Երեկ Cluboratoriaում սեղանին դրված տեսա Կոստան Զարեանի Անցորդը եւ իր ճամբան գիրքը: Աչքով արեց, ասաց` վերցրու: Վրայի պիտակը հուշում էր. "Ես չեմ կորել, ես ճամփորդում եմ: Կարդա՛ եւ բաց թող ինձ": Այսպես, Երեւանի տարբեր հանրային վայրերում` սրճարաններում, այգիներում, ավտոբուսներում, համալսարաններում, կարող եք տեսնել "թափառող" գրքեր, որոնք հենց Ձեզ են սպասում: Ի՞նչ է սա:
2001 թ-ին ԱՄՆ-ում ինտերնետ-տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Հորնբեկերը հյուրանոցում թողնում է 20 գիրք` բացատրական գրառումներով, ինչն էլ դառնում է BookCrossing շարժման առաջին քայլը: “Bookcrossing” բառը, որը 2004-ին մտավ Concise Oxford English Dictionary (Oxfordի անգլերենի հակիրճ բառարան), թարգմանաբար նշանակում է “գրքապտույտ”, “գրքափոխանակություն”, “գրքերի ազատում”… Շարժման նպատակն է գրքերը հանել փոշոտ գրապահարաններից ու թողնել, որ ազատ շնչեն` ճամփորդելով փողոցից փողոց, աշխարհից աշխարհ, ընթերցողից ընթերցող… Մինչեւ հիմա bookcrossing.com կայքում գրանցված է 940,928 BookCrosser եւ 8,083,341 գիրք ճանապարհորդում է աշխարհի 132 երկրներով: Առավել ակտիվ երկրներն են ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Միացյալ Թագավորությունը:
2011 թ. հունիսի 1-ին ԵՊԲՀ-ի ուսանողներ Արման Ղազարյանի եւ Ինեսսա Սաղեյանի ջանքերով Հայաստանը դարձավ “համաշխարհային թափառող գրադարանի” մի մաս: Հավաքվեցին գրքասերները, Facebook սոց. ցանցում բացեցին BookCrossing Armenia էջը, գրանցեցին իրենց կարդացած գրքերը, սկսեցին փոխանակել եւ էջի օգնությամբ հետեւել յուրաքանչյուր գրքի պատմությանը (ո՞ւմ կողմից է ազատվել տվյալ գիրքը , ո՞վ է գտել, կարդացել, տպավորությունները, կարծիքները եւ հաջորդ “մոռանալու” վայրը ): Այսօր խումբն ունի 1000-ից ավել անդամ եւ ընկեր-կազմակերպություններ (Il solo Gelato, ArtBridge book store café, Cluboratoria), որոնք օգնում են հավաքագրել, պիտակավորել ու “կորցնել” գրքերը քաղաքով մեկ: Նրանց ջանքերով Երեւանում արդեն պտտվում է շուրջ 650 գիրք:
“Գիրքն անմահ է, եւ լավ կլինի որ անմահությունը տեսանելի լինի”,- ասում է Cluboratoriaի տնօրեն Խաչիկ Գեւորգյանը` հորդորելով արդեն կադացած գրքի հաճույքը նվիրել այլոց: Բուքքրոսինգը կարեւորվում է նաեւ փոխշփումների, ծանոթությունների, ինչպես նաեւ` ցանկալի գիրքը անվճար ձեռք բերելու առումով:
Եթե Դուք էլ անհատական գրադարանների երկրպագու չեք եւ կարծում եք, որ գիրքը կյանք է ստանում` փոխանցվելով ձեռքից ձեռք, Ձեր գրքերը կարդալուց հետո, գրապահարաններում մոռանալու փոխարեն, կարող եք ուղարկել ճամփորդության: Իսկ դրա համար.
1
Այցելեք bookcrossing.com, գրանցեք այնտեղ Ձեր գիրքը, ստացեք համապատասխան կոդ, գրեք այն հատուկ bookcrossing պիտակի վրա, ամրացրեք գրքին եւ բաց թողեք այն:
2
Տարեք Ձեր սիրելի գիրքը Cluboratoria (կամ նշված մյուս վայրեր), ստացեք հատուկ bookcrossing պիտակ, այցելեք bookcrossing.com, գրանցեք այնտեղ գիրքը, ստացեք համապատասխան կոդ, գրեք այն հատուկ bookcrossing stickerի վրա եւ ամրացրեք Ձեր գրքին:
3
Ուղղակի տարեք սիրելի գիրքը Cluboratoria (կամ նշված մյուս վայրեր): Մնացածը կարվի Ձեր փոխարեն:

Հ.Գ. Անհրաժեշտ գրքերն իրենք են գտնում մեզ ճիշտ ժամանակին: Ուշադի՛ր եղեք: