|ակտուալ ա|
հրապարակված է 31.10.2011 | գայանե ավետիսյան |
խաղաղության եւ զարգացման կենտրոնը՝ Գյումրի
2011 թվականի հոկտեմբերի 25-ը նշանավորվեց շատ ու շատ գյումրեցիների համար. փորձ արվեց Գյումրիում իրականացնել մշակութային հեղափոխություն… Վախենալ հեղափոխություն բառից էս պարագայում չարժե:


Շատ է խոսվել մեր քաղաքում փոփոխություններ անելու մասին, շատերն են քննադատում ներկա վիճակը, քննարկում ու բանավիճում… Բայց չգիտես ինչու էս ձգվող բանավեճերի ընթացքում չենք տեսնում էն ճշմարտությունը, որն, ըստ էության, վաղուց պիտի ծնված լիներ…

Հոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոսության հիմնադրման 10-րդ, Իտալիայի միասնության 150-րդ եւ Հայաստանի անկախության 20-րդ տարելիցին Գյումրիում (Աբովյան 182) կայացավ Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն-ի բացման հանդիսավոր արարողությունը:




Նախ` կենտրոնի նպատակների մասին: Հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր մշակութային փոխադարձ շփումների, մշակութային տարբեր ինքնությունների միջեւ ազատ երկխոսության ծավալման, փոխճանաչման եւ փոխըմբռնման համար՝ կարեւորելով Կովկասի, ինչպես նաեւ՝ թուրքական մշակութային ինստիտուտների ընդգրկումը այս գործընթացում: Կենտրոնը ծրագրում է իրականացնել նաեւ տարբեր տիպի կրթական եւ մասնագիտական պատրաստություններ, լեզուների ուսուցում, մտավորական տուրիզմի խթանում եւ պատմա-մշակութային ժառանգության վերականգնում ու վերարժեւորում: Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն-ի հիմնադրումը ներգծվում է ավելի լայն ծրագրի շրջանակներում, այն է՝ Գյումրու պատմական կենտրոնի նյութական եւ հոգեւոր վերագնահատում-ը: Բավականին հավակնոտ ծրագիր է, որն իսկապես շատ բան կարող է փոփոխել եւ մեր քաղաքում, եւ հանրապետությունում առհասարակ:

Կառույցը, որտեղ կենտրոնն իրականացնելու է իր գործունեությունը, ինքնին հիանալի շինություն է` ար-դեկոյի բացառիկ նմուշ` խնամքով ու բանիմացորեն վերականգնված:




Մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին հյուրեր մայրաքաղաքից եւ արտերկրից: Ելույթ ունեցան մարդիկ, որոնց ջանքերով իրականացվեց այս նախագիծը` ի դեմս Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի: Իր խոսքում պարոն Մոնտալդոն երախտագիտություն հայտնեց նրանց, ովքեր օգնեցին այս կառույցը հիմնելու գործում, աջակցեցին եւ մասնակիցը դարձան այս մեծ ու հավակնոտ ծրագրի ծնունդին ու առաջին քայլերին: Լսելով նրա խոսքը ես` որպես հասարակ քաղաքացի` շատ իրարամերժ զգացողություններ ունեցա… Երջանիկ եմ, որ իմ քաղաքի մասին հոգացողներ դեռ կան, ուրախ եմ կառույցի հիմնադրման առիթով, բայցեւայնպես, զայրացած եմ այն անհատների վրա, ովքեր շատ բաներ դեպի լավը փոխելու լծակներ ունենալով, ոչինչ չեն անում…



…Իհարկե, հիմա բոլորիս մտքին «էս անտերանոցը» լքելն ու գնալն է օտար երկրներ... Իսկ Անտոնիո Մոնտալդոյի օրինակով` ամեն ինչ թողնել, գալ բնակվել էստեղ, դառնալ քաղաքի լիիրավ բնակիչ, դա էլ քիչ է` հնարավորինս օգնել քաղաքին վերագտնել իրեն, օգնել բնակիչներին ձերբազատվել ոսկրացած հետաղետյան սինդրոմից, որով տառապողների թիվը նվազման միտում չունի. այ դա մերօրյա հերոսություն է… Պարոն Մոնտալդոն առաջին անգամ Հայաստան ժամանեց 88-ի երկրաշարժից անմիջապես հետո: Մասնագիտությամբ` բժիշկ, տարիներ շարունակ աշխատել է առողջապահության ոլորտում: Վերջին ժամանակներում ուշադրությունն առավել ուղղել է դեպի մասնագիտական պատրաստության բնագավառը՝ հատկապես տուրիզմի կազմակերպման եւ արհեստների խթանման գործում կայուն աշխատատեղերի ստեղծմանը: Ըստ էության, նա իր ամբողջ ջանքը կենտրոնացրել է մեր քաղաքում ինչ-որ բան փոխելու ուղղությամբ. պետությունն էսպիսի մարդկանցից շատ բան ունի սովորելու…

Ինչեւէ, շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին: