|ակտուալ ա|
հրապարակված է 05.08.2012 | ա-ակտուալ արվեստ |
Գյումրին հռչակվեց մշակութային մայրաքաղաք
Հոլիսի 24-ին Գյումրին այլեւս հռչակվեց ՀՀ Մշակութային Մայրաքաղաք (ՀՀՄՄ)


Պատմական այս իրողությունը տեղի ունեցավ այս առթիվ կազմակերպված "Լույս" հիմնադրամի "a lumine" փառատոնի շրջանակներում անցկացվող V V section արվեստային (կերպարվեստ, երաժշտություն, պոեզիա, պար) գիտափորձ-ինտերվենցիայից անմիջապես հետո պատմական Ձկի Ձորում  "ակտուալ արվեստի", "AUS" ստեղծագործական խմբի, "Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի", "Բեռլին Արտ Հոտելի" եւ "Լույս" հիմնադրամի կողմից: Պատկառելի սույն ցուցակին եւ ստորագրահավաքին միացան ինչպես մի շարք գյումրեցի առաջադեմ արվեստագետներ, այնպես էլ հատուկ այս առիթով Գյումրի ժամանած բազմաթիվ անվանի մշակութային գործիչներ եւ արտիստներ Շվեյցարիայից, Ֆրանսիայից եւ Իտալիայից, ինչը միջազգային հնչերանգ հաղորդեց հռչակագրին: 






Գոհունակությամբ հարկ է նշել պետական այս կամ այն որեւէ մարմնի բացակայությունը, ինչն առանձնակի շուք պարգեւեց երեկոյին: 

Ստորեւ ներկայացնում ենք Փառատոնի եւ գիտափորձ-ինտերվենցիայի ազդագրերը, անցկացվող միջոցառումների մասին դույզն ինչ պատկերացում կազմելու համար:





Գիտափորձ-ինտերվենցիային իր այս հետազոտությունը ներկայացրեց մշակութաբան Վարդան Ջալոյանը.


Արվեստի լեզուները թարգմանության ընթացքի մեջ

Գյումրիի "առ լույս'' փառատոնի շրջանակներում կազմակերպվում են ժամանակակից արվեստի նվիրված միջոցառումներ, որոնց նպատակն է ժամանակակից երաժշտություն, կերպարվեստի, գրականության համադրությամբ հաղորդակից դարձնել Գյումրու արվեստասերներին այդ ոլորտների նորագույն տենդենցներին: Կազմակերպիչների համար հատկապես կարեւոր է եղել հայտնաբերել գեղանկարչության, երաժշտության միջեւ առկա կապերը, համադրել արվեստի տարբեր լեզուները: Մի կողմից ներկայացվում են տեսողության վրա հիմնված վիզուալ արվեստներ, մյուս կողմից լսողության վրա հիմնված վերբալ արվեստներ՝ երաժշտություն եւ գրականություն: Հնարավո՞ր է արդյոք թարգմանությունը, երբ ունենք իրարից խիստ տարբերվող արվեստի լեզուներ: Եթե դա նույնիսկ հնարավոր է, արդյո՞ք հնարավոր է այն իրականացնել. օտարացվա՞ծ չեն արվեստագետները եւ նրանց ստեղծած արվեստը իրարից:

Փառատոնը, բացի ճանաչողական խնդիրներից, եկել է նաեւ պատասխանելու այդ հարցերին: Պերֆոմանս-իմպրովիզ-շոուի ժամանակ նկարիչների արած գործերի հիման վրա երաժիշտները կանեն իրենց իմպրովիզիացիաները, ապա մյուս նկարիչներ երաժիշտների գործերի վրա կանեն իրենց իմպրովիզացիաները: Երաժիշտներին եւ նկարիչներին զուգահեռ գրողները եւս կմասնակցեն շոուին իրենց իմպրովիզիացիաներով:

Փորձենք պատասխան տալ առաջին հարցին. Հնարավո՞ր է արդյոք թարգմանությունը, երբ ունենք իրարից խիստ տարբերվող արվեստի լեզուներ:

