|մառան|
հրապարակված է 05.11.2012 | ա-ակտուալ արվեստ |
մի­սաք խոս­տիկ­յան | անճոռնի ճուտիկի շրջանառությունը
Մա­զոտ ու ան­ճա­կատ` Չե­պու­րաշ­կան չի վախ­նար առ­նետ­նե­րէ` կը հե­տաքրքր­ուի կոր: Հա­մե­նայն դեպս` անոնց­մե վախ չու­ներ, երբ "ետ­խորհր­դա­յին"-ը չկար:

 

 

"Մուկը դուրս պրծնելու հերթական անհաջող փորձից հետո անշարժացավ տեղում... սկսեց սանրել բեղիկները:"
                                        Մ. Մաթեւոսյանի "գարշապար" վեպից

 

Բրաբանցիո - ի~նչ անամոթ ես:
Յագո - իսկ դուք... սենատոր եք:
                                       Վ. Շեքսպիրի "Օթելլո" պիեսից


Տա­րօ­րի­նակ չի թվար ըզ­գա­ցում մը, թէ Չե­պու­րաշ­կան այ­լեւս հոն չէ` սոսկ պատ­կերն է, որ տա­կա­ւին լու­սա­պաս­տառ կ’այ­ցե­լէ, չնա­յած հար­կավ ադ էր անոր գո­յա­կերպն ի սկզ­բա­նէ:

Հրա­ժեշ­տը այ­դօ­րի­նակ աստ­ղե­րուն ժա­մա­նակ կ’առ­նէ հա­ճախ, թե­րեւս ոչ պա­կաս, քան` "ետ" /post/ մաս­նի­կին, ան­կախ կլօ­րա­կան­ջաւոր օրե­րու կա­րո­տախտ մը խա­ղար­կե­լու փոր­ձե­րէ: Իսկ մեր պատ­կա­նե­լու­թեան տուր­քէն, եր­բեք գու­ցե, չյա­ջո­ղինք խու­սա­նա­վիլ ամ­բող­ջու­թեամբ` ստիպ­ված ետ շրջուե­լով բա­նի ան­մի­ջա­կան ըն­թաց­քէն` հենց այդ ըն­թաց­քին հա­վա­տար­մու­թեան խո­նար­հու­մի մը կան­գա­ռին:

Փոր­ձենք հի­մա չմեր­ժիլ մեզ ուղղ­ված "ետկ­լօ­րա­կան­ջա­ւոր" կո­չու­մը` այլ հո­ժա­րա­բար որ­դեգ­րել: Չնա­յած, հար­կաւ կան­գա­ռի այս են­թա­կա­յաց­նող [1] թե­լադ­րան­քը խո­չըն­դոտ մը կը պար­տադ­րէ, առա­վե­լա­գոյն հնա­րա­ւո­րը անոր հաղ­թա­հա­րու­մը նպա­տակ առած` կան­գա­ռի ծե­սը կարնա­վա­լա­յին տո­նի մը վե­րա­ծե­լու ակն­կա­լի­քով [2]: Եթէ ան­թիվ օրենք­նե­րու հրա­հանգ­նե­րու եւ տա­րազ­նե­րու մեջ յու­րա­յին­նե­րը կը ճանչ­նան իրար նշա­նով մը, ին­չու ական­ջաւոր աստ­ղը չպի­տի գե­րա­դաս­ուի պո­չա­ւոր, ըսենք եռա­թեւ, քա­ռա­թեւ, հն­գա­թեւ, վեց կամ N - աթեւ արեւ­նե­րեն, որ կը ճա­ռա­գեն աւան­դա­կան խո­րան­նե­րէն կամ լու­սա­պաս­տառ­նե­րէն, որ այ­սօր ար­դեն մաշ­կեր­նուս տակ կհե­գեն:

________________________
[1] Ալ­թու­զե­րի /ին­տեր­պել­յա­ցի­ա­յով/ սուբ­յեկ­ցի­ան հա­յե­րեն ի՞նչ տար­բե­րակ ու­նի:

 

[2] Մեծ պա­հքից հե­տո /կարնավալի ժամանակ/ Երից­յան­նե­րի խա­նու­թում վա­ճառ­վող ապխ­տած կո­կոր­դի­լո­սի ինք­նու­թյու­նը որոշ­ե­լը մեր խն­դի­րը չէ:


Յայտ­նի է` եթէ ոչ կլոր, մի­եւ­նույնն է ական­ջով կախ­վի­լը, ական­ջի ու ական­ջա­լա­րի շու­լա­լը ինք­նա­բե­րա­բար վե­րա­նա­լու չէ, նույ­նիսկ երբ կը թոշ­նին ականջ­նե­րը:

Ըստ ամե­նայ­նի, Չե­պու­րաշ­կան բա­նա­ձեւ­ե­լու հնա­րա­ւոր ցան­կու­թիւնն ու ջանքն ապարդ­յուն ըլ­լա­լու է` առա­վել նրան վե­րա­դարձ­նե­լու ջան­քը, նույ­նիսկ երեւ­ա­կա­յա­կան զրոյ­ցի մը փորձն է ան­հույս` մե­նա­խո­սու­թեան կը վե­րա­փոխ­ուի: Ան­գամն ալ պի­տի կր­նանք իր օրի­նա­կով ար­տո­նե՞լ ինք­ներս մեզ դյութ­վիլ ականջ­նե­րով, գու­ցե դյու­թե՞լ: Չե­պու­չաշ­կան խու­սա­փուկ է: Նրա կո­րուստն իբ­րեւ իր եր­բեմ­նի ներ­կա­յու­թեան ետա­դարձ վա­վե­րա­ցում, գու­ցե խոս­տում­նա­լից նկատ­վի, թէ չա­ճա­պա­րենք մեր անդ­րա­դար­ձը շր­ջել հե­տաքն­նու­թեան, զր­պար­տան­քի, կա­տա­կա­բա­նու­թեան ամե­նա­պատ­կա­ռազ­դու կեց­ված­քով մը ջրիկ­ցած:

Պատ­կա­նե­լու­թեան այս կան­գա­ռի խո­նար­հու­մը կ’են­թադ­րէ խոս­տո­վա­նու­թեան ձանձ­րա­լի արա­րո­ղու­թիւն մը` տկար մի ել­քով, թէ հա­մա­տեղ ջան­քը չյա­ջո­ղի թույ­լատ­րե­լու Չե­պու­րաշ­կան նո­րոգ­վիլ մե­զա­նում եւ ան­գամն ալ շտկ­վիլ:

Ան ան­հե­տա­ցողն է, բայց կը մ­նա տագ­նապ մը, որ կը գտ­նես յան­կարծ կլօ­րա­կան­ջա­ւո­րին ի դեմս ան­ծա­նո­թի մը, գու­ցե նույ­նիսկ հա­յե­լում` ինքդ ար­դեն փնտր­տու­քից հրա­ժար­ուած` ոչ ականջ­նե­րէդ: Ապա թմ­բուկդ թա­քուն ոչ կուրծ­քէդ` CNN-ով կլս­ուի:

Մա­զոտ ու ան­ճա­կատ` Չե­պու­րաշ­կան չի վախ­նար առ­նետ­նե­րէ` կը հե­տաքրքր­ուի կոր: Հա­մե­նայն դեպս` անոնց­մե վախ չու­ներ, երբ "ետ­խորհր­դա­յին"-ը չկար:

Մեծ կլօր ականջ­ներ ու­նի նա­եւ Մայ­թի մկ­նի­կը: Հա­մե­նայն դեպս ու­ներ դեռ երբ միմ­յանց հան­դի­պու­մը կլօ­րա­կան­ջա­ւոր նախ­նու` հայտ­նի սերն­դի "կլօ­րա­կան­ջա­ւոր" կի­նոխ­ցի­կի միջ­նոր­դու­թեամբ էր: Մայ­թին հզորն է` հաղ­թող հե­րո­սը: Մուկ է: Մկ­նիկ` ոչ առ­նետ: Մկ­նե­րի ու առ­նետ­նե­րի տոհ­մե­րը տար­բեր են` Մի­կին, Ջե­րին, Պույ­պու­յը, նույ­նիսկ իշ­խան Միշ­կի­նը եւ ան­գամ որոշ թռ­չող մկ­ներ եղած աշ­խար­հի բա­րի կամ­քը կը կ­րեն, ի տար­բե­րու­թիւն Լա­րիս­կա­յի, Շուշ­ե­րա­յի, Չու­չունդ­րա­յի, քյո­նիգս­բերգ­եան առ­նե­տի կամ նո­բե­լա­կիր գեր­մա­նա­խոս ու բազ­մա­թիվ ու­րիշ չա­րա­կամ, փի­լի­սո­փա, փոր­ձա-­առ­նետ­նե­րի, որոնք անե­րեւույթ, այ­լաշ­խար­հիկ սեր­մա­նիչ­նե­րու ան­դամն են [3]: Ին­չեւ­ի­ցէ, կր­ծող­նե­րի բազ­մա­զան տե­սակ­նե­րը, սե­ռե­րը, ասոնց բա­րե­կամ­ներն ու թշ­նա­մի­նե­րը, ար­դա­րա­ցում­ներն ու դե­րե­րը, կար­ծես, քիչ թե շատ յայտ­նի են ի տար­բե­րու­թիւն Չե­պու­րաշ­կա­յի:

Չե­պու­րաշ­կան, հայ­տա­րարուած է "գի­տու­թյա­նը ան­յայտ կեն­դա­նի": Կեն­դա­նի: Այն պատ­ճա­ռով մի­այն, որ մր­գա­վա­ճա­ռի մը գլ­խով փչել էր անոր հանձ­նել գա­զա­նա­նոց: Ինչ­պէս կյիշ­են "ետ­խորհր­դա­յին­նե­րը", արդ­յուն­քում հե­ռուս­տաստղ դար­ձած էա­կին մինչ այդ փա­թե­թա­ւո­րած էին իբ­րեւ միրգ, իսկ ետ­քը առա­ջար­կած խա­ղալ խա­ղա­լիք` թե­րի խա­ղա­լի­քի մը դե­րը խո­տան­ված ապ­րանք­նե­րու խա­նու­թում, ապա իր նա­խընտ­րու­թեամբ` խա­ղա­լիք ման­կա­պար­տե­զում: Անոր կը դա­սեն բա­ռա­րա­նին անյայտ այդ ան­վամբ մի­այն մր­գա­վա­ճա­ռի քմա­հա­ճույ­քով` բա­ռա­րա­նին, որն իր ապա­գա ըն­կե­րոջ ձեռքն ան­ցած էր, երբ կը փոր­ձեր հս­տա­կել Չե­պու­րաշ­կա­յի ով կամ ինչ ըլ­լա­լը: Ավե­լի բծախն­դիր բա­ռա­րան­նե­րե կա­րե­լի է տե­ղե­կա­նալ, որ "Չեպու­րաշ­կա" ռու­սե­րեն հա­մա­պա­տաս­խան բա­յին հա­մա­ձայն, ըսել է շրմ­փա­լուց/դրմ­փա­լուց հե­տո, ամեն ան­գամ, ուղ­ղա­ձիգ դիր­քի շտկ­վող խա­ղա­լիք: Կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե ուր կ’ իյ­նար, գլ­խուն ինչ կ’ ու­գար եթէ պար­տա­ւո­րեց­նող այդ ան­ուան փո­խա­րեն ու­րիշ անուն մը նրան վե­րագ­րուած կամ մո­գո­նած ըլ­լա­յին` ինչ­պես հե­ղի­նա­կի` ման­կա­գիր Ուս­պենս­կու տեքս­տում, կո­կոր­դի­լո­սի հետ առա­ջին ծա­նո­թու­թեան ժա­մա­նակ, հա­մար­վեր, օրի­նակ` լե­ո­պարդ: Ներ­կա­նե­րի վախն այդ անու­նեն, չո­գեւ­ո­րեց Չեպու­րաշ­կա­յին ստանձ­նե­լու դերն այն­պես, որ, ըսենք, մեկ այլ ֆիլ­մի նո­րայայտ կեր­պար` Շտուշ­ա-­կու­տուշ­ա­յի պես դառ­նար ու մնար սար­սա­փե­լի գա­զան մը: "Քեզ կ’ու­տեն",- մեր­ժում է կո­կոր­դի­լո­սը նրան վերց­նել աշ­խա­տան­քի որ­պես իր տե­ղա­կալ գա­զա­նա­նո­ցում: Կո­կոր­դի­լո­սը մի­այ­նակ մեծ քա­ղա­քում` ըն­կեր­ներ կը փնտ­րե [4]: Աս է Չե­պու­րաշ­կա­յի լի­ա­կա­տար ան­տե­ղի­ու­թիւ­նը խախ­տող մի­ակ հան­գա­ման­քը:

________________________
[3] Վի­լյ­ամ Սա­րո­յա­նի նկա­րագ­րած հայ մու­կը, այ­նու­ա­մե­նայ­նիվ, կար­ծես իր ամե­րիկ­յան ցե­ղակ­ցի գծերն ու­նի: Այս ծա­նո­թու­թյան, ինչ­պես նա­եւ շատ ու­րիշ դեպ­քե­րում պար­տա­կան եմ ա - ի գլ­խա­վոր խմ­բա­գիր­նե­րին, հատ­կա­պես` Վ. Ֆե­րեշ­ե­թյա­նին: Տե­ղե­կու­թյուն­ներ եւ նյու­թեր տրա­մադ­րե­լու հա­մար առան­ձին շնոր­հա­կա­լու­թյուն եմ ու­զում հայտ­նել Ս. Գյու­լա­միր­յա­նին եւ Վ. Ջա­լո­յա­նին:

 

[4] Տեքստի սկզբում տես մարգինում զետեղված Մ. Բլանշոյի "Աննկարագրելի հան­րու­թյուն"-ից մի հատված


Նրան չի կա­րե­լի հա­մա­րել նո­րահայտ "հո­մո-­սո­վե­տի­կուս", քա­նի որ Չեբու­րաշ­կան, ան­տեղ­յակ ինքն իրե­նից, մի­այն փոր­ձեր է անում ներգծ­վել, ներգ­րավ­վել խորհր­դա­յին երկ­րի, քա­ղա­քի կյան­քին: Մյուս կող­մից նա "նա­խա­խորհր­դա­յին" ժա­մա­նակ­նե­րից մնա­ցած ազն­վա­կա­նու­թյան կամ այլ կոր­ծան­ված շեր­տի, հան­րու­թյան բե­կոր չէ, որ ռե­ւան­շի ծրագ­րե­րով կամ հու­սա­հատ ապ­րում է հուշ­ե­րով, փնտ­րում մա­սունք­ներ, աղոթք­ներ ու անեծք­ներ:

Նա հու­զիչ եւ քնա­րա­կան է` ո՛չ ռո­ման­տիկ, եւ ո՛չ էլ հե­ղա­փո­խա­կան պա­թոս ու­նի: Չնա­յած իր ձգտ­մա­նը` նա, այ­նու­ա­մե­նայ­նիվ, դժ­վա­րա­նում է ներգծ­վել շր­ջա­պա­տին, չհաշ­ված մի քա­նի ծա­նոթ­նե­րի, շր­ջա­պա­տի, ուր, ինչ­պես նա­եւ իբ­րեւ ֆիլ­մի լեյտմո­տիվ հն­չում է` "նաշ պա­ռա­վոզ լե­տիտ վպեր­յոդ, վ կո­մու­նե աս­տա­նով­կա®" հե­ղա­փո­խա­կան եր­գի մե­ղե­դին, որն, ի դեպ կար­ծես չն­չին փո­փո­խու­թյամբ վերց­ված է Վագ­նե­րի "Տան­հե­ոյ­զեր" ռո­ման­տիկ օպե­րա­յի նա­խեր­գան­քից [5]: Դրան հա­կադր­վում է անձ­րեւ­ոտ ծննդ­յան օրը երկ­նա­գույն ուղ­ղա­թի­ռով անվ­ճար կի­նո ու էսի­կի­մո­ներ բե­րող, հրաշ­ա­գոր­ծի մա­սին եր­գը: Ամ­բող­ջա­տի­րու­թյան հո­գա­ծու­թյան տակ այժմ­յան ետ­խորհր­դա­յին­նե­րը իրենց մերձավորներով այս եր­գը եր­գում էին ծննդ­յան կամ անվանակոչության ամե­նա­տար­բեր տա­րելից­­­նե­րին` գու­ցե հա­մա­րե­լով ավե­լի անձ­նա­կան, քան` ման­կա­կան: Չեբուրաշկայի երգով հանրության ընդհանրական ծեսին հակադրվում է մի փոքր խմբի ինքնահաստատումը, ավելի ճիշտ` միայն դրա իրավունքը, քանի որ կարծես միայն այդ երգն էր նման դերում: Այդ երգը բազմապատկվելու, զուգադրվելու է ուրիշ երգերով, թե՞ միայն փոխարինվելու է "happy birthday" -ի chees-ով:

Չե­բու­րաշ­կան պատ­մու­թյու­նից դուրս է թվում` պատ­մա­կան չէ, այ­սինքն իր հա­մար չի որո­նում ար­դա­րա­ցում ինչ-որ առա­քե­լու­թյան ձեւ­ով, իբ­րեւ ժա­մա­նա­կի, առա­ջըն­թա­ցի, անհ­րա­ժեշ­տու­թյան, ոգու կամ էլ, ով գի­տի, ինչ ընդ­հան­րու­թյան հրա­մա­յա­կա­նի: Նա, թե­րեւս, չի փնտ­րում ու ընդ­հան­րա­պես չի կորց­րել որեւ­է բան` նյու­թա­կան, թե ոչ, այդ թվում` իր ինք­նու­թյու­նը: Վեր­ջինն, օրի­նակ, տար­բե­րում է նրան մյուս, իրենք իրենց ան­հայտ կեր­պար­նե­րից, օրի­նակ` պա­պա­յին փնտ­րող գոր­տու­կից, Ռ. Կիպ­լին­գի անընդ­հատ հար­ցեր տվող, դեռ անկն­ճիթ փղի­կից, ամե­նա-­ա­մե­նա առ­յու­ծից եւ իրենք իրենց հիմ­նա­կան խն­դի­րը դար­ձած այլ կեր­պար­նե­րից: Չե­բու­րաշ­կան նման հար­ցադ­րում չի կա­տա­րում, ոչ կրա­վո­րա­կան եղա­նա­կով` /ին­չո՞վ եմ տար­բեր­վում այս կամ այն մի­ջա­տից, կեն­դա­նուց, արա­րա­ծից կամ ինչ­ո՞ւ է աստ­ված կամ որեւ­է ոք ինձ ստեղ­ծել, որ­տե­ղի՞ց եմ հայտն­վել երկ­րի երե­սին կամ կա­րո՞ղ է մե­քե­նան մտա­ծել եւ այլ հար­ցե­րի տես­քով/, ոչ էլ ներ­գոր­ծա­կան առու­մով որեւ­է պն­դում / ես ես եմ, այ­սինքն սահ­մա­նադ­րա­կան ակուն­քը այն բո­լո­րի հետ մի­ա­սին եւ մի­ջո­ցով, ով ըն­դու­նում է փո­խա­դարձ ճա­նաչ­ման եւ ելա­կե­տի իրա­վա­հա­վա­սա­րու­թյան, հա­մար­ժե­քու­թյան պայ­մա­նը` մի­ան­գա­մայն բա­ցա­ռե­լով Ու­րիշ այնկողմնային որեւ­է ատ­յան/: Որ խորհր­դա­յին եր­կի­րը հենց այդ­պի­սի` մի­ա­պե­տու­թյու­նը հաղ­թած հե­ղա­փո­խա­կա­նու­թյան` ինք­նահռ­չակ­ման ան­նա­խա­դեպ ու աստ­վա­ծա­մերժ օրի­նակ էր, զր­կում է Չե­բու­րաշ­կա­յի ով լի­նե­լը այս կամ այն կող­մից խորհր­դա­յին հա­մա­կար­գի հետ սկզ­բուն­քո­րեն կա­պե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից` հուշ­ե­լով, սա­կայն, այլ խու­սա­փող կա­պի հնա­րա­վո­րու­թյու­նը: Ամեն ան­հա­տի ինք­նա­նույ­նա­ցում չի կա­յա­նում առանց ան­խու­սա­փե­լի ու իր հա­մար ան­ճա­նա­չե­լի մնա­ցոր­դի [6], որը հան­ձինս դի­մա­ցի­նի, պրո­եկտ­վում է իբ­րեւ "օտար"` ան­հան­դուր­ժե­լի բա­ցա­ռում: Ամ­բող­ջա­տի­րա­կան հա­մա­կար­գին ներգ­րավ­վե­լու այս "օտար" բա­ցա­ռու­կի պար­զա­միտ պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը հա­զիվ թե նրա լայն ըն­դու­նե­լու­թյան պատ­ճա­ռը հան­դի­սա­նար, առա­վել եւս, որ ին­քը եր­բեք էլ չէր հա­կադ­րել իրեն այդ հա­մա­կար­գին: Ըստ ամե­նայ­նի, նրա ան­մեղ գրավ­չու­թյու­նը այլ, հա­վա­նական է` կատակերգական պատ­ճառ ու­նի: Գուցե այդ զավեշ­տա­կա­նու­թյու­նը ճանաչ­ման անհարմարությունից է, ոչ իրենից:

________________________
[5] Մինչ այդ, մյուս կողմից, ռոմանտիզմը հենց հեղափոխական ռացիոնալիզմին ուղղված ռեակցիա չէ՞ր:

 

[6] Ֆիխ­տե­ի "առս­տո՞ս"-ը:


Չե­բու­րաշ­կա­յի մա­սին այս դա­տո­ղու­թյուն­նե­րը գու­ցե, իրոք, չա­փա­զանց­նում են մուլտկեր­պար­նե­րի ակն­հայտ անտ­րո­պո­մոր­ֆիզ­մը, իսկ այս խո­սող էա­կը,"սկզ­բուն­քո­րեն" մարդ չի կա­րող հա­մար­վել, ին­չեւ­ի­ցե, կար­ծես մար­դու ար­տա­քին` մի խոս­քով, "բնա­կան" ար­տո­նու­թյուն չու­նի:

Խոշ­որ քա­ղաք­նե­րում ապօ­րի­նի վտա­րան­դի­նե­րը փոր­ձում են կառ­չել եր­բեմն ու­րիշ­ի տե­ղից, փաս­տաթղ­թե­րից` նույ­նիսկ մի քա­նի ան­գամ մե­ռած­նե­րի: Փա­րի­զաբ­նակ երի­տա­սարդ մի շե­ղաչ­յա, դեղ­նա­մորթ աղջ­կա փաս­տաթղ­թե­րից դա­տե­լով` նա եր­կու հար­յուր հի­սուն տա­րե­կան էր եւ գու­ցե ան­մեռ էր: Գաղտ­նի ար­հես­տա­նոց­նե­րից մե­կում կար էր անում ու մի­այն գիշ­ե­րը փո­ղոց դուրս գա­լիս իր ձեղ­նա­հար­կից, ուր քա­մո­ցի մեջ մի չնաշ­խար­հիկ բր­դոտ դր­կից էր պա­հում: Չգի­տեմ` աղ­ջի­կը երեւ­ու՞մ էր հա­յե­լում, թե ոչ: Ինչ վե­րա­բե­րում է քա­մո­ցի համս­տե­րին` կր­ծո­ղի այդ ցե­ղը, ինչ­պես հայտ­նի է, լի­ո­վին ան­հե­տա­ցած էր հա­մար­վում, մին­չեւ Հա­լե­պում պա­տա­հա­բար հայտ­նա­բեր­ված ըն­տա­նի­քից կր­կին բուծ­վե­լը:

Արեւ­ա­դար­ձա­յին պտ­ղի տու­փից կա­րե­լի է որոշ վե­րա­պա­հու­մով են­թադ­րել, որ Չե­բու­րաշ­կան էլ ներ­բեր­ված է: Եթե, իրոք, հե­տաքրքր­ված ենք Չե­բու­րաշ­կա­յով, չենք կա­րող բա­վա­րար­վել նրան մի հեր­թա­կան "էկ­զո­տիկ" հայ­րե­նիք վե­րա­պա­հե­լով, չնա­յած տեքս­տի հե­ղի­նա­կի որոշ հակ­վա­ծու­թյա­նը, կապ­ված, ով գի­տի գու­ցե, Պատ­րիս Լու­մում­բա­յի ան­վան հա­մալ­սա­րա­նի հետ, գու­ցե` աշ­խար­հի մեկ վե­ցեր­որ­դի ծա­կու­ծու­կե­րի: Ին­չեւ­ի­ցե, մուլ­տիպ­լի­կա­ցի­ոն, ըստ իս, ավե­լի հե­տաքր­քիր տար­բե­րա­կում այդ­պի­սի մի­տում բո­լո­րո­վին չկա: Էկ­զո­տիկ ասե­լը, ինչ­պես հայտ­նի է, կն­շա­նա­կեր բա­րե­հո­գի ար­հա­մա­րհանք, ար­հա­մարհա­կան բա­րե­հո­գու­թյուն, եթե ոչ` ան­փու­թու­թյուն: Հայտ­նի որոշ հան­գա­մանք­նե­րում, բազ­մա­թիվ երկր­նե­րում, նույ­նիսկ եր­բեմն ԱՄՆ­-ում, վտա­րան­դի­նե­րին ու­ղար­կում են ետ` որ­տե­ղից եկել են: Չե­բու­րաշ­կա­յի դեպ­քում նման որոշ­ու­մը կն­շա­նա­կեր տվ­յալ տե­ղում չթող­նե­լով հան­դերձ ու­ղար­կել ոչ մի տեղ, ոչ թե ուր պա­տա­հի, նույ­նիսկ ոչ էլ այն աշ­խարհ: Չե­բու­րաշ­կան "Մեծ քա­ղա­քի լույ­սե­րը" զն­նող ան­տուն, գոր­ծա­զուրկ թա­փա­ռաշր­ջիկն էլ չի դառ­նում` եղ­բայր­ավա­րա­կան երկ­րում մի­ան­գա­մից մի "յու­րա­հա­տուկ" գոր­ծա­տեղ ու հե­ռա­խո­սախ­ցիկ է ստա­նում, ստա­նում, ոչ թե զավ­թում` իբ­րեւ ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան:

Ամեն դեպ­քում, տու­փի մեջ քնած լի­նե­լը մե­կին հան­ցա­գործ, վտա­րան­դի կամ փախս­տա­կան հա­մա­րե­լու հիմք չէ, հատ­կա­պես երբ ետ ու­ղար­կե­լու տեղ էլ չկա: Նման դեպ­քում այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րից է խոսք լի­նում` իբ­րեւ "Ու­րիշ­ի", "ամեն մաս­նի­կով ու­րիշ­ի" հար­մար տի­պա­կա­նա­ցում:

"Ու­րիշ" կար­գա­վի­ճա­կը են­թադ­րում է եր­կուս­տեք նա­խօ­րոք ամ­րագր­ված ինք­նու­թյուն­ներ` օտար աշ­խարհ­ներ, դրանց ան­հա­մա­սե­ռու­թյուն, ան­հա­մա­տե­ղե­-լի­ու­թյուն` հա­ղոր­դակ­ցու­թյան բա­ցա­ռում, եւ հա­մա­պա­տաս­խա­նա­բար բա­ցար­ձակ, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն, ապաշ­խար­ե­լու հրա­մա­յա­կան ու վախ­ճա­նա­բա­նու­թյուն /էս­քա­տո­լո­գի­ա/ [7]: Գի­տու­թյա­նը ան­հայտ լի­նե­լը, այ­սինքն գի­տա­կան հե­տա­զո­տու­թյան ամե­նա­բազ­մա­զան առար­կա­նե­րի` /ան/օր­գա­նա­կան ու այլ գո­յա­ցու­թյուն­նե­րի, հա­սա­րա­կու­թյուն­նե­րի, ցե­ղե­րի, գոր­ծըն­թաց­նե­րի, մի խոս­քով, չպար­զա­բան­ված երեւ­ույթ­նե­րի ցու­ցա­կը չմտ­նե­լը նշա­նա­կո՞ւմ է արդ­յոք, որ Չե­բու­րաշ­կան "ու­րիշ" է: Ինչ­պես կա­րող է մնալ "ու­րիշ", երբ փոր­ձում ենք հաս­կա­նալ նրան: Չե­բու­րաշ­կան ինքն ու­զում էր սո­վո­րա­կան դպ­րոց գնալ սո­վո­րե­լու [8]: Իր ըն­կե­րը` կո­կոր­դի­լո­սը, այդ կա­պակ­ցու­թյամբ նրա ով լի­նե­լու հար­ցի խո­չըն­դո­տից ծա­գած հու­սա­հա­տու­թյու­նը փա­րա­տե­լու ջան­քով` բա­ցա­կան­չում է` ո՞նց թե հայտ­նի չէ, նույ­նիսկ շատ լավ էլ հայտ­նի է: Այս ճիչն, իհար­կե, տե­ղե­կատ­վա­կան բո­վան­դա­կու­թյուն չու­նի, չի մատ­նում գաղտ­նիք, սա­կայն ի տար­բե­րու­թյուն այս տեքս­տի բա­ցաս­ման ճա­նա­պար­հով մո­տեց­ման փոր­ձե­րին, հաս­տա­տա­կան պն­դում է` ին­տեր­պե­լա­ցի­ա չէ, եւ ըստ այդմ չի են­թա­կա­յաց­նում, այլ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է ստանձ­նում մե­կի հա­մար, առանց որեւ­է բո­վան­դա­կու­թյամբ պար­տա­վո­րեց­նե­լու ու խախ­տե­լու ըն­կե­րու­թյան պայ­մա­նը` դի­մա­ցի­նի "ըն­կեր չու­նե­ցող ան­ծա­նոթ" լի­նե­լու իրա­վուն­քը, եթե կու­զեք` ու­րիշ լի­նե­լու սահ­մա­նա­յին /կրո­նա­կան/ ընտ­րու­թյու­նը այն­քա­նով, որ կա­րո­ղա­նա պաշտ­պա­նել նրան ընդ­ հան­րու­թյան տուրքից [9]: Պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­նե­լով` նա չի պար­տադ­րում իր կերպն ու նմա­նու­թյու­նը, ասենք` կա­նաչ պո­չի եր­կա­րու­թյունն ու ծխա­մոր­ճը: Սա մա­քուր ճա­նա­չում է` ինք­նու­թյան բո­լո­րո­վին այլ շնոր­հում, քան մեկ այլ կո­կոր­դի­լո­սի տված դա­սը: Ի նկա­տի ու­նեմ վե­րը նշ­ված անկն­ճիթ կիպ­լինգ­յան փղի­կի ինք­նո­րոշ­ու­մը կո­կոր­դի­լո­սի ատամ­նե­րի տակ` մահ­վան բե­րա­նում լի­նե­լուց հե­տո` ինք­նու­թյան ձեւ­ա­վո­րու­մը իբ­րեւ կն­ճի­թի եր­կա­րա­ցում: Ատամ­նե­րի տակ եր­կա­րած կն­ճի­թը դառ­նում է ինքն իրեն ապա­հո­վե­լու գոր­ծիք: Ին­քը նա է, ով իրեն հար­ցի տակ դնող­նե­րի հա­խից կգա: Եթե փղի­կի կն­ճի­թը, այ­նու­ա­մե­նայ­նիվ, ար­դեն ինքն իրեն է աճում, ապա նրա քթից բռ­նած կո­կոր­դի­լո­սը իր ներ­սում է` այն ու­րիշ­ը, որ ամե­նից մոտ է` գի­տակ­ցու­թյու­նից, ըն­թեռ­նե­լի շա­րահ­յու­սու­թյու­նից դուրս ու սոս­կում­նա­լից:

________________________
[7] Հե­տեւ­անք­նե­րի մեղմ­ված այ­լա­կեր­պումն է նա­եւ cultural studies կոչ­ված առար­կան, որն իր հե­տա­զո­տու­թյուն­նե­րը վա­րում է մեծ մա­սամբ ան­տե­սե­լով գործ­նա­կա­նում ռե­ալ ու­ժա­յին գոր­ծոն­ներն ու ակ­տու­ալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, թե­կուզ իր եւ իր նյու­թի մի­ջեւ:

 

[8] "Մի՞­թե ես բո­լո­րի պես չեմ" տար­րա­կան դա­սա­րան­նե­րի աշ­ա­կեր­տի հար­ցը մի քա­նի տա­րուց հե­տո փոխ­վում է "մի­՞թե ես բո­լո­րի պես եմ" հար­ցով:
 

[9]Կա­պի­տա­լի արդ­յու­նա­վե­տու­թյան ին­դի­վի­դու­ա­լիս­տա­կան մա­կար­դա­կի պայ­ման­նե­րում ան­հա­տա­կան հատ­կա­նիշ­նե­րը ատո­մաց­ված ար­տադ­րո­ղի կո­մեր­ցի­ոն գաղտ­նիքն են: Այս հան­գա­ման­քը պայ­մա­նա­վո­րում է նրա մե­կու­սի լի­նե­լը եւ շփում­նե­րի բնույ­թը: Արդ­յու­նա­վե­տու­թյան մր­ցա­վազ­քի աճող լա­րում­նե­րը հան­գեց­նում են ան­հա­տի երկ­փեղկ­ման, այն­պես որ ինքն էլ, նույ­նիսկ ցան­կու­թյան դեպ­քում, չի­մա­նա դրանք: Այ­նու­ա­մե­նայ­նիվ, մի­աս­նու­թյան մղու­մը, ի հա­կադ­րու­թյուն հա­սա­րա­կա­կան հա­մա­պար­տա­դիր ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի, պահպան­վում է ավան­դա­բար պահ­պան­ված ծե­սե­րին փո­խա­րի­նող ար­տա­քուստ անի­մաստ թվա­ցող նո­րաս­տեղծ հա­մա­տեղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րում, օրի­նակ` ֆլեշ­մո­բե­րում, չհաշ­ված տար­բեր առիթ­նե­րով բռնկ­վող խմ­բա­յին ան­կար­գու­թյուն­նե­րի օր­գի­աս­տիկ մի­ա­ձուլ­ման դեպ­քե­րը:


Եր­կու դեպ­քում էլ իրա­դար­ձու­թյու­նը ինք­նու­թյուն է տա­լիս առանց սահ­ման­ման կամ որա­կա­վոր­ման: Առա­ջի­նը հաս­տատ­ման, սի­րո շնորհն է, երկ­րոր­դը` մա­հի, բա­ցաս­ման: Ըստ այդմ, հե­տեւ­անք­նե­րը` մի դեպ­քում մի­ա­վո­րում ըն­կեր­նե­րի տան կա­ռուց­մամբ, մյուս դեպ­քում` ամ­րո­ցի հրեշ­ա­վոր ու մո­նու­մեն­տալ հա­տույ­թի շուրջ: Հա­մայնք ու հա­սա­րա­կու­թյուն: Կա­նա­ցին ու առ­նա­կա­նը իբ­րեւ եր­կու հե­քի­ա­թի կո­կոր­դի­լոս­ներ` ան­կախ նրանց սե­ռե­րից:

Ըն­կե­րոջ` կո­կոր­դի­լո­սի կար­ծի­քը կա­րեւ­որ է [10]:

