|մառան|
հրապարակված է 26.07.2012 | նարեկ մխիթարյան |
հայկական հաց
բավական է վերցնել տեսախցիկը եւ շրջել հայկական սրբավայրերում


Վերջին տարիներին հայ ինքնությանն ու պատմությանը վերաբերող բազմաթիվ ֆիլմերի շարքում ոչնչով չի առանձնանում նաեւ Արմեն Գասպարյանի "Հայկական հաց"-ը: Ֆիլմի հերոսուհին պատմում է եղեռնի եւ դրան հաջորդող տարիներին տեղի ունեցած իրադարձությունների, իր կյանքի ու ճակատագրի մասին, միաժամանակ ֆիլմում հանդես են գալիս այլ պերսոնաժներ. յոթանասունչորսամյա հավատացյալ Արեւ Դավթյանը աղոթում է իր անգիր արած աղոթքները, հնագետ Տիգրան Իսահակյանը հայրենասիրական պաթոսից ոչ զուրկ համեմատություն է կատարում կոտրված խեցու բեկորների եւ հայ ժողովրդի միջեւ, Խոր Վիրապում տեղացի կինը մատաղ է բաժանում եկեղեցու այցելուներին, ռուս ինժեները պատմում է Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու շինարարության մասին: Զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են հաստոցային խաչքարագործության մանրամասներ, փաստագրական կադրեր Էջմիածնում կատարվող կրոնական արարողություններից, միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի մերձակայքում գործող քարհանքերից:

Կարելի է կարծել, որ գործ ունենք մի բազմաբովանդակ ու խճճված ստեղծագործության հետ: Իրականում, մեկ ֆիլմի շրջանակներում սյուժետային բազմաթիվ ուղղությունների համադրման փորձը այն դարձրել է կտրատված, տրամաբանական, պատմողական առանցքից զուրկ, մակերեսային: Թվում է` ոչ թե ֆիլմ ենք դիտում, այլ տարբեր ֆիլմերից վերցված, միմյանց հետ կապ չունեցող ֆիլմերի կադրեր: Իհարկե, ցանկացած գեղարվեստական ընդհանրացում կարող է եւ այս ամենում գտնել իմաստային ֆոն եւ կապել միմյանց հետ կապ չունեցող պատմությունները: Սակայն փաստն այն է, որ ֆիլմի հեղինակը ամենեւին էլ չի մտահոգվել ստեղծել նախապես կառուցված մի սյուժե, որտեղ հերոսների, իրադարձությունների կամ նրանց պատմած պատմությունների շարքը կտեղավորվեին մեկ կինոմիավորի շրջանակներում:

Չնայած կրոնական կինոփառատոններում շահած մրցանակներին, "Հայկական հացը" ամենեւին չի բարձրացնում կրոնական որեւէ խնդիր, այլ միայն ֆիքսում է հայ առաքելականության առանձնահատկությունները` պաշտոնական ծեսը, ժողովրդական քրիստոնեության դրսեւորումները (մատաղ): Խոստովանենք, նման մի ֆիլմ նկարելու համար ամենեւին պարտադիր չէ լինել պրոֆեսիոնալ ռեժիսոր կամ օպերատոր. բավական է վերցնել տեսախցիկը եւ շրջել հայկական սրբավայրերում:

"Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնի մամլո ասուլիսներից մեկում Արմեն Գասպարյանը մեկնաբանեց նաեւ ֆիլմի անվանումը, այն է` "Հայաստանը մի երկիր է, որտեղ քարը հաց է դառնում, իսկ հացը` հավատ": Պետք է նշել, որ անվանաբանական այս "ալեգորիկ շղթան" ֆիլմում որեւէ կերպ դրսեւորված չէ: Անհասկանալի է մնում, թե որտեղ է հացը դառնում հավատ, կամ քարը` հաց եւ հետեւաբար ինչպիսի իմաստային բեռնվածություն ունի ֆիլմի անվանումը:

Ֆիլմի դանդաղաշարժ ընթացքն ու նվազագույնի հասցված մոնտաժային աշխատանքն ավելի են "ձգվձգում" օպերատորական միապաղաղ աշխատանքով, ծորուն, գործիքային երաժշտությամբ: Դոկումենտալ կադրերից հետաքրքրում է թերեւս քարհատման պրոցեսը, որի ցուցադրությամբ ու զուգահեռ ընթացող բանավոր պատմությամբ փորձ է արված համեմատել քարի ճեղքումը Մեծ Հայքի մասնատման հետ: Սակայն ինչպես եւ կարելի է ակնկալել, քառասուն հինգ րոպեների ընթացքում բազմաթիվ համազգային խնդիրների արծարծման փորձը թողնում է անավարտ դրանցից յուրաքանչյուրի քիչ թե շատ լիարժեք բացահայտումը: Տատիկի պատումները Արեւմտյան Հայաստանում ապրած իր նախնիների մասին որեւէ կերպ չեն առնչվում Սուրբ Ծննդյան ծիսական արարողությունների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Եթե սրանց ավելացնենք խաչաքարի կերտման, եկեղեցու շինարարության դրվագները, ապա ստացվում է որ ֆիլմն արծարծում է Հայոց Եղեռնի, Հայկական Սփյուռքի, Հայ Եկեղեցու, ժամանակակից հայ իրականության բազմակողմանի խնդիրները, սակայն այդ ամենը պերիֆերային, հայ ինքնության սիմվոլների (Սուրբ Էջմիածնի ճարտարապետական համալիր, պաշտոնական եկեղեցական ծես, հայոց այբուբեն, հայկական խաչքարեր, միջնադարյան ճարտարապետական շինություններ) պարզ վերարտադրության մակարդակում, որի ետեւում չի բացահայտվում սոցիալական, մշակութաբանական կամ կինո-գեղարվեստական որեւէ խնդիր: