մինիեն: Ֆրանսական ֆեոդալական հասարակության "փոփոխությունն" ու փոխարինումը բուրժուական-հանրապետական հասարակարգով սաստիկ դիպչում էր շատերի շահերին Եվրոպայում:
Կապիտալիստական Անգլիան սարսում էր մի նոր, երկրորդ բուրժուական հասարակության մրցումից, որ կարող էր վերջ դնել նրա միահեծան տիրապետությանը միջազգային շուկայում: Եվրոպական ցամաքի բռնապետները սարսափով զգում էին գահերի ցնցումն իրենց տակին: Ազնվականները Ավստրիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում ահ ու դողով էին մտաբերում այն հեռանկարը, երբ իրենց կալվածներում էլ կսկսի թափահարել բոցավառ թեւերը "կարմիր աքաղաղը": Հոգեւորականներն ու պապը "սրբազան" ատելությամբ հրահրում էին զայրույթն "անաստվածների" դեմ, որոնց շարժման հետեւանքով քչացել էր աղոթքը տաճարներում եւ չքացել մետաղյա "մանանան" գանձատուփերում:
Եվրոպան բաժանվել էր երկու մեծ բանակի. ֆրանսական մեծ հեղափոխության համակիրներ, որոնք ոգեւորվում էին նոր շարժման գաղափարներով ու հաջողություններով եւ հակառակորդներ, որոնք նզովքներով ու դավերով, դրամներով կամ զորքերով աշխատում էին մեկուսացնել, խեղդել ու հանգցնել ծավալվող ազատագրական հրդեհը:
Հասե՞լ էր արդյոք ֆրանսական մեծ հեղափոխության լուրն հեռավոր հայ ժողովրդին: Սրա ո՞ր խավերը գիտեին այն մեծ "փոփոխության" մասին, որ կատարվել էր Սենայի ափերում: Վերջապես ի՞նչ վերաբերմունք էին ցույց տալիս նրանք պայքարող կողմերին. ցնծում էին հանրապետության բարեկամների՞ հետ, թե՞ ատամ էին կրճտացնում` հնապաշտ ուժերի հաղթանակին ակնկալու:
Ահա հարցումներ, որոնց պետք է պատասխանե հայոց պատմությամբ հետաքրքրվող հետախույզը: Պետք է պատասխանե, որովհետեւ որեւէ հասարակության պատմություն միայն ներքին խավերի հարաբերությունների պատմություն չէ, այլ` է նաեւ արտաքին, միջազգային ուժերի հարաբերությունների պատմություն: Պետք է պատասխանե մանավանդ նա, ով մասնավորապես հետաքրքրվում է տվյալ ժողովրդի գաղափարների զարգացման պատմությամբ, որովհետեւ վերջինս լիակատար կլինի լոկ այն ժամանակ, երբ պարզված կլինեն հասարակական տարրերի վերաբերմունքը ոչ միայն դեպի ներքին ազգամիջյան երեւույթներն ու խնդիրներն, այլեւ դեպի արտաքին, միջազգային անցքերն ու հարցերը: Նման ուսումնասիրությունից ստացած արդյունքները որքան էլ սակավաթիվ ու հատուկտոր լինեն, այնուամենայնիվ իրենց նշանակությունը պիտի ունենան իբրեւ փոքրիկ աղյուսներ, որոնք անհրաժեշտ են շենքեր կառուցելու միջոցին:
Մեր այս հոդվածն, ինչպես եւ ցույց է տալիս նրա վերնագիրը, նպատակ ունի փոքրիկ ակնարկ ձգելու մեր "արտաքին հարաբերությունների" մի կուսական էջի վրա եւ մատնանշելու գրական մի քանի պատառիկներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ վերաբերմունք ունեին դեպի ֆրանսական մեծ հեղափոխությունը ժամանակակից հայերը:
Բ
Ղուկաս Կարնեցին
Մեր ձեռքի տակ եղած աղբյուրների մեջ ժամանակագրական կարգով առաջին տեղեկություն ֆրանսական մեծ հեղափոխության մասին գտնում ենք Էջմիածնի ժամանակակից կաթողիկոսի` Ղուկաս Կարնեցու (1780-1799) նամակներում [1]:
Ղուկաս Կարնեցին Ֆրանսիայում կատարված հեղաշրջման մասին առաջին անգամ լուր է ստանում Մոսկվայից, "հյուսիսականաց հայոց" առաջնորդ Հովսեփ Արղությանից, որը եղածների մասին գրում է Կարնեցուն 1791 թվականի օգոստոսի 18-ին: Դժբախտաբար "Դիվան հայոց պատմության" սերիայի 9-րդ գիրքը, որ նվիրված է Հովսեփ Արղությանին, չի պարունակում այս կարեւոր փաստաթուղթը, որից կարող էինք որոշ իմանալ, թե ինչ է հաղորդել առաջնորդը կաթողիկոսին: Վերջինս ի պատասխան Արղությանի վերոհիշյալ թղթի, ի միջի այլոց, գրում է նաեւ հետեւյալ փոքրիկ հատվածը.
"Ֆրանսիո թագավորության շփոթումն եւ Փափի դեմ ապստամբելն էլ հայտնի եղան մեզ: Սակայն նրանք եթե մի առ ժամանակ վրդովվեն էլ, հետո խաղաղություն գտնել կարող են, բայց Հայաստան աշխարհին եւ մեր ազգին Աստծուց միայն կարող է խաղաղություն ծագել": [2]
Այս հատվածից երեւում է, որ Կարնեցին գիտե Ֆրանսիո ներքին խռովությունների մասին, բայց դեռ վերաբերմունք չի ցույց տալիս կատարվածի նկատմամբ: Նույնպես ակներեւ է, որ նրան հայտնի է Ֆրանսիայում բորբոքված հակաեկեղեցական շարժումը, "Փափին իշխանության նշկահիլը, սակայն դեռ դժվար է ասել, թե կաթողիկոսն ինչ է մտածում վերջին երեւույթի մասին էլ: Նրան տխրեցնում է երկու երկրների` Ֆրանսիայի եւ Հայաստանի բախտի տարբերությունը. մեկի խռովությանն անշուշտ հաջորդելու է խաղաղություն, իսկ մյուսի համար անդորր կյանքը ոչ թե մի նորմալ վիճակ է, այլ լոկ երազանքի առարկա:
Ղուկաս Կարնեցու երկրորդ թղթակիցը, որ զեկուցում է նրան ֆրանսական մեծ հեղափոխության մասին, Զմյուռնիայի առաջնորդ ու նվիրակ Իսահակ վարդապետ Գեղամացին է, Սիմեոն կաթողիկոսի հիշատակարանի զույգ հեղինակներից գլխավորն ու հայ թվագրության (նումերացիա) մեջ նշանավոր նորություն մտցնողներց մեկը:[3]
Սրա 1792 թվականի օգոստոսի 6-ին, 21-ին ու սեպտոմբերի 20-ին գրած նամակները, որոնցից մեկն ու մեկի մեջ նա գրում էր ֆրանսական հեղափոխության մասին, նույնպես չեն հրատարակված: Ի պատասխան Զմյուռնիո նվիրակի զեկուցման, Ղուկաս Կարնեցին գրում է 1792 թվականի դեկտոմբերի 13-ին.
"Գրել էիր Գաղղիացոց անկարգություններն ու ապօրինությունների (sic – Թ.Ա.) մեջ գլորվելը, որոնց մասին առաջ հյուսիսից էինք իմացել (ակնարկում է Արղությանի գրածը – Թ.Ա.): Հիրավի, վերջին ժամանակին ենք հասել, երբ խախտվում են հավատից` նայելով մոլորության եւ դեւերի ուսմունքներին, որոնցից թող ազատ պահե Քրիստոս Աստված մեր սակավաթիվ ազգին: Սակայն ինչ որ լսեք եւ իմանաք նրանց գործերի վախճանի մասին, դարձյալ կգրես մեզ": [4]
Կարնեցու այս հատվածն արդեն երեւան է հանում նրա վերաբերմունքը դեպի կատարված անցքերը: Վերջին ժամանակը` Նեռի ժամանակն հասել է. ֆրանսիացիք շեղվել են Աստծո ճանապարհից եւ աշակերտում են դեւերին ու սատանաներին: Այս տեսակետը հին հասարակության պայմաններին հարմարված ու նույն պայմանները սրբագործած եկեղեցու իշխանավորի հնագույն եւ հնացած տեսակետն էր, որ ամեն անգամ համարյա բառացի կրկնել են պաշտոնական եկեղեցու ներկայացուցիչները, երբ գլուխ է բարձրացրել դեմոկրատական օպոզիցիան այս կամ այն երկրում: [5]
Երրորդ անգամ Ղուկաս Կարնեցին ֆրանսական հեղափոխության մասին գրում է 1793-ի ապրիլի 17-ին` Արղությանին ուղղված կոնդակում:
"Հագարացոց պայմանադրժությունը բարեբաստ թագուհու հզոր տերության նկատմամբ եւ ֆռանսըզաց ազգի կատաղությունն ու նրանց պետության խանգարումն, այլ եւ մյուս թագավորների ու մանավանդ ամենափառավոր կայսրուհու` վրեժխնդրության համար ոտքի ելնելը, որոնց մասին երկարապես գրել էիր, իմացանք եւ շնորհակալ եղանք քեզանից, մեր սիրելի որդուց, որ անձանձիր կերպով մեզ այդպիսի գիտելյաց իրազեկ ես անում": [6]
Հագարացիք այստեղ տաճիկներն են, որոնք այստեղ կոչված են զգուշության համար: Բարեբաստ թագուհին ու ամենափառավոր կայսրուհին Հյուսիսի Շամիրամն է` Եկատերինա II-ը: Կարնեցին լսել է հակաֆրանսական կոալիցիայի ռազմական քայլերի մասին, եւ ուրախ է, որ թագակիրների վրեժխնդիր բազուկը պիտի վերջ տա ֆռանսըզաց ազգի կատաղությանը:
Վերջին անգամ Կարնեցին գրում է ֆրանսական անցքերի մասին իր մահվանից մոտ մի տարի առաջ` 1798-ի հոկտեմբերի 18-ին, մի թղթում, որ կրկին ուղղված է նույն Հովսեփ Արղությանին.
"Գաղղիացոց հզորանալու մասին Հունաստանից էլ է ձայն գալիս, այլ եւ թե Եգիպտոսին էլ են տիրել, որով եւ պաղեստինացիք էլ, լսում ենք, չափազանց վրդոված են եւ հագարացոց արքայանիստը խռովմունքի մեջ է: Սակայն նրանց (ֆրանսացիների – Թ. Ա.) աղանդի կամ քաղաքական ծեսերի (կարգերի – Թ. Ա.) մասին ոչ մի ստույգ բան չենք լսում մեկից. եթե այդտեղ մի հավաստի բան կա նրանց մասին, խնդրում ենք իմաց տալ": [7]
Հունաստան-Հոռոմաստանը նույն Տաճկաստանն է, հագարացիք` տաճիկներն են կրկին, արքայանիստը` Պոլիսը: Կարնեցին լսել է ֆրանսացոց հաղթությունների մասին, որ սրանք տարել էին Եգիպտոսում կորսիկացի գեներալի` Նապոլեոնի ղեկավարությամբ: Տաճիկների վրդովմունքը նրան չէր կարող տխրեցնել: Թվում է, թե ֆրանսական հաղթական սուրը մի րոպե մեղմել է Կարնեցու զայրույթը կատաղած ու ապօրինավոր ֆրանսըզաց դեմ, եւ նա կամենում է մոտիկից իրազեկ լինել, թե տաճիկներին անհանգստություն պատճառող ու Եվրոպայի դեմ խիզախող այդ ապստամբներն ինչ քաղաքական "ծեսեր" ունեն:
Տեղական խաներից մշտապես նեղված, Ախտա շահի արշավանքի սարսափները տեսած ու "բարեբաստ թագուհու" կայսրության օգնության վրա առանձին հույսեր չդնող զառամյալ կաթողիկոսի մտքով անցնո՞ւմ էր արդյոք մի վայրկյան, թե իր հոտը թող ազատվի սուլթանների, շահերի, փաշաների ու խաների ճանկերից, թեկուզ այս լինի "նշկահող" ու "կատաղած" ֆռանսըզների ձեռքով, արդյոք ծագո՞ւմ էր նրա ուղեղում օրիենտացիաների մի նոր երկընտրանք, - դժվար է ասել:
Գ
Հովսեփ Արղությանը
Ղուկաս Կարնեցուց հետո մյուս ժամանակակիցները հայ գաղութներում ապրողներն են: Սրանցից ժամանակագրական կարգով երկրորդն է Հովսեփ Արղությանը, որ, ինչպես տեսանք, առաջին զեկուցողն էր կաթողիկոսին ֆրանսական մեծ հեղափոխության մասին: Տեսանք նաեւ, որ Կարնեցուն գրած նրա նամակները չեն հրատարակված կամ չեն հասել մեր ձեռքը: Բայց նա ունի ուրիշ, հրատարակված գրվածքներ, որոնք պարզ ցույց են տալիս, թե ինչ վերաբերմունք ուներ մեծ հեղաշրջման մասին "ռուսաց երկրի հայոց ազգի արքեպիսկոպոսը":
Հովսեփ Արղությանը (ծն. 1743 – մհ. 1801), սանահնեցի Շիոշ բեկի որդին, ծագումով, վարած կյանքով, միջավայրով շատ հեռու էր ժողովրդական խավերից: Սնապարծ ու փառամոլ ձգտումներով նա մի սովորական տոհմիկ ու պալատական էր, որի համար վեհապետի մի բարեհաճ խոսքը կամ աղոտ ժպիտն աշխարհ արժեր: Ժամանակի հոգեւորականության մեջ նա ու Սահակ Փառակեցին (Հարություն Արարատյանի բարերարը) կատարյալ հակոտնյաներ են: Որքան վերջինս մոտ է մասսային ու համեստ, այնքան առաջինը մոտ է պալատներին ու հզորներին` ծարավի լինելով փայլի, պերճանքի, հռչակի ու բարձր պաշտոնների: Բնական է, որ նա պիտի լիներ ֆրանսական հեղափոխության երդվյալ ու մոլի թշնամիներից մեկը, հեղափոխության, որ կյանքի ու մահվան պայքար էր մղում ֆրանսացի Շիոշ բեկերի ֆրանսացի կայսերապաշտ Արղությանների դեմ:
Արղությանի թղթերում առաջին հիշատակություն մեծ հեղափոխության մասին գտնում ենք նրա այն գրության մեջ, որ "Սանկթ-Պետերբուրգ"-ից 1793թ. հունիսի 20-ին ուղղված է հնդկահայերին: Այս թղթի մեջ ի միջի այլոց ասված է.
"Իսկ Ֆռանցիո սարսափելի ու դառնաղետ անցքերն, այլ եւ նորա իմփերատորից (Ավստրիայի կայսրուհուց – Թ. Ա.) ու Բռուսից (Պրուսիայից – Թ. Ա.) սաստիկ հարված կրելը, կարծեմ կազեթներից լսած կլինեք, ես չեմ երկարացնում, այլ այսքան կասեմ, որ այնպիսի խայտառակությամբ ու անպատվությամբ իրենց թագավորի անգութ ու անպարտ սպանությունից հետո` թագավորի եղբայրները, որոնք առաջուց փախել էին, կրտսերը, որ կոչվում էր գրաֆ Դարտու (sic – Թ. Ա.), մի եպիսկոպոսի ու երկու նախարարի հետ մարտի 12-ին եկավ մեր թագուհու (Եկատերինա II – Թ. Ա.) մոտ. Թագուհին ընդունեց նրան, ինչպես թագավորի եւ ամեն պատահելիս սաստիկ պատվեց եւ բավական օժանդակություն տալով նրան` ապրիլի 14-ին ճանապարհ դրեց": [8]
Այս հատվածում ֆրանսական հեղափոխությունն երեւում է Արղությանին որպես "սարսափելի ու դառնաղետ անցք": Նրան սաստիկ զայրացնում է Ֆրանսիայի թագավորի գլխատումը: Նրա համակրությունն արքայականների ու ազնվական վտարանդիների կողմն է անշուշտ:
Երկրորդ անգամ Արղությանը հիշում է ֆրանսական հեղափոխության մասին յուր հիշատակարանում, որտեղ գրում էր նույն 1793-ի դեկտեմբերի 13-ին.
"Այստեղ հիշենք Ֆրանցիո սարսափելի անցքերը եւ նրանց անողորմ արարքներն ու թագավորի անպարտ սպանությունը": [9]
Սակայն այս խնդրի մասին ամենից ավելի երկար խոսում է Արղությանը յուր մի այլ թղթում, որ 1794թ. հունվարի մեկին ուղղել է հնդկահայ մի գաղութի` Մուչլիբանդարի հայերին: Պատմելով նոր վերջացած ռուս-տաճկական պատերազմի անցքերի ու երկու կողմի էլ հաշտվելու ձգտման մասին, Արղությանը շարունակում է.
"Խաղաղություն կլինի, եթե անօրեն ֆրանկսիզները չխաբեն թուրքերին, որովհետեւ նրանք երկսի խռովությունն են ուզում, եւ եթե թուրքը խաբվի նրանցից, շատ վատ կլինի, պատերազմը կվերանորոգվի. աղաչենք Աստծուն, որ կատարյալ հաշտություն լինի, որ մեր ազգը խաղաղության մեջ մնա:
Ֆրանկսիզաց ազգը ձեռք զարկեց Հռոմա պապերի ավելորդապաշտությանը. նախ պապի պատկերը զարդարեցին քահանայական զգեստներով իբրեւ արձան, ապա խորտակելով ձգեցին կրակի մեջ եւ այրեցին եւ միահամուռ աղաղակեցին, թե ազատվեցինք նրա գարշություններից:
Հետո ընկան իրենց թագավորի հետեւից եւ պես-պես պատրվակներով պատճառանքներ բարդելով նրա վրա` կամեցան իշխանությունից ձգել. այս պատճառով նախ փախավ յուր երկրից յուր թագուհու զավակների հետ միասին, իրանց սահմանի վրա բռնելով կալանավորեցին. վերջապես սպանության մի գործիք հնարեցին (խոսքը գիլյոտինի մասին է – Թ. Ա.) անպարտ մահվան դատապարտեցին եւ 1793-ի հունվարի 12-ին նույն գործիքով նորա գլուխն անարգանոք կտրեցին եւ մարմինը ձգեցին մի նյութի մեջ, որ մարմինն ու ոսկորներն իսկույն ոչնչության փոխեց: Եվ սույն թվի հոկտեմբերի 8-ին նույն գործիքով անարգանոք կտրեցին գլուխը թագուհու, իմփերատօռ Մարիա Տրեզդինին (Մարիա Թերեզիա – Թ. Ա.) դուստրն էր եւ Հովսեփ ու Լեոպոլ զույգ կայսրների քույրը:
Նույն գործիքով սպանում են բոլորին, որոնց կարծիքը միանգամ որ առնում են. նույն գործիքով սպանվեցին նաեւ նրանք, որոնք հաղորդակից եղան իրանց թագավորի անպարտ մահվանը, թվով 70 դատավորներ, որոնք նույնքան էլ Աստուծո արդարությամբ նույն գործիքով սպանվեցին:
Երկու հազար հատ սպանության այնպիսի գործիքներ կան կանգնեցրած նրանց բոլոր քաղաքներում: Նրանց մեջ իշխան ու ազնվական, աղքատ ու հարուստ չկա: Սոսկ զորականին զորապետ են կարգում եւ մի քանի օրից հետո նրան էլ կյանքից զրկում:
Վերացրին քահանայական կարգերը եւ բոլոր եպիսկոպոսներին ու քահանաներին ոմանց սրի քաշեցին, ոմանց արտաքսեցին եւ այն եպիսկոպոսներին ու քահանաներին, որոնք հնազանդեցին նրանց աղանդին, աշխարհ մուծեցին ու ամուսնացրին: Եպիսկոպոսներից ու քահանաներից ոմանց սոսկական սալդատ արին: Քանդեցին բոլոր գեղեցկաշեն վանքերն ու եկեղեցիները, կրակով այրեցին սրբությունները:
Անհետացրին Ֆրանցիայից քրիստոնեության անունը: Ոչ մկրտություն կա, ոչ պսակ եւ ոչ էլ ննջեցյալների օրինավոր թաղումն. այլ ով որ կամենում է ամուսնանալ, մեկ դատաստանատան մեջ ձեռք են քարշում (ստորագրում), վադայով ընդունում են:
Մեկ աղանդ կա` հակոբյանց սիտք (sic – Թ. Ա.), այսինքն Հակոբի աղանդ անունով (խոսքը յակոբինների մասին է – Թ. Ա.), որ սաստիկ հզորացել է եւ այն է անում այս բոլոր անօրինութոյւնները:
Նեմսայի (Գերմանիայի – Թ. Ա.) կայսրն, Ինկլիզաց ու Բռուսաց թագավորները ծովով դիմադրում են նրանց եւ միշտ մեծ արյունահեղություն են անում: Թող Տերն ինքը մի բարի վախճանի հասցնի: Ահա այս է մեր կողմերի ներկա կացությունը": [10]
Վերջին պատառիկը, որ գտնում ենք Արղությանի թղթերում, վերաբերում է ֆրանս-եվրոպական պատերազմի այն շրջանին, երբ ռուսաց զորքերը կռվում են Սուվորովի հրամանատարության տակ: Արղությանն հրճվում է. գրաֆը ջարդում է անօրեն ֆրանկսիզներին: 1799 թվի մայիսի 10-ին նա գրում է "Պետրպոլքից":
"Գրաֆ Սուվորովն զֆրանկսիզս յոյժ խորտակէ. Տէր մանրեսցէ զնոսա…": [11]
- "Տերը մանրե, ջարդե նրանց", - այս բառերն իբրեւ մի համառոտ բանաձեւ սկզբից մինչեւ վերջ լիովին բնորոշում են Արղությանի վերաբերմունքը դեպի XVIII դարի վերջերի խոշոր հեղաշրջումը` դարձնելով այս ազնվական եկեղեցականին ֆրանսական մեծ հեղափոխության ամենակատաղի հակառակորդը հայոց մեջ: [12]
Դ
Ազդարարի ժուռնալիստները
Ազդարար ամսատետրը, հայ մամուլի այս անդրանիկ օրգանը, որից քաղելով մեջ բերինք հատվածներ Արղությանի թղթերից, հրապարակվում էր ֆրանսական մեծ հեղափոխության տարիներին: Հետաքրքրական է, անշուշտ, իմանալ, թե Մադրասում հրատարակվող այս առաջին հայ պարբերականը արդյոք գիտե՞, լսե՞լ է XVIII դարի վերջերի մեծ հեղաշրջման ու հարակից անցքերի մասին, թե ոչ, եւ եթե գիտե, ապա ի՞նչ է ասում նրանց վերաբերմամբ:
Ազդարարը ֆրանսական մեծ հեղափոխությանն ու հարակից անցքերին նվիրված տեսություններ ու հոդվածներ չունի, այլ նրանց մասին հիշատակում է ի միջի այլոց: Հետաքրքրելի նյութի վերաբերմամբ տեղեկությունների հանդիպում ենք նամակների, հոդվածների ու նույնիսկ հայտարարությունների մեջ: [13] Սակայն ամենից ավելի շատ հիշատակություններ գտնում ենք ամսատետրի խրոնիկայի բաժնում, որի կազմողի ով լինելու մասին ոչինչ հայտնի չէ: Ինքը` խմբագիր-հրատարակիչը, Շմավոնյա՞նն էր խրոնիկյորը, թե մի այլ աշխատակից, դժվար է ասել:
Առաջին տեղեկությունը Ֆրանսիայում կատարված փոփոխութոյւնների մասին տալիս է Ազդարարի 1794 թվի 74-75 երեսներում զետեղված մի տախտակ, որում բացատրված է ֆրանսական հեղափոխական տոմարի էությունն Ազարիայի տոմարի ամիսներով ու ամսաթվերով:
Այս առաջին վավերագիրն է մեր գրականության մեջ, որում գտնում ենք սանկյուլոտ բառը: [14] Երկրորդ դիտելին հիշյալ հատվածում այն է, որ այստեղ բոլոր հանրապետականները կամ հեղափոխականները կոչված են սանքյուլոտ: Այս արհամարհական ընդհանրացումը մերկացնում է տեղեկատվի բացասող վերաբերմունքը դեպի ֆրանսական անցքերը:
Նույն համարում լուրեր կան նաեւ Ֆրանսիայում թագավորող տեռորի մասին:
"Ջունի (հունիս – Թ. Ա.) ամսի սկիզբից մինչեւ մայի (մայիս – Թ. Ա.) ամսի երեսունը Փարիզում գուիլոտին գործիքով սպանվել են 200,000 մարդ... ֆրանսիսաց տերության մեջ բանտարկված եղել են 160,000 հոգի, եւ Փարիզի բանտարկյալները 8,339 հօգի էին": [15]
Ազդարարի մի այլ տետրում կա տեղեկություն ռեկվիզիցիաների մասին:
"Զանազան հնարներով ու իշխանությամբ դրամ են հավաքում, որով ապստամբների գանձարանը ամբողջ Եվրոպիու թագավորությունների ու տերությունների գանձարանից հարուստ է: Օրենք են սահմանել երբեք չթողնելու, որ մեկն ու մեկը դրամ եւ կամ ոսկե ու արծաթե բան իրանց տերությունից դուրս տանե: Եվ բազմաթիվ աչքերով նկատում են, թե հասարակությունից որի՞ մոտ է հարստություն նշմարվում. սրան էլ տիրանում են եւ նրան մի թուղթ են տալիս իբրեւ մուրհակ` հուսադրելով ապագայում հատուցելու: Եվ իրանց գանձարանն հարուստ են պահում իրանց պետքերի համար": [16]
1795թ. տետրերից մեկում կարդում ենք.
"(Ֆրանսիսաց երկրում) նոր իմն փոփոխություն նկատելի չէ եղել: Միայն գրում են, թե Ռոբեսպիեռ անվամբ մարդը, որ կառավարում էր ֆրանսիսաց ապստամբներին, վերջում սպանել են": Նույն տարվա մի այլ տետրում հիշատակություն կա նաեւ ազգային կոնվենտի մասին:
"Ազգական միաբանության մեջ, այսինքն` նասիոնալ կոնվենսիոնում պրուսացոց թագավորի հետ խաղաղություն կնքելու միջնորդությունը սաստիկ նկատելի էր": [18]
Բացի հեղափոխական տոմարին ու սանկյուլոտներին, տեռորին ու գիլյոտինին, բռնագրավումներին, Ռոբեսպիեռին ու ազգային կոնվենտին վերաբերող տողերից, Ազդարարի համարներում բազմաթիվ լուրեր կան ինչպես Ֆրանսիայի ներքին առօրյա իրադարձությունների, այնպես եւ ֆրանս-եվրոպական ցամաքային ու ծովային ճակատամարտերի, այլեւ կռվող պետությունների հարաբերությունների մասին: [19] Սակայն ինչպես հիշյալ լուրերի, այնպես եւ մինչեւ այժմ մեր բերած հատվածների մեջ սուր ու ցայտուն թշնամական արտահայտություններ չկան Ֆրանսիայի հեղափոխության ու հեղափոխականների հասցեին: Այնինչ Մադրասի պարբերականի 1794թ. տետրերից մեկում հրատարակված լուրերը, որ խմբագրությունն ստացել է Բասրայի մի "համապատասխանից", այսինքն` թղթակցից, անսքող հակակրություն ու թշնամանք են երեւան բերում:
"... Գաղղիացվոց Փարիզ մայրաքաղաքում ու նրանց ամբողջ երկրում մեծ նեղութոյւն է հացի նվազության պատճառով, ուստի եւ ապստամբների գլխավորները նորոգ կանոն են սահմանել, որ համայն ժողովուրդը վեց ամիս քաղաքական պաս պահեն, մինչեւ հնար գտնեն մի տեղից ցորյան ճարելու...":
Նրանք (ֆրանսիացիք – Թ. Ա.) իրենց առաջին անաստվածային օրենքների վրա այժմ անկրոնության ինչ-որ օրենքներ են ավելացրել, որով արգելում են որեւիցե հավատ եւ բարեպաշտութոյւն: Սակայն որովհետեւ իրենք ամենքով անձնապաշտ են, քան թե որեւէ պաշտամունքի հետեւորդ, ուստի օր քան զօր ավելանում, շատանում է նրանց մեջ չարությունն ու անօրինությունը:
Երեւում է, որ գաղղիացոց ապստամբներն անչափ ուրախ են իրենց անկարգությունների վրա. այնպես որ մինչեւ անգամ ամ ըստ ամե կատարելի տոներ են կարգել իրենց ապստամբության օրվա հիշատակին, եւ այս անում են ոչ միայն Գաղղիայում, այլեւ ամենուրեք, որտեղ ցրված են նրանք...": [20]
Թեեւ Ազդարարի խրոնիկան համեմատաբար զուսպ լեզու ունի, սակայն այն հանգամանքը, որ խմբագրութոյւնը սիրով տեղ է տալիս Արղությանի եւ Բասրայի թղթակցի հարձակողական ու զայրալիր գրություններին, երեւան է հանում նաեւ Մադրասի օրգանի խմբագրության ու հրատարակչի վերաբերմունքը դեպի ֆրանսական մեծ հեղափոխության սկզբունքները:
Ինչպես Կարնեցի կաթողիկոսի ու Սանահնեցի եպիսկոպոսի, այնպես եւ Շիրազցի բարեկրոնի ու աշխատակիցների կարծիքով` XVIII դարի վերջի մեծ հեղաշրջումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ անկարգության, չարության, անօրինության ու անձնապաշտության կործանարար ու դիվական արտահայտություն:
Ե
Առաջին բանավեճը հայ մամուլի մեջ
Թեեւ Ազդարարը առաջին պարբերակնն էր հայոց մեջ, բայց եւ այնպես Մադրասի ամսատետրը չէ հայ հրապարակախոսության հիմնաքարը դնողը: Ժամանակակից իմաստով հրապարակախոսություն մեզանում սկսվել է այն օրերից, երբ 1772թ. Մադրասում լույս է տեսել Նոր տետրակ, որ կոչի յորդորակ գիրքն ու նշանավոր Որագայթ փառացը, որ հրատարակվել է ոչ թե 1773 թվականին, ինչպես տպագրված է նրա վրա եւ ինչպես ընդունված է մինչեւ այժմ, այլ տարիներ հետո: [21]
Այսպես լինելով հանդերձ Ազդարարին է պատկանում անդրանկության պատիվը նաեւ մի այլ կողմից: Մադրասի թերթն առաջին օրգանն է մեզանում, որ ասպարեզ է հանդիսացել առաջին բանավեճին հայ մամուլի մեջ: Այս բանավեճը նշանավոր տեղ է բռնելու մեր գրականության մեջ ոչ միայն նրա համար, որ ժամանակագրական կարգով առաջինն է, այլեւ այն պատճառով, որ շոշափելով մեր հասարակական զարգացման մի քանի հիմնական խնդիրները` մեծ շահագրգռություն է ներկայացնում հայ աշխարհայացքների զարգացման պատմության տեսակետից: Բանավեճը մասնավորապես հետաքրքրական է մեր այս հոդվածի նյութի տեսակետից էլ, որովհետեւ նրանում կա մի պատառիկ, որ երեւան է հանում մի այլ նշանավոր ժամանակակցի վերաբերմունք դեպի ֆրանսական մեծ հեղափոխությունը: Վերոհիշյալ պատճառներով կարեւոր ենք համարում, թեկուզ համառոտ, խոսել բանավեճի հոդվածների մասին:
Մադրասի պարբերականի հարյուրավոր միապաղաղ էջերը թերթելուց հետո, երբ ընթերցողը հասնում է 1795 թվի նախա ամսի (հունիսի 19 – հուլիսի 18) տետրին, մի անակնկալ ու զորեղ տպավորություն է ստանում: Սրա պատճառը մի անվերնագիր հոդված է, գրված նույն թվականի նախա 20-ին այն է` հուլիսի 8-ին, ու ստորագրված Հայ որդի հայի ծածկանունով:
Ի՞նչ է ասում այս հոդվածում հեղինակը:
Նա բողոքում է, որ հայերը միշտ հառաչում, վատաբանում ու ողբում են հայ ազգի վիճակը եւ փոխանակ փոխադարձաբար գործակցելու գլորումից կանգնելու նպատակով` ձեռքերը ծալում ու հույսերը դնում են Աստծո վրա: Այնինչ վաղուց հնչել է զորավոր խոսքը, որ ասում է.
"Բաղխեցեք, եւ դռները կբացվեն ձեր առաջ":
Չպետք է միայն խորհել ու խոսել, այլ գործել, արիանալ: Նշանավոր ազգերին հասնելու համար հարկավոր է նրանց արիությունից օրինակ առնել: Ներգործաբար արիանալով հրեաներն ելան Եգիպտոսից, ներգործաբար արիանալով հռովմայեցիք Բրուտոսի ձեռքով ազատվեցին բռնակալներից: "Ամոթ է արտասվելը, որտեղ կա վրեժխնդրության հնար": Պետք է միանալ, արիանալ ու առաջանալ. որտեղ սրանք կան, անկասկած այնտեղ կա "ազատություն, փառք, պատիվ եւ ամենայն ցանկալիք կենաց": Իզուր է հուսալը, թե հրաշքով կարելի է փրկվել: Ովքեր ոտքի են կանգնել, արիությունն է այն արել: "Արդ, դուք, հայոց երիտասարդներ, իմացեք, աշխարհիս երեսին ամեն արիություն երիտասարդների գործն է եղել, եւ ամեն հաղթանակ երիատսարդներն են վայելել: Զգաստացեք, որովհետեւ ծերերն անց են կացրել իրենց ժամանակը եւ բնականաբար այլ բան չեն կարող անել: Այժմ ժամանակը ձեր ձեռքումն է. ինչո՞ւ եք նստում իբրեւ անդամալույծ"…
"Կալցուք շաւիղ հռոմէացոց,
Որ աշխարհի օրէն եցոյց,
Կամ այլ ազգաց, որք են պայծառ,
Լուս աշխարհի աշտանակ վառ:
Ի սոյն անկման էին նոքայ,
Որ այժմ ի մեզ պատառեալ կայ,
Ի միաբան արիացան,
Սակայն ջանիւ ազատեցան": [22]
"Արիություն ու միաբանություն ազատության համար", - աղաղակում է Նոր տետրակից 12 տարի անց Հայի որդի հայը:
- "Ոչ", - պատասխանում է մի հոդվածագիր Ազգակից կեղծանունով Ազդարարի նույն տարվա ղամար (հուլ. 19 – օգ. 17) ամսի տետրում զետեղված գրության մեջ, որ ուղղված է "Առ պատուելի Հայ որդի Հայի". – մեզ պակասում է այլ բան. "ես տեսնում եմ, որ մեր բոլոր պակասությունները ծագում են մեր տգիտությունից. ("Ամենայն պակասութիւնս մեր տեսանեմ գոլ սեռեցեալ ի տգիտութենէ մերմէ"): "Յոյժ հարկավոր է մեզ ուսումն, քան թե յիմարաբար աշխատանքն": "Նախ ուսումնատուն, եւ ապա վայելչութիւն":
Ազգակիցը կարծում է, որ հայերը ծույլ չեն, այլ աշխատասեր, տքնում են, մեծ կարողություն են ձեռք բերում, բայց եւ շուտով վատնում, եւ իրենք էլ ոչնչանում են: Բարոյական այլանդակությունը կաթվածահար է անում հայերին: "Ժողովեն նեղութեամբ եւ ագահութեամբ, կորուսանեն յիմարութեամբ": "Նեղում ու զրկում են բոլորին, ոչ միայն օտարներին, այլեւ իրենց մերձավոր արենակիցներին": "Համարձակապես պատիվ են վայելում կեղծավորները, ստախոսները, տխմարները... այլեւ նրանց նման ընչավոչները (հարուստները – Թ. Ա.), թեեւ մերկ են ամեն մի առաքինությունից": Լավ չէ՞ր լինի, որ մեր հարուստները իրենց գույքից բաժին հանեին հասարակությանը: "Նրանց դրամների մի քառորդը բավական էր մեր ազգի նման մի ընկած ազգ հարուցելու համար": [23]
Ազդարարի 1795 նադար ամսի (օգոստ. 18 – սեպտ. 16) տետրում Ազգակցին պատասխանում է Հայի որդի հայը նկատելի հեգնանքով: Ինքը չէ գրել, որ հայերն ուսում ունեն: Նրա նպատակն եղել է հորդորել, որ թե պետք է գիտակցել սեփական թերությունները: "Ես այլ բան չեմ կամեցել, բայց եթե ցույց տալ, թե այն ուսումը աշխարհիս վրա է եւ ոչ թե երկնքում, որտեղից աշխատում են ստանալ անհիմն աղոթքների միջոցով: ... Համարձակում եմ հավատալ, որ ամեն թերություն, թե ուսման, թե առողջության, թե հարության եւ թե փառքի, կարելի է ոչ միայն լրացնել, այլեւ (ստացածը) հաստատուն պահել միշտ: Այլեւ օրինակներն ու մյուսները դնելով կամեցա ցույց տալ, թե որքան բան կարող է կատարել պակասությունն զգացողը, որքան վերանորոգել կարող է ազատության ձգտողը"... [24]
Այսպիսով, հակադրվում էին երկու տեսակետներ:
Հայի որդի հայը պահանջում էր հրաժարումն երկնային օրիենտացիայից եւ միությամբ ու արիությամբ պայքար ազատության համար:
Իսկ Ազգակիցը քարոզում էր կուտակված հայկական կապիտալի խնայողություն ու ազգօգուտ գործադրություն, այլեւ ազգի ազգի բարոյական վերակրթություն "ուսումնատների" միջոցով:
Հայ մամուլում տեղի ունեցած հենց այս առաջին բանավեճի մեջ արդեն որոշ նկատվում էին "երրորդ դասին" երկու տակտիկա, որոնք զարգանալով հարատեւեցին մեր գրականության մեջ մոտ մի դար շարունակ: [25]
Զ
Հնդկահայոց հրապարակախոսը
Ազգակիցը վաճառական էր, առեւտրական կապիտալի ներկայացուցիչ, եւ քննադատում էր յուր դասակարգի ոչ միայն բարոյական կողմերն, այլեւ նրա անդամների տնտեսական վարքագիծը: Այս քննադատուոյունը, սակայն, բուրժուական էր, որովհետեւ կատարվում էր ո՛չ այլ տնտեսկարգի ու ո՛չ էլ այլ հասարակական խավի շահերի տեսակետից: Քննադատի երազածը մի այնպիսի բուրժուական հասարակություն էր, որի մեջ իշխող դասակարգը` բուրժուազիան ավելի էր օժտված սոցիալական ձգտումներով, այլեւ հասկանում էր, որ ազնվականին հատուկ հարատեւ ու անմիտ վատնումներըչեն սազիլ բուրժուազիային եւ վնասակար են ազգային կապիտալի կուտակման տեսակետից:
Հայի որդի հայը, որ վաճառական չէ, առեւտրական կապիտալ չունի եւ յուր երկրորդ հոդվածում շեշտում է, թե ինքն, ընդհակառակն, աղքատ մարդ է,[26] ավելի սաստիկ է տոգորված բուրժուական աշխարհայացքով, քան բուրժուա Ազգակիցը: Նրա պատասխանը մի քողամերկ ջատագովություն է տիրող բուրժուական հասարակարգի, որտեղ պլուտոկրատիան է թագավորում: Սա էլ է քննադատում հայ բուրժուազիային, սակայն խարազանում է նրա կրավորականությունն ու ապոլիտիցիզմը, որ բխում է նրա վնասակար կրոնամոլությունից: Ինչ վերաբերում է հայ բուրժուազիայի տնտեսական վարքագիծը քննադատելուն, ապա նա չի կարողանում հանդուրժել նույնիսկ բուրժուական կիսաբերան քննադատությունն անգամ: Անսանձ ու ապերասան, յուրօրինակ ու տնաբույս հայկական մանչեստերիզմ – ահա նրա դավանանքի բնութագիրը:
Հայի որդի հայի պատասխանի մեջ ամենից ուշագրավ տողերն, անշուշտ, այն են, որտեղ նա խոսում է հարուստների մասին:
"Գանգատվում ես, - գրում է նա Ազգակցին, - թե մեր ազգը պատվում է անարժան հարուստներին եւ անտես է առնում արժանավոր աղքատներին…: Եթե կամենում ես, որ հրապարակում աղքատներին նստեցնեն բարձրագահ տեղ, բոլորից գլուխ, մի մեղադրիր միայն մեր ազգին, որովհետեւ աշխարհի սկզբից մինչեւ այսօր այն տեղն ամենուրեք հարստինն է եղել: Եթե կամենում ես, որ հասարակություններն այնպես ակնածեն աղքատից, ինչպես հարստից, մի վատաբանիր մեր նախնիքներին, որովհետեւ հարուստներից վարձատրություն ստանալու ակնկալությունը նրանց (հարուստներին) է հատկացրել այն (ակնածանքն) ամբողջ տիեզերքում, ինչպես եւ չես կարող ուրանալ , որ նրանցով (հարուստներով) է զարդարվում աշխարհը: Եթե կամենում ես, որ հարուստը մի աղքատի այնպես պատվով ընդունե, ինչպես ընդունում է յուր նմանին, ապա մի հակառակիլ այն կանոնին, որ վաղուց հետե փորձերով ասում են, թե նմաններն իրենց նմաններին են սիրում… Մենք պետք է այս պատշաճ պատիվները հարուստներին թողնենք աննախանձաբար…":
Իսկ աղքա՞տը: Ինչո՞վ կարող է սա հարգանք ու պատիվ ձեռք բերել:
- Հոգեկան բարեմասնություններով, - ասում է մորալիստ հրապարակախոսը, -սակավապետ մտքով, քաղցր բարքով, խոհեմությամբ, խոնարհությամբ, պարկեշտ ջանացողությամբ: Ուրիշ խոսքով, եթե աղքատն ունի գրաստի, կթանի ու մսացուի բոլոր անհրաժեշտ առաքինություններն, ապա արդարությունը պահանջում է նրան եւս տալ արժանի պատիվը…
"Եթե աղքատն ունի բավականացնող միտք եւ անդորր կյանք է վարում, երիցս երանի են տալիս նրան նույն հարուստները, որոնք ճնշվում են հոգսերի ծանրությունից: Եթե աղքատն ունի քաղցր բարք, բոլորը սիրում են նրան ընկեր կոչել: Եթե նա զարդարված է խոհեմությամբ ու խոնարհությամբ եւ հասարակությունը տեսնում է նրա վարքը, շատ այլակերպ հարուստներ համբավով նրանից հետ են մնում: Եվ եթե աղքատն ունի պարկեշտ ջանացողություն, ինքդ քաջապես գիտես, որ հարուստները ճքավորների հարաժամ աշխատանքով հարստագույն են դառնում: Եվ այսպես, տես, եղբայր, որ Ստեղծողի նախախնամության համաձայն մեր մայր երկիրն ամենքին իրանց գործերի ու արժանավորությունների համեմատ պատիվ է հանդես բերում: Ուրեմն առաքինին (= աղքատը – Թ. Ա.) չպետք է մոռանա յուր առաքինության պատիվը եւ նախանձե այն պատվի վրա, որ վայել է եւ տալիս են հարուստներին"…
Նախախնամությունն է սահմանել, որ հարուստ ու աղքատ լինեն, որ հարուստներն է՛լ ավելի հարստանան աղքատների աշխատանքով: Հարուստները պետք է հարգանք վայելեն իբրեւ ընչավետներ, իսկ աղքատներն` իբրեւ առաքինիներ, որոնց վաղուց երանի են տալիս կրոններն ու իմաստունները: Այնուհետեւ Հայի որդի հայը հասնում է բուրժուական էքստազի գագաթնակետին: Բուրժուազիայի այս մոլեռանդ իդեոլոգը յուր որդեգրած դասակարգի սեփականության անձեռնմխելիությունը պաշտպանում է հետեւյալ կլասիկ տողերով.
"Ասում ես, թե ընչավետները (հայ հարուստները – Թ. Ա.) զրկում են (բաժին չեն հանում – Թ. Ա.) արյունակիցներին իրանց հարստությունից… Ասությանդ համար, ներելով համարձակությունս, լսիր: Մի լոռ[27] , այսինքն` գռեհիկ լեռնական, մի օր Սպահան քաղաքը գալով մի ինչ-որ կտավ գնեց եւ առանց կարելու փաթաթվեց ու վրան ձգեց: Երբ անցնում էր հրապարակով, ոչ միայն շատերը ծիծաղում էին, այլեւ անհամբեր ոմանք սկսեցին նրան ասել յուր անկերպության մասին: Սա երբ որ այլեւս չկարողացավ համբերել, դառնալով հայհոյեց նրանց` ասելով.
- Մալի ման աստ, Լոռի մի փուշամ:
Այսինքն, ասում է. թե իրն իմն է, լոռի նման եմ հագնում, ձեզ ի՞նչ:
Սրա պես էլ, իմ ազգակից, եթե հարստությունը նրանց ձեռքի վաստակն է, իրավունքը պահանջում է, որ թողնենք նրանց վատնելու իրանց հաճույքի համեմատ` բավական համարելով գիտունների ու փորձառուների վերահսկողություն, եթե նրանք ապօրեն կյանք վարեն":
Գիտունների ու փորձառուների վերահսկողություն ասելով Հայի որդի հայն, անշուշտ, հասարակական համապատասխան վերահսկողություն չէ հասկանում, այլ միայն խելոք մարդկանց խրատն ու բարոյախոսությունը, որ կարող է ունենալ պլատոնական նշանակություն միայն: Խրատիր, բայց մատդ չմտցնես սեփականությանը, որ նախախնամության սահմանածն է: Հարստինն է "զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից":
Մտքերի այս հոսանքի ընթացքում է ահա, որ նա մտաբերում է ֆրանսական հեղափոխությունը: Մեծ հեղաշրջման անունը տալով, Հայի որդին մտածում է նախատել ու խորտակել հակառակորդին: Եթե դու ցանկանում ես, աղքատներն հարուստների պես հարգ ու պատիվ ունենան, - ասում է նա Ազգակցին, -
"Եթե դու կամենում ես, որ այս բոլորը լինի, ապա պետք է դու ֆրանսու նման հիմն (կարգ – Թ. Ա.) դնես, որ խոհարարը կերակուրը պատրաստելուց հետո սեղանի բազմե յուր տիրոջ հետ, եւ լինի հավասարություն ամենեցուն":
Հայի որդի հայը սխալ կարծիք չունի ֆրանսական մեծ հեղաշրջման մասին: Նա չէ ասում, թե այնտեղ տնտեսական հավասարությունն է թագավորում: Նա գիտե, որ այնտեղ կան դասակարգեր, "Տերեր ու խոհարարներ", հարուստներ ու աղքատներ: Այս կողմից նրա անհավասարությունը բավարարված է լիովին: Ապա ինչի՞ դեմ է նրա բողոքը: Ինչո՞ւ է նա դժգոհ ֆրանսական հեղափոխությունից: Պատասխանը պարզ է: Այնտեղ խոհարարը բազմում է, ձայն ունի յուր տիրոջ հետ: Այնտեղ քաղաքական, քաղաքացիական հավասարություն է ամենեցուն:
- Հակոբի աղանդն է տնօրինում այնտեղ, - կարող էր բացականչել հնդկահայ հրապարակախոսը Հովսեփ Արղությանի տերմինոլոգիայով ու յակոբիններին մատնանշելով:
- Հայ Ժիրոնդան է խոսում Հայի որդու բերանով, - կասենք մենք` վերջացնելով մեր խոսքը նրա մասին:
Այսպես էին դատում եւ վերաբերում ֆրանսական մեծ հեղափոխությանը ժամանակակից հայերից
Էջմիածնի կաթողիկոսը,
Ռուսահայոց առաջնորդը,
Ազդարարի ժուռնալիստներն ու
Հնդկահայոց հրապարակախոսը:
Ի՞նչ էին մտածում XVIII դարի հայոց մեծագույն գործիչները` Էմին Հովսեփյան Էմինյանն ու Շահամիր Սուլթանում Շա