Չեբու­րաշ­կա­յի դեպ­քում, կար­ծես, ընդ­հա­նուրն ու մաս­նա­վո­րը հա­մընկ­նումն են մի էա­կում: Որոշ հո­գեւ­որ ուս­մունք­ներ մար­դուն են վե­րա­պա­հում այդ առանձ­նաշ­նոր­հը: "Չե­բու­րաշ­կան" մի­ա­ժա­մա­նակ ե’ւ հա­տուկ անուն է դառ­նոմ, ե’ւ տե­սակ, մի տե­սակ, որը կար­ծես մի­այն մեկ ներ­կա­յա­ցու­ցիչ ու­նի` ինքն է իր եզա­կի օրի­նա­կա­վո­րումն ու իրա­կա­նա­ցու­մը:

Չե­բու­րաշ­կա­յի ու­րիշ­աց­ված, քա­ռա­պա­տիկ ար­տա­ցո­լումն էին նրա այլ­մո­լո­րա­կա­յին կրկ­նօ­րի­նակ­նե­րը` տե­լե­պու­զիկ­նե­րը /հե­ռուս­տա­ցփո­րիկ­նե­րը/, ներ­մուծ­ված "ետ­խորհր­դա­յին"-ի ար­շա­լույ­սին: 

________________________
[10] Մի կողմ թող­նե­լով ճա­նաչ­ման բիբ­լի­ա­կան իմաս­տը` հիշ­ենք, որ դա­րերն ի վեր ճա­նա­չո­ղու­թյու­նն ու մտեր­մու­թյու­նը ոչ մի­այն չեն հա­կա­ցուց­վում, չնա­յած ան­կողմ­նա­կա­լու­թյան իշ­խա­նա­մետ ամեն պա­հան­ջի, այ­լեւ պայ­մա­նա­վո­րում են իրար, եթե խն­դի­րը ոչ թե ոչն­չաց­նելն է ու­սում­նա­սի­րա­ծը կամ կաշ­կան­դե­լը կար­գադր­մամբ, այլ հնա­րա­վո­րինս նրա բար­գա­վաճ­ման հո­րի­զոն­ներ հուշ­ե­լը, հո­վա­նի դառ­նա­լով` մի­այն այդ­պի­սով հա­վա­տար­մագր­ված ճա­նա­չո­ղի կոչ­մա­նը: Մի խոս­քով, ճա­նա­չել նշա­նա­կում է առն­վազն չզր­կել գո­յու­թյան պայ­ման­նե­րից, չժխ­տել գո­յու­թյու­նը` թույլ տալ: /Փոր­ձար­կու­մը են­թադ­րում է եզա­կի­ի շփո­թու­մը մաս­նա­վո­րի հետ/: Գի­տա­կան տիտ­ղոսն այ­սօր ան­գամ բնո­րոշ­վում է ոչ ուղ­ղա­կի­ո­րեն որ­պես իմաս­տու­թյան, այլ իմաս­տու­թյան հան­դեպ մտեր­մու­թյան որոշ­ա­կի աս­տի­ճան` PHD: Սո­ցի­ո­լո­գի­ա­յում "քա­նա­կա­կան" հե­տա­զո­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ գե­րակշ­ռող են դար­ձել "որա­կա­կան" հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մե­թոդ­նե­րը, որոնք են­թադ­րում են ու­սում­նա­սի­րո­ղի անձ­նա­կան ներգ­րավ­վա­ծու­թու­նը խնդ­րին` բա­ցա­ռե­լով մե­տա-­լե­զուն ու մե­տա-­դիր­քը /ու­րիշ լի­նե­լը/, այ­սինքն` թոր­ված անա­չառ հա­յե­ցո­ղա­կա­նու­թյան ու ապա­հո­վու­թյան պատ­րան­քը կամ իշ­խա­նա­տենչ ինք­նա­տի­րա­պետ­ման հե­ռագ­նա հա­վակ­նու­թյու­նը: Իսկ փի­լի­սո­փա­յու­թյու­նը, կրոնն ու ար­վես­տը, ինչ­պես հայտ­նի է, սկզ­բուն­քո­րեն են­թադ­րում են մար­դու ամե­նա­լի­ա­կա­տար ու մտեր­միկ ներգ­րավ­վա­ծու­թյու­նը, այն­պես որ դիր­քի, դիր­քա­վոր­ման հարցն էլ չի մնում: Եթե ան­գամ են­թադ­րե­ինք չե­զոք հա­յաց­քի հնա­րա­վո­րու­թյու­նը, "այն ի վի­ճա­կի չէր լի­նի որեւ­է բան տես­նե­լու": Այս առու­մով քն­նա­դա­տու­թյու­նը կա­րող է լի­ի­րա­վո­րեն ուղղ­վել մի­այն քն­նա­դա­տու­թյա­նը, իբ­րեւ հա­րա­բե­րու­թյան ճգ­նա­ժա­մա­յին ձեւ­ի ճշտ­ման եւ ապա մի­այն որեւ­է այլ բա­նի, եթե ինքն իրեն շրջ­վե­լուց հե­տո էլ շա­րու­նա­կի գո­յի կե­ցու­թյու­նը հա­մա­րել ու­րիշ­նե­րի կե­ցու­թյան իրա­կան քն­նա­դա­տու­թյուն, այ­սինքն կե­ցու­թյու­նը դի­տար­կել ոչ իբ­րեւ փոխ­պայ­մա­նա­վո­րում, այլ նա­խա­պես տր­ված էու­թյուն­նե­րի, ինք­նու­թյուն­նե­րի ճգ­նա­ժա­մա­յին ընդ­հա­րում` ան­կողմ­նա­կա­լու­թյան խորհր­դա­նիշ ըն­դու­նե­լով կապ­ված աչ­քե­րը: Մի կեր­պար, որ հղաց­վել էր իբ­րեւ ծաղ­րանք ար­դա­րամ­տու­թյա­նը եւ ապա մի­այն հայտ­նի պատ­մա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րի բե­րու­մով ստա­ցել հա­կա­դարձ իմաստ` օրեն­քի առաջ հա­վա­սա­րու­թյան առ­հա­վատչ­յա նշա­նա­կե­լով, կար­ծես օրեն­քը գր­վում է նա­խա­տե­սե­լով բո­լոր հնա­րա­վոր դեպ­քե­րը: Սա վկա­յում է ամ­բող­ջի հետ հա­րա­բե­րու­թյան հա­վակ­նող մի հա­յացք, որ են­թադ­րում է տրանս­ցեն­դեն­տալ ելա­կետ` ան­հա­տի պա­տաս­խա­նատ­վու­թյան ու հնա­րա­վո­րու­թյան պար­տա­դիր վե­րավս­տա­հում "Մեծ Ու­րիշ­ին", նույ­նիսկ, եւ հատ­կա­պես գոր­ծուն, երբ ու­ղեկց­վում է ժո­ղովր­դա­վա­րա­կան կար­գա­խոս­նե­րով` պատ­րանք ստեղ­ծե­լով, որ այդ ու­րիշ­ը այ­նուա­մե­նայ­նիվ մարմ­նա­վոր­ված է ինչ-որ ան­ձի կամ խմ­բի մեջ:

 

Գու­ցե տե­լե­պու­զիկ­նե­րը կո­կոր­դի­լո­սին թվան պատռ­ված ու դա­տարկ եր­կին­քը ծաղ­րող ման­կա­միտ էլեկտ­րո-հ­րեշ-­տակ­ներ, կամ գու­ցե ռասա­նե­րի տեխ­նո­միջ­նորդ­ման անա­կն­կա­լի որո­վայ­նա­խոս ծաղ­րա­ծու­ներ, իհար­կե, եթե նրանք կո­կոր­դի­լո­սին ընդ­հան­րա­պես հե­տաքրք­րե­ին իբ­րեւ կլո­րա­կան­ջա­վոր նշան­ներ:

Ինչ­պես տե­լե­պու­զիկ­նե­րը, այն­պես էլ ET-ն` Ս. Սպիլ­բեր­գի հա­մա­նուն /Extra­ter­restrial Այլ­մո­լո­րա­կա­յին/ ֆիլ­մի հե­րո­ս­ը, վա­ղօ­րոք ներ­կա­յաց­ված են իբ­րեւ այլ­մո­լո­րա­կա­յին-"ու­րիշ­ներ"` օտար­ներ, մինչ Չե­բու­րաշ­կա­յի մա­սին այդ­քանն էլ հայտ­նի ու հաս­տատ չէ: Ըստ այդմ էլ Չե­բու­րաշ­կա­յի հայտ­նու­թյունն ու ներ­կա­յու­թյու­նը գործ­նա­կա­նում ան­մի­ջա­կա­նո­րեն առա­վել ան­խու­սա­փե­լի է, ռե­ալ, ու­շագ­րավ: Հիս­նամ­յա, իհար­կե երի­տա­սարդ կո­կոր­դի­լո­սի ու նրա ըն­կե­րակ­ցու­թյան հայ­տին ար­ձա­գան­քած աղջ­կա /ու մի շան/ առաջ կանգ­նում է ոչ թե մի "Ու­րիշ" էակ` մի են­թադր­յալ ան­հայտ հե­ռու, ան­կապ մո­լո­րա­կից, այլ հենց այ սա, սա, որ դուրս է եկել նա­րն­ջի տու­փից, աշ­խա­տան­քի ան­ցել ու հի­մա մա­զոտ ու կլո­րա­կան­ջա­վոր հայտն­վել է շեմ­քին: Բա­ցա­հայտ ինքն է եկել ըն­կե­րա­նա­լու` ըն­կե­ցիկ չէ, հա­մե­նայն դեպս` այ­լեւս չի կա­րե­լի նրան նույ­նիսկ այդ­պես ըն­կա­լել ու խղ­ճալ: Եկել է փո­խե­լու, խախ­տե­լու հիս­նամ­յա կո­կոր­դի­լո­սի կյան­քը, ու ոչ մի­այն նրա: Այս ե­րեւա­­կա­յա­կան արա­րածն է առա­վե­լա­պես շոշ­ա­փե­լի դարձ­նում իրա­դար­ձու­թյու­նը լեզ­վից, խորհր­դան­շա­նա­յին ցան­ցից դուրս` հան­դիպ­ման ռե­ա­լու­թյու­նը, դրա շփոթն ու անհ­նա­րի­նու­թյու­նը, նե­րառ­յալ հան­դի­պու­մը ինքն իր հետ:

Կլոր, մեծ աչ­քեր, փոք­րիկ ք­թիկ, սրա ու փոքր բե­րա­նի մի­ջեւ հա­մե­մա­տա­բար ընդգծ­ված տա­րա­ծու­թյուն, թույլ դն­չիկ, գլ­խի մեծ ծա­վալ, ճմրթ­ված, փոքր-ինչ մուգ մաշկ: Բա­նը ոչ թե Չե­բու­րաշ­կա­յի հետ նմա­նու­թյուն փնտ­րելն է, այլ` այլ­մո­լո­րա­կա­յին Իթի­ի նմա­նու­թյու­նը նո­րա­ծին մար­դուն: Իթին, ինչ­պես եւ Չե­բու­րաշ­կան, չու­նի մեծ թուշ­իկ­ներ` բնո­րոշ մա­նուկ­նե­րին ու նրանց հա­մար ստեղծ­ված բազ­մա­թիվ մուլտհե­րոս­նե­րին, այդ թվում շատ մկ­նիկ­նե­րին, որոնց ար­դեն հիշ­ե­ցինք: Անա­կն­կա­լի այս տա­րօ­րի­նակ, բայց հմա­յիչ կեր­պա­վո­րու­մը իբ­րեւ այլ­մո­լո­րա­կա­յին, երե­խա­նե­րի ար­տա­քի­նից չի ըն­դօ­րի­նակ­ված, այլ ըստ երեւ­ույ­թին` նո­րա­ծին­նե­րից, այս աշ­խար­հի նո­րեկ­նե­րից, չնա­յած մասշ­տա­բի փո­փո­խու­թյա­նը: Ան­հիմն կլի­ներ Չե­բու­րաշ­կա­յի մեջ էլ նո­րա­ծին­նե­րի հայտ­նու­թյուն տես­նե­լը, նույ­նիսկ այն­պի­սի, որ հա­ճախ տա­րա­կու­սան­քի են մատ­նում երի­տա­սարդ ծնող­նե­րին իրենց ծած­կույ­թով: Այս­տեղ գլ­խա­վո­րա­պես տա­րա­կու­սանքն է եւ սր­տա­ռուչ, ոտ­քից գլուխ, մին­չեւ աչ­քե­րը մա­զոտ պար­զա­միտ հու­զա­կա­նու­թյու­նը:

Չե­բու­րաշ­կան, չնա­յած իր գա­զա­նի­կա­յին հատ­կա­նիշ­նե­րի, մար­դա­վա­րի­ու­թյան ու պարզ երկ­րա­չա­փա­կան, առա­վե­լա­պես սար­քե­րին բնո­րոշ պարզ ձեւ­ե­րի, ըն­կալ­վում է իբ­րեւ ամ­բող­ջա­կան էակ, առանց որեւ հարց կամ կաս­կած առա­ջաց­նե­լու այդ առու­մով: Անհայտությունը դարձնում է նրան հոգեվ­եր­լու­ծու­թյան փոքրիկ օբյեկտ "ա"-ի օրինակելի մարմնավորում, որն արտացոլում է նրան փնտրողին առանց պատկանելության տուրքի ծես պարտադրելու, այլ` հենց իր ցանկության մեջ:

Վե­րը խոս­ված տե­լե­պու­զիկ­նե­րին հաշ­վի առ­նե­լով` կա­րող է գայ­թակ­ղու­թյուն առա­ջա­նալ Չե­բու­րաշ­կա­յին դի­տար­կել­ իբ­րեւ ոչ մի­այն մար­դու եւ կեն­դա­նի­նե­րի մի­ջեւ են­թադր­յալ խզ­ված կա­պը լրաց­նող օղա­կը մարմ­նա­վո­րող ֆան­տա­զի­ա, այ­լեւ` բնա­կան ու ար­հես­տա­կան արա­րած­նե­րի, ինչ­պես նա­եւ երկ­րա­յին, երկ­նա­յին ու ար­տա­երկ­րա­յին­նե­րի մի­ջեւ, այդ­պի­սով լու­ծե­լով հա­մա­պա­տաս­խան հա­կադ­րու­թյուն­ներն ու երկ­վու­թյուն­նե­րը: Եթե մի կող­նից նա առիթ է տալիս իրեն նա­խա­պատ­մա­կան անց­յա­լի "էկ­զո­տի­կա­յին" զուգադրելու, ապա մյուս կող­մից` տեխ­նո­ֆան­տաս­տիկ ապա­գա­յի ան­հայ­տու­թյանն ուղղ­ված լի­նե­լով, տեղ չի թողնում նոս­տալ­գի­ա­յի` էկ­զո­տիկ, կրո­նին առնչ­վող, խորհր­դա­յին կամ հա­կա-­խորհր­դա­յին որեւ­է դիր­քի նկատ­մամբ: Չե­բու­րաշ­կան ոչ թե մարմ­նա­վո­րում է այդ ֆան­տա­զի­ա­նե­րը, այլ գու­ցե իր հեր­թին կր­կին հղում է այս բազ­մա­զա­նու­թյան ակուն­քի խնդ­րին:

