|ակտուալ ա|
հրապարակված է 20.11.2011 | անուշ քոչարյան |
orange գրքի մրցանակները հանձնվեցին
Նոյեմբերի 12-ին հայտնի դարձան Orange Armenia ընկերության եւ Հայ Գրքի Կենտրոնի հայտարարած Օրանժ գրքի մրցանակ 2011 մրցույթի հաղթողները:


Օրանժ գրքի մրցանակ 2011 մրցույթը սեպտեմբերի տասնհինգից դադարեցրեց հայտերի ընդունումը: Հենց այդ վերջին օրն էլ ստեղծագործողների մեծամասնությունը որոշեց մասնակցել մրցույթին:

Երկրորդ փուլում առցանց քվեարկության պետք է դրվեին այն ստեղծագործությունները, որոնց հավանություն կտար “պրոֆեսիոնալ ընթերցող” ժյուրին:
Ժանրային բաժանումները, ժամանակի սղությունը եւ ստեղծագործությունների քանակը (130 գործ) ստիպում էր ավելի արագ կողմնորոշվել, բայցեւ գնահատել, քննարկել ստեղծագործությունների արժեքը:





Ժյուրիի վերջին հավաքը ժամեր տեւեց: Յուրաքանչյուր ժանրում ընդգրկվելիք ստեղծագործությունը քննարկվում էր, քվեարկվում: Քննարկումների արդյունքում ժյուրին որոշեց առանձնացնել “պատմվածք” եւ “էսսե” անվանակարգերը` նկատի առնելով այն, որ ներկայացված գործերում եւ առհասարակ այս երկու ժանրերը իրարից տարբեր են բավականաչափ: Իսկ հեքիաթի եւ սցենարի ժանրում ընտրվեցին մեկական գործեր`հեքիաթի ժանրում Արմինե Անդայի Անկիմյուրի բնակիչները , սցենարի ժանրումՎահրամ Մարտիրոսյանի Չարենցը: Ըստ ժյուրիի` այս անվանակարգերում մրցույթին ներկայացված գործերի մեջ չկային այս գործերին մրցակից գործեր: Հետաքրքիր զուգադիպությամբ “էսսե” անվանակարգում հայտնվեցին գրականության ոլորտում արդեն իսկ մասսայականություն վայելող հեղինակների ստեղծագործությունները` Վարդան Ֆերեշեթյանի Քաղաքը, Վիոլետ Գրիգորյանի Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը, Վահրամ Մարտիրոսյանի Անքնություն Փարիզում եւ Արմեն Շեկոյանի Գնացքից թռչելու ժամանակը:

Արմեն Շեկոյանը հրաժարվեց շարունակել իր մրցապայքարը եւ գործը դուրս եկավ, քանի որ, ըստ հեղինակի, նա տեղյակ չէր քվեարկման այս մեխանիզմի մասին:
Պատմվածքներից առանձնացվեցին չորսը` Պարույր Սանթրոսյանի Մահապատժից ժամեր առաջ, Մարինե Քոչարյանի 96, Տաթեւ Դերզյանի Ֆուտբոլի գնդակի երազանքը եւ Արմեն Օհանյանի Մատրյոշկա գործերը:

11 վեպերից առանձնացվեցին երկուսը` Նարինե Կռոյանի Շների համաստեղությունը եւ Հրաչ Բեգլարյանի Փետրափոխումը:
Ամենաշատ հանրային հետաքրքրության արժանացած, քննարկումների եւ մեկնաբանությունների առիթ տված ստեղծագործությունը Պարույր Սանթրոսյանի Մահապատժից ժամեր առաջ պատմվածքն էր.ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) սեւեռվեցին արդեն իսկ երկրորդ փուլում առցանց քվեարկության դրված այս գործի վրա:

“Թե ինչպիսի վերաբերմունք ունեմ արվամոլների նկատմամբ. միտումնավոր չեմ անդրադառնում, այլապես դուք ականջալուր կլինեք իմ կրիմինոգեն բառապաշարի ողջ
մանրամասնություններին”,- գրում է Սանթրոսյանն իր պատմվածքի մեջ:

Հանրային քննարկում կազմակերպվեց “պատմվածք” անվանակարգի գործերի համար, որին ներկա էին Օրանժի աշխատակիցներից, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից , ժյուրիի անդամներից, որտեղ բացակայում էր սակայն Պարույր Սանթրոսյանը: Փորձ արվեց մեկնաբանել եւ հանրային խոսակցություն սկսել այս գործերի շուրջ, բայց ավաղ…
Քննարկման շեշտադրումը դարձավ այն, որ յուրաքանչյուրն ազատ է ստեղծագործելու, մտքերն արտահայտելու մեջ, եւ միաժամանակ ամեն ոք կարող է կարծիք հայտնել ցանկացած ստեղծագործության մասին: Իսկ կարծիք հայտնելը ժամանակակից տեխնոլոգիական միջոցների շնորհիվ դարձել է նաեւ “լայք” կոճակը, որն այսօր ոչ միայն ցույց է տալիս օգտատիրոջ ունեցած վերաբերմունքն այս կամ այն ստեղծագործությանը, այլ նաեւ որոշում է հաղթողին:

“Լայքերի” քաղաքականության եւ տեխնոլոգիաների “քննությամբ” սկսեց զբաղվել երկրորդ փուլ անցած Մատրյոշկա պատմվածքի հեղինակ Արմեն Օհանյանը:
Քննարկումներից եւ հարցադրումներից հետո (ի դեպ, հեղինակի ստեղծագործությունը նույն մեխանիզմով էր քվեարկվում) նա դուրս եկավ մրցապայքարից: Ըստ նրա, իրեն չէին բավարարում մրցույթ անցկացնելու այս մեխանիզմները եւ խախտվել էին մրցույթի նախապայմանները:

Նոյեմբերի 12-ին ավելի ջերմ մթնոլորտում հայտարարվեցին հաղթողների անունները.





էսսե.

Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը, Վիոլետ Գրիգորյան /309 քվե/

պատվածք.

Ֆուտբոլի գնդակի երազանքը, Տաթեւ Դերզյան /1506 քվե/

վեպ.

Շների համաստեղությունը, Նարինե Կռոյան /924 քվե/

հեքիաթ.

Անկիմյուրի բնակիչները, Արմինե Անդա

սցենար.

Չարենց, Վահրամ Մարտիրոսյան
 

“Հետաքրքրությամբ հետեւեցինք այն քննարկումներին, որ ծավալվեցին սոցիալական ցանցերում եւ այլ հարթակներում: Նախեւառաջ դա խոսում է նախագծի հետաքրքրության ու արդիականության մասին: Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, Orange Գրքի մրցանակն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների, քննարկումների միջոցով խթանելու հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Ընթերցողներն արեցին իրենց ընտրությունը եւ մենք երջանիկ ենք աջակցել, որպեսզի նրանց ընտրած ստեղծագործությունները դառնան գիրք”,-մրցանակակիրներին այս կերպ շնորհավորեց Օրանժ Արմենիաի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նշենք, որ յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500-ական տպաքանակով:





P.S. Այս մրցույթի շնորհիվ բացահայտվեցին մի շարք ստեղծագործողներ, ովքեր մինչ այս հայտնի չէին լայն շրջանակներին: Սկզբնավորվեց եւս մեկ կարեւոր գրական մրցույթ, որն արձագանք գտավ հասարակության լայն շրջանակներում: