Արտերիայում բացվում է նոր շարք. blitz-review կամ ինչ կա-չկա՝ թարմ տպավորություններ արվեստի աշխարհից ֆոտոռեպորտաժների եւ ճամփորդական կարճլիկ նոթերի տեսքով: Նպատակը ոչ թե համակողմանի ու մասնագիտական վերլուծություն տալն է, այլ թռուցիկ անձնական տպավորությունները` թանգարաններից, ցուցահանդեսներից, համերգներից, եւ այլ մշակութային ու նույնիսկ ոչ մշակութային իրադարձություններից, ինչպես նաեւ պարզապես քաղաքներից ու մարդկանցից:
ԲԱԶԵԼ
Այսպիսով` Բազել. փոքրիկ շվեյցարական քաղաք` մխրճված Ֆրանսիայի եւ Գերմանիայի արանքում, այնքան, որ կարելի է նույնիսկ տրամվայով երթեւեկել երեք երկրների միջեւ: Այս փոքրիկ քաղաքն ունի մեծ մշակութային ավանդույթներ, կա օպերա, երեք սիմֆոնիկ նվագախումբ, որոնք համարվում են լավագույններից Եվրոպայոււմ ու նաեւ բազում թանգարաններ: Մենք հասցրեցինք այցելել միայն երեքը:
kunstmuseum basel | արվեստի թանգարան
St. Alban-Graben 16, 4010 Basel www.kunstmuseumbasel.ch
Ներքին բակով հսկայական համալիր, որը տարօրինակորեն բաժանված է երկու հիմնական մասի` 1400-1600 թվականների ֆլամանդական եւ Հռենոսի ավազանի նկարիչների կտավներ եւ կտրուկ թռիչք դեպի 19-ից 21-րդ դարի համաշխարհային արվեստ. Հոլբեյն ընտանիք, Կրանախ, Գրյունեվալդ… եւ միանգամից` Վան-Գոգ, Գոգեն, Սեզան, ապա Պիկասո, Բրաք, Լեժե, գերմանական էքսպրեսիոնիզմ եւ ամերիկյան արվեստ 1950-ից սկսած: Նախասրահում երկու հսկայական կտավ` Սեմ Ֆրենսիսից /նկար/: Դահլիճներում Ռոթկո, Ուորհոլ, Մոնդրիան, Ջադ, Կլեե, Կլայն, Կալդեր, որոնց ցավոք սրտի չէր կարելի նկարել /անհասկանալի օրենք – թե ի՞նչ բիզնես կարելի է անել գրպանի ՛՛քոսոտ՛՛ ապարատով/: Չնայած մի երկու կադր ստացվեց ծածուկ չխկացնել…
museum fur gegenwartskunst | ժամանակակից արվեստի թանգարան
St. Alban-Rheinweg 60, 4052 Basel www.kunstmuseumbasel.ch
Առանձին ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ հիմնական էքպոզիցիայի կողքին կային երկու ժամանակավոր ցուցահանդես.
Որպես ատաղձ վերցված է գրականությունը`Մարտին Լյութեր Քինգ, Լյուիս Քերոլ, Գյուստավ Ֆլոբեր, Ֆրանց Կաֆկա, Հոմերոս, Շեքսպիր եւ այլոք, որոնց գործերը հիմք են ծառայում բառիս բուն իմաստով. գրքերի էջերը ուղղակիորեն փակցված են կտավներին, ու դրանց վրա էլ արտիստներն անում են իրենց միջամտությունը: Տպավորիչ էր հսկայական "Մոբի Դիկ" կտավը, ուր Մելվիլի "ճերմակություն"-ը արտիստները լուծել էին կտավի տարբեր հատվածներում /էջերում/ տառերի մի մասը ծածկելով սպիտակով` ստեղծելով Մելվիլի կողմից կարծես թե սպառված "ճերմկաության" գաղափարի եւս մեկ տարբերակ:
Տրանսֆիգուրացիայի են ենթարկվել նաեւ Շեքսպիրի ու Մենդելսոնի "Ամառային գիշերվա երազ" գործերը, (մի դեպքում մակերես են ծառայում պիեսի էջերը, մյուսում`երաժշտական պարտիտուրները), որոնք առաջին հայացքից հիշեցնում են /վաղ/ Աշոտ Աշոտին:
"intimate stranger | մերձավոր օտարը"` Կարլհայնց Վայնբերգեր
Լուսանկարիչ Կարլհայնց Վայնբերգերի քիչ ցուցադրված գործերն են, որոնք ներկայացնում են Ցյուրիխում Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առաջացած երիտասարդական մշակույթը` ի հակադրություն "շվեյցարական կոռեկտության" գաղափարի: Ատրիբուտները ներշնչված են ամերիկյան ռոկ-փոփ մշակույթից, նմանակելով այնպիսի կուռքերի, ինչպիսիք են Էլվիսը կամ Ջեյմս Դինը, գոտիների հսկա ճարմանդներով եւ դաջվածքներով` ռոկ-խորհրդրանիշներից ընդհուպ մինչեւ նացիստական սվաստիկա…
Ի միջի այլոց, թանգարան այցելությունը վերջին ժամին անվճար է:
Գողտրիկ եռահարկ տնակում տեղակայված երգիծանկարի թանգարանում իսրայելական արտիստների կոմիկսի ցուցահանդեսն էր /Ռուտու Մոդան, Յիրմի Պինկուս, Դեյվիդ Պոլոնսկի, Արի Ֆոլման/, որոնցից մեզ ծանոթ էր Դեյվիդ Պոլոնսկին` հանրահայտ "Վալս Բաշիրի հետ" կոմիկս/անիմացիոն ֆիլմի համահեղինակը: Ի դեպ, սրահներից մեկում ցուցադրվում էր ֆիլմն ամբողջությամբ` եբրայերեն լեզվով եւ գերմաներեն տիտրերով: Ովքեր չեն տեսել ֆիլմը, խորհուրդ ենք տալիս անպայման նայել, որովհետեւ թերեւս այն քիչ դեպքերից է, երբ աշխատանքը որակյալ է եւ նկարչորեն, եւ պատմության տեսանկյունից:
Բազելում է գտնում նաեւ Տենգլիի թանգարանը, որը ցավոք ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք այցելել, սակայն մխիթարվեցինք քաղաքի կենտրոնում դրված նրա շատրվանով: Անխոնջ ֆիգուրները ջրի մեջ, անգամ ձմեռվա սառնամանիքին, թեեւ սառցակալած ու ճռռոցով, սակայն շարունակում էին գործել:
Թեմայից դուրս` հատուկ ծխողների համար: Ի տարբերություն եվրոպական քաղաքների ճնշող մեծամասնության, ուր հասարակական վայրերում չծխելու մասին օրենքի ընդունումից հետո իսպառ վերացել են բոլոր սրճարաններն ու ռեստորանները, որտեղ ծխելու համար գոնե մի փոքրիկ անկյուն էր պահպանվել, Բազելում կան դեռ որոշ վայրեր, հատուկ` F նշանով, որտեղ ծխողները կարող են դեռ վայելել իրենց համար կենսականորեն անհրաժեշտ "մաքուր օդը": Բայց ուշադրություն` մուտքն այնտեղ թույլատրվում է միայն F ակումբի անդամներին, իսկ անդամ կարող եք դառնալ տեղում, մեկ ամսով` վճարելով երեք ֆրանկ: Եվ որպես ծխող դասակարգի վրեժ, չծխողներին մուտքն այնտեղ /ասել է թե "մաքուր օդ" վայելելու հաճույքը/ արժի նույնքան եւ բողոքարկման ենթակա չէ:
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
musée d'art modern et contemporain de Strasbourg | Ստրասբուրգի մոդեռն եւ ժամանակակից արվեստի թանգարան
1 Place Hans Jean Arp, Strasbourg www.musees.strasbourg.eu
Թանգարանի ճարտարապետական հորինվածքն արդեն իսկ այնպիսին է, ասես մտնես մի մեծ արվեստի գործի մեջ։ Հիմնական հավաքածուոււմ կարելի է տեսնել Պիկասո, Մագրիտ, Միրո, Կանդինսկի, Հարթունգ, կա Արպի եւ Բրաուների գործերի մեծաքանակ հավաքածու։
Դրա կողքին կար "Ոգիների Եվրոպան կամ օկուլտի հմայանքը" վիթխարի ժամանակավոր ցուցահանդեսը, որ ներկայացնում էր նկարչական գործեր, լուսանկարներ, գրավյուրներ, քանդակներ, գրքեր, պատկերագրություն: Գործերը նույնքան բազմազան էին, որքան ընդգրկուն թեման. 1750-1950 թթ. ժամանակաշրջանի բոլոր այն գրողների ու նկարիչների գործերը, որոնք անդրադարձել են հոգեւոր կամ ախթարական թեմային: Ի շարս այնպիսի հայտնի նկարիչների ինչպես, օրինակ, Դյուրերը, Գոյան, կարելի էր տեսնել Գյոթեի եւ Շթայների գրաֆիկան, Հյուգոյի, ինչպես նաեւ Էդուարդ Շյուրեի նկարները /այն Շյուրեի, որ հայ ընթերցողին ծանոթ է ռուսերեն թարգմանված Великие посвященные գրքով, որը կա նաեւ մեր հրատարակչական ծրագրում եւ գուցե մի օր իրականանա/…
Տարօրինակ էր սակայն, որ այդ ցանկում բացակայում էր Ուիլյամ Բլեյքը /որի գործերին կարող եք ծանոթանալ "ակտուլ արտ # 0"-ում/:
Ի դեպ, ընդօրինակելու արժանի մի նախաձեռնություն էր կիրառված. նախասրահներից մեկում գրադարանի սկզբունքով դրված էին ցուցահանդեսին ներկայացված հեղինակների առանձին ալբոմներն ու գրքերը, որ կարելի էր տեղում նստել ու հանգիստ թերթել:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ փետրվարի 12-ը, իսկ մեկ տոմս գնելուց ունենում եք երկու մուտքի հնարավորություն՝ մինչեւ ցուցահադեսի ավարտը:
Galerie Chantal Bamberger | Շանտալ Բամբերժե ցուցասրահ
16 rue du 22 Novembre, 67000 Strasbourg www.galerie-bamberger.com
Richard Serra, black is back | Ռիչարդ Սեռա, սեւի վերադարձը
Ստրասբուրգի փողոցներով անցնելիս, պատահաբար հայտնաբերեցինք մի գողտրիկ ցուցասրահ. շենքի երկրորդ հարկում մի երկու փոքրիկ սենյակ, ուր այդ պահին Ռիչարդ Սեռայի էստամպների եւ փոքր ֆորմատի քանդակների ցուցահանդես էր։
Փոքրիկ, բայց շատ տպավորիչ ցուցահանդես էր, եւ հաճելիորեն զարմացանք, երբ մեր վախվորած հարցին /որի մերժմանն էինք սպասում/, հետեւեց շատ սիրալիր - si vous voulez - պատասխան, որ հանգիստ կարող ենք լուսանկարել։ Եվ ահա արդյունքը։
Ցուցահանդեսը բաց է մինչեւ փետրվարի 26–ը։ Մուտքն ազատ է։