Նրա­նում այս կամ այն գծեր տես­նե­լը ըն­կա­լու­մը ինչ-որ զու­գա­հեռ­նե­րով հո­ղակ­ցե­լու ցան­կու­թյու­նից է, ոչ թե, ինչպես արդեն նկատեցինք, իր արտաքինի տա­րաբ­նույթ լի­նե­լուց: Սակայն Ժամանակի նշված տարբեր, երբեմն իրարամերժ սլաքները, գուցե ոչ միայն մեր պրոյեկցիաներից են, այլեւ հիմք ունեն իրենում: Արդյո՞ք Չեբուրաշկան չի շրմփում այդ տարամետ մղումներից` մտքի թելը կորցնելուց: Արդյո՞ք դրանից չի նրա կատակերգական քնարա­կա­նու­թյունը:

Ի տար­բե­րու­թյուն մի­ֆա­կան հայտ­նի էակ­նե­րի` պե­գաս­նե­րի, կեն­տավ­րնե­րի, սվինքս­նե­րի, գրի­ֆոն­նե­րի, այլ հրեշ­նե­րի ու ժա­մա­նա­կա­կից որոշ պոպ-­կեր­պար­նե­րի, որ տար­րա­ծին մա­սե­րի, ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի, դրանց զու­գոր­դում­նե­րի, բազ­մա­պատ­կում­նե­րի, ակն­հայտ կու­տա­կում են, նա տի­րա­պետ­ման հա­վակ­նու­թյան, հմ­տա­ցում­նե­րի վե­րադր­ման կամ սար­սա­փի արդ­յունք չէ: Նմա­նա­պես նա ոչ Գն­դիկ-Բո­քո­նի­կի, Գա­լա­տե­ա­յի, Մատ­նա­չա­փի­կի, Փի­նո­կի­ո­յի պես երազ­ված բնա­կան արա­րած­նե­րի ար­հես­տա­ծին մարմ­նա­ցում է, ոչ էլ, ասենք, պա­կե­մոն­նե­րի պես բնա­կան արա­րած­նե­րի տեխ­նո­լո­գի­ա­կան այ­լա­փո­խում:

Չե­բու­րաշ­կա­յի ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը ավե­լի հա­մո­զիչ է թվում, քան որոշ բնա­կան արա­րած­նե­րի­նը: Առե­րեւ­ույթ "ամե­նա­էկ­լեկ­տիկ" կեն­դա­նին` բա­դակ­տու­ցը, սե­մի­ո­լոգ Ում­բեր­տո Էքո­յի ըն­կալ­մամբ, ոչ թե տար­բեր կեն­դա­նի­նե­րի մարմ­նա­մա­սե­րի ըն­դօ­րի­նա­կու­մով է կազ­մել իր մար­մի­նը, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, հենց այն նա­խօ­րի­նակն է, որի ան­դամ­նե­րը ամե­նա­տար­բեր կեն­դա­նի­նե­րի մոտ զար­գա­ցել են իբ­րեւ հա­մա­պա­տաս­խան օր­գան­ներ:

Չա­փե­րով ամ­բողջ մարմ­նին հա­մադ­րե­լի մեծ ականջ­նե­րը հե­տեւ­ում են բնու­թյան հնար­քին մի մարմ­նա­մա­սի գե­րա­կա­յու­թյամբ կեն­դա­նի­նե­րի "մաս­նա­գի­տաց­ման" ու տար­բե­րակ­ման. ասենք, փի­ղը, ըն­ձուղտն ու սի­րա­մար­գը պա­կաս ար­տա­ռոց չեն ձեւ­ով: Մաս­նա­գի­տաց­ման մա­սին դա­տե­լով ար­տա­քի­նից ու գո­յա­ձեւ­ից` խո­տան­ված խա­ղա­լիք ծա­ռա­յե­լուց, կա­րե­լի է են­թադ­րել, որ Չե­բու­րաշ­կա­յին պա­հում, ապ­րեց­նում է իր փա­փուկ ան­պաշտ­պան ըն­կա­լու­նա­կու­թյու­նը, չնա­յած ինչ-որ թե­րու­թյան, կամ գու­ցե հենց այդ թե­րու­թյան հաշ­վին: Ընկ­նել-շտկ­վե­լը, ռու­սե­րեն բա­ռի ստու­գա­բա­նու­թյու­նից ել­նե­լով, Չե­բու­րաշ­կա` դրմփ-դրմ­փիկ խա­ղա­լի­քի տե­սա­կը կա­րող է հա­մար­վել, ոչ` թե­րու­թյու­նը: Այդ թե­րու­թյու­նը փաս­տո­րեն ոչ այլ ինչ է, քան նրա տար­բե­րու­թյու­նը սո­վո­րա­կան խա­ղա­լիք­նե­րից կամ այլ տե­սանկ­յու­նից` թե­րու­թյու­նը նրան խա­ղա­լիք հա­մա­րե­լու մեջ է: Ճիշտ չէր լի­նի նրան ծնո­ղա­զուրկ հա­մա­րել` հաշ­վի առ­նե­լով գե­նե­տի­կա գի­տու­թյու­նը ժխ­տող հա­սա­րա­կու­թյան առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, որը երկ­րի բո­լոր երե­խա­նե­րին, այդ թվում ժողովրդի թշնամիների, դի­տում էր իբ­րեւ կո­մու­նիզ­մի կա­ռուց­ման հեր­թա­փոխ: Ինչ­պես ար­դեն աս­վեց, եթե պի­տի լի­նի խա­ղա­լիք, նա գե­րա­դա­սում է լի­նել երե­խա­նե­րի հետ:

Նրա ինչ լի­նե­լու, այ­սինքն գո­յա­բա­նա­կան ան­հայ­տու­թյու­նը հան­գեց­նում է հա­սա­րա­կու­թյան ինք­նավս­տա­հեց­նող հա­վաս­տում­նե­րից դուրս մղ­ված ավել­ցու­կի հետ նրա նույ­նաց­ման փոր­ձե­րին` օրի­նա­չա­փո­րեն գռե­հիկ կա­տա­կա­բա­նու­թյամբ: Մարմ­նա­վա­ճա­ռու­հու սպա­նու­թյան հա­մար դատ­վող գեր­հոգ­նած գի­նե­կո­լո­գի մա­սին խորհր­դա­յին անեկ­դո­տում դա­նա­կա­հար­ման պատ­ճա­ռը այդ