Գեղանկարչության մեջ անմիջապես տրված է կերպարը եւ նրա միջոցով հարկավոր է վերականգնել զգացմունքը եւ միտքը, ապա երաժշտության մեջ անմիջականորեն տրված է զգացմունքը եւ ըստ նրա հարկավոր է վերականգնել կերպարը եւ միտքը: Իհարկե, տրամադրությունը մնում է երաժշտական տպավորության հիմնական էությունը, բայց այն լեցուն է մտքերով եւ կերպարներով: Երաժշտության հետ կապված ասոցիացիաները, իհարկե, անորոշ են, կոնկրետ չեն համեմատած երաժշտության հարուցած զգացմունքների հետ, ինչպես որ կոնկրետ չեն, սուբյեկտիվ են գեղանկարչական ստեղծագործության հարուցած երաժշտական ասոցիացիաները:

Երաժշտությունը իրականությունը արտացոլում է այլ միջոցներով, քան գեղանկարչությունը: Նա արտահայտում է զգացմունքները, իմաստները, մարդու ներաշխարհը, անելով դա, ինչպես մարդկային խոսքի ինտոնացիան է դա անում: Երաժշտության եւ գեղանկարչությունը տարբեր են նաեւ նրանով, որ գեղանկարչությունը դա արձակն է գրականության մեջ, երաժշտությունը՝ պոեզիան, լիրիկան:

Գեղանկարչության դարավոր զարգացումը հանգեցրել է նրան, որ գեղանկարչական տարրերը՝ գույնը գիծը, ռիթմը, կոմպոզիցիան ձեռք են բերել ինքնուրույն զգացական իմաստներ, ինչը որոշակի համապատասխանություն է ստեղծում երաժշտության եւ գեղանկարչության միջեւ: Հատկապես դա ակնհայտ է գույնի դեպքում: Գեղանկարչական տարրերի մերձեցումը երաժշտական տարրերին, գեղանկարչական ստեղծագործությանը տալիս է զգայական ոգեշունչ հնչեղություն: Առավել այն ակնառու է վերացական գեղանկարչության դեպքում, սակայն ֆիգուրատիվ նկարչական ստեղծագործությունը եւս կարող է խիստ երաժշտական լինել:

Հնուց ի վեր նկարիչները պատկերել են նվագող երաժիշտների, երաժշտական ներկայացումներ, կոմպոզիտորների նկարներ: Գեղանկարչության եւ երաժշտության հարաբերության մյուս կարեւոր կողմը դա այն է, որ նկարիչները մասնակցում են օպերային եւ բալետային ներկայացումների ձեւավորմանը: Սա գեղանկարչության եւ երաժշտության այն ակնհայտ կապն է, որ տեսնում ենք հին եգիպտական արվեստից սկսած մինչեւ մեր օրերը:

Ավելի կարեւոր է թվում այն, որ նույն դարաշրջանում ապրած գեղանկարիչների եւ կոմպոզիտորների միջեւ կարելի է գտնել հոգեհարազատություն: Դա ակնհայտ է թվում Դելակրուայի եւ Բերլիոզի, իմպրեսիոնիստների եւ Դեբյուսիի, Մ. Սարյանի եւ Ա. Խաչատուրյանի միջեւ եւ այլն: Լիստն իր “Նշանվածներ” պիեսը նվիրել է Ռաֆաելի համանուն կտավին, նրա “Մտածողը” նվիրված է Միքելանջելոյին եւ այլն: Ռախմանինովը իր գործերի մի շարք անվանել է “էտյուդ-նկարներ”: Սկրյաբինը իր “Պրոմեթեւսում” մտցրեց գունատող, հիմնադրելով գունաերաժշտության ուղղությունը: Ճիշտ է, այն այժմ ավելի շատ կիրառական նշանակություն ունի՝ հանդիսությունները ձեւավորելու կարեւորագույն մասն է կազմում, բայց դրանից նրա նշանակությունը չի նվազում: 20-րդ դարում է հայտնվել վիզուալ եւ երաժշտական արվեստների փոխազդեցության այնպիսի հետաքրքիր ձեւ, ինչպիսին է գրաֆիկական պարտիտուրան: Հայտնի է Ք. Պենդերեցկու «Տրեն Հեռոսիմայի զոհերի համար» պարտիտուրան [1] :

Կա նկարչության որոշակի տեսակ, որ անվանում են երաժշտական գեղանկարչություն, օժտված որոշակի դեկորատիվությամբ եւ ընդունակ հարուցելու երաժշտական ասոցիացիաներ: Այդ դեպքում խոսում են երգող գծերի, լուսավոր տոնալությունների, պարող ռիթմերի, գունագեղ ակորդների կամ մեղեդային կոլորիտի մասին: Մատիսն ասում էր. “երբ գտնված են տոների բոլոր հարաբերությունները, արդյունքում պետք է առաջանա գույների կենդանի ակորդ, ներդաշնակություն, որ նման է երաժշտական ներդաշնակությանը” [2] :

________________________
[1] Տրեն - կնոջ հագուստի կախված ծայր, քղանցք: Փխբ. կենսաձև:
[2] Матисс А. Сборник статей о творчестве. М., 1958. С. 17.


Այս ամենը ստեղծում է հնարավորություն երաժշտության, գեղանկարչության եւ գրականության փոխներթափանցման համար: Հնարավորություն դեռ չի նշանակում իրականացում: Սա մեր հիշատակած երկրորդ հարցադրումն է: Մենք հասկանում ենք, որ 60-ականների հայաստանյան երաժշտության, գեղանկարչության եւ գրականության ընդհանուր վերելքը պայմանավորված էր մի գործոնով, որ հաճախ անվանում են «հոգեւոր մթնոլորտ»: Որքան էլ կասկածելի թվա վերջին բնորոշումը, քանզի կարող է թվալ, թե խոսքը գնում է «վերեւից» իջած ներշնչանքի մասին, այն ընդհանուրը, որ գտնում ենք արվեստի տարբեր ուղղությունների մեջ, իմաստային առումով լիովին փոխանցում է «հոգեւոր մթնոլորտ» կոչվող երեւույթի էությունը: «Հոգեւոր մթնոլորտը» բնութագրում է մարդկային հարաբերությունների դրականը, համագործակցելու եւ հաղորդակցվելու ունակությունը: Միայն այս դեպքում է առաջանում ընդհանուրը՝ «հոգեւոր մթնոլորտը»: Մասնավորապես, գրականության մեջ մենք օգտվում ենք նույն կոդերից, ինչ կոդերով մարդիկ հաղորդակցվում են իրական կյանքում: Չկան առանձին կոդեր կյանքի, արվեստի եւ գրականության համար, այլապես նրանք բացարձակապես անթափանց եւ անհասկանալի կլինեին, զուրկ զգացական ազդեցությունից: «Հոգեւոր մթնոլորտը»՝ դա կյանքի եւ արվեստի միասնական կեցությունն է, որտեղ սահմանները փոփոխվող են եւ թափանցիկ:






Այսօր իշխում է հայաստանյան զանգվածային մշակույթը՝ ռաբիզը: Նա է թելադրում կյանքի եւ արվեստի ընդհանուր կոդերը, այսօր նա է «հոգեւոր մթնոլորտը», ավելի ճիշտ՝ «նյութապաշտ մթնոլորտը»: «Նյութապաշտ մթնոլորտ» ասելիս մենք նկատի ունենք շահամոլությունը, եսակենտրոնությունը, հաղորդակցվելու եւ համագործակցելու կարողության բացակայությունը: «Հոգեւոր մթնոլորտը» 60-ականներին ստեղծեց ընդհանրություն կյանքի ձեւերի, արվեստի եւ գրականության միջեւ: Այս փառատոնը, կարծես թե, մեկն է այն միջոցառումներից, որոնք փորձում են դիմադրել այս միտումին, ստեղծել ի հեճուկս «նյութապաշտ մթնոլորտի» իսկական «հոգեւոր մթնոլորտ»:



Սոցիալական հարաբերությունները աղավաղվելով տնտեսական անհավասարությունից խախտում են ընդհանուր հաղորդակցությունը, ինչը կարող է վերստեղծվել արվեստի եւ գրականության տարածքում: Չնայած վերեւում նշված որոշ ձեւական ընդհանրության, գեղարվեստի եւ երաժշտության միջեւ խզումը թվում է առավել նշանակալի: Ստեղծելով գեղանկարչության եւ երաժշտության միջեւ հաղորդակցություն, թեկուզեւ խորհրդանշական, խաղային-պայմանական, կարեւոր քայլ է արվում մոդելավորելու «հոգեւոր մթնոլորտը»:

                                                                                            Վարդան Ջալոյան

Ներկայացնում ենք նաեւ երկու հատված մեր ապագա ֆիլմի նյութերից, որը պատրաստ կլինի սեպտեմբերին եւ շնորհանդեսը տեղի կունենա Բեռլին Արտ հոտելում:


 


 
Եվ վերջում դիտեք անհայտ հայ հեղինակի "Պոեմ պատկանելության" օպերայից մի հատված՝ երաժշտությունը Արթուր Ավանեսովի:

 


 

պոեմ պատկանելության լիբրետտոն տես | մառան |