|ակտուալ ա|
հրապարակված է 23.05.2012 | միշել ֆուկո |
«հակա–Էդիպ». ոչ-ֆաշիստական կյանքի ներածություն*
Եվ ոչ միայն Հիտլերի ու Մուսոլինիի պատմական ֆաշիզմը, որն այդքան մեծ հաջողությամբ կարողացավ մոբիլիզացնել եւ օգտագործել զանգվածների ցանկությունը, այլեւ այն ֆաշիզմը, որ մեր բոլորի մեջ է` մեր մտքերում եւ առօրյա վարքում, - այն ֆաշիզմը, որ ստիպում է մեզ սիրել իշխանությունը, տենչալ հենց այն, ինչը տիրում է մեզ ու շահագործում:

 

Այս տեքստն հրամցնելու առիթը գուցե ակնհայտ է, բայց պատճառը ուժեղ ցանկությունն էր մեկ անգամ եւս մեջտեղ բերելու, վերջապես հայերենով հնչեցնելու, ֆրանսիացի ականավոր մտածողների խոսքը, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Չկարողացանք զերծ մնալ որոշ մեկնաբանություններից, որոնք սակայն հուսով ենք չեն խանգարի տեքստի ընկալմանը, չնայած իրենց գուցե պատահական եւ մասնակի բնույթի` կապված պահի անցուդարձին:

Փորձենք անդրադառնալ Ֆուկոյի նշած կետերին.

  • Ազատագրեք քաղաքական գործողությունը տոտալիզացնող եւ ընդհանրացնող պարանոյայի ցանկացած ձեւից:

Մեզանում հաճախ քաղաքացիական շարժումները քննադատության են ենթարկվում քաղաքականացման պակասի համար: Այնինչ դրանց փոքրիկ հաղթանակները ավելի համոզիչ են քան քաղաքական իշխանության հավակնոտ, բայց տեղապտույտ կառույցներն ու կուսակցությունները: Իրենց կոնկրետությամբ առաջիններն անսպասելի ուժեր են մոբիլիզացնում, որոնք իրար հերթագայելով կայուն կառուցվածք դառնալու խնդիրներ չեն դնում, բայց այնուամենայնիվ արդյունավետ են դառնում մինչ քաղաքական իշխանությանն ուղղված ուժերը խանդոտ կասկածով են վերաբերվում իրենց թելադրանքից հաջողությամբ խուսափող այդ շարժումներին:

  • Մի կարծեք, թե երբ պայքարում եք որեւէ բանի դեմ, հարկ է լինել մռայլ ու տխուր, անգամ եթե ձեր պայքարի առարկան ինքնին զարհուրելի է: Հեղափոխական ուժով օժտված է միայն ցանկության կապն իրականության հետ (եւ ոչ թե նրա փախուստը պատկերացումների մեջ):

Իրականության հետ կապը նորանոր ձեւեր ու արտահայտչամիջոցներ է պարտադրում մի կողմից հոգսի տակ գցելով "նյութին տիրապետող" փորձագետներին, որոնք չեն դադարում տեղի-անտեղի քրքրել պատմության եւ տեսության հեղինակավոր ծալքերը, նորօրյա կյանքի անցուդարձն իրենց համար չեզոքացնելու ենթադրյալ նախադեպերի ու մաշված հղածքների ծրարում, մյուս կողմից, բեմ մղելով հանրային խոսք ասելու ծարավ` համապատասխան դիսկուրսին անտեղյակ հրապարակախոսներին, որոնք շրջանառում են իրենց համար նորահայտ, բայց զառամյալ կարծրատիպեր ու դարձվածքներ: Արդյունքում առաջիններն իրենց ուսյալության տուրքն են հայցում, երկրորդները` 'սրտացավ' էներգիայի երկրպագություն:

  • Մի պահանջեք քաղաքականությունից, որ այն վերականգնի անհատի "իրավունքները", ինչպես դրանք սահմանել է փիլիսոփայությունը: Անհատը իշխանության արգասիքն է: Մի բան է անհրաժեշտ. «ապաանհատականացվել»` բազմապատկման ու տեղաշարժությունների, տարատեսակ վերադասավորումների միջոցով:

  • Խումբը պետք է լինի ոչ թե ստորակարգված անհատներ միավորող օրգանական կապ, այլ «ապաանհատականացման» մշտական գեներատոր:


Կարեւոր է նշել, որ այստեղ խոսքը վերաբերում է դիստանցիա պահպանելուն, ինչը պակասում է անհատին ինչպես ինքն իրեն վերաբերվելիս, այնպես էլ ուրիշի ով լինելուն` "սեփական" կարծիքները բնական համարելիս, իսկ ուրիշի ասածը ասողին նույնականացնելիս, ըստ որում պրոյեկտելով իր միջի արգելվածը: Գաղափարը, իրականությունը եւ անհատը բնական համարելը գաղափարախոսական ապարատի աշխատանքի առաջին նշանն է` դրա իշխանության վկայությունը ամրագրված օրենքներով, սովորույթներով, ավանդույթներով: Այդ իշխանությունից կարելի է ազատվել հարցի տակ առնելով դրա արդյունքն հանդիսացող ենթական` ես ու դուն, մեր դերերն ու դիրքերը…մեր դեմքի մեջ տեսնելով տարածին երեսակներ, արձակելով դրանք մեր ինքնության բռնակալ տրցակից, թույլ տալ այդ ինքնություններին տրվել խաղին:

  • Մի սիրահարվեք իշխանությանը:

Խոսքը վերաբերում է նաեւ խորամանկությանը, որը կարծում է թե քիփ մերձենալով ու արտոնելով այս կամ այն իշխանությանը իր "վեհ" նպատակների համար է օգտագործում,` այն ինչ, պարում է այդ իշխանության սրինգի տակ /գրքեր, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ֆիլմեր, համերգներ, փառատոններ../, արդյունքում "վեհ" նպատակները հանգում են մեկին` իշխանությանը: Իշխանության տանող ճանապարհը ամլացնող է` կանոնակարգող եւ ստորակարգող:

  • Զարգացրեք միտքը, գործողությունն ու ցանկությունները բազմապատկման, ծավալման, փոխհհակադրման ու տարանջատման միջոցով, այլ ոչ թե ստորաբաժանման ու բրգաձեւ աստիճանակարգման:

  • Մի օգտագործեք միտքը` հիմնավորելու քաղաքական պրակտիկան որպես միակ Ճշմարտություն, եւ մի օգտագործեք պրակտիկան՝ վարկաբեկելու միտքը որպես սոսկ շահարկում: Օգտագործեք քաղաքական պրակտիկան որպես մտքի ուժեղացուցիչ, իսկ վերլուծությունը՝ որպես քաղաքական գործողության միջամտության ոլորտների ու ձեւերի բազմապատկիչ:

Կա թյուր կարծիք, որ պրոֆեսիոնալիզմը ընդհանուր թեմատիկ նյութի մեջ անձնական շահ է հետապնդում ի հակադրություն միամիտ 'ազնիվ' գաղափարայնության դիրքի, ըստ որում 'ազնվությունը' այդ առումով ապուշության հոմանիշ է: Այս 'պրոֆեսիոնալները' շահադիտորեն օգտագործում են այդ 'ազնվությունը', որի բնորոշ գծերից է հիացմունքը` տվյալ ասպարեզի ատրիբուտներով եւ այդ ասպարեզում սեփական ընդգրկմամբ, եւ դրանում գործող ուժերի իրական մեխանիզմների վատ գիտակցելը` վերացականությունը: Նշված 'պրոֆեսիոնակները' շահերի կոնկրետ լինելը շփոթում են դրանց անձնական/խմբային լինելու հետ: Այսինքն շահերը կապում են ինքնությունների հետ, այլ ոչ գործընթացների ներհատուկ տրամաբանությանը, որոնց համար պատասխանատու են հենց նաեւ այդ տրամաբանությամբ ձեւավորված ինքնությունները: Այդ 'պրոֆեսիոնալների' ցինիզմը հանգեցնում է միտքը վարքագծի կամ քաղաքականության հիմնավորմանը ծառայեցնելուն, եթե ոչ ապա` վարկաբեկելուն: Սա նախորդ կետերից մեկի մեկնաբանության մեջ նշված անհատի եւ նրա արտահայտած մտքի միջեւ դիստանցիայի պակասության հակառակ, բայց նմանապես արատավոր տարբերակն է` անհատականության խուսափումը խոսքով ինքնակազմավորվելուն: Խոսքը ծառայեցվում է ինքնությանը, թե գիտակցված, թե չգիտակցված: Եթե միտքը չի գործիքայնացվում` շահարկվում, այն դառնում է գործողության շարունակություն, նոր ասպարեզներ բացելու հնարավորություն, իսկ գործողությունը ուժեղացնում է միտքը:

                                                                                        ակտուալ ա

 

 

 


«Հակա–Էդիպի» ամերիկյան հրատարակության ներածություն*

1945—1965 թթ. ժամանակահատվածում (նկատի ունեմ Եւրոպան) գոյություն ուներ ճիշտ մտածողության մի տեսակ` քաղաքակական դիսկուրսի որոշակի ոճ, ինտելեկտուալի որոշակի էթիկա: Պետք էր ''լավ լինել'' Մարքսի հետ, սեփական երազներում շատ չհեռանալ Ֆրոյդից եւ նշանային համակարգի – այսինքն նշանակիչի - հետ վարվել մեծագույն հարգանքով: Սրանք էին այն երեք պայմանները, որոնք ընդունելի էին դարձնում տարօրինակ այն զբաղմունքը, ինչպիսին է քո կամ քո ժամանակի մասին ճշմարտություն գրելն ու արտահայտելը:

Հետո վրա հասան հինգ խանդավառ, սրընթաց` ցնծության ու առեղծվածների տարիներ: Մեր աշխարհի դարպասների դիմաց հառնեց Վիետնամը, եւ ակներեւ է, օրինական իշխանություններին առաջին անգամ լուրջ հարված հասցվեց: Բայց ի վերջո ի՞նչ էր կատարվում մեր պատերի ներսում: Արդյո՞ք հեղափոխական ու հակառեպրեսիվ քաղաքականության խառնուրդ: Պատերազմ երկու ճակատո՞վ՝ ընդդեմ հասարակական շահագործման եւ հոգեկան ճնշման: Դասակարգային հակամարտությամբ վերակազմված լիբիդոյի ժայթքո՞ւմ: Գուցե: Ամեն դեպքում հենց այդ` մեզ բոլորիս ծանոթ դուալիստական մեկնաբանությամբ էին բացատրվում այդ տարիների իրադարձությունները: Այն երազը, որ Առաջին աշխարհամարտի եւ ֆաշիզմի առաջացման միջեւ ընկած ժամանակահատվածում իր հմայանքի տակ էր պահում Եւրոպայի՝ ուտոպիզմին առավել հակված երկրները - Վիլհելմ Ռայխի Գերմանիան եւ սյուռրեալիստների Ֆրանսիան - վերադարձավ հրկիզելու իրականությունն ինքնին. Մարքսն ու Ֆրոյդը հայտնվեցին միեւնույն բոցավառվող կրակում:

Սակայն արդյո՞ք այդպես էր իրականում: Արդյո՞ք երեսնականների ուտոպիստական նախագծի կրկնությունն էր` այս անգամ պատմական պրակտիկայի մասշտաբով: Թե՞ հակառակը` դա շարժում էր առ քաղաքական պայքար, որ այլեւս չի ենթարկվում մարքսիստական ավանդույթի նախանշած օրինակին: Առ ցանկության փորձառություն կամ տեխնոլոգիա, որոնք այլեւս ֆրոյդյան չե՞ն: Ինչ խոսք, օդում հին դրոշներն էին ծածանվում, բայց պայքարը փոխել էր դիրքը եւ գրավել նոր տարածքներ:

"Հակա - Էդիպը" ցուցադրում է առաջին հերթին այդ տարածության ընդգրկումը: Սակայն դրանից շատ ավելին է անում: Այն ժամանակ չի վատնում հին կուռքերին վարկաբեկելով, թեեւ բավական զվարճանում է Ֆրոյդով: Եվ որ ամենակարեւորն է` դրդում է մեզ առաջ գնալ:

Սխալ կլիներ "Հակա - Էդիպը" կարդալ որպես մի նոր ամենատեսություն (ծանոթ եք, անշուշտ, նման չարաբաստիկ տեսության, որի գալուստն այդքան հաճախ թմբկահարվում էր. մի տեսություն, որ կընդգրկի ամեն ինչ, եւ վերջապես ամեն բան կբացատրի ու կհանգստացնի բոլորին, մի տեսություն, որ, ինչպես համոզում են մեզ, "այդքան անհրաժեշտ է" մեր նեղ մասնագիտացվածության ու ցրվածության/դիսպերսիայի դարաշրջանում, երբ բացակայում է "հույսը"): Պետք չէ նոր հասկացությունների ու զարմանահրաշ կոնցեպտների աներեւակայելի այդ առատության մեջ "փիլիսոփայություն" որոնել. "Հակա - Էդիպը" Հեգելի էժանագին կեղծվածքը չէ: Կարծում եմ "Հակա - Էդիպը" կարդալու լավագույն եղանակը նրան քանց "արվեստ" ընկալելն է, այն իմաստով, ինչպես ասենք, խոսում են "էրոտիկ արվեստի" մասին: Հենվելով բազմակիության, հոսքերի, մեխանիզմների եւ կապերի արտաքնապես վերացական հասկացությունների վրա` իրականության եւ կապիտալիստական "մեքենայի" հանդեպ ցանկության հարաբերության վերլուծությունը պատասխաններ է տալիս կոնկրետ հարցերի: Հարցեր, որոնք վերաբերում են ոչ այնքան երեւույթների "ինչու"-ին, որքան "ինչպես"-ին: Ինչպե՞ս է ցանկությունը ներմուծվում մտքի, դիսկուրսի, գործողության մեջ: Ինչպե՞ս կարող է եւ պետք է ցանկությունը ուղղորդի իր ուժերը քաղաքականության ոլորտում եւ ուժգնանա տիրող կարգի տապալման գործընթացում: Ars erotica, ars theoretica, ars politica.
 

Այստեղից պարզ է դառնում թե ո՛ր երեք հակառակորդներին է բախվում "Հակա - Էդիպը": Երեք` հավասար ուժի չտիրապետող ու տարբեր վտանգներ ներկայացնող հակառակորդներ, որոնց դեմ այս գիրքը տարբեր միջոցներով է պայքարում.

1. Քաղաքական ճգնավորները, մռայլ մարտիկները, տեսության ահաբեկիչները՝ նրանք, ովքեր կուզեին պահպանել քաղաքականության եւ քաղաքական դիսկուրսի "մաքրությունը": Հեղափոխության բյուրոկրատներ ու Ճշմարտության ֆունկցիոներներ:

2. Ցանկության ողորմելի ինժեներները` յուրաքանչյուր խորհրդանիշ եւ յուրաքանչյուր ախտանիշ գրանցող հոգեվերլուծողներն ու նշանագետները, ովքեր կուզեին ցանկության բազմակիության կազմակերպումը հանգեցնել կառուցվածքի եւ պակասության երկբեւեռ օրենքին:

3. Վերջապես ամենազորեղ թշնամին` ռազմավարական հակառակորդը ( մինչդեռ "Հակա - Էդիպի" հակազդեցությունը մյուսներին կրում է ավելի շուտ մարտավարական բնույթ)՝ ֆաշիզմը: Եվ ոչ միայն Հիտլերի ու Մուսոլինիի պատմական ֆաշիզմը, որն այդքան մեծ հաջողությամբ կարողացավ մոբիլիզացնել եւ օգտագործել զանգվածների ցանկությունը, այլեւ այն ֆաշիզմը, որ մեր բոլորի մեջ է` մեր մտքերում եւ առօրյա վարքում, - այն ֆաշիզմը, որ ստիպում է մեզ սիրել իշխանությունը, տենչալ հենց այն, ինչը տիրում է մեզ ու շահագործում:

Ես կասեի, որ "Հակա - Էդիպը" (եւ թող ներեք ինձ հեղինակները) գիրք է էթիկայի մասին, էթիկայի առաջին գիրքը, որ գրվել է Ֆրանսիայում բավական երկար ընդմիջումից հետո (հնարավոր է սա է պատճառը, որ դրա հաջողությունը չի սահմանափակվում նեղ "լսարանով". "Հակա - Էդիպ" լինելն արդեն դարձել է ապրելակերպի որոշակի ոճ, մտածելակերպ եւ գոյակերպ). Ի՞նչ անել ֆաշիստ չդառնալու համար, անգամ եթե (մանավանդ եթե) համարում ես քեզ հեղափոխության մարտիկ: Ինչպե՞ս մեր ճառերն ու գործողությունները, մեր սրտերն ու վայելքներն ազատել ֆաշիզմից: Ինչպես արտաքսել ֆաշիզմը, որ արմատակալել է մեր ողջ պահվածքում: Քրիստոնյա բարոյախրատախոսները հոգու խորխորատներում մարմնի հետքեր էին որոնում: Իսկ Դելյոզն ու Գվատարին հետամուտ են ֆաշիզմի նվազագույն հետքերին մեր մարմնում:

Հարգանքի համեստ տուրք մատուցելով Ս. Ֆրանսուա դը Սալին**, կարելի է ասել, որ "Հակա - Էդիպը" ներածություն է ոչ–ֆաշիստական կյանքի:
Այդ` ֆաշիզմի բոլոր ձեւերին հակադիր ապրելու արվեստը – լինեն դրանք կայացած թե սաղմնավորվող - ուղեկցվում է որոշակի էական սկզբունքներով, որոնք ես կամփոփեի հետեւյալ կերպ, եթե անհրաժեշտ լիներ այդ մեծածավալ գրքից մի դասագիրք կազմել կամ առօրյա կյանքի ձեռնարկ:

  • Ազատագրեք քաղաքական գործողությունը տոտալիզացնող եւ ընդհանրացնող պարանոյայի ցանկացած ձեւից:
     
  • Զարգացրեք միտքը, գործողությունն ու ցանկությունները բազմապատկման, ծավալման, փոխհհակադրման ու տարանջատման միջոցով, այլ ոչ թե ստորաբաժանման ու բրգաձեւ աստիճանակարգման:
     
  • Ազատագրվեք Նեգատիվի հին կատեգորիաներին վստահելուց (օրենքի, սահմանի, ամորձատման, պակասության, թերացումների), որ այնքան հաճախ արեւմտյան մտքի կողմից սրբացվել են որպես իշխանության ձեւ եւ իրականության ճանաչողության կերպ: Նախապատվություն տվեք պոզիտիվին ու բազմակիությանը, տարբերությունը գերադասեք միօրինակությունից, հոսքը` միավորներից, շարժուն միացությունները` համակարգերից: Մի մոռացեք. արդյունավետը ոչ թե նստակյացն է, այլ քոչվորը:
     
  • Մի կարծեք, թե երբ պայքարում եք որեւէ բանի դեմ, հարկ է լինել մռայլ ու տխուր, անգամ եթե ձեր պայքարի առարկան ինքնին զարհուրելի է: Հեղափոխական ուժով օժտված է միայն ցանկության կապն իրականության հետ (եւ ոչ թե նրա փախուստը պատկերացումների մեջ):
     
  • Մի օգտագործեք միտքը` հիմնավորելու քաղաքական պրակտիկան որպես միակ Ճշմարտություն, եւ մի օգտագործեք պրակտիկան՝ վարկաբեկելու միտքը որպես սոսկ շահարկում: Օգտագործեք քաղաքական պրակտիկան որպես մտքի ուժեղացուցիչ, իսկ վերլուծությունը՝ որպես քաղաքական գործողության միջամտության ոլորտների ու ձեւերի բազմապատկիչ:
     
  • Մի պահանջեք քաղաքականությունից, որ այն վերականգնի անհատի "իրավունքները", ինչպես դրանք սահմանել է փիլիսոփայությունը: Անհատը իշխանության արգասիքն է: Մի բան է անհրաժեշտ. «ապաանհատականացվել»` բազմապատկման ու տեղաշարժությունների, տարատեսակ վերադասավորումների միջոցով:
     
  • Խումբը պետք է լինի ոչ թե ստորակարգված անհատներ միավորող օրգանական կապ, այլ «ապաանհատականացման» մշտական գեներատոր:
     
  • Մի սիրահարվեք իշխանությանը:
     

Կարելի էր նույնիսկ ասել, որ Դելյոզն ու Գվատարին այնքան քիչ են իշխանություն սիրում, որ փորձում են չեզոքացնել սեփական դիսկուրսի հետ կապված իշխանական էֆեկտները: Այստեղից էլ՝ ամբողջ գրքում սպրդած խաղերն ու թակարդները, ինչը գրքի թարգմանությունը վերածում է իսկական սխրագործության: Սակայն դրանք բոլորին հայտնի ճարտասանական ծուղակները չեն, որ միտված են ընթերցողին գայթակղելու` թույլ չտալով նրան գիտակցել մեքենայությունը, եւ վերջ ի վերջո իր կամքին հակառակ համոզելով հեղինակների ճշմարտացիության մեջ: "Հակա - Էդիպի" ծուղակները հումորի ծուղակներ են` տեքստին հրաժեշտ տալու, դուռը շրխկացնելով թողնել-լքելու բազմաթիվ հրավերներ: Հաճախ գիրքը ենթադրել է տալիս, թե այնտեղ հումորից ու խաղից բացի ոչինչ չկա, այն դեպքում, երբ իրականում կարեւոր բան է կատարվում, չափազանց լուրջ բան՝ ֆաշիզմի բոլոր դրսեուրումների բացահայտում, սկսած մեզ շրջապատող ու ոչնչացնող հրեշավոր ձեւերից, ընհուպ մինչեւ նվազագույն ձեւերը, որոնք կազմում են առօրյա մեր կյանքերի բռնավորական դառնությունը:


                                                    ( թարգմանությունը` անահիտ ավետիսյան եւ մկրտիչ մաթեւոսյան )

 

________________________
* Միշել Ֆուկոյի ներածությունը Ժիլ Դելյոզի եւ Ֆելիքս Գվատարիի «Հակա–Էդիպ. կապիտալիզմ եւ շիզոֆրենիա» գրքի ամերիկյան հրատարակության համար (Deleuze Gilles, Guattari Felix. Anti-CEdipus: Capitalism and Schizophrenia. New York: Viking Press, 1977. Ներածության ֆրանսերեն թարգմանությունը հրատարակվել է` Michel Foucault. Dits et Ecrits II, 1976—1988. Paris: Gallimard, 2001 (lere Edition 1994). P. 133—136)

**17րդ դարի եկեղեցական, Ժնեւի եպիսկոպոս։ Հայտնի է իր՝ «Ներածություն բարեպաշտ կյանքին» գրքով։

 

անգլերեն բնագիրը կարելի է գտնել այստեղ, ֆրանսերեն տարբերակն` այստեղ, իսկ ռուսերեն թարգմանությունը, ներառյալ Դելյոզի եւԳվատարիի գիրքն ամբողջությամբ` այստեղ: