արդեն երրորդը շարունակաբար...
Երեւանը գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք, հայ տպագրության 500 ամյակ... ամենախոսուն այցեքարտերը ներկայանալու համայն աշխարհին...
Հայաստանյան այս յուրահատուկ տարվա փառահեղ մշակութային իրադարձություններին նվիրված հանդիսությունների հորձանուտում hամատարած կորսված գրքասիրությունը վերադարձնելու հավատով լեցուն «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի երրորդ փառատոն, որն այս տարի առավել քան համահունչ է երկրի մշակութային զարկերակին:
Փառատո՛ն, որն արդեն երրորդ անգամ հանդգնում է ճեղքել անհավատ-թերահավատների ստվար բանակը, որ թվացյալ «ընթերցող եւ ուսյալ մարդու վերագտնումի անհնարինությունը» վանկարկելով, տարիներ շարունակ խոչընդոտել է (միգուցե անգիտակցաբար) հավատով ներշնչված նվիրյալներին:
«Շրջադարձ առ գիրք» նվիրական նպատակը մեզ վճռականություն եւ հույս է ներշնչում անվարան քայլելու փոքր-ինչ լուսավորված ոգու եւ կամքի, գրքի եւ ընթերցանության արահետով:
Արդեն միայն մեսրոպյան գրով, մեղապարտյան տպագրությամբ, ոսկեդարի եւ միջնադարի հզոր մշակույթով հայ գիրքը կատարել է իր փառատոնը: Մեզ մնում է միայն հասկանալ, որ գրքարվեստի փառատոնը բոլորովին էլ ժամանակավրեպ չէ (ինչպես մտածում են շատերը), այլ ճիշտ պահն է փառատոնելու գիրքը, այսուհետ շարունակաբար հընթացս տարանջատելու արժեքավորն ու ապարժեքը: Քանզի ակնհայտորեն գրքասեր եւ գիրն ու գիրքը գնահատող, այդ հրաշքներով ոգեւորվող մարդն է արժանի լավագույն եւ արժանապատիվ ապագայի:
Մենք հավակնություններ չունենք, պարզապես հավատում ենք, որ մշակույթի հայաստանյան զարգացումների ճանապարհին Երեւանը աշխարհի գրքի 12-րդ մայրաքաղաք կոչմանը եւ 500 ամյա հայ տպագրություն իրողությանը համահունչ «ԴԱՐՁ առ ԳԻՐՔ» փառատոնն իր ամենամյա միջոցառումներով հաստատուն քայլ է դեպի գիրք եւ ընթերցանություն:
կազմակերպիչներ