|ակտուալ ա|
հրապարակված է 07.03.2012 | վիոլետ գրիգորյան |
ճարտարապետություն՝ լեզվից լեզու
Խոսքը ոչ միան դասախոսության բովանդակության մասին է՝ մեկնաբանել Լուիս Կանի ասույթը՝ «Ճարտարապետական հորինվածքը կապ չունի վիզուալության հետ»:


Մկրտիչ Մաթեւոսյանը խնդրեց մի նախաբան գրել` Միսաքի դասախոսության տեսագրությունը «Արտերիա» ինտերնետային հանդեսում ներկայացնելու համար: Անզգույշ էի եղել դասախոսության առիթով ոգեւորվածությունս իր մոտ արտահայտելու: Փորձեցի գրել՝ հասկանալով, որ ճարտարապետական հարցերի պիտի առնչվեմ, որ լրիվ անհեթեթ արդյունքի կարող է բերել: Միսաքը արդեն տարիներ խաղարկում է հեղինակային կառնավալի գաղափարը, խոսում է միմինոյական էնդոկրինոլոգի դիրքից կամ Չեբուրաշկայի անունից եւ իր խոսքը համարում միֆ կամ միֆի լեգենդացում (միֆը խոսվում եւ լսվում է նրանց կողմից, ում ինքնությունը տրված է այդ միֆով, իսկ լեգենդը միֆի բովանդակության օբյեկտիվացումն է ուրիշի առաջ): Եվ քանի որ այս դասախոսության միջոցով էլ շարունակվում է կառնավալը, կարող եմ հարցը լուծել, ասենք, «կռիս-կռիս» ու տեսածս պատմել Չուչունդրա զարմիկիս` առնետ Չուայի անունից.



«Միֆական խոսքը» ճարտարապետության մեջ սոցիալականի արտահայտումը բնութագրում էր` հիմնվելով մի քանի օրինակների վրա` Մելնիկովի եւ Մարիո Մերցի որոշ գործերի ու հայկական մի քանի եկեղեցիների:

Մելնիկով, ում ոչ միայն գործունեության ժամանակն ու վայրն են համընկել սոցիումի արմատական փոփոխության հետ, այլեւ հենց ինքն է խնդիր դրել ճարտարապետությամբ արտահայտել մի հասարակարգի փլուզման ու մյուսի ստեղծման, հեղաշրջման գործընթացը:

Մարիո Մերցի յուրտերը` 60-ականների սոցիալական ցնցումների դրսեւորում ժամանակակից արվեստում, «քոչվորի կացարան»:

Եթե 1925թ. Փարիզում Մելնիկովի սովետական տաղավարը ճարտարապետական լեզվով մարմնավորում էր հին սոցիումի քանդումը` նոր ուղի բացելու ճանապարհով, ապա Մերցի յուրտերը նշանավորում էին հրաժարումը սոցիալական կառույցից:

Իսկ ահա Մելնիկովի տունը սոցիումի ստեղծման սաղմն է, տարրական մատրիցան:

Առաջին երկուսը արձագանքն են այն պատմական իրադարձությունների, որոնց վերջը գիտենք: Մինչդեռ Մելնիկովի տունը, հենց հեղափոխականության նշանն է. ոչ թե քանդել կառույցը կամ հրաժարվել դրանից, այլ կառույցի սաղմնավորման ակտի վերախաղարկում` պոզիտիվ հեղափոխություն:

Մելնիկովի տան նման` վաղ հայկական քրիստոնեական կառույցները նույնպես այդ սաղմնավորման ակտն էին ներկայացնում պատմության մեջ հերթական անգամ: Հռիփսիմեն, Ավանի եկեղեցին, Զվարթնոցի տաճարը, որ իբրեւ մշակույթ են ընկալվում, դասախոսության մեջ դիտարկվեցին որպես հեղինակային նախագծեր: Չնայած Մելնիկովի գործերը հեղինակ ենթադրող ժամանակաշրջանի ճարտարապետություն են, իսկ Հռիփսիմեն` ոչ, բայց Հռիփսիմեն էլ, անդեմ պատմական ներկայության փոխարեն, մատուցվեց իբրեւ հեղինակի գործ, որ նույնպես սոցիալականի ծագման հարցն էր դնում ամենաինտիմ մակարդակում. հեղինակային վերիմաստավորում` ինտիմից մինչեւ քաղաքակրթական տեսիլ:

Ինձ հուզեց Միսաքի մտահոգությունը, ինչքան որ հասկացա՝ հասարակության, քաղաքաշինության բարձր թեմաներն ու բարդ գործնական խնդիրները ինտիմ մարդկային մակարդակի հետ կապելը, մեկը մյուսի մեջ տեսնելը: Խոսքը ոչ միան դասախոսության բովանդակության մասին է՝ մեկնաբանել Լուիս Կանի ասույթը՝ «Ճարտարապետական հորինվածքը կապ չունի վիզուալության հետ»՝ հիմնվելով վերը նշված օրինակների վրա, այլեւ դասախոսության ներկայացման մասին: Էնդոկրինոլոգի` արդեն ծանոթ խաղարկմանն այս անգամ հավելվել է նաեւ դահլիճի իր ելույթի հանրայնացման միջոցների, տեխնոլոգիաների խնդրականացումը: Դահլիճում իր խոսքի ինտիմությունն ապահովում էր` ձեռքով նկարելով, ոչ թե power point-ով ցուցադրելով, ցանկացողը կարող էր ինքն էլ նկարել, ձեռքով նկարելը պրոյեկտվում էր լուսապաստառին: Իսկ ահա այս ինտերնետային տարբերակում միջամտում է դահլիճի դասախոսությանը` արդեն իբրեւ մեզ հետ դիտող` մի հավելյալ ինքնառեֆլեքսիայի խմբագրությամբ: Պատկերացնո՞ւմ ես, Չուչունդրա, եթե այդ խմբագրումն էլ իր հերթին նոր պլանից դիտվեր, ասենք, մի կատվի կողմից` իբրեւ վերջաբան, բայց դա գուցե ավելորդ տեխնիկական խնդիրներ կառաջացներ:

Եվ այսպես, դասախոսությունն իբրեւ ինքնանդրադարձող պերֆորմանս, որը ինտերնետային ձեւաչափի թարգմանելիս պարտադրել է հավելյալ, լրացուցիչ միջամտություն: Այդ պերֆորմանսը ոչ թե իրենից դուրս մի բովանդակության կրիչն է, այլ բովանդակային նյութի անմիջական դրսեւորումը: Պերֆորմանսը դառնում է իրադարձություն եւ ոչ թե ռեպրեզենտացիա: Այն իրականացնում է իր ռեպրեզենտացրածը, կայացնում այդ բովանդակությունը եւս մի անգամ` արդեն ոչ իբրեւ նախագիծ կամ շինություն, այլ իբրեւ խոսք, որը հնարավորինս խուսափում է պճնվել աչք ու ականջ հմայող պատկերներով՝ փոխարենը ձեւավորելով ինչպես հասարակական, այնպես էլ բնական հարաբերությունների առաջնային դիագրամները»:

Առայժմ այսքանը, սիրելի զարմիկ Չուչունդրա:

Պաչիկներով`
Չուա

 

դասախոության տեսագրության ամբողջական տարբերակը կարող եք տեսնել այստեղ | մառան |